Դեկտեմբերի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Mantalun ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը սկսվեց Տերունական աղոթքով:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը: «Այսօր բոլորս միաբանվել ենք նշելու գալիք Ամանորը: Մաղթում եմ, որ միաբան լինենք թե՛ ուրախության և թե՛ դժվարության մեջ: Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ ուրախ եղեք, Քրիստոսի հավատով ուրախ եղեք: Կյանքում կան և՛ փոթորիկներ, և՛ լուսավոր օրեր: Ամեն մի փոթորիկ մեզ կրթում է, դաստիարակում և մաքրում, ինչպես կրակն է մաքրում ոսկին և արծաթը: Մաղթանքս է, որ ամեն մի փոթորկի մեջ ոչ թե խոչընդոտ, այլ հնարավորություն տեսնենք: Թող ուրախությունը, երջանկությունը, անսահման սերն ու միաբանությունն անպակաս լինեն ձեզանից և ընթանանք դեպի Աստված Մայր եկեղեցու առաջնորդությամբ, որ հայի համար եղել է, կա և կլինի միակ հոգևոր երջանկության աղբյուրը»,- ասաց Վաչագան սարկավագը:
Ապա ներկաներին իր խոսքն ուղղեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը. «Աստծո ողորմությամբ կրկին Ամանորի նախաշեմին ենք: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մեր համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի աջակցությամբ ու գլխավորությամբ վերհիշում և նշում ենք մեր Ամանորը: Սիրելի և խորհրդավոր տոնին յուրաքանչյուրս նոր սպասումներ և հույսեր ունենք: Մեր խնդրանքն է, որ Տերն Ամանորին սովյալին հաց տա, հիվանդին՝ առողջություն, որբին՝ ծնող, անհավատին՝ հավատ և մեր հայաշունչ օջախներին՝ ժպիտ, հաղթանակ և երջանկություն: Սիրիայի տագնապներից փրկված՝ այսօր մեր անկախ հայրենիքում ենք ապրում, ստեղծագործում՝ մեր հոգևոր սնունդն առնելով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ կամարներից ներս»:
Ամանորյա տոնախմբությանը մասնակից յուրաքանչյուր սիրիահայ իր տոմսն ուներ և երեկոյի ընթացքում վիճակահանությամբ ընտրվեցին թե՛ օրվա բախտավորը և թե՛ այն տասնչորս անձինք, որոնց տրվեցին կենաց ծառի խորհրդանիշը համարվող փոքրիկ տոնածառներ: Սիրիահայ համայնքի ամանորյա երեկոն ազգային և արտասահմանյան երգերով համեմեց սիրիահայ երգիչ Հովսեփ Գասպարյանը: Ապա ժամանեց երեկոյի սպասելի հյուրը՝ Կաղանդ պապը, ով կրկնապատկեց ներկաների ուրախությունը, պարեց իր սիրելի թոռնիկների՝ սիրիահայ երեխաների հետ և նրանց հանձնեց ԱՀԹ-ի կողմից պատրաստված ամանորյա նվերներ:
Կաղանդ պապն ուզում էր իր սիրասուն թոռնիկներից իմանալ, թե ո՞վ է եղել Հայոց առաջին Կաղանդ պապը: Այնինչ թոռնիկները դժվարացան պատասխանել, և Կաղանդ պապը, ի զարմանս բոլորի, նշեց, որ Հայոց առաջին Կաղանդ պապը եղել է ոսկեդարյան շրջանի Հայոց կաթողիկոս Ս. Սահակ Պարթևը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ջանքերով կազմակերպված ամանորյա տոնախմբությունը, խաղերը, անակնկալները և Կաղանդ պապի ներկայությունն իրապես տոնական դարձրեցին յուրաքանչյուր սիրիահայի օրը:
Նշենք, որ Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2012 թ-ից բազում հայ ընտանիքներ ներգաղթեցին Հայաստան, ձևավորվեց սիրիահայ համայնք և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
«Այս տարիների ընթացքում ուրախալի է տեսնել, որ սիրիահայերը ներգրավվել են եկեղեցու համայնքային կյանքից ներս, ձևավորվել է «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միությունը, ամեն ուրբաթ Առավոտյան ժամերգությունից հետո նրանք մասնակցում են քարոզխոսությանը, մեծ թվով սիրիահայ փոքրիկներ մեր կիրակնօրյա դպրոցի սաներն են: Սրբազան Հոր օրհնությամբ մի շարք եկեղեցական տոներին սիրիահայ համայնքը կյանքի է կոչում իրենց գեղեցիկ ավանդույթները: Ամանորի կապակցությամբ մաղթանքս է մեր սիրիահայ համայնքին, որ Աստծո հանդեպ լիառատ հույսով և անսասան հավատքով ապրեն իրենց կյանքի յուրաքանչյուր մի օրը, քանի որ ըստ սաղմոսերգուի՝ Տիրոջ վրա հույս դնողը հավիտյան չի սասանվի ինչպես լեռը Սիոնի, որ գտնվում է Երուսաղեմում (Սաղմոս 124:1)»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան