Հայ եկեղեցու հոգևոր-կրթական հաստատությունների ճանապարհով անցած հոգևոր սպասավորները 1997 թ.-ից իրենց ծառայությունն են բերում նաև Հայոց բանակում: Իր ծառայությամբ հոգևորականը ջանում է նպաստել զինվորների հոգևոր-բարոյական որակների զարգացմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանն ու գիտակցված զինվորական կարգապահության ամրապնդմանը: Զինվորի համար հոգևորականի ներկայությունը բանակում հավատքի, բարեպաշտության և ծառայողական պարտականությունները կատարելու ուսանելի օրինակ է: Հոգևորականը զինվորի կողքին է թե՛ զորամասերում և թե՛ դիրքերում, նա զինվորի համար ոչ միայն աղոթող է, այլ նաև՝ ոգեշնչող և քաջալերող:
Հովհաննես սարկավագ Էվինյանը (24 տ.) չորս ամիս է, ինչ իր հոգևոր ծառայությունն է իրականացնում Արցախի ՊԲ-ում՝ որպես գնդերեց: Հունիսի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննես սարկավագին, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն նրա ծառայության դիմաց, փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Պետրոսյան Հրաչը:
«Հիշենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Տվեք Աստծունը՝ Աստծուն և կայսրինը՝ կայսեր»: Եկեղեցի-բանակ սերտ փոխառնչությունների մասին է վկայում փաստը, որ այսօր բազմաթիվ հոգևորականներ ծառայություն են անցկացնում հայոց բանակում` իրենց աղոթքներով անփորձանք պահելու մեր զինվորականներին մարտական ընթացքի և անսասան` իրենց հավատի մեջ: Այս համագործակցությունն ու մեր աղոթքներն են այն առհավատչյան, որ Հայոց եկեղեցին իր սպասավորներով եղել և մշտապես լինելու է իր բանակի կողքին՝ ոչ միայն օրհնելու և քաջալերելու զինվորներին, այլ հարկ եղած դեպքում նաև նրանց հետ միասին հայրենիքը պաշտպանելու»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան