26 Դեկտեմբեր, Եշ
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց ջանքերով այլևս սիրո մի ուղու է վերածված: Այդ ընթացքում նրանք անընդհատ վայելում են թե՛ Առաջնորդի սերն ու հոգատարությունը և թե՛ միմյանց հանդեպ սիրալիր վերաբերմունքը: Հոգատար Առաջնորդն Իր հետևորդներին հոգեպես խաղաղվելու, զորանալու և վերանորոգվելու հնարավորություն՝ փրկության տապան՝ եկեղեցի է շնորհել:
Հավատավոր ճամփորդը, երբեմն, ի ցավ սրտի, այն մտածումն է ունենում, թե որքան քիչ են նրանք, որ փրկարար ուղով դեպի Կյանք են ընթանում՝ ի տարբերություն դեպի մահ տանող լայն և ընդարձակ ճանապարհով ընթացողների: Ամեն անգամ ճամփորդի համար այս մտահոգությունն ուրախության է վերածվում, երբ զոհաբերվող Սիրո շուրջը համախմբվածները՝ որպես Սիրո Արեգակի ճառագայթներ, սեր ու լույս են տարածում՝ պատճառ դառնալով, որ լայն ճանապարհով ընթացողներն էլ մի պահ կանգ առնեն, դուրս գան այդ ուղուց՝ իրապես գտնելով, ճանաչելով և սիրելով ճշմարիտ Լույսն ու Սերը: Ճամփորդներն ամեն պահի հնարավոր է գայթակղվելով սայթաքեն և մեղանչեն, ուստի փրկարար ուղին՝ որպես ապաշխարության ուղի, հնարավորություն է ամեն մի սայթաքողի և մեղանչողի համար կրկին անգամ վեր կանգնելու և նորից հաստատակամ քայլելու: Եթե Առաջնորդն այդ հնարավորությունն ընձեռում է բոլոր ճամփորդներին, ապա իրենք առավել ևս միմյանց և նոր ճամփորդների հանդեպ պետք է լինեն հանդուրժող և ներող: Հակառակ պարագայում գուցե ճամփորդներից նորեկն այևս չցանկանա այդ փրկարար ուղուն ոտք դնել, երբ տեսնի, որ իրեն ուղղված հանդիմանանքներում բացակայում է սերն ու հանդուժողականությունը:
Ռուս միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին պատմում է, որ Սբ. Պատարագներից մեկի քարոզխոսության ժամանակ, նա հետևյալն է ասել. «Երեկ Երեկոյան ժամերգությանը եկեղեցի է մտել մի կին իր երեխայի հետ միասին: Նա տաբատով և առանց գլխաշորի է եղել: Ձեզանից մեկը նրան նկատողություն է արել, որից հետո նա դուրս է եկել եկեղեցուց: Ես չգիտեմ, թե ձեզանից ո՞վ է նրան նկատողություն տվել, բայց ես հրամայում եմ այդ մարդուն, որ մինչև իր կյանքի վերջին օրերն աղոթի այդ կնոջ և երեխայի փրկության համար: Քանի որ ձեր պատճառով նա կարող է այլևս եկեղեցի չգալ»,- այս ասելով՝ նա շրջվել է ու գնացել:
Այդ իսկ պատճառով սբ. Պողոս առաքյալն ասում է. «Որպես Աստծու կողմից ընտրված, սրբված և Նրա սերը վայելող մարդիկ, եղե՛ք գթասիրտ, ողորմած, քաղցր, հեզ և համբերատար: Միմյանց հանդեպ եղե՛ք հանդուրժող և ներեցե՛ք միմյանց, երբ մեկդ մյուսի դեմ մի տրտունջ ունենաք: Ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց ձեզ, այնպես էլ դո՛ւք ներեցեք միմյանց: Եվ այս բոլորի վրա ավելի սեր ունեցեք, որովհետև սերն ամբողջացնող շաղախն է ամեն ինչի: Ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, քանզի Աստված ձեզ կանչեց այդ խաղաղությանը՝ մեկ մարմնի մեջ, որ Քրիստոսի եկեղեցին է: Ուստի շնորհակա՛լ եղեք Աստծուն» (Կողոս․ 3:12-15):
Առաքյալի հորդորն է եղբայրասիրությամբ, միմյանց քաջալերելով և հավատն ամրապնդելով առաջ ընթանալ դեպի նպատակակետ՝ դեպի Աստված և հավիտենական կյանք, քանի որ երկրային կյանքի ճանապարհն անցողիկ է և կարճ, բայց և զերծ էլ չէ գայթակղություններից, փորձություններից և դժվարություններից:
Կարինե Սուգիկյան