Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև երեխաներ» ՀԿ-ի կողմից համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին շարունակում են իրենց աջակցությունը բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հավատավոր հայորդիներ: Մայիսի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սվետլանային (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր սոցիալական ծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սվետլանան իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փ. 22 շ., 43 բն. հասցեում: Զավակներից Էլենը (9 տ.) Դաունի համախտանիշ ունի: Ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծացող արև Էլենը սիրում է նկարել, իր և եղբոր ընկերների հետ խաղալ: Կենսուրախ Էլենն անչափ ոգևորվել է, որ հաճախում է «Արև երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն:
Ընտանիքը ֆինանսական դժվարություններ ունի: «Ամուսինս մշտական աշխատանք չունի, իսկ ես շատ քիչ ժամաքանակով աշխատում եմ մանկապարտեզում: Իմ աշխատավարձի, ընտանեկան նպաստի և Էլենին տրամադրվող գումարներով փորձում ենք հոգալ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Սվետլանան և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
«Քաղցած էի և Ինձ չկերակրեցիք... հիվանդ էի և բանտում, այցի չեկաք Ինձ» (Մատթ. 25:42-43): Մարդիկ դատվելու են ոչ միայն իրենց չար գործերի, այլ նաև անգործության համար: Տիրոջ վերոնշյալ խոսքում չի նշվում որևէ վատ արարք, որ գործվել է քաղցածի, հիվանդի կամ բանտարկյալի հանդեպ, այլ մատնանշվում է մերձավորի հանդեպ անտարբերությունը, որն ուղղվում է անձամբ Տիրոջը: Պատրաստակամորեն մերձավորին օգնելու ձգտումը հաճելի է Աստծուն, եթե անգամ օգնությունն, ըստ ունեցածի, փոքր է: «Բավական է, որ նվիրելու հոժարություն ունենաք, և Աստված կընդունի ձեր նվերը, եթե այն համապատասխան է ձեր ունեցածին, որովհետև Նա ձեր չունեցածը չի սպասում ձեզնից» (Բ Կորնթ. 8:12): Այս խոսքերը Պողոս առաքյալն ուղղել է կորնթացիներին ու Սուրբ Գիրքն ընթերցողներին և օրինակ բերել Մակեդոնիայի եկեղեցիների չափազանց առատաձեռն լինելը՝ հակառակ իրենց կրած նեղությունների ու ծանր փորձությունների՝ նպատակ ունենալով, որ Կորնթոսի քրիստոնյաներն էլ իրենց հոժար կամքով նախաձեռնած բարի գործն ամբողջացնեին՝ տալով իրենց ունեցածի չափով: Առաքյալը գրում է, որ ինքը չի ցանկանում որևէ մեկին նեղության մատնել՝ ուրիշի բեռը թեթևացնելու համար, այլ ուզում է, որ հավասարություն լինի: «Ուզում եմ, որ ներկայումս ձեր վայելած առատությունը ծառայի նրանց կարիքներին, որպեսզի նրանց առատությունն էլ ձե՛ր կարիքներին ծառայի, և այդ ձևով հավասարություն լինի: Ճիշտ այնպես, ինչպես Սուրբ Գրքում է ասված. «Շատ հավաքողի մոտ չավելացավ, և քիչ հավաքողի մոտ չպակասեց»» (Բ Կորնթ. 8:14-16):
Կարինե Սուգիկյան