Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Փետրվարի 12-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված Սրբոց Վարդանանց զորավարների տոնին:

Ցերեկույթը կազմակերպվել էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողների կողմից: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և ԵՊՀ դասախոսներ, Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ:

Հանդիսությունը բացվեց Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը` ուրախություն հայտնելով, որ արդեն վեց տարի է, ինչ ճեմարանի և Պետական համալսարանի համատեղ ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ոգեկոչվում է Ավարայրի նահատակների հիշատակը: «Պատահական չէ, որ հենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ընտրվել իբրև միջոցառման վայր. այն ինքնին մի ներքին կապ է ստեղծում Ավարայրի խորհրդի և հայ ժողովրդի տեսլականի միջև: Մայր Աթոռն է այն արժեքների պահապանն ու սնուցողը, հանուն որոնց Վարդանանք հանձն առան իմացյալ մահը»,- իր խոսքում նշեց տեսուչ Սրբազանը:

Ներկաներին այս առիթով ողջունեց նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: «Հիրավի, այս տոնը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է. կա՞ արդյոք ավելի վեհ զգացում, քան ապագա հոգևորականին ու գիտնականին տեսնել կողք կողքի, կա՞ արդյոք ավելի հոգեպարար զգացում, քան այն, որ երիտասարդ սերունդն անթաքույց ակնածանքով է հիշում քաջ նախնյաց սրբազնագույն առաքելությունը», - նշեց նա իր խոսքում:

Վարդանանց սխրանքի պատմական նշանակության և հետագա դարերում նրա ունեցած ազդեցության մասին բանախոսություն ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս պատմական գիտությունների դոկտոր Արտակ Գնունին:

Հանդիսության ընթացքում Վարդանանց խորհուրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով և ասմունքով հանդես եկան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները:

Այնուհետև իր պատգամն ու օրհնությունը ներկաներին բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց, որ Վարդանանց 1036 վկաների հիշատակի տոնախմբությունը սոսկ հայ ժողովրդի պատմության մի իրադարձության` 451 թ. հերոսական ճակատամարտի մեծարումը չէ, այլ նպատակ է հետապնդում ոգեշնչելու և ուսուցանելու` ապրել Վարդանանց ոգով և առաջնորդվել նրանց հռչակած գաղափարներով: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Ավարայրի դաշտում ցուցադրված հայրենասիրության ու քրիստոսասիրության այդ ոգով դաստիարակվել են սերունդներ, կերտվել է Վարդանանց քաջ զավակները լինելու գիտակցությունը: «Այսօր նորովի է մեզ ներկայանում Վարդանանց խորհուրդը, երբ մենք ապրում ենք և՛ պատերազմի, և՛ խաղաղության մեջ: Մեր սահմանների վրա մարտնչում են մեր զավակները` պաշտպանելու համար հայրենին` մեր սուրբ և աստվածակոխ երկիրը, ուր Աստվածորդին` Քրիստոս է իջել, և որտեղից մշտահունչ, անդադրում կերպով աղոթք է բարձրացել առ Աստված: Այդ աղոթքով թրծվել է մեր ժողովրդի կյանքը, անպարտելի ու հաղթական դարձրել նրան բոլոր տեսակի փորձությունների, վտանգների ու արհավիրքների դիմաց: Այսօր մենք նաև խաղաղության մեջ ենք ապրում: Եվ եթե պատերազմի մեջ մեզ պիտի առաջնորդի Վարդանանց` «Մահ իմացյալ անմահություն է» գաղափարականը, ապա խաղաղ պայմաններում` «Կյանք իմացյալ անմահություն է» կարգախոսը: Պետք է մեր կյանքն ապրենք բարոյականի վրա խարսխված այնպիսի արժեքներով, որպեսզի այդ կյանքն ապահովի մեր անմահությունը` յուրաքանչյուրինս առանձնաբար և ազգինը` ամբողջապես», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը հորդորեց, որ դեռևս տարիներ առաջ բարի գործի և ազգային տուրքի օր հռչակված Ս. Վարդանանց տոնին յուրաքանչյուր հայորդի Հայրենիքի համար իր հնարավորությունների և կարողությունների սահմաններում բարի գործ կատարի: «Վարդանանց ոգով մենք ի զորու ենք հրաշքներ գործել: Վարդանանց ոգու փայլատակումով այդպիսի հրաշք արձանագրվեց և՛ Սարդարապատում, և՛ Արցախում: Այդ ոգին կարող է մեզ առաջնորդել հրաշագործության և ներկայիս մեր կյանքում: Եթե մենք այսօր մեր անձերի մեջ Վարդանանց ոգու կրողը լինենք, չենք ապրի հուսահատություն, հանձնառությամբ և արիությամբ կառչած կմնանք մեր հայրենի սուրբ հողին, կհաղթահարենք մեր կյանքի բոլոր դժվարությունները ու կկերտենք մեր ժողովրդի լուսավոր, բարօր ապագան այն հավատքով, նվիրումով ու սիրով, որ ունեին Վարդանանք», - հավելեց Վեհափառ Հայրապետը:

Խոսքի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր շնորհավորանքները փոխանցեց Վարդանանց հերոսների անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Ս. Վարդանանց բարեխոսությամբ ապրեն երջանկության ու խաղաղության մեջ և Աստծու օրհնությունը միշտ հովանի լինի նրանց վրա:

12.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․