30 Դեկտեմբեր, Բշ, Սուրբ Ծննդյան պահքի Ա օր

Սերը չի նախանձում...

«Թրթուրն այնպես չի ուտում ծառը, ցեցը՝ բուրդը,

ինչպես նախանձի հուրը խժռում է նախանձողի

ոսկորները և ապականում հոգին»

Սբ Հովհ. Ոսկեբերան

Արարիչ Աստված արաչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, ստեղծեց կատարյալ, անբիծ ու անթերի, բայց երբ բանսարկուի նախանձով մեղքն աշխարհ մտավ, մեղքի հետ նաև մահը, ըստ հետևյալ խոսքի. «Մահն աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 2:24), մարդը վտարվեց եդեմական պարտեզից՝ ժառանգելով փուշ ու տատասկ աճեցնող երկիրը: Բանսարկու սատանան, սակայն, չսահամանափակվեց այդքանով: Զրկելով մարդուն երանական կյանքից՝ սկսեց անդուլ պայքարը նրա դեմ: Գործվեց մարդկության պատմության առաջին ոճրագործությունը՝ եղբայրասպանությունը: Չարը նախանձով լցրեց Կայենի սիրտը իր եղբոր՝ Աբելի հանդեպ: Նա չկարողացավ նայել Աբելի՝ Աստծուն հաճելի պատարագներին և նախանձից մղված՝ սպանեց նրան (տե՛ս Ծննդ. 4:1-9): Հովսեփի եղբայրներն էլ, նախանձի՛ց դրդված, կամեցան սպանել նրան և վաճառեցին այլազգիներին... (տե՛ս Ծննդ. 37): Իսկ Սավուղը... Դավթին սպանելու հնար էր փնտրում, որովհետև նախանձում էր նրան այն պատճառով, որ ժողովրդի աչքին սիրված և պատվված էր տեսնում նրան (տե՛ս Ա Թագ. 18:6): Ի վերջո, հրեաներն էլ, նախանձից դրդված, խաչեցին աշխարհի Փրկչին (տե՛ս Մարկ. 15:10): Եվ այսպես շարունակ՝ մինչև մեր օրերը. բանսարկու սատանան նախանձի ախտն է բորբոքում աստվածապատկեր մարդու հոգում, հանապազ խոցում իր աներևույթ նետերով, որպեսզի եղբայրը սպանի եղբորը, հայրը՝ որդուն, ազգերը ոչնչացնեն միմյանց, և հրճվում է մարդկանց հոգիների կորստյամբ: Քրիստոսի փրկագործությամբ սատանան խայտառակ պարտություն կրեց, մահը կուլ գնաց հաղթությանը, ինչպես ասում է առաքյալը. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:55), մեղավոր մարդկությունն ազատագրվեց չարի իշխանությունից, մեղքի ծառայությունից՝ որդեգրվելով Աստծուն, ժառանգելով հավիտենական կյանքը: «Արդ, մեղքից ազատագրվածներդ ծառայեցեք արդարության»,- հորդորում է առաքյալը (Հռոմ. 6:18): Սակայն մեր Եկեղեցու վարդապետության համաձայն՝ չարն իր վերջնական պատիժն ստանալու է ահեղ դատաստանի ժամանակ, երբ համայն տիեզերքը կդատվի արդար Դատավորի՝ Քրիստոս Աստծու կողմից, իսկ սատանան շղթայակապ կնետվի կրակե լճի մեջ, որը բոլոր չապաշխարած մեղավորների վերջին հանգրվանն է (տե՛ս Հայտն.20:9-10): Բայց մինչ այդ չարը գործում է աշխարհում (իհարկե՝ այլևս սահմանափապ իշխանությամբ)՝ փորձելով հնարավորինս շատ մարդկանց, Աստծու շատ որդիների իր հետ կորստյան մատնել, սատանայի որդիներ դարձնել: Ս. Պետրոս առաքյալը զգուշացնում է. «...Ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետ. 5:8): Աստված մարդուն ազատ կամք է շնորհել, որով էլ նա ընտրում է կա՛մ բարին, կա՛մ՝ չարը: Քրիստոսը մեզ կանչում է Իր արքայությանն ու փառքին, կոչում մեզ լույսի և ցերեկվա որդիներ՝ պատվիրելով հեռու մնալ սատանայի և նրա արբանյակների խավարային գործերից, կորստաբեր մեղքերից: Բայց, ցավոք, մարդը մեղանչական է և հեշտությամբ է շեղվում աստվածադիր պատվիրաններից՝ դառնալով սատանայի կամակատարը:

Մեր Եկեղեցու սուրբ հայրերի դասակարգմամբ՝ նախանձը յոթ մահացու մեղեքերի շարքում երկրորդն է՝ հպարտությունից հետո: Նախանձից ծնվում են ատելությունը, ոխակալությունը, հիշաչարությունը, շատախոսությունը, թշնամությունը, արհամարհանքը և այլ մեղքեր, որոնք մարդուն հեռացնում են Աստծուց: Ցավոք, այս ախտը բնորոշ է գրեթե բոլորին, և դժվար գտնվի մեկը, ով կարող է վստահ ասել, որ զերծ է նախանձից...

Այն, որ աստվածգիտության լույսին անհաղորդ, մոլորության ու անգիտության մեջ խարխափող, փրկության ճանապարհը մերժող մարդը կարող է նախանձել իր նմանին և նախանձից դրդված՝ սոսկալի գործեր գործել, ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, չէ՞ որ այդպիսի մարդը երկյուղ չունի Տիրոջից, հետևաբար չի վախենում նաև պատժից, սակայն երբ նույնը նկատվում է իրեն քրիստոնյա համարող, աստվածային լույսով լուսավորված մարդու մոտ, ով քաջածանոթ է սուրբգրային ճշմարտություններին, Եկեղեցու հայրերի վարդապետությանն ու ուսմունքին, ով մշտապես ներկա է եկեղեցական արարողություններին, հատկապես Սուրբ Պատարագի սոսկալի խորհրդին, և ոչ միայն ներկա է, այլև հաղորդվում է Տիրոջ մարմնի և արյան սուրբ խորհրդին... մեղմ ասած՝ տխուր է, մտահոգիչ ու ցավալի: Եվ ցավն ավելի մեծ է լինում, իսկ վերքը՝ ավելի խոր, երբ հոգևոր կյանքով ապրող մարդն առանց պատճառի չի սիրում, անգամ ատում է իր նմանին՝ ամեն միջոց գործադրելով նրան վնասելու, վատաբանելու, պախարակելու ու չարախոսելու: Մի՞թե սա կեղծավորություն չէ, ո՞րն է չարության արմատը, եթե դիմացինն իրեն չարախոսելու առիթ չի տվել: Որտեղի՞ց այսքան չարություն և ատելություն, ինչո՞ւ ենք դատում մեզ նմանին, ինչո՞ւ մեր աչքի գերանը չենք տեսնում, այլ միայն՝ մեր եղբոր աչքի շյուղը, չէ՞ որ մենք էլ զերծ չենք մեղքերից և իրավունք չունենք, մեզ Աստծու տեղը դնելով, դատել մեր եղբորը, քանի որ՝ «Կա մե՛կ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել և կործանել...» (Հակ. 4:12): Մինչդեռ եթե մեզ քրիստոնյա ենք կոչում, պարտավոր ենք քրիստոնյային վայել ընթացք ունենալ. լինել «աշխարհի լույսը» և «երկրի աղը», ներել ու սիրել միմյանց, անգամ՝ մեր թշնամիներին, աղոթել նրանց համար... Ի՞նչ սիրո մասին կարող է խոսք լինել, երբ մենք չենք կարողանում սիրել անգամ մեր մերձավորներին՝ հարմար առիթը բաց չթողնելով նրանց նախանձելու ու բամբասելու: «Լսեցի՞ր որևէ խոսք՝ թող մեռնի այն քո սրտում»,- ասում է իմաստունը (Սիրաք 19:9): Եվ եթե անգամ բամբասվողը մեղավոր է, ապա դարձյալ իրավունք չունենք նրա մեղքն ի լուր աշխարհի հայտարարելու, այլ որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ պարտավոր ենք նեցուկ և օգնական լինել նրան, աղոթել նրա համար: Այդպիսի մեկն արժանի է մեր կարեկցանքին և գթությանն առավե՛լ, քան որևէ մեկը: Ս. Հակոբոս առաքյալն ասում է. «Ով մեղավորին իր մոլորության ճանապարհից ետ է բարում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի մի ամբողջ բազմություն» (Հակ. 5:20):

«Ուրիշների մասին վատ մի արտահայտվիր,- խրատում է սբ Հովհ. Ոսկեբերանը,- որպեսզի չպատվազրկես քեզ, բերանիցդ աղտեղություններ մի թափիր: Ինչպես չարալեզու մարդուց բոլորը խուսափում են, այնպես էլ քաղցրաբարբառ բերան ունեցողին բոլորն ընդունում են որպես սեփական անդամի ու հարազատ եղբոր»: Ինչպես հպարտությունն է ծածուկ մուտք գործում մարդու հոգի, այնպես էլ նախանձը, բարկությունն ու մահացու մյուս մեղքերը, որոնք շղթայված են միմյանց: Դիմացինին նախանձելու պատճառները տարբեր կարող են լինել, օրինակ՝ գեղեցկությունը, հաջողությունը, հարստությունը, իմաստությունը և այլն, սակայն ոչ մի պատճառ չի կարող արդարացնել քրիստոնյային՝ Քրիստոսին զինվորագրվածին, ով պետք է անդուլ պայքար մղի իր մեջ արմատացած այդ ախտի դեմ, որովհետև ՙայդպիսին եթե բազում ճգնություններ էլ կրի և բյուր առաքինություններ էլ ստանա, պահքով ու բոլոր ճգնություններով ինքն իրեն մաշի հանապազ, մեծամեծ նշաններ գործի, մշտաջան աղոթքներով և փառաբանություններով նմանվի վերին զվարթուններին, անգամ եթե մարտիրոսվի և հրով այրվի և իր սրտում նախանձ և չարություն ունենա, բոլոր սպանողներից ու շնացողներից առավել պիղծ և մեղքերի մեջ թաթախված բոլոր ամբարիշտներից առավել անիրավ կհամարվի» (սբ Հովհ. Մանդակունի): Եվ քանի որ Աստված ամենատես է և արդարադատ, տեսնում է ամեն ինչ, հատուցում է յուրաքանչյուրին՝ ըստ իր սրտի ցանկությունների ու գործերի, ինչպես դարձյալ սբ Հովհ. Ոսկեբերանն է ասում. «Ինչքան շատ ես նախանձում, այնքան ավելի շատ բարիքներ ես գործում նրա համար, ում նախանձում ես:

Աստված ամեն ինչ տեսնում է, իսկ երբ տեսնում է, որ նեղացնում են մարդու, ով ոչ մեկին չի վիրավորում, ապա առավել ևս բարձրացնում է նրան և հռչակավոր դարձնում և դրանով իսկ պատժում նախանձոտին»:

Նախանձը կարճում է մարդու կյանքը, որովհետև նա, ով չի կարողանում անխռով ընդունել ուրիշի հաջողությունն ու երջանկությունը և այն իր անձնական դժբախտությունն է համարում, մշտապես տառապում է՝ կորցնելով իր խաղաղությունն ու հանգիստը: Ամեն դեպքում, որքան էլ դժվար լինի իրագործել, Սուրբ Գիրքը պատվիրում է բարիով հաղթել չարին և աղոթել թշնամիների համար, իսկ «նախանձոտ մարդու ձեռքերը հնարավոր է կապել՝ նրան բարիք գործելով, և նրա ատամները փշրել՝ բարոյական առաքինությունների մեծամեծ բարիքներով» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի): Այո՛, նախանձի հակադիր առաքինությունը եղբայրասիրությունն է, սերը մեզ նմանի հանդեպ, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ Աստծու պատկերն ու նմանությունն է կրում: Քրիստոսն ասում է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը՚ (Ղուկ. 10:27), քանի որ՝ «Ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհ. 4:20): Չխաբենք մեզ՝ կարծելով, թե ճշմարիտ քրիստոնյաներ ենք, եթե քեն ու ոխ ունենք գեթ մեկ մարդու հանդեպ: Քրիստոսը մեզ պատվիրում է 70 անգամ 7 անգամ ներել մեր ընկերոջը, եթե մեր դեմ մեղանչի, ներողամիտ գտնվել բոլորի հանդեպ:

Նա համայն մարդկությանը տվեց ներողամտության մեծագույն օրինակը՝ խաչի վրայից աղոթելով Իրեն խաչողների համար: Եվ որքան հրեաները նախանձում ու չարախոսում էին Նրան, այնքան Նա ավելի զորավոր գործեր էր գործում՝ չդադարելով նրանց ապաշխարության կոչել:

Ուրեմն արմատախի՛լ անենք այս չար, հոգեկործան ախտը մեր միջից, արթուն և զգոն լինենք, չնմանվենք բանսարկուին՝ չարախոսելով ու նախանձելով միմյանց, այլ նմանվենք մեր Փրկչին՝ սիրելով միմյանց, քանի որ՝ «Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը: Սերը մարդկանց Աստծու որդիներ և երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում: Սերը երկրայիններիս երկնային և հողեղեններիս հրեղեն է դարձնում... Աստված սեր է և կամենում է, որ մենք էլ սուրբ սրտով և անկեղծավոր հավատով սիրենք միմյանց» (սբ Հովհ. Մանդակունի):

 

Անժելա Խաչատրյան

31.07.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․