23 Նոյեմբեր, Շբ
Այսուհետև Մալալեթի մասին, իմաստություն Դավթի:
Սիմաքսը Մալալեթը գյուղ է թարգմանում, իսկ Թեոդիտոսը՝ գավառ, Ակյուղասը՝ վայր, որտեղ կործանվեց ասորեստանցիների զորքը: Այս սաղմոսը զորավոր է, ինչպես որ 30-րդ սաղմոսի մասին ասացինք:
1. Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ՛ գոյ Աստուած. ապականեցան և և պղծեցան յանօրէնութենէ իւրեանց. և ո՛չ ոք է, որ առնէ զքաղցրութիւն:
Անզգամն ասաց իր սրտում, թե՝ «Աստված չկա»: Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի:
Սենեքերիմն ու Աքիտոբելն այսպես են թարգմանել. «Աստված արդար դատաստան չի տեսնում», և դա նույնն է, թե իբր Աստված չկա, որովհետև Աստված բարի ստեղծող է և խնամակալ դատավոր, իսկ նրանք, ովքեր այդպես են ասում, ապա անխնա չարիք են գործում: Մալալեթը գունդ է կոչվում կամ ցնծություն, քանզի ասորեստանյան գնդի կործանումը ցնծություն էր Եզեկիայի համար: Նաև հրեաների գունդը՝ Տիրոջ վրա գալով, ցնծացին, երբ գտան նրան և բռնեցին, անզգամներ, ովքեր ուրացան նրա աստվածությունը: Եվ ապա Տիտոսի կողից պղծվեց տաճարը, իսկ նրանք էլ [պիղծ եղան]՝ տաճարի համար:
2. Աստուած յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան, տեսանել, թէ իցէ ոք իմաստուն, որ խնդրիցէ զԱստուած:
Աստված երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թե կա մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում:
Քանզի այստեղ հանգիստ չկար նրա համար, երկինք ելավ, որ թերևս փնտրեն նրան կարոտյալները, սակայն նույնիսկ մեկ հոգի չկար:
3. Ամենեքեան խոտորեցան ի միասին, և անպիտանացան:
4. Ոչ ոք է, որ առնէ զբարի, և չէ՛ ոք մինչև ի մի:
Բոլորը միասին խոտորվեցին և անպետք դարձան:
Բարություն անող չկա, չկա նույնիսկ մեկ հոգի:
Բարություն անող չկա և չկա մեկը, որ մեղմացնի նրա բարկությունը, որ դեպի մեզ խոնարհվի և գա մեզ մոտ: Ինչպես որ Սենեքերիմի զորքերից և ոչ մեկը չմեղմեց նրա [զայրույթը], ինչի պատճառով էլ կործանվեցին: Այլ անձամբ իր բարությունից եկավ Տերը և մարդ դարձավ ողորմությամբ, սակայն հրեաները նույն չարը մնացին:
5. Որպէս ո՛չ ծանիցեն ամենեքեան, որ գործեն զանօրէնութիւն:
6. Ոյք ուտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր հացի. և առ Աստուած ո՛չ կարդացին:
Ինչպե՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրինություն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին՝ իբրև կերակրահաց և չեն դիմում Աստծուն:
Հրեա քահանաները:
7. Անդ երկիցեն երկիւղ՝ ուր ո՛չ իցէ երկիւղ, զի Աստուած ցրուեսցէ զոսկերս մարդահաճոյից:
Այնտեղ, ուր երկյուղ չկա, երկյուղից սարսում են նրանք, քանզի Աստված ցրելու է մարդահաճների ոսկորները:
Ասորեստանցիները՝ Երուսաղեմից, որ ոչ մի առիթ չունեին, և հրեաներն էլ խաչելությունից հետո անհոգության մեջ ընկան: Քանզի Աստված ցրելու է մարդահաճոների ոսկորները. Ռափսակը գովում էր իր թագավորին, իսկ հրեաները՝ կայսրին:
8. Ամաչեսցեն և յամօթ լիցին, զի Աստուած անարգեաց զնոսա:
Նրանք պիտի խայտառակվեն ու ամոթահար լինեն, քանզի Աստված անարգեց նրանց:
Փրկչից հետո, քանզի Աստված անարգեց նրանց, բոլոր ազգերից անարգ եղան հրեաները:
9. Ո՞ տացէ ի Սիովնէ զփրկութիւն Իսրայէլի, ի դարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ, ցնծասցէ Յակովբ, և ուրախ եղիցի Իսրայէլ:
Ո՞վ կտա Սիոնից Իսրայելի փրկությունը: Երբ Տերն իր ժողովրդին՝ վերադարձնի գերությունից, Հակոբը կցնծա և Իսրայելն ուրախ կլինի:
Ո՞վ կտա՝ վերին Սիոնից Տերը [կտա], Փրկիչը նոր Իսրայելի՝ վերադարձնելով սատանայի կողմից՝ գերվածներին: Հակոբը կցնծա, այսինքն՝ նահապետները և Իսրայելն ուրախ կլինի, նոր Իսրայելը, այսինքն՝ ովքեր նրանց միջից հավատացին, ինչպես որ ասորեստանցիների կործանման պատճառով գերիները վերադարձան: Հակոբ ասելով նկատի ունի երկու ցեղին և տասը ազգի մնոցորդները, որ Իսրայել է կոչում՝ ուրախ կլինեն:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը