22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աթանագինեն քրիստոնյա ծնողների զավակ էր, ապրում էր Սեբաստիայում՝ Դիոկղետիանոս կայսեր օրոք: Ամուսնացած էր, ուներ երկու զավակ: Պատմվում է, որ սարսափ սփռող մի վիշապի իր աղոթքով հաղթելով, Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից իբրև վարձատրություն ստանում է եպիսկոպոսական ձեռնադրություն և ծառայության անցնում Պիտակտո քաղաքում: Աթանագինե եպիսկոպոսը բարբարոսների ձեռքը ընկած գերիների ազատմանն է նվիրվում: Գործած հրաշքներով և կատարած քարոզություներով դարձի է բերում բազմաթիվ հեթանոսների: Ագրիկողայոս դատավորի օրոք, երբ Սեբաստիայում հալածանքը սաստկանում է, Աթանագինեն այցելում է բանտարկյալներին և քաջալերում նրանց: Իր համբավը հասնում է մինչև Դիոկղետիանոսին և Մաքսիմիանոսին: Ագրիկողայոսը կայսերական հրաման է ստանում սպանելու Աթանագինե եպիսկոպոսին: Վերջինիս աշակերտներից ոմանք իրենից առաջ արդեն ձերբակալվել և նահատակվել էին:
Աթանագինեն իր տասը աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և նահատակվում են:
Նախքան Տրդատի մոտ ծառայության անցնելը, Սբ. Գրիգոր Լուսավորիչը Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ էր ամուսնացած: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրություն ստանալուց հետո, երբ Հայաստան է վերադառնում, իր հետ բերում է Սբ. Հովհաննես Մկրտչի (Կարապետի) և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները: Աշտիշատում նա կործանում է Վահագնի, Անահիտի և Աստղիկ-Ափրոդիտեի մեհյանները, Իննակնյա կոչված վայրում ամփոփում այդ մասունքները և մի վկայարան կառուցում դրանց վրա՝ պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ՝ սրբերի հիշատակը տոնելու համար:
Աշտիշատից Վաղարշապատ ուղևորվելիս Լուսավորիչը կանգ է առնում Բագավանում, ուր իրեն դիմավորում է Տրդատը՝ իր արքունիքով: Սբ. Գրիգոր Լուսավորիչը այստեղ ևս ամփոփում է Հովհաննես Մկրտչի և Աթանագինեի մասունքների մնացյալ մասը և դրանց վրա վկայարան կառուցում ու սեղան հիմնում, Սբ. Պատարագ մատուցում և պատվիրում միաժամանակ, որ ամեն տարի Նավասարդի օրը, որ Բագավանում տոնվում էր Ամանորի չաստծո՝ Հյուրընկալ Վանատուրի տոնը, հետայդու տոնեն Սբ. Հովհաննես Մկրտչի և Սբ. Աթանագինեի հիշատակները: Այսպիսով Վանատուր Արամազդի Նավասարդյան տոնը փոխանակվեց Հովհաննես Մկրտչի և Աթանագինե վկայի նվիրված հոգևոր հանդիսություններով: Իսկ Նավասարդի կամ Ամանորի առիթով երկրի բերքերի երախայրիքը Արամազդի ընծայաբերելու սովորությունը ստացավ քրիստոնեական նվիրագործում հանուն Աստվածածնի:
Կազմեց Կարինե Սուգիկյանը