23 Նոյեմբեր, Շբ
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ ստրկանում եմ կրքերին:
- Կրքերին հպատակվելով՝ մարդն իրավունքներ է տալիս սատանային իր նկատմամբ: Քո բոլոր կրքերը հավաքիր ու սատանայի մռութին հասցրու դրանցով: Աստված դա է կամենում, և դա քո սեփական շահերից է բխում: Այսինքն՝ զայրույթը, համառությունը և նման կրքերը թշնամու դեմ ուղղիր: Կամ, ավելի լավ է ասել, կրքերդ սատանային վաճառիր, իսկ ստացած գումարով գլաքարեր գնիր ու սատանայի վրա նետիր, որպեսզի քեզ նույնիսկ չմոտենա: Սովորաբար մենք՝ մարդիկս, մեր անուշադրությամբ կամ հպարտ մտքերով ինքներս ենք թույլ տալիս, որ թշնամին վնասի մեզ: Բանսարկուն կարող է միայն մեկ մտքից կամ բառից էլ օգտվել: Հիշում եմ, մի շատ համերաշխ ընտանիք կար: Մի անգամ, ամուսինը կատակով ասաց կնոջը. «Այ կվերցնեմ ու կբաժանվեմ քեզանից», իսկ կինը նույնպես կատակով պատասխանեց. «Այդ ես կբաժանվեմ քեզանից»: Հենց այնպես ասացին, առանց հետին մտքի, բայց սատանան օգտվեց դրանից: Նա մի թեթև դժվարություն առաջացրեց նրանց համար, և նրանք արդեն լրջորեն պատրաստ էին ամուսնալուծվել՝ առանց երեխաների կամ մեկ այլ բանի մասին մտածելու: Բարեբախտաբար մի հոգևորական գտնվեց, որ խոսեց նրանց հետ: «Ի՞նչ է,- ասաց նա,- այդ հիմարության պատճառով բաժանվելո՞ւ եք»:
Եթե մարդ շեղվում է Աստծու պատվիրաններից, կրքերը հաղթում են նրան: Եվ եթե մարդ կրքերին թույլ է տալիս հաղթել իրեն, հետագայում սատանայի կարիքն էլ չկա դրա համար: Քանի որ դևերն էլ «մասնագիտացում» ունեն: Նրանք թխկթխկացնում են մարդուն, փնտրում, թե ինչն է «ցավում», ձգտում են երևան հանել նրա թուլությունն ու այդ կերպ հաղթել նրան: Պետք է ուշադիր լինել, փակել դռներն ու պատուհանները, այսինքն՝ մեր զգացմունքները: Պետք չէ բանսարկուի համար բաց ճեղքեր թողնել, որպեսզի ներս չսողոսկի դրանց միջով: Մեր թույլ տեղերն են այդ ճեղքերի մեջ: Եթե նույնիսկ մի փոքր ճաք թողնենք թշնամու համար, ապա նա կարող է ներս խցկվել ու վնասել մեզ: Սատանան այն մարդու մեջ է մտնում, որի սիրտն աղտոտված է: Աստծու սրբակենցաղ արարածին սատանան չի մոտենում: Եթե մարդու սիրտը մաքրվում է աղտոտությունից, ապա թշնամին հեռու է փախչում, և կրկին Քրիստոսն է վերադառնում այնտեղ: Ինչպես խոզը, ցեխ չգտնելով, խռնչում է ու հեռանում, այդպես էլ սատանան չի մոտենում աղտոտությունից զերծ սրտին: Եվ իսկապես, ի՞նչ պիտի փնտրի մաքուր ու խոնարհ սրտում: Այսպիսով, եթե տեսնենք, որ մեր տունը, այսինքն՝ սիրտը, դարձել է թշնամու կացարանը՝ հավի տոտիկների վրա կանգնած խրճիթը, ապա անհապաղ պետք է քանդենք այն, որպեսզի մեր տան չար կենվորը՝ սատանան, հեռանա: Քանի որ եթե մեղքը երկար ժամանակ է բնակվում մարդու մեջ, ապա, բնականաբար, սատանան մեծ իրավունքներ է ստանում այդ մարդու նկատմամբ:
- Հա՛յր, իսկ եթե մարդը նախկինում սխալ է ապրել՝ դրանով իսկ չարին իրավունքներ տալով իր նկատմամբ, բայց այժմ ցանկանում է ուղղվել, ավելի ուշադիր լինել, սատանան կհաղթի՞ նրան:
- Երբ մարդը դեպի Աստված է դառնում, ապա ուժ, լույս ու մխիթարություն է ստանում Նրանից, որ անհրաժեշտ է ճանապարհի սկզբում: Բայց հենց որ մարդը հոգևոր պայքար է սկսում, թշնամին էլ նրա դեմ է դաժան պատերազմ սկսում: Ահա այդ ժամանակ մի փոքր տոկունություն է անհրաժեշտ: Հակառակ պարագայում կրքերն ինչպե՞ս պետք է արմատախիլ արվեն: Ինչպե՞ս պետք է տեղի ունենա հին մարդու վերափոխումը: Ինչպե՞ս հեռանա հպարտությունը: Իսկ այդկերպ մարդը հասկանում է, որ ինքնուրույն, սեփական ուժերով ոչինչ անել չի կարող: Նա խոնարհաբար Աստծու ողորմածությունն է խնդրում և խոնարհություն է ստանում: Նույնն է տեղի ունենում, երբ մարդ ուզում է վատ սովորությունից ձերբազատվել, օրինակ՝ ծխելու, թմրանյութեր գործածելու, ալկոհոլամոլության սովորություններից: Սկզբում նա ուրախություն է զգում և թողնում է այդ սովորությունը: Հետո տեսնում է, որ ուրիշները ծխում են, խմում, թմրանյութեր օգտագործում և ուժեղ հարձակման է ենթարկվում: Եթե մարդ հաղթահարի այդ հարձակումն, ապա հետո դժվար չի լինի հրաժարվել այդ կրքից, թիկունք դարձնել դրան: Պետք է մի քիչ ճգնել, պայքարել: Սատանան իր գործն է անում, իսկ մենք ինչո՞ւ մերը չենք անում:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը