23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև՝ Դավթի օրհնության սաղմոս:
Մարգարեանում է հեթանոսությունից դարձի գալու և Տիրոջից փրկություն գտնելու մասին, ինչպես որ եղավ ամբողջ աշխարհի համար: Երբ սպանվեց Աբիսողոմը, Դավիթը Հորդանան վերադարձավ, և նրա մոտ եկան նրանք, ովքեր իր որդու հետ էին եղել, և թողություն տվեց նրանց, և ցույց տալով Տիրոջ անհիշաչարությունը մեր հանդեպ, ասաց այս [սաղմոսը], նաև ի դեմս առաքյալների:
1. Աստուած, ողորմեա՛ մեզ և օրհնեա՛ զմեզ. երեւեցո՛ զերեսս քո ի մեզ, և ողորմեա՛ մեզ:
Աստվա՛ծ, ողորմի՛ր մեզ և օրհնի՛ր, ցո՛ւյց տուր երեսդ և գթա՛ մեզ:
Ընդհանրական խնդրանք է, ովքեր կարոտ են ողորմության, ինչը նաև քահանան, երբ խորանից ելնում էր, Մովսեսից սովորած այս օրհնությամբ օրհնում էր ժողովրդին: Դավիթն ինքն իրեն միավորում է ժողովրդի հետ՝ փափագելով տեսնել Աստծո երեսը, ինչպես որ բոլոր մարգարեներն ու արդարները:
2. Ճանաչել յերկրի զճանապարհս քո, յազինս ամենայն զփրկութիւնս քո:
Որպեսզի երկրի վրա ճանաչեն ճանապարհը քո, և բոլոր ազգերի մեջ՝ փրկությունը քո:
Ինչն իբրև մոռացված բան Ադամից հետո չէին հիշում և նախնիների հեթանոսության մեջ էին շարունակում մնալ: Ճանաչել, և չհիշել պատվիրեց՝ ասելով, թե մի՛ հայտնիր քո հոր ամոթույքի մասին, իսկ եթե հայտնես, կմեռնես (հմմտ. Ղևտ. 18:7), այլ՝ Ավետարանի ճանապարհը, որը Տերն է, և բոլոր ազգերին կոչ է անում ճանաչել, երբ բոլոր ազգերին կքարոզվի Ավետարանը:
3. Խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք Աստուծոյ, խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք ամենայն:
Ժողովուրդները քեզ գոհություն պիտի մատուցեն, Աստվա՛ծ, գոհություն պիտի մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները:
Քանի որ հրեաներից քչերը պիտի հավատային, [այդ պատճառով էլ] չասաց բոլորը: Գոհություն պիտի մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները, այսինքն՝ բոլոր հեթանոսները:
4. Ուրախ եղիցին և ցնծասցեն ազինք, զի դու դատիս զժողովուրդս յուղղութիւն. և ազգաց երկրի դու առաջնորդես:
Պիտի ուրախանան ու ցնծան ազգերը, քանզի դու արդարությամբ ես դատում ժողովուրդներին և երկրի ազգերին դու ես առաջնորդում:
Դու ես դատում, քանի որ արարչական գթասրտություն ունես, դու եկար որպես դատավոր՝ հրեաներին արդարության օրենքով առաջնորդելով: Եվ երկրի ազգերին՝ կուրացած հեթանոսներին առաջնորդելու ես՝ բացելով նրանց աչքերը:
5. Խոստովան եղիցին առ քեզ ժողովուրդք, Աստուած, գոհասցին զքէն ժողովուրդք ամենայն:
Թող ժողովուրդները քեզ օրհնաբանեն, Աստվա՛ծ, թող գոհություն մատուցեն քեզ բոլոր ժողովուրդները:
Կրկնում է խոստովանել և ժողովուրդ բառերը, քանզի սկզբում խոստովանեցին նաև հրեաները, իսկ մոտալուտ վախճանի ժամանակ [պիտի խոստովանեն] շատերը, երբ հեթանոսներն իրենց լրումին կհասնեն, այդ պատճառով էլ ասում է, թե գոհություն կմատուցեն, քանզի ազատվեցին տիրասպան ազգից և նրանց անքավելի մեղքից, և բոլորն է ասում, քանզի նրանց գոհությանը կմիանան բոլոր ազգերը:
6. Երկիր ետ զպտուղ իւր, և օրհնեաց զքեզ Աստուած, Աստուած մեր:
Երկիրը տվեց իր պտուղը, և Աստված, Աստվածը մեր, օրհնեց մեզ:
Երկիրը տվեց մարդկանց գործերը՝ որը բարուրած պահում է իր ծոցում՝ զանազան բարի գործեր, և նրանց հետ նաև բոլոր սրբերը, որոնք բույսերն ու պտուղներն են երկրի ծոցի, որ և հարության ժամանակ կպտղաբերեն Աստծով:
7. Աստուած մեր օրհնեսցէ զմեզ, և ի նմանէ երկիցեն ամենայն ծագք երկրի:
Մեր Աստվածը պիտի օրհնի մեզ, և երկրի բոլոր ծագերում պիտի երկյուղեն նրանից:
Աստված, որ նախքան մարդեղանալը Ադամի բնությունը ընտրեց, և որ վերցնելով այն՝ աստվածացրեց՝ ասելով. «Եկե՛ք, իմ Հոր օրհնեալներ» (Մատթ. 25:34): Եվ նրանից կերկնչեն վերին երկիրը, որ ամենաբարձրն է, և եթե նրանք երկնչում են նրանից, ապա որքա՞ն առավել է նրա գութը մեր՝ հողեղեններիս հանդեպ, որ սիրով ճաշակելու են նրան, ով օրհնյալ է հավիտյանս, ամեն:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը