23 Նոյեմբեր, Շբ
Մայրը յոթ աղջիկ ուներ: Մի անգամ նա հեռավոր գյուղում բնակվող որդուն հյուր է գնում: Վերադառնում է միայն մեկ շաբաթ անց: Հենց տուն է մտնում, դուստրերն իրար հերթ չտալով պատմում են, թե ինչպես են մորը կարոտել:
- Ես քեզ այնպես եմ կարոտել, ինչպես կակաչը՝ արևային մարգագետնին,- ասաց առաջին դուստրը:
- Ես քեզ այնպես էի սպասում, ինչպես չոր հողը՝ մի կաթիլ ջրին,- ասաց երկրորդը:
- Ես լալիս էի քո ետևից, ինչպես թռչունի ձագուկն իր մոր ետևից,- ծլվլաց երրորդը:
- Դժվար էր առանց քեզ, ինչպես մեղվին առանց ծաղկի,- ասաց չորրորդը:
- Ես երազում քեզ էի տեսնում, ինչպես վարդն է ցող տեսնում,- պատմեց հինգերորդը:
- Ես քո ճանապարհին էի նայում, ինչպես բալենու այգին է սպասում սոխակին,- ասաց վեցերորդը:
Իսկ յոթերորդ դուստրը ոչինչ չասաց: Կռանալով՝ հանեց մոր կոշիկները և թասով ջուր բերեց՝ ոտքերը լվանալու:
Վ.Ա. Սուխոմլինսկի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը