Մի մարդ շատ էր աշխատում, սակայն դրամը չէր կուտակում, ինչ մնում էր՝ աղքատներին էր բաժանում: Բայց մի օր մտածեց. «Իսկ եթե հիվանդանամ ու ծերանամ: Ո՞վ հօգ կտանի ինձ այդժամ: Ինչո՞վ պիտի ապրեմ»: Այսպես մտածեց և սկսեց «սև օրվա» համար գումար հավաքել, սկզբում քիչ, իսկ հետո ավելի ու ավելի շատ, և շուտով բոլորովին դադարեց ուրիշներին օգնելուց: Ժամանակի ընթացքում բավականին մեծ գումար հավաքեց «սև օրվա» համար: Եվ ի՞նչ: Շուտով «սև օրը» եկավ: Սարսափելի վերք բացվեց ոտքին և նա այլևս չէր կարող աշխատել: Անկողին ընկավ և սկսեց օգնություն փնտրել բժիշկների մոտ: Որքան էլ բուժվեց, այնպես, որ կուտակած ողջ գումարը ծախսեց, սակայն ոչ մի օգնություն չստացավ: Վերջապես բժիշկներն ասացին. «Պետք է հիվանդ ոտքդ կտրել, այլապես կմահանաս»: Կյանքը պահպանելու համար մարդը ստիպված համաձայնեց: Իսկ մինչ այդ, գիշերը մտածումների մեջ անցկացրեց: Վերհիշեց նախկին աշխատանքային կյանքը, երբ ոչ մի վիշտ չուներ, այլ միայն ուրախանում էր, որ իր աշխատանքից կարողանում էր նաև կարիքավորներին օգնել, իսկ իր մասին ասես մոռանում էր: Եվ զղջալով իր ժլատության և փողերին հուսալու համար, սկսեց Աստծուց օգնություն խնդրել: Եվ ահա Աստծու հրեշտակը հայտնվեց նրան և ասաց. «Իսկ ո՞ւր են փողերդ, որ հավաքում էիր «սև օրվա» համար»: Արտասվեց մարդը. «Մեղանչեցի… ների՛ր ինձ, Տե՛ր, այլևս չեմ անի»: Այդժամ Տիրոջ հրեշտակը դիպավ նրա հիվանդ ոտքին, և նույն պահին նա լիովին ապաքինվեց: Այդ օրվանից նա սկսեց «սև օրվա» համար դրամ կուտակելը մեղք համարել՝ մտածելով, որ ինչին են պետք դրամները, եթե Տերն Ինքն է նրա մասին հոգ տանում:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը