17 Փետրվար, Բշ
Սրբության ձգտումը ոչ միայն մեղքի բացակայությունն է, այլև աստվածային սրբությանը հաղորդակից լինելը: Մեղքից հեռու կյանքը սրբության միայն մի կողմն է: Աստվածային սրբությանը հաղորդակից ենք լինում Քրիստոսահիմն եկեղեցում, որ Քրիստոսի Մարմինն է և սրբագործվում է Սուրբ Հոգով:
Սուրբ եկեղեցու հիմքը դնելու համար մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր անձը տվեց. «Քրիստոս սիրեց եկեղեցին և իր կյանքը տվեց նրա համար, որպեսզի ջրի լվացումով մաքրի այն և սրբի իր խոսքով, այնպես որ եկեղեցին իրեն ներկայանա ամբողջ փառքով, առանց որևէ արատի կամ խորշոմի և կամ ուրիշ թերության, այլ լինի սուրբ և անարատ» (Եփես. 5:26-27): Հիսուս Քրիստոս աղոթեց Իր առաքյալների և հետևորդների համար՝ ասելով. «Ես չեմ խնդրում, որ նրանց վերցնես աշխարհից, այլ չարից պահես նրանց: Ինչպես ես չեմ այս աշխարհին պատկանում, այնպես էլ նրանք չեն պատկանում այս աշխարհին: Սրբագործի՛ր նրանց քո ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է: Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Ես ինձ քեզ եմ նվիրաբերում նրանց համար, որպեսզի նրանք էլ ճշմարտապես սրբագործվեն: Չեմ աղոթում միայն նրանց համար, այլ նաև նրանց համար, որոնք քարոզչությամբ հավատալու են ինձ» (Հովհ. 17:15-20):
Եկեղեցին դիտել որպես սրբերի միասնություն, հավաքույթ, սխալ է, քանի որ եկեղեցու սրբությունը կախված չէ նրա անդամների սրբությունից, քանի որ եկեղեցու ոչ մի անդամ անմեղ չէ: Հակառակը՝ եկեղեցին սրբության աղբյուր է իրեն անդամ դարձած հավատավորների համար: Եկեղեցու սրբության աղբյուրը Աստված է, որ բնակվում է եկեղեցում և որտեղից աստվածային սրբությունը հեղվում է հավատավորների վրա, փոխանցվում է Սուրբ Հոգու միջոցով խորհուրդների և արարողությունների ընթացքում: «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3:16):
Աստվածային սրբությանը հաղորդակից լինելը քրիստոնեական կյանքի նպատակն է: Սրբությունն անխզելիորեն կապված է ազատության հետ: Սրբության բարձրագույն աստիճանի հասնում է աստվածապարգև ազատություն ունեցող անձը: Մարդը կարող է այդ սրբությանը հաղորդակից լինել տարբեր ձևերով և աստիճաններով, ինչը տեսանելի է սրբերի վարքագրություններում: Սրբության աստիճանի հասան հայազգի ու օտարազգի բազմաթիվ անձեր, որ ձգտեցին, Տիրոջ խոսքի համաձայն, կատարյալ լինել ինչպես իրենց երկնավոր Հայրը (Մատթ. 5:48): Սրբերից յուրաքանչյուրը աստվածային սրբության արտացոլումն է: Կատարելության ձգտող անձի մեջ աստվածային սրբությունն արտացոլվում է յուրովի՝ իրեն տրված շնորհներին համապատասխան:
Աստվածային սրբությունը ոչ միայն սրբացնում է զինվորյալ եկեղեցու անդամներին, այլ նաև իրենց պատկանող իրերը, անգամ ստվերը: Սուրբ Գրքում կարդում ենք, որ մարդիկ պատգարակներով ու մահիճներով հիվանդներ էին բերում և դնում հրապարակներում, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերն ընկնի նրանցից մեկի վրա (Գործք Առաք. 5:15), «Աստված արտասովոր հրաշքներ էր գործում Պողոսի ձեռքով: Մարդիկ մինչև իսկ նրա քրտնքոտ թաշկինակն ու աշխատանքի հագուստն էին տանում հիվանդների մոտ, և նրանք բժշկվում էին իրենց ցավերից, կամ չար ոգիները դուրս էին ելնում» (Գործք Առաք. 19:12):
Եկեղեցու անդամները հնարավորություն ունեն ամբողջ կյանքում զղջումով, ապաշխարությամբ և Հաղորդությամբ մեղքերից ազատվելու, իսկ չզղջացող մեղավորները զրկվում են եկեղեցու մարմնի անդամ լինելուց: Ըստ հայրաբանության՝ միայն նա կարող է ստանալ և պահպանել Սուրբ Հոգու շնորհը, ով եկեղեցու հետ միավորված է սիրով: Սերը կարող է պահպանվել միայն եկեղեցու հետ միությամբ, որովհետև Սուրբ Հոգին կենդանացնում է միայն եկեղեցու մարմինը: Եկեղեցուց անջատվելու որևէ օրինական և բավարար պատճառ չի կարող լինել, ով անջատվել է եկեղեցուց, նա Սուրբ Հոգի չունի, ինչպես մարմնից հատված անդամը կյանքի շունչ չունի, թեպետև որոշ ժամանակ պահպանում է իր նախկին տեսքը:
Կազմեց Կարինե Սուգիկյանը