Սատանան չի ուզում ապաշխարել

Բարեխնամ Աստված արարեց հրեշտակներին: Սակայն, հպարտությունից մղված, նրանցից ոմանք ընկան ու դևեր դարձան: Աստված կատարյալ արարածին՝ մարդուն, ստեղծեց, որպեսզի փոխարինի ընկած հրեշտակներին: Այդ պատճառով էլ սատանան շատ է նախանձում մարդուն՝ Աստծո արարածին: Դևերը գոռգոռում են. «Մենք մի սխալ գործեցինք և Դու տանջում ես մեզ, իսկ մարդկանց ներում ես, երբ այդքան հանցանքներ ունեն իրենց հաշվին»: Այո, ներում է, բայց մարդիկ էլ ապաշխարում են, իսկ նախկին հրեշտակներն այնքան ցած են ընկել, որ դևեր են դարձել ու ապաշխարելու փոխարեն ավելի խորամանկ ու չար են դառնում: Նրանք մոլեգնորեն նետվեցին Աստծո արարածներին կործանելու: Արուսյակն ամենալուսավոր հրեշտակն էր: Իսկ ինչի՞ հասավ… Հազարամյակներ առաջ դևերն Աստծուց հեռացան հպարտության պատճառով, և հպարտության պատճառով էլ շարունակում են հեռանալ Նրանից ու չեն ապաշխարում: Եթե նրանք միայն «Տեր, ողորմյա» ասեին, ապա Աստված մի բան կմտածեր (նրանց փրկության համար): Եթե միայն «մեղա» ասեին, բայց չեն ասում: Սատանան կրկին հրեշտակ կդառնար՝ «Մեղա Աստծո» ասելով: Աստծո սերն անսահման է: Սակայն սատանան համառ է ու եսասեր: Նա չի ցանկանում զիջել, չի ուզում փրկվել: Դա սարսափելի է, քանի որ անցյալում հրեշտակ էր:

- Հա՛յր, իսկ սատանան իր նախկին վիճակը հիշո՞ւմ է:

- Դեռ հարցնում է: Նա (ամբողջովին) կրակ ու կատաղություն է, որովհետև չի ուզում, որպեսզի մյուսները հրեշտակներ դառնան ու իր նախկին տեղը զբաղեցնեն: Եվ որքան գնում, այնքան ավելի վատն է դառնում: Նա զարգանում է նախանձի ու չարության մեջ: Օ՜, եթե մարդը զգար այն վիճակը, որում սատանան է գտնվում, ապա օր ու գիշեր լաց կլիներ: Նույնիսկ, եթե մի բարի մարդ է դեպի վատը փոխվում, հանցագործ դառնում, ապա շատ ես ափսոսում: Էլ ի՜նչ ասես, եթե հրեշտակի անկումն ես տեսնում:

Մի անգամ, մի վանական* մեծ ցավ զգաց դևերի համար: Նա ծնկեց ու գետնիվայր ընկած՝ աղոթեց հետևյալ խոսքերով. «Դո՛ւ ես Աստված ու եթե միայն կամենաս՝ կարող ես միջոց գտնել այդ դժբախտ դևերին փրկելու համար, որոնք այնքան մեծ փառքի մեջ էին, իսկ այժմ տիրապետում են աշխարհի ողջ չարությանն ու նենգությանը, և եթե Քո պաշտպանությունը չլիներ, ապա համայն մարդկությանը կկործանեին»: Վանականը սրտի ցավով էր աղոթում: Այս խոսքերն արտասանելով՝ նա մի շան մռութ տեսավ իր կողքին, որը նրան լեզու էր ցույց տալիս: Երևի Աստված թույլատրեց դա՝ կամենալով հասկացնել վանականին, որ Ինքը պատրաստ է դևերին ընդունել, միայն թե նրանք ապաշխարեն: Սակայն նրանք իրենք էլ իրենց փրկությունը չեն ուզում: Տեսեք. Ադամի անկումը Աստծո երկիր գալով, մարդանալով բժշկվեց: Սակայն սատանայի անկումն իր սեփական խոնարհությունից բացի, ոչնչով չի կարող բժշկվել: Սատանան չի ուղղվում, որովհետև ի՛նքը դա չի ցանկանում: Գիտե՞ք, թե Քրիստոս որքա՜ն ուրախ կլիներ, եթե սատանան ցանկանար ուղղվել: Եվ մարդն էլ միայն այն դեպքում չի ուղղվում, եթե ինքը դա չի ուզում:

- Հա՛յր, նշանակում է սատանան գիտի, որ Աստված Սեր է, գիտի, որ սիրում է իրեն և միևնույն է շարունակում է իրե՞նն անել:

- Այն էլ ինչպե՜ս գիտի: Բայց մի՞թե նրա հպարտությունն իրեն թույլ կտա խոնարհվել: Իսկ դրանից բացի, նա նաև խորամանկ է: Այժմ նա փորձում է ողջ աշխարհը ձեռք գցել: «Եթե ես շատ հետևորդներ ունենամ,- ասում է նա,- ապա, վերջիվերջո, Աստված ստիպված կլինի խնայել Իր արարածներին և ես էլ կներառվեմ այդ ցուցակում»: Նա այդպես է կարծում: Այդ պատճառով էլ ուզում է որքան հնարավոր է շատ մարդ իր կողմը գրավել: Տեսնո՞ւմ եք, թե որ կողմ է տանում: «Այդքան մարդ կա իմ կողմում,- ասում է,- Աստված ստիպված կլինի իմ հանդեպ էլ ողորմած լինել»: Նա ուզում է առանց ապաշխարելու փրկվել: Իսկ մի՞թե Հուդան էլ նույնը չարեց: Նա գիտեր, որ Քրիստոս մեռելներին ազատելու է դժոխքից: «Մինչև Քրիստոսի դժոխք գալը ես կգնամ,- ասաց Հուդան,- որպեսզի ինձ էլ ազատագրի»: Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի խորամանկություն է: Քրիստոսից ներողություն խնդրելու փոխարեն՝ վիզն օղակի մեջ անցկացրեց: Եվ տեսեք, Աստծո բարեսրտությունը ճկեց թզենուն, որից նա կախվել էր, սակայն Հուդան (չցանկանալով ողջ մնալ), ոտքերը ծալեց, որպեսզի գետնին չդիպչեն: Եվ այս ամենը միայն նրա համար, որպեսզի մեն-միակ «ներողություն»-ը չասի: Ի՜նչ սարսափելի է: Այդպես էլ, եսասիրության գլուխ կանգնած սատանան «մեղա» չի ասում, բայց անվերջ աշխատում է, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ իր կողմը քաշի:

 

* Ինչպես հետագայում պարզվեց, այդ վանականը հենց Հայր Պաիսիոսն էր:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

09.02.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․