Աստվածավախ կյանքով ապրող մի աշխարհական կար, և մի օր նա գնաց հայր Պիմենի մոտ: Պատահմամբ այնտեղ էին նաև եղբայրները և կամենում էին խոսք լսել ծերից: Հայր Պիմենն աշխարհական հավատացյալին ասաց. «Խոսի՛ր եղբայրների հետ»: Իսկ նա աղաչեց և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր, հա՛յր, ես չեկա ուսուցանելու, այլ ուսանելու»: Սակայն ծերը բռնադատեց նրան, և նա ստիպված ասաց. «Ես աշխարհիկ մարդ եմ` բանջարավաճառ. քանդում եմ մի կապը և դարձնում երկու, գնում եմ էժան, վաճառում թանկ և շահույթ եմ ստանում, և քանի որ Սուրբ Գրքից չեմ կարող ասել, առակ կասեմ: Մի մարդ իր սիրելիին ասաց. «Ե՛կ ինձ հետ, որովհետև փափագում եմ տեսնել թագավորին»: Իսկ նա ասաց. «Կգամ մինչև ճանապարհի կեսը»: Եվ դարձյալ ասաց մյուս սիրելիին. «Արի՛ ինձ տար թագավորի մոտ»: Սա ասաց նրան. «Կգամ քեզ հետ մինչև թագավորի պալատը, սակայն ներս չեմ ուզում մտցնել քեզ»: Դարձյալ դիմեց երրորդին. «Ե՛կ ինձ հետ թագավորի մոտ»: Եվ նա ասաց. «Ես կգամ և քեզ կմտցնեմ պալատ կամ կբարեխոսեմ քեզ համար և կմտցնեմ թագավորի մոտ»: Եղբայրները, կամենալով հասկանալ առակի իմաստը, հարցրին նրան, և նա ասաց. «Առաջին սիրելին կրոնավորությունն է, որը տանում է մինչև ճանապարհի կեսը, երկրորդ սիրելին սրբությունն է, որը մինչև երկինքն է հասցնում, իսկ երրորդը՝ ողորմածությունն է, որը համարձակորեն մտցնում է Աստծո մոտ»: Եվ եղբայրները շահելով`գնացին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016