26 Դեկտեմբեր, Եշ
Այսուհետև՝ մի՛ ապականիր. արձանագիր սաղմոս Դավթի: Այս սաղմոսը նախորդի պես նույն էությունն ունի և նույն միտքն է արտահայտում. Դավթի մասին է, գերու, Տիրոջ և հրեաների:
1. Թէ արդարև զարդարութիւն խօսէիք. և ուղիղս դատէիք որդիք մարդկան:
Եթե դուք արդարությամբ խոսեիք, ուղիղ կլինեին ձեր դատաստանները, մարդկանց որդիներ:
Ուրիշ պատճառներ չի նշում, այլ, ասում է, եթե իրապես արդարություն սիրեիք, ուղիղ դատեիք, ոչնչի պակաս չէր լինի:
2. Քանզի և արդ իսկ ի սրտի ձերում զանօրէնութիւն գործէիք յերկրի. անիրաւութիւն ձեռք ձեր նիւթեն:
Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրինություն եք գործում երկրի երեսին, և ձեր ձեռքերն անիրավություն են նյութում:
Պատրաստվում եք ձեր սրտի խորհուրդներով Տիրոջ օրենքներից դուրս գործել և նույնն եք նյութում գործել նաև ձեռքով՝ տարբեր հնարներ և միջոցներ գտնելով, կարծես բրդից թել մանելով: Նորից՝ ձեր ձեռքերն անիրավություն են նյութում, այլ ոչ թե բարիքներ:
3. Օտար եղեն մեղաւորք ի մօրէ. խաբեցան յարգանդէ, և խօսեցան սուտ:
Մեղավորներն իրենց ծննդյան օրից իսկ խոտորվեցին, արգանդից մոլորվեցին և սուտ խոսեցին:
Նախքան ծնվելն Աստված գիտե, ինչպես Երեմիային գիտեր լավ, ինչպես Եսավին ու Հակոբին, որ արգանդից օտարացան միմյանց, և հրեշտակներին և սատանային, որ ի սկզբանե զատվեցին արարչական կամքից, նախ դևերն իրենք իրենց խաբեցին և այնուհետև անկումից հետո օձի կերպարանքով խոսեցին Եվայի հետ: Նաև հերետիկոսները եկեղեցուց օտարացան, և սուտ խոսեցին նրանց է ասում, ովքեր չհրաժարվեցին սատանայից:
4. Սրտմտութիւն նոցա ըստ նմանութեան օձի, որպէս իժի և քարբի, զի խցեալ է զականջս իւր:
Նրանց կատաղությունը նման է օձի՝ իժի և քարբի, որ խցել է իր ականջները:
Անբան կատաղությունը առիթ հանդիսացավ սատանայի համար, Սավուղի, հրեաների ու հերետիկոսների համար, ինչպես որ առաջին օձը, որ ցասումով լցվեց Եվայի փառքի հանդեպ, այդ պատճառով էլ մաս-մաս է ասում՝ հատուկ նշելու համար, որ ինչպես իժի էգը, այդպես էլ քարբի արուն պարանոցի ներքևի մասում թևեր ունեն, որով հանկարծակի թռչում են և անբուժելի վերքեր պատճառում և դյութիչի ձայնը լսելով՝ կատաղում են և պոչով փակում ականջները:
5. Զի մի՛ լուիցէ նա զձայն թովչի ճարտարի. և մի՛ առցէ դեղ ի դեղատուէ իմաստնոյ:
Որպեսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի և դեղ չառնի իմաստուն դեղատուից:
Օձահմային ճարտար և իմաստուն է ասում ըստ իրենց արվեստի և կոչման, այլ ոչ թե ճշմարտությամբ է իմաստուն օձահման: Իսկ ճարտար և իմաստուն թովիչները մարգարեներն են, առաքյալները և Տերը, որոնց նենգավորները չեն լսում:
6. Աստուած փշրեսցէ զատամունս նոցա ի բերանս իւրեանց. և զժանիս առիւծոյ խորտակեաց զՏէր:
Աստված պիտի փշրի նրանց ատամներն իրենց բերանում, Տերը կոտրատեց ժանիքներն առյուծների:
Մարգարեանում է, թե Տերն արդարին չի թողնի նրանց բերանում մնան, և դևերի ատամները հեթանոսների չար թագավորներն են: Իրենց բերանում. այսինքն՝ իրենց բերանի խոսքով: Առյուծների ժանիքները դևերի սպասավորներն են, նրանք էին առյուծները, որոնց Տերը կործանեց, իսկ հրեաներին՝ հռոմեացիների միջոցով:
7. Անարգ եղիցին նոքա որպէս ջուր՝ զի հեղու, ի լարել աղեղան նորա՝ տկարասցին որպէս մոմ, զի հալի, և սպառեսցին:
Թող նրանք թափվող ջրի պես անպիտան լինեն: Երբ նրանք իրենց աղեղները լարեն, թող հալվեն մոմի նման և սպառվեն:
Ջուրը խառնվելով տիղմի հետ երկիր է հոսում, նրանք էլ չարիքներով՝ դժոխք են իջնում, ինչպես որ անիծվեց Ռուբենը և վախճանվեցին Դադանն ու Աբիրոնը:Երբ աղեղները լարեն՝ կարծելով, թե արդեն հաջողության են հասել, ինչպես որ սատանան սրեց և լարեց, թող հալվեն մոմի նման և սպառվեն, ինչպես Տերը եկավ [երկրի վրա] կրակ գցելու (տե՛ս Ղուկ. 12:49), նաև գեհենում:
8. Անկաւ հուր և ո՛չ տեսին զարև, մինչ չև ի միտ առեալ էր զփուշս իւրեանց. որպէս դժնիկ բարկութեամբ՝ կենդանւոյն կիզցէ զնոսա:
Հուր թափվեց, և նրանք արև չտեսան: Դեռ իրենց փշերը չզգացած՝ Աստված նրանց դժնիկի պես ողջ-ողջ պիտի այրի բարկությամբ:
Հուր թափվեց և սատանան փայլակի պես [ընկավ] և այլևս չտեսավ արևի ճառագայթը, նրա հետ ընկան նաև նրանք, ովքեր լսեցին նրան և մարեց նրանց փառքը: Դեռ մեղքերի փշերը չզգացած, երբ սերմանեն մարդկանց շուրջբոլորը, ապա Աստծու բարկությունը կվառի ինչպես դժնիկի կրակն է և կայրի Սոդոմի պես, ինչպես այն Աբիմելիքի համար ասաց Գեդեոնի որդի Հովնաթանը, որ յոթանասուն եղբայրներին սպանեց Աբիմելիքը: Նորից յուրաքանչյուր մեղք, որ մահացու խայթոց է, այն ունեցողների համար որպես փուշ է, իսկ սատանայի, Հուդայի, հրեաների և հերետիկոսների համար դժնիկ է (խոշոր փշերով հեշտ վառվող թուփ), քանի դեռ չեն մտածել, թե մերը առավել դժնիկ է քան մնացածինը: Նաև քանի դեռ չարիքը մարդու սրտի մեջ չի հաստատվել, Աստծո բարկությունն այրում է այն՝ կենդանի պահելով անմար հուրը, ըստ Պողոսի. «թեև ինքը պիտի փրկվի, բայց նման մեկի, որ կարծես կրակի միջով անցած լինի» (Ա Կորնթ. 3:15):
9. Ուրախ եղիցի արդարն՝ յորժամ տեսցէ զհատուցումն. և զձեռս իւր լուասցէ յարեան մեղաւորի:
Արդարը պիտի ուրախանա՝ տեսնելով հատուցումը, և ձեռքերն իր պիտի լվա մեղավորի արյան մեջ:
Արդարները պիտի ուրախանան, երբ տեսնեն սատանային գեհենում, և Դավիթն էլ, թեև չուրախացավ Սավուղի մահվամբ, այլ նրա համար ուրախացավ, որ մաքուր մնաց իր ձեռքը մեղավորի արյունից:
10. Եւ ասասցէ մարդ, թէ արդարև գուցէ պտուղ արդարոյ, և է Աստուած, որ դատի զնոսա յերկրէ:
Ու մարդ պիտի ասի, թե իսկապես արդարի համար վարձատրություն կա, և կա Աստված, որ երկրի վրա դատում է նրանց:
Հիացումով, համոզմամբ և խոստովանությամբ ասելով, թե կա ճշմարիտ հատուցում, և Աստված է բոլորի դատավորը և նրանց հատուցման պտուղն է այն արդարությունը: Եվ նորից՝ արդարև Աստված իրավունք և արդարություն հաստատող է, իրենց ենթադրածից առավել, և լինում է, որ երկրի վրա է հատուցում, լինում է նաև, որ հավաքում է՝ մի այլ ժամանակի համար:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը