23 Նոյեմբեր, Շբ
Սաղմոս Ասափի
Երուսաղեմը կործանվեց Անտիոքոսի օրոք, որը Եպիփանես կոչվեց, և որ ինչ նրանց օրիակով լինում էր, նույն բաները կատարվում էին նաև մեզ հետ:
1. Աստուած, մտին հեթանոսք ի ժառանգութիւն քո, պղծեցին զտաճար սուրբ քո:
Աստվա՛ծ, հեթանոսները մտան քո ժառանգության մեջ, պղծեցին քո սուրբ տաճարը:
Սատանան օձի կերպարանքով դրախտ մտավ, պղծեց Աստծու տաճարը՝ Ադամին: Հեթանոսները՝ Երուսաղեմ [մտան], և արդ, բազմաթիվ անգամներ [պղծեցին] եկեղեցին, իսկ չար խորհուրդները՝ մարդկանց:
2. Արարին զԵրուսաղէմ որպէս հիւղս մրգապահաց. արկին զդիակունս ծառայից քոց՝ գէշ թռչնոց երկնից և զմարմինս սրբոց քոց գազանաց երկրի:
Երուսաղեմը դարձրին ինչպես մրգապահի հյուղակ: Քո ծառաների դիակները որպես կեր նետեցին երկնքի թռչուններին, և քո սրբերի մարմինները՝ երկրի գազաններին:
Դրախտը և տաճարը, մրգապահի հյուղակ. միրգը հավաքելով՝ անխնամ թողեցին հյուղակում, որտեղ միջուկը և ոչ ուտելի մասը հանում կամ լցնում են այնտեղ: Ոչ միայն քաղաքը դատարկեցին, այլև սուրբ բնակիչներին կոտորեցին և առանց թաղելու նետեցին գազանների առաջ, ինչը որ [կատարվեց] մակաբայեցիների մարմինների հետ:
3. Հեղին զարիւն նոցա որպէս ջուր՝ շուրջ զԵրուսաղէմաւ, և ո՛չ ոք էր, որ թաղէր զնոսա:
Նրանց արյունը ջրի պես Երուսաղեմի շուրջը թափեցին, և չկար մեկը, որ թաղեր նրանց:
Առվի պես նրանց արյունը լցվելով դուրս էր գալիս և թափվում Երուսաղեմի շուրջ: Եվ չկար մեկը, որ թաղեր` վախից կամ որևէ մեկը [կենդանի] չէր մնացել, և դևերն էլ, Աստծո պատկերն ամենուր անթաքույց [տեսնելով], ցրվեցին:
4. Եղաք մեք նախատինք դրացեաց մերոց. ծաղր և այպն կատականաց այնոսիկ, որ շուրջ էին զմեօք:
Մենք դարձանք մեր դրացիների նախատինքը և մեր շուրջը եղողների ծաղրուծանակը:
Եդոմացիների, մովաբացիների, իսկ մեր բնությունը՝ դևերի, և մեր դրացիներն են, որովհետև բանական են:
5. Մինչև յե՞րբ, Տէր, բարկանաս դու իսպառ. բորբոքեսցի որպէս հուր նախանձ քո:
Մինչև ե՞րբ, Տե՛ր, պիտի բարկանաս դու անվերջ, և քո նախանձը պիտի բորբոքվի հրի պես:
Բարկանաս մեղավորների վրա, և չեն նախատվում քեզանից նրանք, ովքեր մեզ մեղքեր են սովորեցնում: Քո նախանձը պիտի բորբոքվի հրի պես, ինչպես որ ասացիր. «Կուռքեր մի՛ կերտիր, քանզի նախանձոտ Աստված եմ ես» (տե՛ս Ելք 20:4-5):
6. Հե՛ղ զբարկութիւն քո ի վերա ազգաց, որ զքեզ ո՛չ ճանաչիցեն. ի վերայ թագաւորաց, որ զանուն քո ո՛չ կարդացին. զի կերան զՅակովբ, և զտեղի նորա աւերեցին:
Բարկությունդ թափի՛ր այն ազգերի վրա, որոնք քեզ չեն ճանաչում, այն թագավորների վրա, որոնք անունդ չեն կանչում: Նրանք հոշոտեցին Հակոբի ցեղին, և նրա տեղն ավերեցին:
Որոնք կռապաշտ են և անունդ չեն կանչում, մենք գոնե ճանաչում ենք քեզ, և կանչում ենք քո անունը: Հոշոտեցին Հակոբի ցեղին, և նրա տեղն ավերեցին. կերան ժողովրդի ունեցվածքը, և նրա տեղն ավերեցին: Դևերն էլ աստվածպաշտությունը խափանեցին, և դրախն ավերակ թողին:
7. Մի՛ յիշեր զմեղս մեր զառաջինս. վաղվաղ եկեսցէ առ մեզ ողորմութիւն քո, Տէր, զի աղքատացաք յոյժ:
Մի՛ հիշիր հին մեղքերը մեր, թող ողորմությունդ շուտով հասնի մեզ, Տե՛ր, քանզի սաստիկ աղքատացանք:
Նախնիների մեղքերը, որ Եգիպտոսում [գործեցին], նախկին մեղքերի պատճառով մեր վրա մի՛ բարկացիր, ինչպես նաև Ադամի ու Եվայի պատճառով, շուտով թո՛ղ գա քո Միածինը, քանզի սաստիկ աղքատացանք՝ խոզի կերակուրը ցանկանալով:
8. Օգնեա՛ զմեզ, Աստուած Փրկիչ մեր, վասն փառաց անուան քո:
Օգնի՛ր մեզ, Աստվա՛ծ Փրկի՛չ մեր, քո անվան փառքի համար:
Քո օգնությունը, Հիսուս, փառք է քո անվան համար:
9. Տէր, փրկեա՛ զմեզ և քաւեա՛ զմեղս մեր վասն անուան քոյ:
Տե՛ր, հանուն քո անվան փրկի՛ր մեզ ու թողությո՛ւն տուր մեր մեղքերին:
Հիսուսն է թողությունը, որը մեր սրբությունն է:
10. Մի՛ երբէք ասասցեն ի հեթանոսս, թէ ո՞ւր է Աստուած նոցա:
Թող հեթանոսների մեջ երբեք չասեն՝ «Ո՞ւր է նրանց Աստվածը»:
Ինչպես փարավոնն էր ասում՝ չիմանալով նրան, և ասելով, թե քեզ հուսացածներս չենք փրկվում:
11. Այլ յայտնի ինչ լիցի ի վերա հեթանոսաց, առաջի աչաց մերոց. առ ի խնդրել զվրէժ արեան ծառայից քոց, որ և հեղաւ:
Այլ հեթանոսների մեջ, մեր աչքի առջև, թող հայտնվի քո ծառաների թափված արյան վրեժխնդրությունը:
Նրանց պատիժը հեթանոսների մեջ, մեր աչքի առջև լուծել արյան վրեժը, որտեղ որ թափվեց արյունը, այնտեղ էլ հատուցի՛ր:
12. Մտցէ առաջի քո հեծութիւն կապելոց. ըստ մեծութեան բազկի քո՝ շահեա՛ դու զորդիս սպանելոց:
Բանտարկյալների հեծեծանքը թող հասնի քեզ. դու քո բազկի զորությամբ փրկի՛ր սպանվածների որդիներին:
Ովքեր գերիներ են և բանտում հեծեծում են, և ովքեր որ սրով սպանվեցին իրենց մեղքերի պատճառով, ապա անմեղների փրկության համար է աղաչում, ինչպես որ ինքն ասաց, թե թո՛ղ չմեռնի որդին հոր հետ:
13. Հատո՛ դրացեաց մերոց եօթնապատիկ ի ծոց նոցա, նախատինս զոր նախատէցին զքեզ Տէր:
Մեր դրացիների նախատինքը, որով անարգեցին մեզ, յոթնապատիկ իրենց գիրկը վերադարձրու, Տե՛ր:
Յոթնապատիկ դևերին վերադարձրու, որը բազմաթիվ է նշանակում: Գիրկն է ասում, այսինքն՝ անվրեպ լինի և սրտները խոցի, քանզի յոթնապատիկ էր նրանց մեղքը մեր մեղքերի համեմատ, և քո դատաստանն արդար է:
14. Մեք ժողովուրդք և խաշն արօտի քոյ, խոստովան եղիցուք առ քեզ յաւիտեան, ազգէ յազգ պատմեսցուք զօրհնութիւնս քո:
Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները, հավիտյան քեզ գոհություն պիտի մատուցենք, սերնդից սերունդ պիտի պատմենք քո օրհնությունը:
Կգրենք և կպատմենք բարերարություններիդ մասին, և օրհնությունդ քո առջև կբերենք որպես աղերս և աղաչանք, որ դեռ կապանքների մեջ են սրբերը:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը