3 Դեկտեմբեր, Գշ
- Հա՛յր, ինչո՞ւ են սատանային երբեմն «աշխարհակալ» անվանում: Ինչ է, նա՞ է իսկապես կառավարում աշխարհը:
- Ա՛յդ էր պակաս, որպեսզի սատանան կառավարեր աշխարհը: Երբ Քրիստոս «այս աշխարհի իշխան» (Հովհ. 16:11) ասաց սատանայի մասին, ի նկատի չուներ, որ նա աշխարհակալ է, այլ այն, որ ունայնությամբ և ստով է կառավարում: Մի՞թե կարելի է: Մի՞թե Աստված թույլ կտար, որպեսզի սատանան աշխարհի կառավարմանը հասներ: Սակայն նրանք, ում սրտերը ունայն ու աշխարհիկ բաներին են պատկանում, ապրում են «այս աշխարհի տիրակալի» (Եփես. 6:12) իշխանության ներքո: Այսինքն սատանան կառավարում է ունայնությունն ու նրանց, ովքեր ունայնության, աշխարհի ստրուկներն են: Որովհետև ի՞նչ է նշանակում «աշխարհ» բառը: Զարդեր, փուչ զիզի-բիզի բաներ, այնպես չէ՞*: Այսպիսով, նա, ով ունայնության ստրուկն է, գտնվում է սատանայի իշխանության տակ: Սին աշխարհի կողմից գերևարված սիրտը հոգուն թույլ չի տալիս զարգանալ, իսկ միտքը խավարի մեջ է պահում: Եվ այդժամ մարդը միայն թվում է, թե մարդ է, բայց իրականում հոգևոր առումով տհաս է:
Կարծում եմ, որ մեր հոգու մեծագույն թշնամին, սատանայից էլ մեծ, դա աշխարհի ոգին է: Նա քաղցրորեն հրապուրում է մեզ ու հավիտյանս դառնության մեջ թողում: Իսկ եթե մենք հենց իրեն՝ սատանային, տեսնեինք, ապա կսարսափեինք, ստիպված կլինեինք Աստծուն ապավինել ու անկասկած դրախտ կգնայինք: Մեր ժամանակներում շատ աշխարհիկ բաներ, շատ աշխարհի ոգի աշխարհ մտավ: Այդ «աշխարհիկը» կկործանի աշխարհը: Այս աշխարհն իր մեջ ընդունելով (ներսում «աշխարհիկ» դառնալով), մարդիկ Քրիստոսին դուրս հանեցին իրենց միջից:
- Հա՛յր, ինչո՞ւ չենք հասկանում, թե որքան չարիք է աշխարհի ոգին բերում և հրապուրվում ենք դրանով:
- Որովհետև աշխարհի ոգին կամաց-կամաց է մտնում մեր կյանքերից ներս: Ինչպես ոզնին է նապաստակի տնակը մտնում. Նա նապաստակից թույլտվություն խնդրեց, որպեսզի գլուխը տուն մտցնի, որպեսզի չթրջվի անձրևի տակ: Այնուհետև մի թաթը ներս մտցրեց, հետո՝ մյուսը և վերջապես ինքն ամբողջությամբ ներս խցկվեց և իր փշերով նապաստակին դուրս հանեց իր կացարանից: Այդպես էլ աշխարհիկ մտածելակերպն է մեզ փոքր զիջումներով խաբում և կամաց-կամաց տիրում է մեզ: Չարն աննկատելիորեն է առաջ գնում: Եթե այն կտրուկ ցատկերով առաջ գնար, ապա մենք չէինք խաբվի: Երբ (չարաճճիները) գորտին խաշում են, ապա եռման ջուրը կաթիլ-կաթիլ են լցնում նրա վրա: Եթե եռման ջուրը միանգամից լցնես գորտի վրա, ապա նա հեռու կցատկի վտանգից: Իսկ եթե մի փոքր լցնես նրա վրա, ապա սկզբում կթոթափի իր վրայից, այնուհետև կհանգստանա: Եթե շարունակես քիչ-քիչ լցնել, ապա, առանց նկատելու, թե ինչպես, աստիճանաբար կխաշվի: «Այ կռկռան, հեռու ցատկիր, եթե վրադ եռման ջուր են լցնում»: Ոչ, չի փախչում: Ուռչում է, ուռչում, իսկ հետո խաշվում է: Այդպես էլ սատանան է վարվում՝ «եռման ջուրը» կաթիլ-կաթիլ է մեզ վրա լցնում, իսկ արդյունքում, չնկատելով էլ, թե ինչպես, «խաշվում» ենք**:
* "κόσμος" բառի իմաստը հին հունարենում. 1. Զարդ, զգեստ, 2. Կարգ, կանոն, 3. Աշխարհ, տիեզերք, 4. Երկրային ու աշխարհիկ ամեն բան: Տես Ա.Դ. Վեյսման, Հունարեն-ռուսերեն բառարան:
** Ծերն այս օրինակը բերում է, որպեսզի ցույց տա, թե ինչ հեշտությամբ ենք ընդունում չարը կամ մեղքը, եթե դրանք դանդաղորեն, քայլ առ քայլ են մեր կյանք մտնում: Եթե չարը կամ մեղքը կտրուկ ներխուժեին մեր կյանք, ապա մենք կհակազդեինք, իսկ չարին աստիճանաբար զիջելով՝ սովորում ենք դրան և արդյունքում դրա գերին դառնում:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի