23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած. սաղմոս Դավթի՝ Կորխի որդիների իմաստությունը: Հիշատակություն է Եգիպտոսից դուրս գալու և կատարված հրաշքների մասին` վշտի մեջ գտնվող մակաբայեցիների կողմից ասված: Սա նկարագրություն է նաև Բաբելոնում գերության մեջ գտնվողի տառապանքների:
1. Աստուած, ականջօք մերովք լուաք, զոր հարքն մեր պատմեցին մեզ:
Աստվա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին
Թեև աչքերով չտեսանք, բայց ականջներով լսեցինք այն գործերը, որ կատարվեցին նախահայրերի ժամանակ: Նորից՝ Աստվա՛ծ, մեր ականջներով լսեցինք, այլ ոչ թե նախահայրերի ժամանակ, երբ մարգարեները ոչ թե ականջներով էին լսում, այլ սրտի ներգործությամբ էին իմանում: Եվ որ ասում է, ինչպես նաև Մովսեսն է գրում, թե ժողովրդին լսելի է եղել Աստծո ձայնը, ապա հնարավոր չէ առանց բերանի և լեզվի, ինչպես նաև առանց ձայնի գործունեության ձայն դուրս բերել: Անշուշտ սա առաքյալների մասին է ասված և մարգարեներն ու իրենց հայրերը նրանց նկատի ունենալով են ասել այս և երանի տվել նրանց աչքերին ու ականջներին:
2. Զգործն, զոր գործեցեր յաւուրս նոցա, յաւուրսն առաջինս:
Այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում:
3. Ձեռն քո խլեաց զհեթանոսս. և զնոսա տնկեցեր. չարչարեցեր զժողովուրդս քո, և հաներ զնոսա:
Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին, և նրանց փոխարեն մեզ տնկեցիր, հաստատեցիր. չարչարեցիր ժողովուրդներին և արտաքսեցիր նրանց:
Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին՝ Պաղեստինից և փոխարենը մեզ տնկեցիր, չարչարեցիր քանանացիներին և հանեցիր երկրից, իսկ դևերին՝ հեթանոսների միջից:
4. Ո՛չ թէ սրով իւրեանց ժառանգեցին զերկիր. և ո՛չ բազուկ նոցա, թէ փրկեաց զնոսա:
Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց:
Ինչպես որ այժմ՝ մենք:
5. Այլ աջ քո և բազուկ քո՝ և լոյս երեսաց քոց. զի հաճեցար դու ընդ նոսա:
Այլ՝ քո աջը, քո բազուկը և քո երեսի լույսը, քանզի դու բարեհաճ եղար նրանց հանդեպ:
Այլ՝ քո աջը ասելով նկատի ունի օգնական լինելը, բազուկը զորությունն է, իսկ երեսի լույսը՝ խնամատարությունը կամ լուսե սյունը: Եվ արդ՝ քո աջը և Հոր բազուկը Միածին Որդին է, իսկ երեսի լույսը՝ Սուրբ Հոգին, քանզի նա հաճելի եղավ քեզ և ասացիր. «Դրան լսեցե՛ք» (Ղուկ. 9:35):
6. Դու ինքն ես՝ թագաւոր իմ և Աստուած իմ, որ հրամայեցեր զփրկութեանցն Յակոբայ:
Դու ինքդ ես իմ թագավորն ու իմ Աստվածը, որ Հակոբի փրկության հրամանն արձակեց:
Ինչպես որ Նաթանայելն ասաց. «Դո՛ւ ես Քրիստոսը, դո՛ւ ես Իսրայելի թագավորը» (Հովհ. 1:49): Հրամանն արձակեց. քանզի քո հրամանը միայն բավական էր, որպեսզի փրկվեր Հակոբը, [որ փրկվենք նաև մենք] դևերից և ցավերից:
7. Քեւ զթշնամիս մեր հարցուք. և անուամբ քով արհամարհեսցուք զյարուցեալսն ի վերայ մեր:
Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, և քո անվամբ արհամարհենք մեր դեմ ելնողներին:
Այսինքն՝ դևերին, և քո անվամբ, քանզի ասում էին, թե՝ Հիսուսի անվամբ դո՛ւրս եկեք:
8. Ո՛չ թէ յաղեղն իմ յուսացեալ եմ, և ո՛չ սուր իմ կեցուցանէ զիս:
Հույսս չեմ դրել իմ աղեղի վրա, և ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ:
Ո՛չ Մատաթե և Հուդա մակաբայեցիների և ո՛չ էլ առաքյալների վրա:
9. Այլ դու փրկեցեր զմեզ ի թշնամեաց մերոց. և զատելիս մեր յամօթ արարեր:
Քանզի մաքրեց տաճարը և կոտորեց անտիոքացիների զորքերին:
10. Աստուծով պարծեսցուք զօրհանապազ. և անուան նորա խոստովան եղեցուք յաւիտեան:
Հանապազ Աստծով պարծենանք և հավիտյան գոհություն մատուցենք նրա անվանը:
Հրեաները չեն կարող այսպես ասել, թեև Աստծո միջոցով փրկվեցին, բայց մենք արդարև կարող ենք ասել, քանզի Տիրոջ մահվան և նրա խաչի միջոցով փրկվեցինք, ինչպես որ Պողոսն է ասում. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6:14):
11. Բայց արդ՝ մերժեցեր և անարգեցեր զմեզ. և ո՛չ ելեր Աստուած ընդ զօրս մեր:
Սակայն դու մերժեցիր և խայտառակեցիր մեզ և մեր զորքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստված:
Երբ սպանեցին Մատաթեի որդիներին և կռապաշտությունը հզորացավ, այլ առաջնորդներ տիրեցին ժողովրդի վրա՝ մակաբայեցիներից ավելի տկար, ինչպես որ Ներոնը՝ գլխավոր առաքյալներին սպանեց:
12. Դարձուցեր զմեզ յետս քան զթշնամիս մեր. և ատելիք մեր յափշտակեցին զմեզ:
Մեզ հետ մղեցիր մեր թշնամիներից, և մեզ ատողները մեզ կողոպտեցին:
Մինչդեռ բոլոր ազգերից առաջ էինք քո զորությամբ, բայց մեր թշնամիները կողոպտեցին մեզ, ավերեցին Երուսաղեմը: Իսկ առաքյալների մահվանից հետո էլ կողոպտեցին տկար հավատացյալներին:
13. Ետուր զմեզ որպէս զոչխար ի զենումն. և ընդ հեթանոսս ցրուեցեր զմեզ:
Մեզ ոչխարի պես մորթելու հանձնեցիր և մեզ ցրեցիր հեթանոսների մեջ:
Շատերին շաբաթ օրով կոտորեցին և մյուսներին էլ գերեվարեցին, նաև այն Գառան վկաներին, որ իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: Մարգարեն էլ հետևյալ խոսքերով կանխազգում է այն աղետը, որ հռոմեացիների ձեռքով թափվելու էր հրեաների գլխին՝ որպես վրեժխնդրություն Միածնի արյան և նրա աշակերտների:
14. Վաճառեցեր զժողովուրդս քո առանց գնոյ. և ո՛չ գոյ թիւ աղաղակի մերոյ:
Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, և մեր աղաղակը չափ չունեցավ:
Հրեաներին վաճառեց հեթանոսներին և հայտնի է նաև աղաղակը, որովհետև Աստծո Որդուն վաճառեցին երեսուն արծաթով: Տիրոջ վկաներն էլ այս տեսնելով՝ նրա նման իրենց ձրի վաճառեցին: Եվ եկեղեցու աղերսին ու աղաղակին թիվ չկա, որով դիմում են Տիրոջը, ով կարող է տալ այն, ինչի դեմ ոչինչ են այս ժամանակավոր չարչարանքները:
15. Արարեր զմեզ նախատինս դրացեաց մերոց. ծաղր և այպն կատականաց այնոցիկ, որ շուրջ էին զմեղօք:
Մեր հարևանների նախատինքին արժանացրիր մեզ և մեր շուրջը գտնվողների խայտառակ ծաղրուծանակին:
Մակաբայեցիների ժամանակ և խաչի վրա՝ հրեաների կողմից: Իսկ եկեղեցու մանուկները, որ նախատվում են Քրիստոսի համար, երանելի են:
16. Արարեր զմեզ յառակս հեթանոսաց. ի շարժել զգլուխս ժողովրդոց:
Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մեջ, և ժողովուրդները գլուխ թափ տվեցին:
Հրեաներինը հայտնի է, իսկ Պողոսը մեր մասին պարծանքով է ասում, թե՝ «Առակ-նշավակ եղանք ամբողջ աշխարհին» (Ա Կորնթ. 4:13), և ինչպես որ Տիրոջը ծաղրելով գլուխ թափ տվեցին: Նաև նշավակ է ասում, որովհետև աղեղնավորների պես ձգում էին իրենց նախատիքների նետերը: Եվ առակ է ասում, որովհետև նույն կերպ էին բոլորին ծաղրում:
17. Զօր ամենայն նախատինք իմ առաջի իմ են. և ամօթ երեսաց իմոց ծածկեաց զիս.
Ամեն օր իմ նախատինքն առջևս է, և երեսիս ամոթը պատել է ինձ.
Հրեաների աղաղակին և ամոթին չափ չկա: Եկեղեցին նույնպես միշտ այսպես է երգում, թե որքան շատ աղաչենք, ամաչենք հայտնի և ծածուկ խղճմտանքների պատճառով, ապա նա կծածկի մեր հանցանքները, իսկ անցավոր ամոթը ծածկելու է հավիտենականը:
18. Ի ձայնէ նախատորդոյն եւ չարախօսի, յերեսաց թշնամւոյն և հալածչի:
Նախատողի և չարախոսի ձայնից, թշնամու և հալածողի երեսից:
Հրեաների համար՝ Սենեքերիմն ու Անտիոքոսը և այլոք, իսկ մեզ համար՝ սատանան, որ մշտապես հալածում է մեզ բարի գործերի ժամանակ և Տիրոջ առաջ չարախոսում է, ինչպես Հոբի ժամանակ:
19. Այս ամենայն եկն ի վերայ մեր, և մեք զքեզ ո՛չ մոռացաք. և ո՛չ ստեցաք ուխտի քում, և ո՛չ դարձաք յետս սրտիւք մերովք:
Այս ամենը մեզ վրա եկավ, բայց մենք քեզ չմոռացանք, չդրժեցինք քո ուխտը: Եվ մեր սրտերով հետ չդարձանք քեզանից:
Ինչպես որ մակաբայեցիներն էին պահում իրենց ուխտը և եկեղեցին նույնպես չի կարող դրժել իր ուխտը, որ հաստատեց ավազանի միջոցով, քանզի. «Ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 8:35):
20. Դարձուցեր զշաւիղս մեր ի ճանապարհաց քոց, խոնարհ արարեր զմեզ ի տեղի չարչարանաց. և ծածկեցին զմեզ ստուերք մահու:
Դու շեղեցիր մեր շավիղը քո ճանապարհից: Տաժանավայրում մեզ ծնկի բերիր, և մահվան ստվերները պատեցին մեզ:
Հրեաներին Բաբելոն տանելով, նաև տեղի տվեցին մեր անձնիշխան կամքի պատճառով։ Մահվան ստվերները, սա առաքյալների խոսքերն են, թե մահը այլ բան չէ, քան ստվեր Քրիստոսի համար, քանզի մեր կյանքը նրանով ենք ծածկել։ Շեղեցիր մեր շավիղը, այսինքն՝ առաքյալներին՝ օրենքից։ Իսկ տաժանավայր է ասում, որովհետև հեթանոսների մեջ ուղարկվեցին, նաև Երուսաղեմը եղավ Տիրոջ չարչարանքների վայրը։
21. Թէ մոռացեալ իցէ մեր զանուն Աստուծոյ մերոյ. կամ ձգեալ իցէ զձեռս մեր առ աստուածս օտարս։
Մի՞թե մոռացել ենք մեր Աստծո անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստվածների։
Նախ դանիելյանները գերության մեջ, և ապա նաև մենք քրիստոնեությունը չենք կարող մոռանալ ո՛չ հալածանքների և ո՛չ էլ մահվան ժամանակ և ո՛չ էլ ձեռք մեկնել օտար աստվածների, այսպիսին են վկաների խոսքերը, քանզի Սուրբ Հոգին գիտեր նրանց արիության մասին։
22. Սակայն Աստուած խնդրէ զայս. զի նա քննէ զգաղտնիս սրտից մերոց։
Չէ՞ որ Աստված դա կիմանա, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի։
Քանզի նրա անվան և ոչ թե ուրիշ այլ պատճառով ենք կրում այդ նեղությունները, [ասում են] ընտրյալները՝ հնում և նորում։
23. Վասն քո մեռանիմք զօրհանապազ. համարեցաք որպէս զոչխար ի զենումն։
Մենք ամեն օր զոհվում ենք քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք։
Բնական մահը մեկն է, հոժարակամը՝ միշտ, որ մեր կամքով է լինում։
24. Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես Տէր, արի՛ և մի՛ մերժեր զմեզ իսպառ։
Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէր. ելիր և մի՛ մերժիր մեզ իսպառ։
Համբերատար էր դևերի և հեթանոսների հանդեպ։
25. Զմէ՞ դարձուցանես զերեսս քո ի մէնջ, մոռանաս զաղքատութիւն և զնեղութիւնս մեր։
Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզանից, մոռանում մեր աղքատությունն ու նեղությունները։
Բազմաթիվ անգամներ եկեղեցին աղքատություն և նեղություն կրեց հանուն Քրիստոսի։
26. Խոնարհ եղէն մինչև ի հող անձինք մեր. և յերկիր կցեցան մէջք մեր։
Մեր անձերը մինչև գետին կորացան, և մեր մեջքը դիպավ հողին։
Մինչև գերեզման, նույնիսկ շատերը փղերի ու ձիերի ոտքի կոխան դարձան։
27. Արի՛, Տէր, օգնեա՛ մեզ, և փրկեա՛ զմեզ վասն անուան քո։
Ելի՛ր, Տեր, օգնի՛ր և փրկի՛ր մեզ հանուն քո անվան։
Լուծի՛ր մեր վրեժը, որովհետև քո անվան համար ենք վշտեր կրում, քանզի եկեղեցին նախատվում է, սակայն չի թուլանում նահատակություններից։
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը