25 Նոյեմբեր, Բշ
Սերը կյանքի ներքին ուժն է, բոլոր բարիքների անսպառ աղբյուրը, քրիստոնյայի համազգեստը, առանց որի, ինչպես նշում են եկեղեցու հայրերը, նա չի տարբերվի ոչ քրիստոնյայից: Օրինակ, եթե զինվորականն իր համազգեստը չհագնի, ոչ ոք չի իմանա, որ նա զինվորական է, նույնպես քրիստոնյան Աստծու, բոլոր սրբերի, հրեշտակների և մարդկանց առջև ճանաչելի է դառնում միայն սիրո միջոցով: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15), իսկ որո՞նք են այն պատվիրանները, որ մարդ կատարելով Աստծու սիրելին է դառնում: Ահա, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոս այս անգամ. «Այս է Իմ պատվերը, որ սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի ձեզ» (Հովհ. 15:12): Այսինքն՝ փոխադարձ սերը միմյանց հանդեպ սեր է Աստծու հանդեպ, որով էլ մարդ կատարում է աստվածային պատվիրանները:
Աստծու, մերձավորի և հայրենիքի հանդեպ սերն էր, որ մղեց մի շարք կամավորների իրենց մասնակցությունը բերելու արցախյան երկրորդ պատերազմին: Նրանցից շատերը մեծ զոհողության՝ կյանքի գնով տիրավանդ պատգամի կատարողները դարձան: Հայրենիքի և մերձավորի պաշտպանության սուրբ գործում հերոսացած կամավորներից է ԱՀ Հադրութի շրջանի Արևշատ գյուղի բնակիչ, հինգ անչափահաս զավակների հայր Մկրտչյան Սերգեյը (34 տ.), որ Հադրութի ճակատամարտին մասնակցելով՝ ծանր վիրավորում էր ստացել և մահացել Երևանի հոսպիտալում 2020 թ-ի դեկտեմբերի 26-ին: Հերոսի բազամանդամ ընտանիքն այժմ բնակվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղում:
Հունիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հերոսի կնոջը՝ Մկրտչյան Լուսինեին (30 տ.), որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, փոխանցեց 500 կանադական դոլարին համարժեք 210 000 ՀՀ դրամ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Եկեղեցու հայրերի գրվածքներում կարդում ենք. «Կյանքը մեզ տրված է նրա համար, որ շտապենք, շտապենք իրագործել մեր սրտի մաքրության մեծագույն գործը՝ հետևելով Տեր Հիսուս Քրիստոսին: Որտեղ սերն է, այնտեղ մշտապես վստահությունն է, որտեղ սերն է, այնտեղ մշտապես հույսն է: Սերն ամեն ինչ տանում է, որովհետև ուժեղ է: Ճշմարիտ սերը հարատև է, չի սպառվում և երբեք չի դադարում: Սիրո համար սպասվում է պայքար, այն էլ՝ մինչև վերջին շունչը»:
Կարինե Սուգիկյան