23 Դեկտեմբեր, Բշ
Ամեն տարի Խաչի 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը, որն այս տարի հոկտեմբերի 13-ին էր, բազում հավատացյալներ ուխտի են մեկնում Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այդ օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի 72 աշակերտներից Սուրբ Անանիայի հիշատակությունը: Իսկ թե ինչո՞ւ է այս օրն ուխտավորն իր քայլերն ուղղում հենց այս եկեղեցի, պարզ է դառնում, երբ ծանոթանում ենք եկեղեցու պատմությանը. եկեղեցուն կից մատուռ-դամբարանում է ամփոփված Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները: Իսկ եկեղեցու «Զորավոր» անվանումը կապված է թե՛ սրբի մասունքների և թե՛ հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանի (13-րդ դար) հետ, որ ժամանակին այս եկեղեցում է պահվել:
Սուրբ Անանիայի հիշատակության օրն ուխտավորները սրբի օրհնաբեր մասունքներին հաղորդակցվում են ոչ միայն մատուռ-դամբարանում, այլ նրա աջաձև մասունքարանից (17 դար), որ արդեն երրորդ տարին է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատնից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվում:
Ուխտավորները նախ մասնակցեցին առավոտյան ժամերգությանը, որից հետո թափորը հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, Սուրբ Աջը բերելու հատուկ արարողակարգով, Քրիստոսի 72 աշակերտներին նվիրված «Իմաստութիւն երկնային» շարականի երգեցողությամբ, սրբազան մասունքով իր խոնարհումը բերեց Սուրբ Անանիայի մասունքներին մատուռ-դամբարանում:
Ապա արարողակարգը շարունակվեց եկեղեցում, ներկաներն ունկնդիր եղան Ավետարանական այն ընթերցումներին, որ վերաբերում էր Սբ. Անանիային և 12 առաքյալներին: Արարողակարգին հնչեց սրբին ուղղված բարեխոսական աղոթք, որը նաև գոհաբանություն էր Աստծուն՝ Հայոց աշխարհին սրբի մասունքները պարգևելու համար.
«Արդ աղաչում ենք Քեզ, ով Տեր մեր և փրկիչ՝ Հիսուս Քրիստոս՝ Սուրբ Անանիա առաքյալի բարեխոսությունը հայցելով, բացիր մեր հոգու աչքերը, ինչպես Սուրբ Պողոս առաքյալի աչքերը բացեցիր, որպեսզի Քեզ ճանաչենք և Քո ողորմությամբ, այս կյանքի ալեկոծության մեջ մնանք անսասան՝ մշտապես օրհնաբանելով Քեզ, քանզի Դու ես Լույսի Աղբյուրը և Քեզ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»:
Այնուհետև Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն էր, ով հոգևորաց դասի և հավատացյալների անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը՝ Սուրբ Անանիայի մասունքին հաղորդակից լինելու հնարավորության համար: Քարոզին Տեր հայրն անդրադարձավ Սուրբ Անանիայի վարքին և նրանից բխող այն կարևոր դասերին, որ բոլոր ժամանակների մարդկանց է վերաբերում: Իսկ սրբերի բարեխոսության հետ կապված Տեր Հայրը մասնավորապես ասաց. «Առանց սրբերի բարեխոսության դժվար է քրիստոնյայի ճանապարհը: Սրբերը դեպի Աստված տանող խաչի ճանապարհը հաղթանակած անցան: Մենք զորանում ենք թե՛ մեր և թե՛ նրանց աղոթքներով: Մենք զինվորյալ եկեղեցին ենք, նրանք՝ հաղթանակած, հավատի խոստովանությամբ մենք մեկ ենք դառնում: Սբ. Անանիայի բարեխոսությամբ թող բացվեն մեր հոգու աչքերը՝ աստվածապարգև մեր կյանքն արժևորելու համար»:
Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրը Սուրբ Անանիայի ամենազոր Աջով օրհնեց ներկաներին՝ պատգամելով. «Սուրբ Անանիայի զորավոր Աջը Վեհափառ Հայրապետի արտոնությամբ այստեղ է, որպեսզի հավատացյալ ժողովուրդը հաղորդակցվի այս
սրբությանը՝ ստանալով զորություն և սրբարար ներգործություն: Սբ. Անանիայի մասունքը խորհրդանշում է անսասան վկայությունը սիրո հավատքի: Սուրբը մեզ պատգամում է վարվել այնպես, ինչպես ինքը վարվեց՝ նահատակվեց հանուն հավատքի: Այսօր մեզանից չեն պահանջում նահատակություն, ինչպես ժամանակին չէին պահանջում այն անապատականներից, որ քաշվել էին ծերպերի մեջ և իրենց հոգու փրկության համար հաղորդակցվում էին Տիրոջ հետ: Դա ևս մի կերպ է հաղորդակցվելու Երկնայինի հետ: Մեր ժամանակներում հավատքի համար չեն խոշտանգում, չեն նահատակում, բայց պատկերը այլ է. հավատքի կրակը պետք է անշեջ պահել մեր մեջ՝ մեծ հայացքով նայելով մեր տարածաշրջանի համայնապատկերին, պահպանելու համար մեր խաղաղ երկինքը: Հետևաբար, նահատակության խնդիր չկա, բայց պայքարի խնդիր կա՝ պահել հավատքը, սերը և այդ հավատքով ամբողջացած ազգային միությունը: Լինենք արժանի ժառանգորդը Սուրբ Անանիայի և մեր հարաբերական կյանքում պահենք այս զորությունը ոչ միայն մեր հոգիների փրկության համար, այլ դրանից առավել ծառայելու ազգին, ընկերոջը, տկարին և կարիքավորին»:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մինչ երեկոյան ժամերգության ավարտը հավատացյալները հնարավորություն ունեցան, սրբի բարեխոսությունը խնդրելով, հաղորդակից լինել նրա օրհնաբեր Աջին:
Կարինե Սուգիկյան