Սիրիահայ համայնքն ուխտի մեկնեց Օշական

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, սեպտեմբերի 13-ին հերթական ուխտագնացությամբ մեկնեց Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Սիրիահայերից յուրաքանչյուրի համար կարևոր է ուխտի ճանապարհը՝ որպես հոգենորոգ ճանապարհ: Աղոթքով և շարականների երգեցողությամբ նրանք անցան հոգենորոգ այդ ճանապարհը: Հոգևոր ուրախությունն էր պատել թվով հարյուր ուխտավորներին. նրանք ոտք էին դրել համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկը: Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը ողջունեց սիրիահայ ուխտավորներին՝ հայի համար կարևորագույն այդ սրբավայրում ուխտավորաբար գտնվելու առթիվ:

«Տերունական աղոթք»-ը միասնաբար ասելուց հետո, Տեր Վիգենը սիրիահայերին ներկայացրեց Հայոց ազգի համար երկրորդ լուսավորիչ համարվող սրբի վարքը, եկեղեցու կառուցման պատմությունը և սրբավայրին կից գտնվող Հայոց խաչքար-տառերի սիմվոլների խորհուրդները: «Հայն իր գոյության և աստվածատուր լեզվով՝ հայերենով, մտածելու և խոսելու համար պարտական է Սբ. Մեսրոպ Մաշտոցին: Սրբի և մյուս թարգմանիչների տքնաջան ծառայությամբ սկիզբ դրված Աստվածաշնչի թարգմանությունը դարձավ իշխողը մյուս թարգմանությունների մեջ՝ որպես «Թագուհի թարգմանությանց»: Սբ. Մեսրոպ Մաշտոցի մահից հետո նրա շիրիմը դարձավ ուխտատեղի, և 1600 տարի շարունակ ամեն մի հայ իր հոգու պարտքն է համարում այցելել սրբի շիրիմին՝ հպվելու այդ սրբությանն ու պատմությանը: Մաղթում եմ, որ սուրբը բարեխոս լինի ձեզ համար, որպեսզի ձեր ընտանիքներից ներս ամուր պահեք հայի ինքնությունը, և  սրբի բարեխոսությամբ Տերը խաղաղություն պարգևի Հայոց և համայն աշխարհին»,- ասաց Տեր Հայրը:  

Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Տեր Վիգենին սրբի ու սրբավայրի մասին պատմությունը հանգամանալից ներկայացնելու համար, ինչի շնորհիվ իրենք առիթ ունեցան կրկին վերապրելու  ոսկեդարյան մեծ արժեքները:

Սուրբ տաճարի կամարներից ներս ուխտավորները շարականներ հնչեցրին, իրենց խոնարհումը բերեցին Սբ. Մեսրոպ Մաշտոցի՝ հայերենի առաջին ուսուցչի, հայ դպրության, հոգևոր երաժշտության սկզբնավորողի և հայ մանկավարժության հիմնադրի շիրիմին: Այնուհետև սիրիահայերը շրջեցին եկեղեցուն կից Հայոց խաչքար-տառերի պուրակում:

«Քե», «Է», «Սե», «Մեն» հաջորդական դասավորվածությամբ է զարդարված Հայոց խաչքար-տառերի պուրակի առաջին շարքի մի հատվածը, ինչը բնավ   պատահական չէ, քանի որ այն խորհրդանշում է Քրիստոսի էջքը Էջմիածին և Սբ. Մեսրոպ Մաշտոցին: Ապա «Այբ»-ը՝ Աստծո Արքայություն և Արարատ լեռ,    «Բեն»՝ Բարձրյալ Աստված, բազմություն, «Գիմ»-ը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ և այսպես հաջորդականորեն…

Սիրիահայերի զարմացական հայացքներն ուղղվել էին դեպի Շերամ սիմվոլով «Շա» խաչքար-տառը. այս պուրակի քար լռությունը ժամանակ առ ժամանակ ընդհատում է հենց այս խաչքար-տառը՝ «Շա»-ն, որը մեղմ քամուց իսկ սկսում է երգել: Պուրակում բոլոր տառերն ունեն սիմվոլներ, բացի «Ռա» տառից: Քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի առաջին իսկ մուրճի հարվածից  խաչքար-տառն ինքն էր իր սիմվոլը որոշել՝ դառնալով Սիս և Մասիս: Բոլորը մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էին դիտում նաև 2012 թ-ին հայտնաբերված 5-րդ դարի եկեղեցու հիմքերը:

Ապա սիրիահայ ուխտավորներն իրենց սիրո ճաշը և հանգիստը վայելեցին Աշտարակի գեղատեսիլ ձորում:

Ուխտավորները վերադարձան Երևան այն մեծ փափագով, որ Տիրոջ ողորմածությամբ և Սբ. Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությամբ բոլորի սրտերում կթագավորի Քրիստոսի խաղաղությունը, քանզի Աստված կանչեց այդ խաղաղությանը՝ մեկ մարմնի մեջ, որ Քրիստոսի եկեղեցին է (Կողոսացիներ 3:15):

 

 

Կարինե Սուգիկյան

 

13.09.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․