Սաղմոս Խ

Ի կատարած. սաղմոս Դավթի

Սա վեհագույն վարդապետություն է, և զղջումն աստվածային է, որ երանի է տալիս նրանց, ովքեր մտածում են աղքատի մասին: Քանզի Դավիթն էլ աղքատների հետ էր շրջում և կերակրում նրանց և երբ գնաց Հեբուսը պաշարելու, նրա հետ էին կույրերն ու աղքատները և նրանք սկսեցին նախատել Դավթին, թե դրանց հետ ես մեզ վրա եկել, մենք շատ ենք այստեղ: Եվ խնայեց նրանց ու աղքատների վրա տնտես նշանակեց նրանց, ովքեր շրջում էին իր հետ՝ ղևտացիներից Լավոնի որդին, Բարաքեայի որդին, Ղևեի որդին, Լադանի երեք որդիները՝ Նախքայելը, Հովնաթանը, Հովելը և այլ ողորմածներ և նրանց միջոցով բոլորին հորդորում էր: Բայց այս սաղմոսը նրա Որդու մասին է, ով թողեց իր բնությունը և մեր աղքատ բնությունը վերցրեց և իր փոխարեն աշխարհում աղքատներ թողեց՝ ասելով.

1. Երանի, որ խորհի զաղքատն և զտնանկն. յաւուր չարի փրկէ զնա Տէր:

Երանի նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան:

Եվ խոսքը Հուդայի միջոցով կատարվեց, ինչպես որ Տերն ասաց. «Որպեսզի կատարվի գրվածը, թե՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ» (Հովհ. 13:18): Նաև այդ մասին հարկ է մտածել՝ նախ նրա (ըստ Պողոսի, որ ասում է. «Իմ մտքում չեմ դրել իմանալ ձեր մեջ այլ բան, եթե ոչ՝ միայն Հիսուս Քրիստոսին և նույն ինքը խաչվածին» (Ա Կորնթ. 2:2), ով մեծատուն էր, բայց հանուն մեզ աղքատացավ, որպեսզի մենք նրա աղքատությամբ լիանանք: Այդ պատճառով էլ այս սաղմոսը նրա և նրա չարչարաքների համար կատարվեց, որպես հանդիմանություն հրեա իշխաններին և Հուդային, այդ պատճառով էլ երանի է տալիս նրանց, ովքեր մտածում են աղքատի և տնանկի մասին: Թարգմանիչներից ոչ ոք տնանկ բառը չի օգտագործում, բայց մենք գործածում ենք այդ բառը ոչ թե Տիրոջ, այլ՝ մեզ համար, որ աղքատ բնությամբ հողից ստեղծվեցինք և հող ենք դառնում, մերկ ենք ծնվում և մերկ հեռանում աշխարհից և տնանկ ենք, որովհետև ընկանք դրախտից, որը մեր բնական տունն էր: Երանի նրան, ով մտածում է. ով երանելի է, ոչ մի պակասություն չունի և ոչ էլ տրտմությունից որևէ մաս ունի, և որով առաքյալները երանության արժանացան: Փորձանքի օրը.  փորձության օր են կոչում մարդիկ այն օրերը, երբ հիվանդանում են, նախատվում, ավազակների ձեռքն ընկնում, երբ տուգանվում են. այս ամենից կարող է փրկել աղքատ ու տնանկ կոչվածը, որ տեղ չուներ իր գլուխը դնելու, քանզի նա ամեն ինչի Տերն է: Նաև չար օր է կոչվում դատաստանի օրը՝ ձախակողմյան այծերի համար, որից պիտի փրկվեն օր ու գիշեր աղքատացյալ Տիրոջ մասին մտածողները և հանուն նրա տառապանքներ կրողները, որ հանգստություն պիտի գտնեն:

2. Տէր փրկէ զնա և կեցուցանէ, երանելի առնէ զնա ի վերայ երկրի. և ո՛չ մատնէ զնա ի ձեռս թշնամեաց իւրոց:

Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը:

Կփրկի մահվանից և կպահպանի որոգայթներից: Երանելի կդարձնի երկրի երեսին բազմաթիվ անգամներ և ողջերի երկրում հավիտենական կյանք շնորհելով՝ նրան երանելի կդարձնի և չի մատնի դևերի ու այլ որոգայթների ձեռքը:

3. Տէր օգնական է նմա ի մահիճս ցաւոց իւրոց. զամենայն անկողինք նորա դարձուցանէ ի հիւանդութենէ նորա:

Տերը նրան կօգնի տառապանքի մահճում և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից:

Անկողին՝ մտքի, հոգու և մարմնի, երբ մեղանչում ենք, դեպի մահ իջնելն է, քանզի անձը, երբ մեղանչում է, նույնն է, ինչ մեռնում է, այդ պատճառով էլ մահիճ է ասում, և  անկողին է կոչվում բոլոր նրանց համար, ովքեր երեսնիվայր ընկնում են գետնին, և այդ ժամանակ միայն հիվանդության ախտից առողջանում են և արդարացվում:

4. Ես ասացի, Տէր, ողորմեա՛ ինձ, բժշկեա՛ զանձն իմ, ես մեղայ քեզ:

Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դեմ»:

Որդին Հորն է ասում, թե բժշկիր եկեղեցին իմ չարչարանքների միջոցով: Ես մեղանչեցի քո դեմ. մյուս թարգմանիչները չեն թարգմանել «մեղանչեցի», այլ մերն է այդպես: Նորից՝ արդար մարդու հոգին, երբ դուրս է գալիս մարմնից, ապա Աստծո ողորմությամբ որոշ չափով հանգստություն է գտնում՝ այստեղ բժշկություն ստանալով այն հիվանդություններից, որ շատ անգամներ ակամա է կրել, այդ պատճառով էլ ասում է. մեղանչեցի քո դեմ, և թեև ամբողջական պսակին դատաստանի օրն է արժանանալու, բայց հրեշտակները նրան պահում են մի հանգստարանում. նախ, որ դևերը նեղություն չտան նրան և հետո, որպեսզի չգնա վերին երկինք՝ մինչև դատաստանի օրը:

5. Թշնամիք իմ ասացին ինձ չար. ե՞րբ իցէ՝ զի մեռցի, և կորիցէ անուն նորա:

Թշնամիներս չարությամբ ասացին իմ մասին. «Ե՞րբ պիտի մեռնի նա, և նրա անունը ջնջվի»:

Հրեա իշխանավորները, որոնց համար դժվար էր նրան տեսնելը և նրա անունը լսելը:

6. Մտանէր տեսանել զնանրութիւն, խօսէր ի սրտի իւրում. և ժողովէր զանօրէնութիւնս յանձն իւր:

Ինձ այցելության եկողը դատարկ բաներ էր խոսում իր սրտում, անօրինություն կուտակում իր մեջ:

Հուդան այցելության էր գնում Տիրոջը՝ տեսնելու համար, թե ո՞ւր է նա, ինչը նրա համար դատարկ և անօգուտ բան էր և սնոտի բաներ էր խոսում, թե մի՞թե սա է Տերը, իր սրտում էր կուտակում դրանք՝ վերցնելով արծաթը՝ անօրինության վարձքը և իր մարմնում չարիք կուտակելով:

7. Արտաքս ելանէր և զնոյն խօսէր. զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ:

Դուրս էր գալիս և նույն բանն էր պատմում: Բոլոր թշնամիներս քրթմնջացին իմ մասին:

Գնալով քահանայապետի մոտ՝ այն նույն դատարկ բաներն էր խոսում, ինչ իր սրտում ուներ, ասելով, թե՝ ի՞նչ եք ցանկանում տալ, չէ որ մատնեցի: Քրթմնջացին իմ մասին. բոլոր նրա նմանները քրթմնջում էին, թե ինչպե՞ս սպանեն ինձ:

8. Խորհեցան չար ի վերայ իմ. բան անօրէնութեան եդին ի վերայ իմ:

Չարիք նյութեցին իմ դեմ: Նրանք անօրեն խոսքեր բարդեցին ինձ վրա:

Նա Աստծո մարդը չէ, որովհետև շաբաթը չի պահում:

9. Միթէ որ ննջիցէն, և այլ ո՞չ ևս յաւելուցու յառնել. քանզի և այրն խաղաղութեան իմոյ, յոր և եսն յուսացայ:

«Ով ննջում է, մի՞թե այլևս հարություն չի՞ առնի»: Անգամ իմ բարեկամ մարդը, որին ես վստահում էի:

Այն, որ ասաց. «Այսուհետև խաղաղությամբ կննջենք ու կարթնանանք» (Սաղմ. 4:9), քանզի Տերը մահվան հետ միավորեց նաև հարությունը. «Պետք է, որ մարդու Որդին մեռնի և երրորդ օրը հարություն առնի» (Ղուկ. 24:7), ինչպես որ ասում է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ. Երգոց 5:2), նաև «Ես ննջեցի և քուն մտա. զարթնեցի, և Տերն իմ ապավենն է» (Սաղմ. 3:6): Եվ Հուդայի մասին է ասում. անգամ իմ բարեկամ մարդը, որին վստահում էի, հուսալով, թե խաղաղության քարոզիչ կլինի աշխարհի համար:

10. Որ ուտէր զհաց իմ, յաճախեաց առնել ինձ զխաբէութիւն:

Եվ որն ուտում էր հացն իմ, հաճախակի իմ դեմ խաբեություն գործեց:

Ինչպես որ Ավետարանն է վկայում, թե Տիրոջ թաթախած պատառն է վերցնում: Հաճախակի. հաճախակի էր գործում, այդ պատճառով էլ հրեաներից առավել աններելի էր նա:

11.Այլ դու, Տէր ողորմեա՛ ինձ, և կանգնեա՛ զիս. և ես հատուցից նոցա:

Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր և ոտքի՛ կանգնեցրու ինձ, որ հատուցեմ նրանց:

Ոտքի՛ կանգնեցրու եկեղեցուն իմ արյան շնորհիվ և ես կհատուցեմ հրեաներին հռոմեացիների միջոցով:

12. Յայսմ ծանեայ թէ հաճեցար ընդ իս, զի մի՛ ուրախ եղիցին յիս թշնամիք իմ:

Եթե թշնամիներս չչարախնդան վրաս, դրանից ես կիմանամ, որ բարեհաճ ես իմ հանդեպ:

Այն, որ ասացիր Հորդանանում և Թաբորում: Եթե թշնամիներս չչարախնդան վրաս. դրանք հրեաներն ու հերձվածողներն են, ովքեր ջանում են քանդել իմ եկեղեցին:

13. Այլ զիս յամբծութեան իմում ընկալար. և հաստատեցեր զիս առաջի քո յաւիտեան:

Դու իմ անմեղության համար ընդունեցիր ինձ և հավիտյան հաստատեցիր քո առջև:

Քո հարությամբ փառքերի մեջ ընդունեցիր: Հաստատեցիր ինձ եկեղեցու միջոցով, որն անդրդվելի միջոց է դժոխքի համար:

14. Օրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. Եղիցի եղիցի:

Օրհնեալ լինի Տեր Աստվածն Իսրայելի հավիտյանս հավիտենից. ամեն, ամեն:

Հավատացյալնեն այսպես են գոհանում Տիրոջից, ով Տեր Աստվածն է թե՛ հին և թե՛ նոր Իսրայելի, որի գթությունը հավիտյան է: Այստեղ հրեշտակներն են ասում. ամեն, ամեն, որովհետև նրանք հավիտենական են:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 

17.01.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․