Աշխարհը հոգեբուժարանի է վերածվել: Փոքր երեխաները կեսգիշերին են պառկում քնելու, երբ հարկ է, որ մայրամուտից անմիջապես հետո պառկեին քնելու: Նրանք փակված են բազմահարկերում, բետոնի մեջ, նրանք ապրում են ըստ մեծահասակների կարգ ու կանոնի: Երեխաներն ի՞նչ անեն և մեծահասակներն ի՞նչ անեն: Երեխաները գալիս են ու ինձ ասում. «Ծնողները մեզ չեն հասկանում»: Գալիս են ծնողներն ու ասում. «Մեր երեխաները մեզ չեն հասկանում»: Ծնողների և երեխաների միջև անունդ է գոյացել, և ծնողները իրենց պետք է իրենց երեխաների տեղը դնեն, իսկ երեխաները՝ ծնողների, որպեսզի այդ անդունդն անհետանա: Եթե այժմ երեխաներն իրենց ծնողներին չեն տանջում, ապա, երբ իրենք մեծահասակ դառնան, իրենց սեփական երեխաներն էլ իրենց չեն տանջի: Եվ հակառակը՝ սեփական երեխաները կտանջեն նրանց, ովքեր այժմ չեն ենթարկվում իրենց ծնողներին և տանջում են նրանց, որովհետև հոգևոր օրենքները գործի կդրվեն:
- Հա՛յր, իսկ որոշ երեխաներ ասում են, որ ծնողական անսահման սերն է իրենց փչացրել:
- Նրանք իրավացի չեն: Երեխան ծնողական սիրուց չի փչանում, եթե նախանձախնդրություն ունի: Բայց եթե ծնողական սիրուց շահ է կորզում իր համար, ապա փչանում ու կործանվում է: Եթե երեխան ծնողական սիրուց փչանում է, ապա, ըստ էության, նա արդեն փչացած է: Հարկ է, որ նա շնորհակալություն հայտներ Աստծուն իր ծնողների, նրանց սիրո համար, իսկ դրա փոխարեն դժգոհ է, որ իրեն լավ են վերաբերվում: Քանի որ երեխաներ կան, որ ընդհանրապես ծնողներ չունեն: Եվ ի՞նչ կարող ես այստեղ ասել: Երբ երեխան իր ծնողներին չի ընդունում որպես իր բարերարներ և չի սիրում նրանց նույնիսկ այն դեպքում, որ իր ծնողներն Աստծո երկյուղն ունեն, ապա նա ինչպե՞ս կարող է սիրել և պաշտել Աստծուն՝ իր Մեծ Բարերարին և համայն մարդկության Հորը: Քանի որ բավականին բարդ է մանկական տարիքում գիտակցել Աստծո մեծ բարերարությունները:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի