Սաղմոս Կ

Այսուհետև՝ օրհնությամբ սաղմոս Դավթի: Նույն բնույթն ու խորհուրդն ունի. Գերու մասին է և [մեր] բնության:

1. Լո՛ւր, Աստուած աղօթից իմոց. և նայեա՛, Տէր, յաղօթս իմ:

Լսի՛ր, Աստվա՛ծ, աղոթքն իմ, և ո՛ւշ դարձրու, Տեր, աղոթքիս:

Մարդեղության ականջներով և աչքերով:

2. Ի ծագաց երկրէ կարդացի առ քեզ, մինչ ի վաստակել սրտի իմոյ:

Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս տվայտում էր:

Հեռավոր Բաբելոնում կարծում էին, թե Երուսաղեմը մոտ է Աստծուն: Նաև երբ բոլոր արարածներին թողնելով, նրան ենք խոստովանում որպես բարձրագույն, ապա այս երկիրը սահման է արարածների համար, և բոլոր արարածներս կանչում ենք նրան, մինչև որ ստանանք մեր խնդրածը, մինչև նրանում հանգիստ չգտնեն մեր սրտերը, ամեն ինչի համար նրան կանչելով, ինչպես որ տախտակի վրա գրված գիր:

3. Ի վիմէ բարձր արարեր զիս, առաջնորդեցեր ինձ, և իմ եղեր յոյս, և աշտարակ հզօր եղեր ինձ յերեսաց թշնամւոյն:

Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ հույսը, և թշնամու դեմ հզոր աշտարակ դարձար ինձ համար:

Խնամատարությունն է վեմ կոչում, որ մեր Տերն է, և որ շատերը տեսան՝ սկսած Մովսեսից, Դանիելից, Դավթից և տասներկու մարգարեներից, որոնք վեմով բարձրացան Տիրոջ խորհրդով: Եվ ինչու է վեմ ասում, որովհետև Ադամը վեմ էր իր անմահ բնությամբ, իսկ երբ հանցանք գործեց՝ հող դարձավ, և Տերն էլ ցանկանալով [վերստին] կենդանություն շնորհել մեր բնությանը, վեմ դարձավ, և վեմ կոչեց նաև եկեղեցուն՝ բարձրացնելով իր գլխով [Քրիստոսով]: Առաջնորդեցիր ինձ. դառնալով փրկության համար ճանապարհ: Ու եղար իմ հույսը՝  հարության և աշտարակ՝ քո մարմնով և արյամբ, որպեսզի չփորձի մեզ չարն ըստ իր կամքի:

4. Բնակեցայց ի յարկ քո յաւիտեան. և ծածկեցայց ընդ հովանեաւ թեւոց քոց:

Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում ու թևերիդ հովանու տակ պատսպարվեմ:

Այն խորանում, որ դու կառուցեցիր, այլ ոչ թե մարդը, և պատսպարվեմ, ինչպես ձագն է մտնում հավի թևերի տակ, և արագահաս խնամքն է այդպես կոչում:

5. Դու, Աստուած, լուար աղօթից իմոց. ետուր ժառանգութիւն ոյք երկնչին յանուանէ քումմէ:

Դու, Աստվա՛ծ, աղոթքս լսեցիր և ժառանգություն տվեցիր քո անունից ակնածողներին:

Լսեցիր և եկար, որպես ժառանգություն տվեցիր նրանց Պաղեստինը, իսկ մեզ՝ այնտեղի բարիքները, ինչպես որ ասացիր. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր» (Մատթ. 25:34): Եվ ովքեր երկյուղում են, թե քրիստոնյա են և քո անդամները, և սուրբ են պահում իրենց անձերը:

6. Աւուր յաւուրս յաւելեր թագաւորի ամաց նորա, աւուրս ազգաց մինչև յազգս նորա:

Թագավորի կյանքի տարիներին օրեր ավելացրիր, օրեր սերնդե-սերունդ:

Եզեկիային, Զորաբաբելին օրեր սերնդե-սերունդ. մինչև որ որդիներ ծնվեն: Նաև հավիտենական և անմահ կյանք է ավելացնում այս կյանքի վրա, ըստ այն խոսքի, թե «ով ունի, նրան պիտի տրվի և ունեցածը պիտի ավելացվի» (Մատթ. 25:29), և «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհ. 10:10), ինչպես մեր թագավորին Քրիստոսի օրերին ժողովրդի հիշողության մեջ անմահացրեց, մինչև որ հրեշտակների միջոցով հասներ անմահության: Օրական, շաբաթական, ամսական, տարեկան եղավ և դեռ լինում է հղությամբ և ծննդյամբ իր միջոցով մեր պակասն ավելացնել, սրբությամբ և անմահությամբ, ինչպես որ մեր թագավորի տարիներն եղավ, որով և ազգ ենք:

7. Կայ և մնայ յաւիտեան առաջի Աստուծոյ ողորմութիւն [և ճշմարտութիւն], ոյք խնդրեսցեն ի նմանէ:

Նա կա և հավիտյան կմնա Աստծո առջև. նաև նրանք, որոնք ողորմություն ու ճշմարտություն կխնդրեն նրանից:

Ողորմություն՝ զղջացողներին և ճշմարտություն՝ սուրբ մնացողներին, ովքեր կխնդրեն նրանից հավատքով և գործով:

8. Այսպէս սաղմոս ասացից քեզ յաւիտեանս յաւիտենից. և տաց քեզ զաղօթս իմ օրըստօրէ:

Այսպես սաղմոս պիտի երգեմ քեզ հավիտյանս հավիտենից և օրըստօրե աղոթք պիտի մատուցեմ:

Հավիտենական կյանքում: Օրըստօրե աղոթք պիտի մատուցեմ. սա է Աստծո հետ խոսակցությունը, քանզի այնտեղ գիշեր չի լինելու:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

14.08.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․