23 Նոյեմբեր, Շբ
Ի կատարած. oրհնություն Իդիթոմին, սաղմոս Դավթի: Իդիթոմը Դավթի սաղմոսներին եղանակ էր դնում: Ոմանք ասում են, թե այս սաղմոսը Դավթին են տվել, մյուսներն էլ նրան են վերագրում՝ ի օգուտ նրա և որպես խրատ, քանզի հեշտ է ցասման մեջ ընկնելը: Ոմանք էլ ասում են, թե երբ Դավիթն այլափոխեց իրեն փղշտացիների դիմաց, այդ ժամանակ ասաց այս սաղմոսը:
1. Ասացի՝ թէ պահեցից զճանապարհս իմ. զի մի՛ մեղայց լեզուաւ իմով:
Ասացի՝ «Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզվովս չմեղանչեմ»:
Քանզի Հոգին նրան ասաց, որ այլափոխի իրեն, այսինքն՝ դա մի ճանապարհ էր, որ Հոգին ցույց տվեց իրեն, Տերը ետ պահեց անօրինության ճանապարհից և հայտնի չդարձրեց չարին: Սակայն նախ Դավիթը կատարեց [Աստծո կամքը]՝ պատասխան չտալով Գերայի որդի Սեմեին, որպեսզի չմեղանչի լեզվով: Համբերեցի, ասում է, թեև ոչ գործերով, քանզի դրանցում չզգուշացա:
2. Եդի պահապան բերանոյ իմոյ՝ ի հակառակել մեղաւորին առաջի իմ:
Բերանիս պահապան դրի, երբ մեղավորը հակառակվեց ինձ:
Պահապան դրի Աստծո երկյուղը: Երբ հակառակվեց ինձ, այսինքն՝ մոխիր ցանեց:
3. Խուլ եղէ և խոնարհեցայ. լռեցի ի բարութենէ, և ցաւք իմ նորոգեցան յիս:
Խուլ եղա և խոնարհ դարձա, բարիքս լռության մատնեցի, և ցավերս նորոգվեցին իմ մեջ:
Բարի հույսով լռեցի, թե Տերը կտեսնի ու կխղճա, բայց նորոգվեցին իմ ցավերը, որ սրտումս ունեի: Դարձյալ՝ բարի է թվում մարդուն իր սրտի զայրույթը թափել իրեն նախատողների վրա:
4. Ջեռաւ սիրտ իմ ի փորի իմում. և ի խորհուրդս իմ վառեցաւ հուր:
Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, և մտքիս մեջ հուր բորբոքվեց:
Սիմաքոսն այսպես է ասում. «Մեղքերս հիշելիս մտքերս հրի պես վառում էին ինձ»: Մտքում էր պահում գեհենի երկյուղը:
5. Խօսեցայ լեզուաւ իմով և ասացի. ցո՛յց ինձ Տէր զկատարած իմ, և զթիւ աւուրց իմոց՝ քանի՞օն է, զի գիտացից թէ որչափ ինչ պակասեալ է յինէն:
Խոսեցի լեզվովս և ասացի. «Տեր, ցո՛ւյց տուր ինձ, թե ե՞րբ է իմ վախճանը, և որքան է կյանքիս օրերի թիվը, որպեսզի իմանամ, թե ինչքան կորուստ եմ ունեցել»:
Թե ունե՞մ արդյոք ապաշխարության ժամանակ:
6. Ահա չափով եդիր զաւուրս իմ. և կար զօրութեան իմոյ որպէս ոչինչ է առաջի իմ, սակայն ամենեւին ընդունայն է ամենայն մարդ մսեղի:
Ահա սահման դրիր իմ օրերին, և կարողությունս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչություն է ամեն մարդ, որ մարմին ունի:
Սիմաքոսն ասում է. «Մարդու օրերը նրա թզի չափ են», ապա զուր է այստեղ հանգիստ փնտրելը: Եվ կարողությունս ոչինչ է. ի՞նչ է մահկանացուի զորությունը, իմ առջև այն ոչինչ է: Բոլորովին ոչնչություն է, ըստ Սիմաքոսի գոլորշով է լցված և շնչափողի է նման և մարմնավոր է նա, ով մարմնին է հետևում:
7. Ապաքէն որպէս ի պատկերի շրջի մարդ, սակայն ի զուր խռովի, գանձէ՝ և ո՛չ գիտէ ում ժողովէ:
Արդարև մարդ շրջում է ինչպես մի ուրվական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թե ում համար:
Կերպարանքը, շուքն ու ստվերը հեշտորեն փոփոխվող են, բայց միայն այն է բարի, որ Աստծո կերպարանքով է: Բայց իզուր է նա տագնապում. կառուցում, տնկում, զայրացնում, զայրանում: Գանձ կուտակում՝ չիմանալով, թե ում համար. ով գիտե թշնամիներն այն կվերցնեն, թե հարազատները, միևնույն է մեղքի առիթ է հանդիսանալու այն:
8. Իսկ արդ ո՞վ է համբերութիւն իմ, թէ ոչ դու, Տէր, կամ կար զօրութեան իմոյ՝ թէ ոչ ի քէն:
Իսկ արդ, ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տեր, կամ իմ ուժն ու կարողությունը քեզնից չէ՞ միթե:
Ինչպե՞ս կկրեի այսքան տրտմությունն առանց քայքայվելու և ինձ սպանելու, եթե հույսս քեզ վրա դրած չլինեի, թե քավություն կտաս ինձ և հանդերձյալ կյանքում կմխիթարես:
9. Յամենայն անօրէնութենէ իմմէ փրկեցեր զիս. նախատինս անզգամաց արարեր զիս:
Բոլոր հանցանքներիցս փրկեցիր և անզգամների համար նախատինք դարձրիր ինձ:
Երբ մեղանչեցի՝ չսպանեցիր ինձ, ապա թույլ տվեցիր, որ անզգամները նախատեն ինձ, դրանով ևս փորձելով ինձ:
10. Խուլ եղէ, և ո՛չ բացի զբերան իմ, զի դու արարեր:
Ես խուլ եղա և չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում:
Իմանալով, որ քո թույլատու կամքով է լինում:
11. Ի բա՛ց արա յինէն զտանջանս իմ. զի ի զօրութենէ ձեռին քո ես պակասեցայ:
Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները, որովհետև քո ձեռքի զորությունից հյուծվեցի ես:
Տանջանքներ ասելով նկատի ունի խղճմտանքը: Քո ձեռքի զորությունից, որովհետև քո բարկությամբ լցվելու պատճառով հալածվում եմ ես:
12. Կշտամբութեամբ վասն մեղաց խրատեցեր զմարդ, մաշեցեր որպէս սարդիոստայն զանձն նորա, սակայն ընդունայն է ամենայն մարդ:
Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պես մաշեցիր նրան, բայց սուտ է ամեն մարդ:
Մտածում էր, թե բավական է իր անձի համար կամ ուրիշների, ինչպես Ադամը: Եվ ինձ մաշեցիր՝ քիչ-քիչ կրճատելով մեր կյանքի տևողությունը՝ դարձնելով մինչև յոթանասուն տարի, այն էլ՝ լի տկարություններով, ցավերով և հոգսերով, որ մաշում են մեր հոգին ցնորքներով: Բայց սուտ է ամեն մարդ. ամեն մարդ այսպես է ասում:
13. Լո՛ւր, Տէր, աղօթից իմոց. ո՛ւնկնդիր խնդրուածոց իմոց, արտասուաց իմոց մի՛ լռեր:
Տե՛ր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս և արտասուքս լռության մի՛ մատնիր:
Լսի՛ր, երբ արցունքներով եմ թրջում անկողինս: Լռության մի՛ մատնիր, այլ մխիթարի՛ր ինձ:
14. Պանդուխտ եմ ես առաջի քո, նժդեհ և անցաւոր՝ որպէս ամենայն հարք իմ:
Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական և անցորդ, ինչպես իմ բոլոր նախնիները:
Ինչպես որ ասացին իմ հայրերը՝ Աբրահամն ու Հակոբը: Քո առաջ, ում համար հազար տարին մի գիշերվա պես է, ի՞նչ չափով կարող ենք չափել քո առաջ մեր օրերը, որոնք լի են սխալներով և մեղքերով:
15. Թոյլ արա ինձ զի հանգեայց. մինչչեւ երթեալ իցեմ, ուստի ո՛չ ևս գտանիցիմ:
Թո՛ւյլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչև իմ գնալն այնտեղ, ուր այլևս չեմ լինի:
Հանգստանալ հալածանքներից և խղճմտանքից: Մինչև իմ գնալն այնտեղ. սկզբնական վիճակին, որից ստեղծվեցի, այսինքն՝ հողին, որովհետև այլևս չեմ կարող արդարացում գտնել, եթե այստեղ ինձ ապաշխարության ժամանակ չտաս, ապա խղճմտանքով կմեռնեմ: Այլ թույլ տուր ինձ հանգստանալ խորհուրդներից, թե՝ թողություն ես տվել ինձ և ապա նոր կննջեմ հույսով: Կամ տեղյակ պահիր ինձ քո հայտնության ժամանակի և դժոխք գալու մասին, որպեսզի այդ հույսով հանգստանամ, եթե ոչ քեզնով, ապա ուրիշ որևէ մեկի միջոցով չեմ կարող փրկություն գտնել այդ կորստից:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը