Սիրո գործնական արտահայտությունը

Սեպտեմբերի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրի շրջանակներում, հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Արոյան Սոսեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ:

Սոսեն, իր ամուսինը՝ Վազգեն Ներսիսյանը (55 տ.) և իրենց երկու չափահաս տղաներն ինն ամիս է, ինչ Սիրիայից եկել են Հայաստան և վարձակալությամբ են բնակվում Քաջազունի 9 հասցեում: «Ամուսինս սրտի հետ կապված առողջական խնդիր ունի և ի վիճակի չէ աշխատելու, ես ու տղաս ենք միայն աշխատում: Ութ ամսով մեր տան վարձը մասամբ հոգաց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, բայց այսօր մեր վաստակած աշխատավարձը չի բավարարում տան վարձի, կոմունալ վճարների, ամուսնուս դեղորայքի և այլ ծախսերի համար»,- ասաց Սոսեն՝ իր շնորհակալությունը հայտնելով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձանց:

Սիրո գործնական արտահայտությունն է ողորմածությունը, որն իրական ուրախության ձեռքբերման ամենահուսալի միջոցն է: Ողորմած մարդը, ով գործում է հանուն Աստծո փառքի, ճաշակելու է Աստծո պարգևներից մեծագույնը՝ ճշմարիտ սերը: Մերձավորին անձնվիրաբար ծառայողի հավատքն օրեցօր աճում է և ամրանում: «Մենք միայն այն ժամանակ ենք իրապես մեզ համար ապրում, երբ ապրում ենք հանուն ուրիշի: Դա կթվա տարօրինակ, բայց փորձիր և քո փորձով կհամոզվես» (Երանելի Իոան Կրոնշտադսկի):

 

Կարինե Սուգիկյան

15.09.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․