Գրքեր

Սրբազան Ավանդություն. արժեքավոր ժառանգություն

«Քանի որ «այդ մասին» Աստվածաշնչում չկա գրված, չեմ հավատում», կամ «Սուրբ Գիրքն է միակ վավերական աղբյուրը աստվածգիտության, ուրիշ ոչ մի աղբյուր ինձ չի հետաքրքրում»: Այսօր հաճախակի հնչող վերոհիշյալ արտահայտություններն ամրագրված են այն մարդկանց ՝ մասնավորապես բողոքականների մոտ, ովքեր պնդում են, թե ամեն ինչ Սուրբ Գրքով է պետք ապացուցել, չեն ընդունում նախորդ սերունդների ժառանգությունը՝ առաքելական հայրերի և վաղ եկեղեցու սուրբ հայրերի գրվածքներն ու այն ամենը, ինչը բանավոր կերպով՝ դարեր շարունակ, սերնդե-սերունդ ավանդվելով, մեզ է հասել: Արդյունքում մերժում են Սրբազան Ավանդությունը:

Եկեղեցական հայրերի մեկնողական գրականության մեջ շատ ենք հանդիպում՝ «ավանդաբար հայտնի է», «ըստ եկեղեցական ավանդության» արտահայտություններին:

Իսկ ի՞նչ է Ավանդությունը՝ Սրբազան Ավանդությունը: Էդուարդ Աղայանն իր «Արդի հայերենի բացատրական բառարանում» հետևյալ բացատրությունն է տալիս «ավանդություն» բառի՝ պատմականորեն ձևավորված ու սերնդե-սերունդ փոխանցվող սովորույթների՝ հայացքների՝ կենցաղային կանոնների և այլնի ամբողջությունը, պատմականորեն հաստատված կարգ, չգրված օրենք, ավանդույթ:

Ուղղափառ եկեղեցին ունի հավատի երկու աղբյուր. Աստվածաշունչ Մատյանը, այսինքն՝ Սուրբ Գիրքը և Սրբազան Ավանդությունը, պայմանով սակայն, որ Ավանդության մեջ չլինի որևէ հակասող բան Սուրբ Գրքին:

Ավանդությունը ավելի հին է, քան Աստվածաշունչ Մատյանը. հազարավոր տարիներ մարդկությունն առաջնորդվել է առանց գրավոր օրենքի: Ինչպե՞ս: Խղճմտանքով՝ ներանձնական բարոյական օրենքով: Նաև ավանդությամբ, որը սերնդե-սերունդ էր փոխանցվում: Այդ ավանդությամբ մարդիկ կրթվում էին: Ավանդությունն առաքյալներից և հայրերից մեզ տրված վարդապետությունն է: Ճիշտ է, շատ պարզաբանումներ, վերլուծումներ, որոնք մեզ ավանդաբար են հասել, Սուրբ Գրքում չկան գրված, բայց և այնպես չեն հակասում նույն Սուրբ Գրքին:

Սուրբ Գրքում Ավանդության գոյությունը փաստող բազմաթիվ օրինակներ կան: Նախքան Աստվածաշնչի գրվելը, որտեղ զոհասեղան պատրաստելու հրահանգն է տրվում, արդեն զոհասեղանների պատրաստման օրինակներ ենք տեսնում. Նոյ նահապետը ջրհեղեղից հետո. «…զոհասեղան պատրաստեց Տիրոջ համար» (Ծննդոց 8:20), ինչպես նաև Աբրահամը զոհասեղան պատրաստեց Բարձր կաղնու մոտ (Ծննդոց 12:6-7) և նույնը կարելի է ասել Իսահակի, Հակոբի և այլոց մասին: Նրանք բոլորն էլ զոհի և զոհասեղաններ պատրաստելու գաղափարներին Ավանդությունից են տեղեկացել:

Ակնհայտ է, որ մարդիկ նախքան գրավոր օրենքը կրթվում էին բանավոր Ավանդությամբ, որը պահպանվում էր հետագա սերունդներում:

Նոր Կտակարանում կան Հին Կտակարանի ժամանակաշրջանից որոշ տեղեկություններ, որոնք բանավոր Ավանդությամբ են հասել: Օրինակ, Պողոս առաքյալը հիշատակում է Հանես և Համրես կախարդներին, որոնք հակառակվում էին Մովսես մարգարեին: Առաքյալն ասում է. «Սրանք հակառակվում են ճշմարտությանը, ինչպես Հանեսն ու Համրեսն էին Մովսեսին հակառակվում» (Բ Տիմոթեոս 3:8): Այս անունները Հին Կտակարանում չկան գրված: Ըստ երևույթին, Պողոս առաքյալին Ավանդությամբ էր հասել նրանց անունները:

Այսօր շատ պատմություններ մեզ փոխանցվել են ավանդաբար, ինչպես օրինակ Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարին ընծայման պատմությունը, կամ որ մանուկ Հիսուսին տաճարի ընծայման ժամանակ դիմավորող Սիմեոնը 72 թարգմանիչ դպիրներից էր, ովքեր Եգիպտոսի ընթերցասեր Պտղոմեոս թագավորի հրամանով Հին Կտակարանի գրքերը եբրայերենից հունարեն թարգմանեցին: Ավանդությամբ ենք ստացել եկեղեցական ամբողջ ժառանգությունը, արարողությունները, կարգ ու կանոնին վերաբերող օրենքները: Ավանդությամբ է պահպանվել և սերնդե-սերունդ փոխանցվել ողջամիտ հավատքը: Եթե յուրաքանչյուրն իր հասկացողության համեմատ մեկնաբաներ Սուրբ Գիրքը, ապա բազում աղանդներ (ինչն այսօր առկա է մեր կյանքում) կառաջանային: Ավանդությամբ է մեզ հասել կիրակին սուրբ պահելը, խաչակնքվելը: Եվ ի վերջո, ավանդությամբ է մեզ հասել Աստվածաշունչը:

Նոր Կտակարանի ժամանակաշրջանում քսան տարի գոյություն չունեին գրավոր ավետարաններ: Այդ ընթացքում մարդիկ հավատքն ընդունում էին քարոզչությունից: Բանավոր Ավանդությամբ էր փոխանցվում Հիսուս Քրիստոսի վարդապետությունը:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, գրավոր ոչինչ չտվեց, այլ քարոզեց Ավետարանը բերանացի (Մատթեոս 4:23): Իր առաքյալներին էլ ասաց. «Գնացե՛ք, ամբողջ աշխարհով քարոզեցեք Ավետարանը բոլոր արարածներին» (Մարկոս 16:15): Պարզ է, որ դա գրավոր խոսքի միջոցով չէր արվելու: Կենդանի քարոզության միջոցով պետք է վկայեին Քրիստոսի մասին, Աստծո պատվիրաններն ու Ավետարանը հայտնեին մարդկանց հավատքը հաստատելու համար, Տիրոջ եկեղեցին հիմնադրեին և սերտ կապերի մեջ դնեին Քրիստոսի հետ: Քանի որ. «Հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմեացիներ 10:17): Այդ քարոզությամբ Աստծո սպասավորը Սուրբ Հոգու շնորհով Քրիստոսի խոսքն է ներշնչում հավատացյալի սրտի մեջ՝ մտախոհ լինելու և ճշմարտությունն ընդունելու համար: Ուստի Քրիստոս, որ հայտնող և հայտնվող Աստված է, Իր ամենազոր խոսքի ուժը ներշնչեց Իր առաքյալների մեջ:

Այսպիսով, առաքյալները եկեղեցիներ էին հիմնադրում ոչ թե գրավորապես, այլ կենդանի քարոզությամբ և կենդանի քարոզությամբ ավանդեցին իրենց նշանակած եպիսկոպոսներին ու քահանաներին այն ամենն, ինչ որ պետք էր իմանալ եկեղեցու կանոնավոր ընթացքի, աստվածպաշտության, քահանայական գործունեության, կանոնական սկզբունքների և այլ եկեղեցական գործերի համար:

Այն որ Ավետարաններում ամեն բան չէ, որ գրված է, մենք իմանում ենք Աստվածաշնչից. «Ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրառվեին, կարծում եմ աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու գրքերը, որոնցում դրանք կգրվեին» (Հովհաննես 21:25): Սուրբ Գրքից իմանում ենք նաև. «Հիսուսն Իր աշակերտների ներկայությամբ ուրիշ բազմաթիվ հրաշքներ էլ կատարեց, որոնք գրված չեն այս գրքում: Իսկ այսքանը գրվեց, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծո Որդին, և որպեսզի Նրա հանդեպ ձեր ունեցած հավատի միջոցով հավիտենական կյանք ունենաք» (Հովհաննես 20:30-31):

Եվ իրոք, Ավետարաններում գրանցել բժշկության բոլոր հրաշքներն անհնար էր: Երկու ձկան և հինգ հացի բազմացման հրաշքի դրվագում ավետարանիչն ասում է, որ Հիսուս Քրիստոս առավոտից մինչև երեկո ժողովրդին ուսուցանում էր: Ոչ մի մանրամասնություն չկա, թե ինչ էր ուսուցանում:

Լճի մոտ, գետի ափին, նավակի մեջ, ճանապարհ գնալիս մեր Տերը ուսուցանում էր: Սակայն նորից՝ ոչ մի մանրամասնություն:

Նույնը կարելի է ասել Տիրոջ Հարությունից հետո ընկած ժամանակահատվածի համար: Հիսուս 40 օր աշակերտների հետ է անցկացրել, նրանց հետ խոսել Աստծո Արքայության մասին (Գործք Առաքելոց 1:3): Այս ուսուցումները գրառված չեն Սուրբ Գրքում:

Իսկ այժմ ամենակարևոր հարցը. արդյո՞ք կորել են Տիրոջ այն ուսուցումները, որոնք մանրակրկիտ չեն գրանցվել Սուրբ Գրքում: Մի՞գուցե դրանք հասել են մեզ: Բնականաբար դրանք հասել են մեզ: Իսկ ինչպե՞ս: Այն որ շատ իրողություններ, ուսուցումներ գրառված չեն Սուրբ Գրքում, չի նշանակում որ ավելորդ կամ անկարևոր են: Ակնհայտ է, որ այդ ուսուցումներն այնքան կարևոր են եղել, որ Տերն ավելորդ չի համարել այդ ամենն ուսուցանելու համար Հարությունից հետո հանդիպել աշակերտներին:

Հարցի միակ պատասխանը այն է, որ աշակերտներին Տիրոջ սովորեցրածը մեզ է հասել առաքելական Ավանդությամբ: Եկեղեցին գործարկել է այս ուսուցումները որպես կյանք, ճիշտ հասկանալով Տերունական խոսքերը. «…Այն խոսքերը, որ Ես ասացի ձեզ, գալիս են Աստծո Հոգուց և կյանք են տալիս» (Հովհաննես 6:63): Առաքյալները ճիշտ ընկալելով այս խոսքերի հոգին՝ կյանքի են վերածել՝ կիրառելով կյանքում, իսկ մեզ այն հասել է եկեղեցական կյանքի միջոցով:

Առաքելական վարդապետությունը, նմանապես, Ավանդությամբ է մեզ հասել:

Առաքյալները, անկասկած, ձևակերպել են եկեղեցու կառավարման սկզբունքները: Իսկ ո՞ւր են դրանք: Ամենայն հավանականությամբ առաքյալները գրավոր ուղերձներում հավատքի ընդհանրական և հիմնական սկզբունքների վրա էին իրենց ուշադրությունը կենտրոնացնում, իսկ եկեղեցու ղեկավարումը, Սուրբ Պատարագը և այլ արարողությունները գործնական հողի վրա էին կարգավորում: Մարդիկ այդ ամենը սովորում էին գործնականորեն, կյանքում, ոչ թե գրավոր ուղերձներից: Եվ քանի որ եկեղեցում ամեն ինչ համայնքի առաջ քարոզվում և կատարվում էր անմիջապես առաքյալներից սովորած պաշտոնյաների միջոցով, ուստի մշտապես մասնակցողների համար կարիք չկար գրավորի: Առաքյալները պարտավորում էին իրենց ստորադրյալներին պահպանել իրենց ավանդածները, իսկ հեռվից լրացնում էին իրենց ասածները կամ հիշեցնում գրով:

Պողոս առաքյալի կորնթացիներին ուղղած առաջին նամակում նկատում ենք վերոնշյալ մտքի հաստատումը. «… իսկ մնացածը կկարգավորեմ, երբ որ գամ» (Ա Կորնթացիներ 11:34): Ի՞նչ պետք է կարգավորեր, որի մասին գրավոր ոչինչ չենք գտնում: Ամենայն հավանականությամբ, այն մեզ է հասել բանավոր Ավանդության միջոցով:

Նրանք, ովքեր պնդում են, թե ամեն բան Սուրբ Գրքով պետք է ապացուցել, մոռանում են, որ առաքյալները ճշմարիտ վարդապետությունն առանց գրավոր Ավետարանների և ուղերձների են կյանքի կոչել և կիրառել եկեղեցում: Կիրակին Տիրոջ օր համարելը սրա վառ օրինակներից է: Միայն Սուրբ Գրքին վստահող և եկեղեցու Ավանդությունը մերժողները սուրբ են պահում կիրակի օրը և տառապաշտորեն չեն պնդում. «Հիշիր շաբաթ օրը, որպեսզի այն սուրբ պահես» պատվիրանը (Ելից 20:8, Բ Օրենք 5:12):

Որտեղի՞ց են նրանք սովորել կիրակին շաբաթվա փոխարեն սուրբ պահելը: Աստվածաշնչի՞ց, միգուցե՝ Ավանդությունի՞ց: Իհարկե, Ավանդությունից: Չէ՞ որ Սուրբ Գրքում չկա. «Հիշիր կիրակին, որպեսզի սուրբ պահես» պատվիրանը:

Կիրակին սուրբ պահելը առաքյալներն են կիրառել որպես եկեղեցական Ավանդություն, որը Հիսուս Քրիստոսն է սովորեցրել: Չնայած որ, Սուրբ Գրքում այս մասին հստակ գրառում չկա, այնուամենայնիվ, առաքյալների գործերում որոշ ակնարկներ կան այդ պատվիրանի գոյության վերաբերյալ:

Այսպիսով, Տիրոջ խոսքերը գրի չառնվելու պատճառով չէին կարող կորսվել: Առաքյալները պահել են դրանք իրենց մտքում և սրտում: Այնուհետև իրենց «բարի սրտի գանձարանից» (Ղուկաս 6:45) և սրբազան հիշողությունից եկեղեցուն են շնորհել Տերունական խոսքերը՝ որպես Ավանդություն:

Սրբազան Ավանդությունն արժեքավոր ժառանգություն է, այն ոչ թե մարդկային, այլ սուրբ Ավանդություն է: Եկեղեցին էլ սուրբ ավանդարան է, որտեղ հավատացյալը գտնում է այն բոլոր կարգերը, որոնք նրան դաստիարակում ու տանում են դեպի փրկություն:

Իսկ թե որքան մեծ տեղ է զբաղեցնում Սրբազան Ավանդությունը քրիստոնեական եկեղեցում. դա շատ պարզորոշ երևում է նաև առաքյալների խոսքերից: Պողոս առաքյալն ասում է. «Գովում եմ ձեզ, որ հիշում եք այն ամենը, ինչ սովորեցրի ձեզ, և դրանք պահում եք այնպես, ինչպես որ ձեզ ավանդեցի» (Ա Կորնթացիներ 11:2): «Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր քեզ վստահված ավանդը՝ հեռու մնալով շինծու ու դատարկ տեսություններից և կեղծ գիտության անունով կատարվող բանավեճերից» (Ա Տիմոթեոս 6:20): «Եվ ինչ որ սովորեցրի քեզ բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր դրանք այնպիսի վստահելի մարդկանց, որոնք կարող են ուրիշներին էլ սովորեցնել» (Բ Տիմոթեոս 2:2):

Հայ եկեղեցին հավատարիմ է մնացել առաքյալների պատվերներին՝ տալով Սուրբ Ավանդությանն իր արժանավոր տեղը, իհարկե, բարձր չդասելով այն Սուրբ Գրքից, այլ օգտվում է նրանից՝ Սուրբ Գրքին հավատարիմ մնալով: Նրա անշեղելի սկզբունքն է՝ երբեք չընդունել այնպիսի ավանդություն, որ հակասի Սուրբ Գրքի վարդապետությանը: Սուրբ Ներսես Շնորհալին, հաստատելով Եկեղեցու Ավանդության ճշմարտությունը, ասում է. «Աւանդութիւն Եկեղեցւոյ մերոյ, զոր ունիմք, ի վկայութենէ Աստուածաշունչ Գրոց հաստատեալ են» (Մեր Եկեղեցու ավանդությունը, որ ունենք, Աստվածաշունչ Գրքի վկայությամբ հաստատված է):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

24.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․