Հունվարի 12-ին ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց նորաբաց մատուռի սրբանկարը: Տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգը կատարվել էր 2015 թ-ի դեկտեմբերի 1-ին ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ձեռամբ:
Սրբանկարի օծման արարողությունից հետո Սրբազան Հայրը տնօրհնեքի կարգ կատարեց և դիմելով տնօրինությանը և բուժանձնակազմին՝ մասնավորապես ասաց. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում մատուռի առկայությունը խոսում է այն նախաձեռնողների հավատքի մասին: Աղոթատեղին հավատավոր անձի հոգու հայելին է, և անձն աղոթքների էության միջոցով հոգևոր հաղորդակցության մեջ է մտնում Աստծո կամ սրբերի հետ: Մատուռն օծվելով արդեն իսկ վերածվում է Աստծո բնակարանի, որը պետք է բխի Աստծո պատկերն ու նմանողությունը կրողներիցս: Կարևոր առաքելությամբ կոչված եք վերականգնելու մարդու մեջ Աստվածային Հոգու հավիտենական արտացոլանքը: Կոչված եք մարդու անկյալ հոգեկան վիճակից առաջացած ֆիզիկական տկարության մեջ տեսնել այն հոգևոր առաքելությունը, որ դեղերից վեր է: Ֆիզիկականը, միևնույն է, թողնելու ենք, բայց այն խնամում և պահպանում ենք աստվածայինն արժևորելու համար: Բժշկությունն իր գործն է անում, բայց դարմանման վերջին նպատակը մարդու հոգեկան կերպարն է: Մեր աշխատանքն իր նպատակին է հասնում, երբ դիմացինի մեջ կարողանում ենք տեսնել աստվածային լույսը: Աստծո պատկերը վերականգնելու նախադրյալներն իմ զգացողության մեջ դաջվեցին այստեղ գտնվելու այս կարճ ժամանակահատվածում, ինչը խոսում է հոգևոր ջերմ մթնոլորտի մասին»:
Սրբազան Հայրն, օրհնելով ներկաներին, Սբ. Ծննդյան լուսավոր տոնի կապակցությամբ մաղթեց, որ աճեն, արդյունավորվեն իրենց նմանի հոգու, աստվածային պատկերի վերականգնման համար:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը բուժանձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը հայրական խնամքի և օրհնության համար, Տեր Գրիգորին, որ երկար տարիներ համագործակցելով կենտրոնի հետ՝ հոգևոր աջակցություն և խնամք է տածում թե՛ հիվանդների և թե՛ բուժանձնակազմի նկատմամբ: «Տարիների ընթացքում մեր կոլեկտիվում նկատելի է հավատքի զորացում, սիրո առկայություն և նվիրվածություն: Մենք մի բարի ավանդույթ ունենք. Նոր տարին սկսել մի նոր էջից՝ ամեն տարվա վերջում՝ աշխատանքային ժողովին, զրոյացնում ենք բոլոր կոնֆլիկտային իրավիճակներն ու անհարթությունները՝ ներելով միմյանց: Փառք Աստծո, որ այսօր մեր կենտրոնն ունի օրհնված և օծված աղոթատեղի, որ ոչ միայն հիվանդների, այլ նաև բուժանձնակազմի համար է»,- ասաց կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:
Մատուռում լինի, թե եկեղեցում սրբապատկերը բարեպաշտական առարկա է դառնում միայն Մայր Մաշտոցի կանոնի համաձայն Սուրբ Մյուռոնով օրհնվելուց և օծվելուց հետո: Եվ Հայ եկեղեցու զավակը աղոթելիս չի երկրպագում սրբապատկերին, այլ հարգանք է ցուցաբերում նրանց, ովքեր պատկերված են դրանցում: Տերն Իր աշակերտներին ասել է. «… եթե մեկը ծառայում է Ինձ, Հայրը կպատվի նրան» (Հովհաննես 12:26): Այս խոսքի համաձայն՝ մենք էլ ենք նրանց պատվի արժանացնում:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր բարեպաշտական արարողություններից է տնօրհնեքը, որ հիմնադրվել է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Դեռևս առաջին դարից առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Նրա Լույս Ծննդյան ու Հրաշափառ Հարության Բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Այսօր էլ նրանց հետևորդները՝ քահանաները, առաքելական նախանձախնդրությամբ, Սուրբ Ծննդյան ութօրյակին և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և Ավետիսը բերելով՝ օրհնում նրանց և նրանց բնակարանները:
Կարինե Սուգիկյան