Սաղմոս ԽԴ

Այսուհետև՝ անցած  ժամանակի մասին. Կորխի որդիների իմաստությունը. օրհնության սաղմոս սիրելիի մասին։ Անցած ժամանակների փոփոխության պատճառով էր, որ Սիմաքոսը «ծաղիկ» թարգմանեց, իսկ Թեոդիտոսը՝ «շուշան»։ Եվ սիրելին՝ Որդին է, որին հաճեցավ Հայրը, ում այգու մասին ասաց Եսային, թե փոփոխվեց եկեղեցին իր սկզբնական վիճակից, ըստ մարգարեի, ծաղկեց շուշանի պես՝ Աստծո մարդ լինելու շնորհիվ, ում մասին էլ ասում է Հայրը։

1. Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս քո բարիս. և ասացից զգործս իմ թագաւորի։

Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, և իմ գործերը պատմում եմ թագավորին։

Անապական ծննդյան մասին է ասում, իբրև Բանը՝ սրտից բխած՝ անժամանակ և անմեկնելի։ Եվ իմ գործերը պատմում եմ թագավորին. այստեղ Հայրն իր գործերն իր թագավոր Որդու անունից ասաց և Որդին էլ իր Ավետարանը Հոր անունից ասաց. «Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը» (Հովհ. 14:10): Կենդանության ջրերի մեծագույն բխման մոտ է մեզ այսօր տանում Սուրբ Հոգին, ինչպես որ Դավիթն է ասում՝ Հոր կողմից ասված Էմմանուելի խորհուրդը բարի պատգամներ է բխեցնում: Քանի որ Հոր սրտից են բխում Դավթի խոսքերը, ապա այդ պատգամներն իր սրտում է դնում և այդ պատգամը Բանն է: Եվ իմ գործերը պատմում եմ. այն գործերը, որոնցով մարգարեացավ Քրիստոսի թագավորության մասին, որ թագավորելու է հավիտյանս Հակոբի տան վրա:

2. Լեզու իմ որպէս գրիչ արագագիր դպրի, գեղեցիկ տեսանելով քան զամենայն որդւոց մարդկան:

Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի: Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից:

Սուրբ Հոգին մոտ է Դավթի սրտին և շարժում է գրչի պես և գրում է՝ թանաքի փոխարեն թրջելով Հոր խորհուրդներով: Դարձյալ՝ ինչպես գրիչն է գրողի ձեռքում և գրում է այն, ինչ ցանկանում է և ինչ հաճելի է իրեն, այդպես էլ Դավթի լեզուն է Սուրբ Հոգու ձեռքում: Եվ կամ, ինչպես որ Հոր խոսքն էր, այդպես էլ Դավթի լեզուն էր՝ արագագիր, որ ասաց և եղան բոլոր սքանչելագործությունները, որ հաճելի էին սրբերին: Տեսքով գեղեցիկ, քանզի ապականացու սերմից չծնվեց և ոչ էլ գերեզմանում ապականվեց, քանզի մարդկանց որդիների բնությամբ չէր, այլ, ինչպես Երգ Երգոցում  է ասում. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր՝ ընտրյալ է տաս հազարից» (Երգ Երգոց 5:10) և հասակով ու մարմնով հազվագյուտ էր և թեև Եսային ասում է, թե. «Նրա տեսքն ավելի անարգ էր և նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը» (Ես. 53:3), բայց այդպես է ասում՝ աստվածայինի հետ համեմատելով և խաչի վրա կրած չարչարանքների պատճառով է նսեմ ասում, այլ ոչ թե ըստ էության: Նաև Բանը, որ Դավթի լեզուն էր, ապա գրիչը՝ Տիրոջ մարմինը, որ Դավթի ձեռքով ավելի գեղեցիկ էր գրում, քան մնացած բոլոր մարդկանց: Թեև Մովսեսն էլ, որպես առաջին գրիչ, գրեց օրենքները, բայց ո՛չ այնպես գրեց, ինչպես որ Տերը, թե. ով հավատա ինձ «մահ չի տեսնի» (Հովհ. 8:51) և «Ուր ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան» (Հովհ. 12:26), քանզի օրենքը Մովսեսի ձեռքով տվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի շնորհով եղավ: Եվ ով տեսնում է, նա է հասկանում, թե որքան գեղեցիկ է:

3. Սփռեցան շնորհք ի շրթանց քոց. վասն այսորիկ օրհնեաց զքեզ Աստուած յաւիտեան:

Շրթունքներիցդ շնորհք է թափվում. դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան:

Ասում է, թե շնորհքով ստեղծեցիր աշխարհը, իսկ մի այլ տեղ՝ «Ողորմությամբ պիտի շինվի» (Սաղմ. 88:3): Քանի որ եթե շնորհով չլիներ, ապա բարկացկոտներին և վնասատուներին չէր ստեղծի և թույլ չէր տա, որ կազմավորվի սպանող ձեռքը: Այդ նույն շրթուքներից նաև կենարար բժշկություն և վարդապետություն է բաշխում, ըստ Ավետարանի, թե. «Բոլորը զարմանում էին նրա բերանից ելած շնորհալի խոսքերի վրա» (Ղուկ. 4:22): Այդ պատճառով էլ Հայրն օրհնեց նրան, որ մարմնով Աստված էր և այդ մասին հայտնեց, թե գալու է իմ սիրելի Որդին, ըստ Հովհաննեսի, թե «Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է» (Հովհ. 3:33) և Բանն է մարմնացյալ:

4. Ա՛ծ զսուր ընդ մէջ քո հզօր, վայելչութեան և գեղոյ քոյ:

Մեջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզոր, քո վայելչությամբ ու գեղեցկությամբ:

Մարմնիդ՝ խոսք [կապի՛ր], դարձյալ՝ Աստծո խոսքը, որ ավելի սուր է, քան ամեն տեսակի սուր և իշխանության մասին է ասում, որ գործի դնի և հզորն ու կարողն ամենայնին հետ մղի չար պատերազմողներին, որոնք պատերազմում են մեր դեմ: Քո վայելչության և գեղեցկության համար, այսինքն՝ սուրբ եկեղեցու, որը նման է վայելուչ և գեղեցիկ հարսի: Կամ՝ ինչպես վայել է քեզ՝ գեղեցիկ կերպով պատերազմ մղիր:

5. Լարեա՛ ուղղե՛ա և թագաւորեա՛ վասն ճշմարտութեան, հեզութեան և արդարութեան, և առաջնորդեսցէ քեզ սքանչելապէս աջ քո:

Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր և թագավորի՛ր հանուն ճշմարտության, հեզության ու արդարության, և քո աջը թող սքանչելապես առաջնորդի քեզ:

Լարի՛ր առաքյալներին և ուղղի՛ր դեպի քարոզչության և թագավորի՛ր հեթանոսների վրա նրանց խոսքով՝ հեզությամբ, ինչպես որ ասացիր. «Հեզ եմ և խոնարհ» (Մատթ. 11:29): Ճշմարտությամբ, որ վկայեցիր, թե՝ «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը» (Հովհ. 14:6): Արդարությամբ, ինչպես որ ասացիր. «Իմ դատաստանն արդար է» (Հովհ. 5:30): Ցո՛ւյց տուր, ասում է, իսկապես, քո արդարությամբ: Եվ թող առաջնորդի քեզ Սուրբ Հոգին և քո զորությունը, քանզի դու օգնականի կարիք չունես: Իսկ սքանչելապես է ասում՝ նկատի ունենալով ոմանց կանգնելը և ոմանց գլորվելը, ըստ հավատքի և անհավատության, նաև սքանչելապես է բացվում դուռը Բանին:

6. Նետք քո սրեալ են հզօր, և ժողովուրդք ի ներքոյ քո անկցին, ի սիրտս թշնամեաց թագաւորի:

Քո նետերը սրված են, ո՛վ հզոր, ընդդեմ թագավորի թշնամիների. և ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ:

Քո խոսքն առաքյալների բերանում Սուրբ Հոգով է շարժվում: Ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ. հեթանոսները իշխանության տակ պիտի ընկնեն: Ընդդեմ թագավորի թշնամիների. սրտից պիտի վիրավորվեն դևերը՝ Քրիստոսի թշնամիները: Կամ, երբ հավատան թշնամի հեթանոսները, ապա քո սիրով կխոցվեն նրանց սրտերը: Դարձյալ՝ նետ ասելով նկատի ունի հռոմեացիներին և հրեաների թշնամիներին, ովքեր չցանկացան, որ Քրիստոսը թագավորի իրենց վրա:

7. Աթոռ քո, Աստուած, յաւիտեանս յաւիտենից, գաւազան ուղղութեան գաւազան արքայութեան քո:

Քո գահը հավիտյանս հավիտենից է, Աստվա՛ծ. քո արքայական գավազանն արդարության գավազան է:

Սիմաքոսը հետևյալ կերպ է թարգմանում. «Քո աթոռը, որ ի սկզբանե հաստատեցիր»՝ երկինքն է և եկեղեցին հավիտյան: Արդարության գավազանը Ավետարանն է, որով առաջնորդում է հավատացյալներին դեպի արոտավայր՝ դեպի ջուրն ու հոտը, քանզի նա է կանոնն ուղղափառ հավատքի, որով ուղղվում են բոլոր շեղվածները: Իսկ արքայական գավազանը խաչն է, որով հաղթեց մահվանը, դժոխքին և աշխարհն իր ձեռքն առավ:

8. Սիրեցեր զարդարութիւն, և ատեցեր զանօրէնութիւն:

Սիրեցիր արդարությունն ու ատեցիր անօրինությունը:

Ըստ Եսայի մարգարեի. «Պիտի անարգի չարը և ընտրի բարին» (Ես. 7:16): Այնտեղ մանուկ ժամանակվանից ատեց հրեաներին և փախավ Եգիպտոս և իր մոտ բերեց մոգերին, ովքեր իր միջոցով արդարացան:

9. Վասն այսորիկ օծ զքեզ Աստուած, Աստուած քո իւղով ուրախութեան, առաւել քան զընկերս քո:

Դրա համար Աստված՝ քո՛ Աստվածն օծեց քեզ ուրախության յուղով՝ ավելի, քան քո ընկերներին:

Հոր կամքով մարդկությանն օծեց աստվածության այն ուրախարար յուղով, որ թափեց մարմնից: Մեկ ուրիշն ասում է, թե՝ իմ Աստվածն ես և քո Աստվածը, նաև իմ արարիչն ես, որ Հոր կամքով ստեղծեցիր մարդուն: Քո ընկերներին՝ ընկերները թագավորները, քահանաներն ու մարգարեներն են, որ օծյալ կոչվեցին, յուղով, արյամբ և Հոգով միայն օծվեցին, այլ ոչ թե աստվածությամբ, որոնց օծությունը մահվանից հետո չպահպանվեց: Դարձյալ ասում է՝ թող ուրախանան օծյալները, քանզի քո ընկերները համարվեցին:

10. Զմուռս և ստաշխն և կասիայ ի զգեստէ քումմէ, ի տաճարաց փղոսկրէից, ուստի ուրախ արարին զքեզ դստերք թագաւորաց ի պատիւ:

Քո զգեստներից ու փղոսկրյա պալատներից զմուռս, հալվե և կինամոն է բուրում: Արքայադուստրերն ուրախացնում ու պատվում են քեզ:

Քո զգեստներից, զգեստը եկեղեցին է, ինչպես որ ասաց. «Կենդանի եմ ես,- ասում է Տերը: Նրանց բոլորին պիտի հագնես իբրև պատմուճան» (Ես. 49:18), որտեղի՞ց են բուրում առաքինությունների անուշահոտությունները, եթե ոչ նրա հանդերձներից, որոնք մոգերը խորհրդաբար ընծայեցին նրան՝ ծննդյան ժամանակ. զմուռսը, որ խորհրդանիշն էր մահվան, որ սիրով մեռավ, կինամոն, որ խորհրդանիշ էր թաղման, մանրացված խունկը, որով պատվեց և հալվեն, որ հարության խունկն է և այս անուշահոտ ազնիվ փայտերից ստացված խառնորդն է, որ հարսը փաթաթում և պահում է իր մոտ սիրով, սա է խորհրդանշում հարությունը, որ մեռնում են, թաղվում և հարություն առնում Քրիստոսի հետ, որտեղից էլ անուշահոտություն է բուրում: Փղոսկրյա պալատներից, որտեղ արքայադուստրերն ուրախացնում ու պատվում են քեզ. թագավորն առաքյալներն են, դուստրերը՝ նրանց աշակերտները, ովքեր մեծագույն ընծաներով մուտք են գործում եկեղեցուց ներս՝ ուրախացնելով իրենց անապական փեսային: Այլ ընծաներից բացի նաև փղոսկրյա տաճարներից հանելով կուռքերին, որով ցույց է տալիս, թե Հոր բնությունից է ստանում անմահությունը, ինչպես որ ինքն անապական է:

11. Կացցէ դշխոյ ընդ աջմէ քումմէ, ի հանդերձս ոսկեհուռս զարդարեալ և պաճուճեալ:

Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարված ու պաճուճված ոսկեհուռ զգեստներով:

Սա վերին եկեղեցին է, որ չհնազանդվեց չարին և նրա միջոցով ներքևի [եկեղեցին] գտավ իր հովվությունը և միացավ նրան: Քո աջից, որը պատվի խորհուրդն ունի: Դարձյալ՝ Բանի մարմինն է եկեղեցու գլուխը, որը Հոր աջ կողմում է՝ ոսկեհուռ զգեստներով, որովհետև աստվածանման եղավ և Քրիստոսով զգեստավորվեց, նրանով զարդարվեց և զանազան առաքինություններով պաճուճվեց:

12. Լո՛ւր, դուստր, և տե՛ս, խոնարհեցո՛ զունկն քո, մոռա՛ զժողովուրդ քոյ, և զտուն Հօր քո. զի ցանկացաւ թագաւոր գեղոյ քո:

Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մոտեցրու ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը, քանզի թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը:

Ինչպես որ փեսան Դավթի որդի կոչվեց, այդպես էլ հարսը՝ դուստր, որ մոտեցնում է ականջը դուռը թակող փեսայի ձայնին: Մոռացի՛ր քո ժողովրդին, այսինքն՝ հեթանոսությունը, և քո հոր տունը՝  անպիտան իմաստությունը, որտեղ բնակվում էր առաջին չարը՝ ստության հայրը, ով քարին և փայտին հայր էր կոչում: Քանզի թագավորը ցանկացավ, այսինքն՝ ցանկացավ աղտեղագույնիդ գեղեցիկ տեսնել՝ մաքրելով ավազանի միջոցով:

13. Սա ինքն է Տէր քո, երկիր պագցես սմա. և դուստր Ծուրայ երկիր պագցէ սմա.

և պատարագօք զերեսս սորա պաշտեսցեն մեծամեծք ի ժողովրդոց:

Նա ինքն է քո Տերը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի և դուստրը Տիուրոսի, և ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով:

Նա օտար էր, սա է քո հիմնական Տերը, քո Ստեղծիչը, սրան պիտի երկրպագես, այլ ոչ թե մեհյաններին: Իսկ Տիուրոսի դուստրը փյունիկեցիներն են, ովքեր կռապաշտության առաջին հնարողներն էին և ջերմեռանդ էին կուռքերի հանդեպ, և իրենց թագավորներին աստվածներ էին համարում, բայց պիտի փոխվեն և երկրպագեն սրան, որոնցից առաջինն այն փյունիկ կինն էր ասորի ազգից, որ երկրպագություն արեց և անդադար խնդրում էր իր դստեր համար և չէր խորշում շուն կոչվելուց, որի պատճառով էլ գովաբանվեց և դուստր կոչվեց: Պիտի պաշտեն նրան ընծաներով. Տիրոջ ամենասուրբ մարմինը՝ եկեղեցին, որ Աստծո երեսն է և որ արժանի է պաշտել նրան ընծաներով՝ նախ անձերն ընծայելով, և ապա նոր ընծաներ մատուցել և ասել. պատարագ կամ օրհնություն հացի և բաժակի ասենք, ըստ մեծն Հովհաննեսի, իսկ մեծամեծներն էլ՝ հավատքով ու գործերով:

14. Ամենայն փառք դստեր թագաւորի ի ներքոյ. ի վերջաւորս ոսկեհուռս

զարդարեալ եւ պաճուճեալ:

Արքայադստեր ողջ փառքը իր մեջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ:

Թաքնված սրտի մեջ, ըստ Պողոսի, թե. «Ամրանաք ներքնապես, այնպես որ, ձեր հավատքի միջոցով Քրիստոս բնակվի ձեր սրտերում» (Եփես. 3:16-17): Ինչպես որ թագուհիներն են հագնում ներքին հանդերձներ՝ բազում նկարներով և զանազան գույներով, այդպես էլ եկեղեցին տարբեր արարողություններով, պահքերով և տոնախմբություններով և նախնիներից եկած ավանդույթներով է զարդարված, որպեսզի հերձվածողների պատճառով չապականվի և հակառակության պատճառ չդառնա: Մեկ այլ թարգմանության մեջ ասվում է՝ «երկար զգեստներով», որոնք ազգից ազգ փոխանցվող շնորհներն են՝ անմոռաց պահելով Աստծո շնորհները, ինչպես հին Ծոփքում: Ոմանց Սուրբ Հոգու կողմից իմաստություն է տրվում, մյուսներին՝ զանազան այլ շնորհներ, և դա է զգեստների քղանցքը:

15. Տարցին թագաւորի կուսանք զհետ նորա. և զընկերս նորա տարցին նմա:

Թագավորի մոտ նրա հետ կույսեր պիտի տարվեն, իր ընկերուհիները պիտի տարվեն նրա մոտ:

Եվ ինչո՞ւ է կույսեր ասում, որովհետև միայն սրբությամբ կարող են ընտանության մեջ մտնել անապական փեսայի հետ և եթե հանկարծ մոլորվեն, ապա պիտի սրբվեն, կուսանան, այսինքն՝ անապական դառնան և ապա տարվեն առաջնորդների և ուսուցիչների մոտ, նախ՝ առաքյալների և նրանց ընկերների, ովքեր սկզբում հրեաների, ապա՝ հեթանոսների մեջ քարոզչություն ծավալեցին և նոր եկածներն աստիճանաբար ընկերանալու են առաջինների հետ:

16. Ածցեն ցնծութեամբ և ուրախութեամբ և տարցին ի տաճար թագաւորի,

և փոխանակ հարց քոց եղիցին որդիք քո:

Ցնծությամբ և ուրախությամբ պիտի բերեն նրանց, և պիտի տարվեն թագավորի պալատը: Եվ քո հայրերի փոխարեն որդիներ պիտի լինեն քեզ:

Ոչ թե հարկադրաբար, այլ՝ ցնծությամբ և հրեաներից առավել և նրանցից հետո Քրիստոսի տաճար եղան հրեաների որդիները՝ առաքյալները, ովքեր իրենց խոսքով քարոզեցին ողջ տիեզերքին՝ որպեսզի սուրբ կույսերի պես ներկայանան Քրիստոսի առաջ, ինչպես որ ասում է.

17. Կացուսցես զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր, և յիշեսցի անուն քո ընդ ամենայն ազգս ազգաց:

Որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրա: Քո անունը պիտի հիշվի սերնդից սերունդ:

Առաքյալներին պիտի կարգի: Մնացյալը մեկնության կարիք չունի, որովհետև պարզ է:

18. Վասն այսորիկ ժողովուրդք խոստովան եղիցին առ քեզ յաւիտեան, և յաւիտեանս յաւիտենից:

Դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն հավիտյան, և հավիտյանս հավիտենից:

Որովհետև հավիտյանս պիտի քարոզվի արքայության Ավետարանը ողջ տիեզերքում և պիտի հավաքվեն Քրիստոսի մոտ և գովեն հավիտյան:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

26.02.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․