28 Դեկտեմբեր, Շբ
Ամբարիշտ Մաքսիմիանոսը ստանձնելով Հռոմի թագավորական իշխանությունը` օր-օրի բորբոքվելով չարասեր բանսարկուից, ահագին որոտով ու դժնդակ սպառնալիքներով հոխորտալով հալածանք էր հարուցում Աստծու եկեղեցու դեմ. մտադրվեց կորստյան մատնել և մեջտեղից վերացնել Նրա անվան բոլոր հավատացյալներին: Չարությունը նաև իր համախոհներից էր, և ավելանում էր աստվածամարտությունը: Բոլոր քաղաքներն ու գավառները սրանց հարուցած ծովածուփ մրրիկով բռնված` ընկղմվում ու կործանվում էին:
Արդ, ո՞վ կարող է համարժեք խոսքով պատմել այն ժամանակի նավակոծությունների վրդովմունքն ու խռովքը, որ խավար մեգով ու մառախլապատ ամպերով պարուրում էին Աստծու երկյուղածներին: Խռովվում էին քաղաքները, դղրդում` գյուղերն ու ավանները, և նրանց, որ բարեպաշտ էին` բռնում էին անաստված դահիճները և անմիջապես կապանքներով տանում էին ատյան: Նրանցից ովքեր համաձայնում էին ուրանալ վսեմ և իսկապես ճշմարիտ հավատքը` ճշմարտության դիմաց պարգև էին ստանում սնոտի այս կյանքի բարիքներ, մեծամեծ պատիվներ: Իսկ ովքեր նախընտրում էին արդարության հետևել, համբերությամբ հանձն էին առնում բոլոր տանջանքներն ու չարչարանքները, մնալով հաստատուն և անշեղ հավատքով բարեպաշտ և մինչև վերջ` աստվածպաշտության սիրով, նրանց համար պատրաստ էին ծանր պատիժներ, չարաչար ու դառն տանջանքներով անարգ մահ և ամեն տեսակ դաժան պատուհասներ:
Այդ ժամանակ Քրիստոսի անարատ գառը, կապադովկացիների շառավիղը, Քրիստոսի մեծ վկա Ակակիոսը, Փլաբիոս հազարապետին ենթակա ընտիր զինվորական դասից էր և թագավորներից իր արիական առաջադիմության համար պարգևներ ու պատիվներ էր ստանում: Նույն այդ ժամանակ, այն անմաքուր աղանդները եկան այն զորամասը հասան, ուր ծառայում էր սուրբ վկան:
Այնժամ հրամայեց զորապետն իրեն ենթակա բոլոր զինվորներին` ներկայանալ հանդեսի, որ իմանա յուրաքանչյուրի կրոնը: Եվ շատերը մահվան երկյուղից` հետևող եղան ամբարշտության, ուրացան ճշմարտությունը, զրկվեցին կյանքի լույսից: Իսկ ոմանք թաքուն պահում էին իրենց հոգում սուրբ հավատքը:
Այնուհետև առաջ բերին Քրիստոսի արիագույն նահատակին և համագոյ Երրորդության դավանողին: Հազարապետը հարցրեց նրա հավատքի մասին, թե ո՞ր պաշտամունքին է հաղորդ ու հավան: Սուրբ վկան չերկնչելով, համարձակ առաջ եկավ և քաղցր ձայնով ասաց. «Քրիստոնյա եմ և ծառա բարձրյալ Աստծու` երկինքն ու երկիրը և նրանց մեջ եղածն արարողի»:
Այնժամ դատավորը մեծ զայրույթով ու բարկությամբ լցված և խեթ նայելով նրան` ասաց. «Ո՞րտեղից կամ ումից ես լսել այդպիսի բան ու բարբառում ես, ա՜յ չարագլուխ այր: Կամ ո՞վ է այն Քրիստոսը, որի անունը հանդգնեցիր իմ առջև հիշել քո բերանով: Շուտ պատասխանիր ինձ մեկ առ մեկ դատարանի առջև: Երդվում եմ բոլոր աստվածներով, որ այդ խոսքիդ համար չեմ խնայի այդ գեղեցիկ, երիտասարդ հասակդ»:
Սուրբ Ակակիոսը պատասխանում է նրան. «Եթե ամբարշտության խորին և խավար մեգով պարուրված չլինեիր` միգուցե քեզ ցույց տայի իմ Քրիստոսին, որպես Աստծու, Տիրոջ և Թագավորի, երևելիների ու աներևույթների արարչի»:
Այս առթիվ դատավորն ասում է. «Քեզ տեսնում եմ ամբողջապես գեղեցիկ ու վայելուչ հասակով` այդ պատճառով խանդաղատում եմ: Այժմ երկար դատարկաբանություններիցդ հրաժարվելով` սուղ և սակավ խոսքերով ասում եմ քեզ. լսիր ինձ և մոտեցիր, զոհ մատուցիր աստվածներին, երանելի եղիր երկրի վրա և ինքնակալից պարգևներ կստանաս»:
Սուրբ Ակակիոսն ասում է. «Հրամայում ես ո՞ր աստվածներին զոհ մատուցել»: Հազարապետն ասում է. «Նրանց, ում պաշտում են ինքնակալները և բոլոր նրանց հնազանդվողները»,- և իր ձեռքով ցույց էր տալիս աստվածներին, որ իր շուրջն էին, և ասում էր. «Սրանք են, որ աշխարհին խաղաղություն և շինություն են շնորհում, որոնց եթե զոհ չմատուցես և ինքնակալի հրամանը չկատարես` քեզ կմատնեմ չարաչար և անիմանալի տանջանքի, և չկա այլ աստված, որ կարող լինի քեզ ազատել իմ ձեռքից»:
Պատասխանում է սուրբ վկան և ասում հազարապետին. «Իմ Աստվածը կարող է ոչ միայն ինձ փրկել քո ձեռքից, այլև սատկեցնել նրանց, որ դու աստվածներ ես անվանում, և քեզ նրանց սին հույսից դուրս կորզել և իր ճշմարիտ գիտությամբ քո սրտի կամքը իր մոտ բարձրացնել»:
Հազարապետը դարձյալ ասում է նրան. «Երդվում եմ բոլոր աստվածներով և ինքնակալի բախտով, որ եթե ինքնակալի կամքի համաձայն չպատասխանես կամ անմահ աստվածներին երկրպագության զոհ չմատուցես` քեզ չարաչար և դառն պատուհաս կլինի»:
Սուրբ Ակակիոսն ասում է. «Ուղիղ լսիր ինձ, ո՛վ դատավոր, որ երբեք զոհ չեմ մատուցի անշունչ դևերին, խուլ և կույր մեռած կուռքերին, քանի որ գրված է` «Աստվածները, որ երկինքն ու երկիրը չեն ստեղծել` կկորչեն երկնքի ներքո» (Երեմ. Ժ. 11),- ու դարձյալ` «Երկրպագիր քո Տեր Աստծուն և միայն Նրան պաշտիր» (Բ Օր. Զ. 13):
Այնժամ հազարապետն ասում է նրան. «Ո՛վ Ակակիոս, դու հանդուգն մեկն ես երևում և ճոռոմախոս, և այդ հասակիդ վայել չէ ընթանալ ամբարտավան և սնոտի բաներ խոսելու ճանապարհով. չգիտե՞ս, որ իշխանի հետ ես խոսում, մանավանդ քո գլխին իշխանություն ունեցողի, լինելով մեկը նրանցից, որ իմ ձեռքն են ընկել»:
Սուրբն ասում է. «Ո՛վ դատավոր, տգետ չեմ և անտեղյակ այդ ամենին, այլ սովորել եմ բարեպաշտ ապրել, և Քրիստոս ինձ համարձակություն ու համբերություն շնորհեց հաղթելու քեզ և քո հայր սատանային: Որովհետև Նրա ձայնի զորությունը սասանեց բանսարկուի ամրոցները և խորտակեց մահու բռնությունը»:
Այնժամ հազարապետը հրամայեց զինվորներին իսկույն թողնել նրա տանջանքները և մտածում էր հորդորիչ խոսքով համոզել նրան և գցել կորստյան խորխորատ: Եվ իր մոտ կանչելով սուրբ վկային` խոսում է համոզկեր և հաճելի խոսքերով և ասում. «Լսի՛ր ինձ, քո հորը, ո՛վ Ակակիոս, ինքնակալի քաջ և անպարտելի զինվոր, զոհ մատուցիր անմահ աստվածներին, և քեզ կդարձնեմ իմ աթոռակիցը և բազում ունեցվածք ու ինչք կպարգևեմ քեզ, և կլինես ինքնակալի բարեկամներից առաջինը: Եթե չլսես ինձ և չհպատակվես հռովմեացվոց օրենքներին և թագավորի հրամանին` ավելի կարծր և դառն կապանքներով քեզ կուղարկեմ եթովպացոց Բիբիանոս իշխանի մոտ, որ ամենիմաստ է ու հանճարեղ, հռչակավոր ու պերճախոս, որ և անշունչ արձաններին կարող է ուղղության բերել, և քեզ հնար չի լինի ճողոպրել նրա ձեռքից: Արդ խղճա քեզ, մի՛ ընկնիր նրա անաչառ դատաստանի տակ»: Սրան պատասխանեց սուրբ վկան և ա սաց. «Ինձ համար միևնույն է քեզնից, թե Բիբիանոսից սպանվելը, քանի որ թե դու, թե նա կտանջեք ինձ` ինձ նույն վախճանն է սպասում: Որովհետև երկուսիդ կամքը նույնն է` տանջել և սպանել բարեպաշտություն խորհողներին և իմ անմահ Աստծուն խոստովանողներին»:
Արդ, երբ դատավորը տեսավ Քրիստոսի վկայի անխախտ հավատը, մտքում տարակուսեց, պատշաճ համարեց նրան ուղարկել իշխան Բիբիանոսի մոտ, նրան գրելով նամակ այս բովանդակությամբ. «Զինվորական դասապետ Փլաբիանոսից մեծափափագ խաղաղությամբ և ըղձալի սիրով ողջույն:
Լիովին գիտենալով մեր բարեհաղթ թագավորների բարեպաշտությունը աստվածների հանդեպ և նրանց հաճույքը կատարողներին խնամ տանելու հոժար կամքը, նաև քրիստոնյաների դժվարահաճ չարախոսությունները, որ բնավ սովոր չեն հավանելու հորդորական խոսքի, կամ խաբվելու պարգևներով և կամ գնալու ինքնակալի մեծարական պատիվների. ուստի նրանց պետք է տանջանքների ենթարկել: Բայց մենք չունենալով համարձակություն այդ բանին, դրան հանձնեցինք քո անպարտելի և ահեղ դատաստանին: Դա այս զինվորներից մեկն է, որ իմ ձեռքի տակ են: Նրան մենք ճշտությամբ ուսումնասիրեցինք, գտանք, որ Գալիլիացոց աղանդի հետևորդ է: Եվ բազում համոզման աղաչանք և տանջանքի սպառնալիք լսեց մեզնից, որ աստվածների բարեպաշտության ընտանի դառնա, բայց արհամարհեց նրանց փառքի զորությունը, որոնք նրա աչքին բրուտի անոթ թվացին: Իսկ մենք դրան երևացինք իբրև մեռելների ականջին խոսող:
Արդ, դրան, որ հավան է ամբարիշտ կրոնի և չհրաժարվեց սնոտիքներից, ուղարկեցի քեզ մոտ կապանքով ու անարգությամբ, որպեսզի դրան դատարանի հարվածների ենթարկես և խելամիտ դարձնես` պաշտելու աստվածներին և ընծայաբեր լինելու զոհերով ու ձոնմամբ: Ուրիշ ինչ պատշաճ կհամարես` կանես դրան, հետևելով ինքնակալի հրամանին: Ո՛ղջ եղիր»:
Զինվորները վերցրին նամակը և Քրիստոսի մեծ վկա Ակակիոսին` չարաչար կապանքներով, ճանապարհվեցին, հասան Եթովպիա` Բիբիանոս դատավորի մոտ: Ներկայացան իշխանին, մատուցեցին Փլաբիանոս հազարապետի նամակը և երանյալ սուրբ վկա Ակակիոսին:
Երբ կարդացին գիրը իշխանի առջև, և [նա] քննեց եղած բոլոր բաներն ու գործերը, այնժամ հրամայեց բանտ նետել նրան և զգուշությամբ պահել մինչև հաջորդ օրը: Եվ իսկույն հրամայեց ազդարարել քաղաքում և շրջակա բոլոր բնակիչներին, որ բոլորը հավաքվեն տեսնելու [դատաստանը]:
Եվ առավոտյան այգաբացին ինքը ելավ, հրամայեց կազմել շատ բարձր հարթակ թատրոնի մեջ: Եվ հավաքեցին բազմամբոխ ժողովրդին ամպի նման, որ մրրիկն է բերում:
Եվ Բիբիանոս իշխանը բազմաշուք ճոխությամբ բեմին նստած` հրամայում է բերել երանելի Ակակիոսին և կանգնեցնել իր առջև: Եվ հրամայում է հանրության առջև նորից կարդալ Փլաբիանոսի դատավճռի թուղթը: Այնժամ Բիբիանոս դատավորը խոժոռադեմ և սպառնալի ցասումով նայելով սրբին` ասում է նրան. «Դո՞ւ ես խաչյալ Քրիստոսի վկա Ակակիոսը»: Եվ սուրբ վկան ասում է. «Ես եմ ճշմարիտ Աստված Քրիստոսի ծառան, Նրան հավատացողները ամոթով չեն լինում»: Դատավորն ասում է սուրբ վկային. «Ինչո՞ւ կաս և մնում ես նույն համառությանդ և այդ սնոտի անունը քեզ օգնության ես կանչում, որն իր անձը չկարողացավ փրկել մահվանից, այլ նաև բազում մարդկանց մահվան պատճառ եղավ: Բայց թեպետ ավելի առաջ չզգացիր և չուղղվեցիր, գոնե այժմ լսիր ինձ և հեռացիր այն սնոտի հույսից, զոհ մատուցիր աստվածներին և փրկվիր տանջանքներից»:
Պատասխանեց արիագույն նահատակը և ասում է. «Թեպետ շատ ուզեմ` անկարող եմ փախչել վաղանցուկ այս մահից, որովհետև բնությունս պահանջում է հատուցել հայրերի նույն պարտքը` լինելով մարդ: Մինչդեռ պետք է այս ապականացու մարմնով և անցավոր կյանքով ձեռք բերել մշտնջենական, հավիտենական և անապական կյանքը, որ աչք չի տեսել և ականջ չի լսել և մարդու սիրտ չի ընկել, որ Աստված պատրաստեց իր սիրելիներին, և որին ես այժմ սպասելով ակնկալում եմ լինել ժառանգորդ: Այլև շատ շնորհակալ կլինեմ քեզնից` եթե նպաստես ինձ ստանալու հաղթանակի վերին բրաբիոն, [որ] արագ հասնեմ անսուտ խոստումների նավահանգիստ և հավիտենական կյանքի անսպառ բարիքներին»:
Այս խոսքերից մեծ ցասումով ու անհնարին որոտմամբ սպառնալիքներով լցվեց անօրեն իշխան Բիբիանոսը, հրամայեց տանջանքով ընդհատել նրա բերանի խոսքը: Եվ զինվորները մերկացրին երանելիին, գետնատարած քառակողմ ամրացած, պատրաստված տանջանքի գործիքներով և լարերով ուժգին քաշում էին ոտքերի և ձեռքերի հոդերը ու կարծր արջառաջիղով հարվածում էին թիկունքին ու որովայնին: Ու մինչդեռ ծեծում էին նրան, դատավորը ձայնեց նրան ու ասաց. «Ո՛վ Ակակիոս, քաջ զինվոր ինքնակալի, միայն ասա` Զոհում եմ, և նույն պահին կազատվես տանջանքից»:
Այս լսեց սուրբը` քամահրանքով ծիծաղեց անօրեն դատավորի չար խոսքերի վրա և ասաց. «Ո՛վ դատավոր, բնավ չեմ հանձն առնի ուրանալ մեկ Աստծուն, կենդանիին ու ճշմարտին, որ կարող է ամեն ինչ ապրեցնել ու կորստյան մատնել: Արդ, եթե քեզ հեշտ է թվում մարդկանց վերափոխել և որևէ բան այլակերպել, նույնպես և սպասելի կլինի միգուցե, որ ես ակն լինեմ, որովհետև ես նույն Ակակիոսը լինելով` ինչպես այժմ` չեմ փոխի իմ խոսքը և չեմ հրաժարվի ինձ գոյացնողից ու ստեղծողից, որ մարդկանց պարտքի համար մարմնով կրեց այն բոլոր տանջանքները, բացի մեղքից, և կամովին եկավ խաչի ու մահվան չարչարանքի»:
Դատավորն ասում է նրան. «Կարծես աղաչական և հաճելի բաներ էինք ասում քեզ, ո՛վ Ակակիոս, բայց դրանով չէիր շեղվում քո հավատի խոստովանությունից, այլ կայիր ու մնացիր նույն բանին, հոգ տանելով քրիստոնեության»: Եվ դառնալով դահիճներին` ուժգին շեշտով ասում է. «Արագացրեք և ավելի շատ հասցրեք դրան տանջանքներ, որ հալածանքի դառնությունից մորմոքած` իրիկնադեմին հրաժարվի իր ցնդաբանությունից»:
Եվ սուրբ վկայի մարմինն այնուհետև տանջանքի սաստկությունից բզկտվեց ու քայքայվեց, բայց հոգով ամրացած էր վերին զորությունից և զվարթանում էր Քրիստոսի սիրո ջերմությունից և անընդհատ բորբոքվում էր բարեպաշտության: Ու մինչդեռ արագորեն վկայի մարմնի վրա ուժեղանում էին տանջանքի հարվածները, այնժամ դատավոր Բիբիանոսն սկսեց խոսել, ասես խաղալով. «Չզգացի՞ր տանջանքը, ո՛վ Ակակիոս, և չտեսա՞ր անմահ աստվածների զորության չափը, և գոնե այժմ չվախեցա՞ր քաջարի ինքնակալների հրամանից»:
Պատասխանեց սուրբ վկան և ասում է. «Այդ ամենը չզգացի և երբեք չեմ զգա, բայց գիտեմ, որ դու գիտակցեցիր քո ախտալից տկարությունը, և քանի որ չկարողացար շրջել իմ միտքը ավանդների բարեպաշտությունից, ինձ տանելու քո գարշելի ու ամբարիշտ խոսքերի ետևից և չի լինի քանի կենդանի լինելով այս մարմնի մեջ եմ»: Ու մինչդեռ Քրիստոսի երանելի վկան այս էր ասում, դահիճները միմյանց հերթափոխելով ծեծում էին, նրան ավելի ծանր ցավ պատճառելով, իսկ նա աղաղակում էր ու ասում. «Հավիտենական անսկիզբ Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, նայիր երկնքից` Քո բնակատեղից և ինձ փրկիր որսացողների որոգայթից, զի Դու ես իմ համբերությունն ու հույսը նեղության ժամին: Զորացրու տկարությունս և համբերություն տուր անձիս, որ հաստատուն և անշարժ մնամ քեզ խոստովանելով և արժանի լինեմ բոլոր սրբերի և քո սուրբ անվան սիրելիների հետ ժառանգելու խոստացված պարգևները. և քեզ փառք հավիտյանս»:
Երբ դատավորը տեսավ սուրբ վկայի անփոփոխելի և հաստատուն միտքը, որով արհամարհում էր իրեն պատճառվող չարչարանքների վիշտը, անօրենը տարակուսած վարանում էր մտքում, հրամայում անօրեն դահիճներին` նրան թողնել բանտում: Այնժամ զինվորներն առան Քրիստոսի սուրբ վկային` դատավորի հրամանով, նրան բանտի արգելանոց տարան: Եվ նա բերկրալի ցնծությամբ ու անպատում ուրախությամբ հետևում էր նրանց: Երբ սուրբն անցնում էր քաղաքի փողոցով` կապանքներով ու գանահարումից վիրավորված անդամներով, բարձրաձայն աղաղակում էր արիաբար` ի լուր ամբողջ բազմության և ասում. «Ովքեր տեսնում եք Քրիստոսի նահատակների վերքերը` ուշք դարձրեք դրանց փոխարեն սպասվող ձիրքերին, թե ո՛րքան և ինչպիսի պատրաստված ու ամբարած բարիքներ են պահվում նրանց համար անսպառելի հավերժին, անմահ Թագավորից` հանուն նրա չարչարվողներին, որ մտքին հասնելի չէ, խոսքով` ճառելի: Ուստի Նրա համար չարչարվելս ավելի ու ավելի քաղցր է, քան աշխարհի երևելի մեծությունների բոլոր բարությունները»:
Եվ փրկական բարբառի այս քաղցրահնչյուն ձայներից հուզվում էր քաղաքի ամբողջ բազմությունը ամեն տեղից` սուրբ վկայի ետևից մինչև բանտի դուռը, նրանից լսում էին կյանքի խոսքը: Եվ նա չէր դադարում անփակ բերանով և անհանգիստ բարբառով հավատի արդար սերմերը տարածել բազմության ականջին, մինչև որ տարան-մտցրին խավարչտին բանտի արգելարանը` կապած ոտքերով ու շղթաներով: Եվ փակեցին բանտի դռներն ու կնքեցին իշխանի մատանիով: Եվ նա մնալով բանտում` բազում ուրախությամբ ու ցնծությամբ, անհագաբար գոհություն ու օրհնություն էր առաքում երկինք` Ամենատիրոջը:
Այնժամ երկնքի բարձրությունից գալիս-հասնում էր նրան զորացուցիչ Քրիստոս և իր անճառելի ճառագայթներով լուսավորում էր խավարի մթության խորքերը, և նրան առաքելով աստվածային ձայնը` անպարտելի վկային հրամայում էր արիանալ և հաստատ մնալ երանավետ կոչումին, ասելով. «Քեզ հետ եմ, և միշտ էի, և կլինեմ անբաժան մինչև վերջ: Արդ, մի՛ վհատիր, այլ համբերիր քաջաբար, որ արժանի լինես ժառանգելու մշտնջենական հանգիստ Իմ արքայության մեջ, որ Ես և Իմ Հայրը պատրաստեցինք քեզ»: Այսպիսի խոսքերից խրախուսված զվարճանում էր սուրբ վկան: Եվ նույն պահին երևում էր հրեշտակների գունդը նրա շուրջը` երգակցելու նրա գիշերային պաշտամունքին, իսկ երբեմն ուրախակից լինելով նրան, և զվարթացած քաջալերում էին նրան, զորացնելով նահատակության հանդեսի առաջիկա մրցման համար: Իսկ սուրբ զվարթուններից ոմանք բժշկի կերպարանքով երևալով` բուժում էին ցավոտ վերքերը, ինչ-որ սպեղանի դնում քրքրված մարմնի վրա, և բազում օրեր անբաժան էր նրանից անմահների բանակը և նրա մարմինը ողջանդամ ու անարատ էին դարձնում:
Իսկ երբ անօրեն իշխանն իմացավ, որ դեռ կենդանի է Քրիստոսի սուրբ վկան, հրամայեց զինվորներին նրան տանել դատական ատյան: Ու երբ նրան տարան կանգնեցրին բեմի առջև, ուր նստած էր իշխանը, նայելով զարմանում էր նրա մարմնի վերքերի արագագույն բուժմամբ, և հեզություն կեղծելով` հնար էր փնտրում խորամանկությամբ փոխել միտքը բարեպաշտության ավանդներից, ասելով. «Բոլոր աստվածները գիտեն, ո՛վ Ակակիոս, որ շատ զարմացած, զարհուրած եմ` մտածելով թե ինչու հասակի այդպիսի բարեվայելուչ գեղեցկություն և արիական քաջություն [ունենալով], զինվորական կարգ, իմաստուն խոհեմություն ցուցաբերելով, հայտնապես կամահորդոր մտքով նախընտրում ես մեռնել չարագործի մահով և զրկվել այս աշխարհիս քաղցր լույսից: Շատ եմ գովում քո հաստատուն և անփոփոխելի միտքն ու արիական մրցումը: Բայց առավել գովելի կլիներ, եթե աշխատությանդ այդպիսի ջանքը ուղղված լինեին ինքնակալի թշնամիների դեմ: Իսկ երկաթի և հրի, գազանների ու վեմերի դեմ կռվելը հույժ հիմար գործ է և ոչ ազատ մոլորությունից: Այժմ չե՞ս տեսնում, թե որքան նվազել է քո ազնվական զորությունը, և նույնիսկ մարմինդ թառամել է, թուլացել են անդամներիդ հոդերը, դժգունել ես երիտասարդությանդ գեղեցիկ բարեվայելչությունից: Արդ հույժ ողորմում և խանդաղատում եմ մանկական հասակիդ վրա, և մանավանդ սիրում եմ քաջ և պինդ հաստատությունդ: Եվ եթե ինձ լսես և հավանես իմ խոսքին` մեծ բարիքի ու պարգևների առիթ կլինի քեզ: Եվ կգրեմ ինքնակալին, որ քեզ դատավորական իշխանության բարձրագույն պատիվ տա, և կլինես աշխարհումս երևելի և մերձավոր ու բարեկամ անմահ աստվածներին»: Այսպիսի խորամանկ խորագիտությամբ [իշխանը] կամենում էր դավաճանության մղել Քրիստոսի սուրբ վկային և թուլացնել արիական հանդեսների ժրությունը:
Սրանց պատասխանում է սուրբ վկան և ասում. «Մի՛ փորձիր խոսքի դառն մեքենայությամբ խաբել ինձ և կորստյան խորխորատը նետել, պոկելով ինձ Քրիստոսի հավատի բարձրությունից և զրկելով ինձ մեր Փրկիչ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի կենսաբեր ավետարանի քարոզությունից: Որի համար ասում եմ քեզ, ո՛վ դատավոր, որ չես կարող սնոտի ու չարիմաց խոսքերովդ խաբել և զրկել ինձ Քրիստոսի սիրուց և տարագրել երկնավոր Հոր որդեգրությունից: Այժմ ինչ անելու ես` շուտ արա, որովհետև շտապում եմ ելնել այս մարմնից և մտնել Աստծու մոտ, որին կարոտել եմ: Եվ պատրաստ եմ քո բոլոր տանջանքներին` սրի, հրի, քարկոծման, քերանքի, անդամների հոշման, գազանակուր լինելու, ամեն չարահնար ճիգով չարչարվելու` ինչ որ կամենաս անել ինձ: Մի՛ հապաղիր, որովհետև ես չեմ հնազանդվի քո անօրեն թագավորներին, որ աղտեղության զոհ մատուցեմ նրանց դիվաձույլ և ապականությամբ կերտված աստվածների պատկերներին: Պարսպել եմ հոգիս իմ Աստծու` հավիտենից անմահ Թագավորի ամենակալ զորությամբ, և չարանախանձ բանսարկուն չի կարող իբրև մի աղախնի գերի տանել ինձ անգյուտ կորստյան»:
Երբ այս ամենը և սրանց նման [բաներ] խոսեց սուրբ վկան, ամենապիղծ Բիբիանոս իշխանը խորամանկ կեղծավորությունը իսկույն թողեց և չարաբանությամբ ու զայրույթով լցվեց վերստին և անողորմությամբ հրամայեց, ասում են, անօրեն դահիճներին` կապարե գնդերով խցել Քրիստոսի սուրբ վկայի բերանը և այնչափ սաստկացնել տանջանքի հարվածները, մինչև նրա ատամների թափվելը և նրա բերանի մսուրը ջարդելը: Եվ միանգամայն բորբոքված նրա դեմ` դատավորը ատենական ամբողջ խառնիճաղանջ բազմության հետ ասում էր. «Ո՛վ եղկելի և հիմար մտքերով արբած Ակակիոս, մի՛ խոսիր խաչված Քրիստոսից և Նրա անունը հիշելով մի՛ տաղտկացնիր իմ լսելիքը»: Իսկ սուրբ նահատակ Ակակիոսը, լինելով այդպիսի տանջանքների մեջ, ավելացնում էր իր պատուհասների պատճառները, նրան թշվառական և դևերի բնակարան, բանսարկուի բոլոր չարիքների շտեմարան կոչելով: «Իսկապես քո ականջների ամենապիղծ լսելիքը չեն կարող ընդունել իմ Աստծու ահավոր ու սարսափելի անունը, Նրա, ում ահավոր հրամանի ձայնը դողացնում է երկինքն ու երկիրը»:
Այս առթիվ դարձյալ ասում է իշխանը վկային. «Ես կամեցա, որ ավելի ողջախոհ լինես և ազատվես առաջիկա տանջանքներից, նաև քեզ հաղորդակից դարձրի իմաստության, և ինչպես պարտ ու պատշաճ էր, ցուցաբերելով մարդասիրություն, քեզ համոզեցի, խանդաղատելով քո պատանեկան գեղեցկությանը, բայց քանի որ դու ավելի ձգտում ես հաղթել ինձ, այսուհետև իսկույն քեզ ցույց կտամ քո Քրիստոսի զորությունը, և կճանաչես, թե ով է Բիբիանոս իշխանը և ո՛վ Ակակիոսը: Փորձով քեզ ցույց կտամ, որ քեզ բնավ չի կարող օգնել Քրիստոս, որին հուսացել ես»:
Այդտեղ երանելի վկան լցվելով աստվածային հոգով` Պողոսի հետ գոչում էր, ասելով. «Չգիտենք երևելիներին, այլ` աներևույթներին, որովհետև երևելիները ժամանակավոր են, իսկ աներևույթները հավիտենական: Թեպետ մեր շինվածքի ժամանակավոր տաճարը կքանդվի, երկնքում ունենք Աստծու կառուցած անձեռակերտ հավիտենական տաճար (Բ. Կորնթ. Դ.18-Ե1-3): Եվ սուրբը երկնքից կայցելի և ցույց կտա, որ սնոտի և ունայն է քեզնից ինձ հասած տանջանքը, և անվթար ու անարատ կպահի ինձ, Նրա սուրբ անվան խոստովանությամբ»:
Սուրբն այսպես պատասխանեց դատավորին, շարժելով նրա բարկության անհնարին ցասումը: Դատավորը դառնալով իր շուրջը եղողներին, ասում է. «Քանի որ Ակակիոսը այս բռնամահը և չարաչար պատահմունքը, նաև առաջին տանջանքներից ավելին է ուզում, որ գա իր վրա, որպեսզի փոխարենը մեծ վարձքի ժառանգորդ լինի, որին շուտ հասնելու ակնկալություն ունի, որ և իրեն փառք է համարում, հիմա թող նորից տարածվի գետնին, և նրա մարմինը ճարակեն տանջանքի բոլոր գործիքները, և դրա շուրջը լինի ժողովրդի ու զինվորների բազմություն, որ և տանջանքը ուժգին լինի, միգուցե առավելագույն շնորհներ կխոստովանի մեզ, որ սրան ավելի շատ այսպիսի բարությունների պատճառ են լինում»:
Անօրեն իշխան Բիբիանոսը սրանք հեգնանքով ասաց, և դահիճների բազմությունը լինելով նրա շուրջը, սրբին քառակողմ պրկումով փռեցին գետնին և հաստ արջառաջիղով գազանաբար խփում էին անխնա` որովայնին ու թիկունքին: Իսկ Քրիստոսի երանելի քաջ նահատակը, ի սեր իր արարիչ Հիսուսի, բոլոր չարաչար տանջանքները արհամարհում էր:
Այնժամ դատավոր Բիբիանոսը ձայն տալով ասում է նրան. «Ո՛վ Ակակիոս, զոհ մատուցիր աստվածներին»: Իսկ բարեհաղթ վկան անտեսում էր նրա խոսքերը և արժանի չէր համարում պատասխանել, այլ միայն քաղցր ու հեզ ասում էր. «Ժամանակիս չարչարանքը ոչինչ է հանդերձյալ փառքի դիմաց, որ հայտնվելու է»:
Արդ, ի՞նչ խոսքերով կամ լեզվով և ով կարող է պատմել սուրբ վկայի քաջ համարձակությունը, որ եղավ այնժամ, որ տանջվում ու համբերում էր հույսի համար` խոցոտված սրով, և հանդուրժում էր, շրջապատված գործիքներով, քամահրանքով ծիծաղում էր: Մատաղ բնությամբ դիմակայելով խստագույն տանջանքներին, քերանքի անողորմ լլկանքով փռված էր գետին, և հոգու ուղղությամբ անդրդվելի էր, այլև հրճվում էր ու ցնծում, մանավանդ Տիրոջ չարչարանքներով:
Գոչում էր բարձրաձայն և ասում. «Ավելացրու, ո՛վ բռնավոր, նաև ուրիշ տանջամիջոցներ, որովհետև ես պատրաստ եմ հրի և սրի, և վայրի գազանների և ավելի պատրաստ. ողջությունը չեմ սիրում ավելի, քան իմ արարչին, չեմ ուզում փառքը ապականացու: Ինձ համար հանգիստ է հոդերիս քակտումը. քո բանտերը պատրաստած են ինձ որպես փափկության դրախտ, որին ձգտել եմ»:
Նախարարներից մեկը, որ իշխանի մոտ էր, իբր շնորհ անելով սրբին, մոտեցավ նրա ականջին և ասաց այսպես. «Ի՞նչ ես շահելու, ո՛վ խղճալի, և ինչ ես մտադիր, չէ՞ որ երբ մարմինդ վատնվի ամբողջովին և հասնես վերջին շնչին, այնժամ կիմանաս պատշաճը, որից ոչ մի օգուտ չունես: Արդ քանի դեռ հնար ունես կենդանի մնալու, լսիր իմ խորհուրդը, հրաժարվիր և փոխիր քո միտքը այն սնոտի հույսից, հնազանդվիր մեր աստվածներին, և կարժանանաս մեծամեծ պարգևների: Չե՞ս տեսնում իշխանի ներողամտությունը քո նկատմամբ և ջերմագին սիրո խանդաղատանքը, թե ինչպես տրտում արտասուքով ու սրտի հառաչանքով հոգոց է հանում քո թշնամության առթիվ»:
Այնժամ նրա հնարանքի խաբեությունը իմանալով` սուրբ վկան ասում է. «Հեռու մնացեք ինձնից բոլորդ, որ անօրինություն եք գործում. Տերն է իմ օգնականը, և ես չեմ երկնչում, ի՞նչ կանի ինձ մարդը»:
Արդ, երբ դատավորը լսեց այս խոսքը, տարակուսեց մտքում` հրամայեց դադարեցնել նրա տանջանքները և վերստին գցել բանտի կապանքների մեջ և նրան զուրկ պահել մարմնական կարիքների դարմաններից, և նրա ոտքերը կոճղի մեջ պնդել, և երկաթե շղթա դնել նրա պարանոցին և նրան զուրկ պահել ամեն նախախնամությունից: Բայց ստուգապես նրան կատարվեց Դավթի մարգարեությունը, թե` «Չտեսա արդարին արհամարհված և ոչ նրա զավակին հաց մուրացող» (Սաղ. ԼԶ. 25): Քանզի Հիսուս փրկիչը, որի համար հանձն էր առել և կրում էր չարչարանքները, բանտում երևաց և խոսում էր նրա հետ, փարվում էր նրան և քաղցրագույն խոստումով արթնացնում էր նրա միտքը, ասելով. «Ակակիո՛ս, անպարտելի և անհաղթ զինվոր իմ, զորացիր և քաջ եղիր հոգևոր այդ ասպարեզում, քանի որ ես քեզ հետ եմ քո կյանքի բոլոր օրերին: Ինչպես որ կցորդ եղար անցավ և ապականացու հավիտենիս` Իմ չարչարանքներին, նույնպես և հաղորդ կդարձնեմ անսպառ և մշտնջենավոր կյանքին Իմ արքայության, և անեղծ ու անթառամ պսակների, և անպատում փառքին հավիտենից` բոլոր սրբերի և Իմ անվան սիրելիների հետ»:
Արդ, սուրբ վկան լսեց այս աստվածային ուրախարար խոսքերը, ուրախացավ, ցնծությամբ հրճվում էր իր սրտում և մոռանում այնուհետև նեղության վշտերը, և փառավորում էր Աստծուն անպատում սքանչելիքի համար, որ երևաց իրեն: Եվ սկսեց սաղմոսել ու օրհնել ամենակալ Աստծու մարդասիրությունը և արագահաս օգնությունը ու զորությունը: Այնժամ երկնային զորություններից բազում հրեշտակներ իջան սպիտակ լուսափայլ հանդերձանքով երգակից լինելու սուրբ վկային:
Իսկ բանտապետը ելնելով շտապ հասնում է բանտի դռներին և տեսնում, որ բանտի դռները ամենայն զգուշությամբ կնքված են, իսկ ներսում տեսնում է երկնային զորքերի բազմություն և լուսափայլ հանդերձներ: Նրանք քաղցրահունչ ձայնով երգակցում էին սրբին, և [բանտապետը] զարմանալով ահ ու երկյուղով է բռնվում:
Յոթ օր անց Բիբիանոս իշխանը ինչ-որ գործերով կանչվում է Բիզանդիոն քաղաքը: Եվ նա ճանապարհ է ընկնում, զինվորներին հրամայելով, որ հետները բերեն Ակակիոսին, մտածելով, թե ինքը չի կարող նրան հավանեցնել, հանձնի մի ուրիշ, չարաբաստ և ամբարիշտ, անողորմ դատավորի, որ այդպես դժվարին ու անտանելի անի նրա պատուհասի վախճանը: Դրանից հետո դատավորը գնում է, և Ակակիոսը նրա հետևից գնում է բազում դառն նեղությամբ ու տառապանքով, որովհետև նրան սաստիկ նեղում էին հարվածներից ստացած վերքերը և կապանքի ծանրությունը, և ճանապարհի չարչարանքն ու ճիգերը, և դահիճների սպառնալիքները, և կերակրի կարոտությունն ու ծարավը, և առաջիկա տանջանքների արհավիրքը, և սիրելիներից ոմանց չտեսնելը: Այսպիսի և այսքան նեղություններ ու փորձանք եղան երանելիի շուրջը, և նա հրճվանքով ու անճառելի բավականությամբ ըղձալով գոհանում ու օրհնում էր Աստծուն:
Վեցերորդ օրից հետո ավարտելով երկար ճանապարհը` գալիս-հասնում են Բիզանդացոց քաղաքը: Եվ դատավորը դարձյալ հրամայում է նույն կապանքներով բանտ նետել և ոչ շատ օրեր անց հրամայում է կազմակերպել բազմահանդես թատրոնը քաղաքի մեջ, շուկայի մոտ: Այնժամ դատավորը նստեց բեմի վրա և հրամայեց առաջ բերել սուրբ Ակակիոսին և այսպիսի խոսքով դիմեց նրան. «Ո՛վ Ակակիոս, այսուհետև ենթարկվելո՞ւ ես ինքնակալի հրամաններին և երկրպագելո՞ւ ես աստվածներին, թե անփոփոխ կաս և մնում ես համառությանդ»: Սուրբ Ակակիոսն ասում է. «Առավել քան բոլոր մոլեկանները դուք մոլորվել եք ճշմարիտ գիտությունից: Մարդիկ, որ հետևում են Աստծու արդար և ճշմարիտ օրենքին և Նրան պաշտում ու երկրպագում են և հավատում Նրան, որ ստեղծեց երևելի ու աներևույթ արարածները, իսկ դուք ջանում եք այն անեղ բնության պաշտոնը և պատիվը մատուցել դևերին և մեռելոտի ու մոլորեցնող կուռքերին, և այսպիսի բաների համար մեզ իզուր և անտեղի դատելով սպանում եք»:
Երբ սա լսեց անօրեն Բիբիանոսը, լցվեց կատաղությամբ և հրամայեց բերել նռնենու փշալից գավազան և չարաչար հարվածել սուրբ վկայի թիկունքին ու որովայնին, որը տեսնելը դժվարին ու անհանդուրժելի էր բոլոր տեսնողների համար, քանի որ այնպիսի սաստիկ չարությամբ վարվեցին անաստված Բիբիանոսի դահիճները, ոչ մի խանդաղատանք կամ խնայումն չմտաբերելով, և կամ չնայելով հասարակ բնության տկարությանը, այլ մարտնչում էին ասես անշունչ արձանների դեմ, մինչև նրա ամբողջ մարմինը քրքրվեց, պատառ-պատառ գետին ընկնելով:
Իսկ սուրբ վկան մեծ զորությամբ կար և մնաց իր նահատակությանը, և արիական խորհրդով զանց էր առնում նրանց գազանությունները, և բռնավորին ոչինչ չասաց, այլ հնազանդությամբ նայելով երկինք ասում էր. «Քրիստոս փրկիչ, օգնական եղիր Քո ծառաներին և համբերություն տուր իմ տկարությանը և ամոթահար արա բանսարկուի պաշտոնյաներին, և Քո ժառանգությունը մի՛ տար ապականության»:
Եվ տասն անգամ փոխարինում էին միմյանց դահիճները, որ ծեծում էին սրբին: Այնժամ գավազանով հարվածում էին սրբի որովայնին սաստկապես, կարծես տեգով խոցում էին, և նա աներևակայելի ցավագնել էր և ցավի պատճառած նեղության վշտից բարձրաձայն աղաղակեց. «Տե՛ր Աստված, երկնքի Քո հաստատուն բնակությունից նայիր և ինձ օգնության հասիր, զի Դու ես բոլորի հույսն ու ապավենը` ովքեր դիմում են Քեզ»: Եվ երբ սա ասաց երանելի վկան, իսկույն թուլացան դահիճների ձեռքերը, և հրաշքից ապշած` չէին կարող շարժել:
Արդ, այս բոլոր քննություններից, հարցուփորձից հետո դատավորը մեջտեղ բերելով ասում է նրան. «Ի՞նչ ես ուզում այսուհետև, ո՛վ թշվառական ու ողորմելի, լինել մեզ հե՞տ, թե՞ քո Քրիստոսի»: Սուրբ վկան, այս լսելով, իսկույն ոչ թե թեթևակի պատասխանեց դատավորին, այլ համարձակորեն գոչեց բարձր ձայնով հրապարակի մեջ ու ասաց. «Իմ Քրիստոսի հետ եմ և էի և կլինեմ հավիտյան»:
Երբ դատավորն իմացավ սուրբ վկայի համբերությունը և անպարտելի ու հաստատուն հավատը Տեր Հիսուս Քրիստոսին, հոգնելով պարտվեց հարցուփորձ անելուց, մանավանդ որ ամբարիշտի սիրտը ձանձրացավ անտանելի տանջանքներից, որ պատճառեց սրբին: Այնժամ մտածեց նրան ուղարկել Փիղկիանոս անթիպատոսի մոտ, խորհեց գրել նրան բոլոր չարչարանքների մասին, որ կրեց սուրբ վկան, նաև հարցաքննումներն ու պատասխանները:
Անթիպատոս Փիղկիանոսն ստացավ Բիբիանոս իշխանի նամակը և հրամայեց բանտ նետել երանելիին առանց կապանքների` իր կնոջ աղաչանքին անսալով. քանի որ քրիստոնյա էր և պարսպված աստվածային հավատով ու երկյուղով, և բազում անգամ հայցում ու մաղթում էր, որ չարաչար չտանջե Տիրոջ հավատացյալներին, այլ արագ ու փութով նրանց հասցնե վախճանի: Եվ խոնարհվելով իր տիկնոջ աղաչանքին` մտածեց այդպես անել: Եվ հինգերորդ օրից հետո սուրբ վկային հանեց բանտից և բեմի առջև կանգնեցնելով` կարդալ տվեց Բիբիանոսի նամակը: Երբ կարդացին, անթիպատոսը նախատեց ու հայհոյեց ամբարիշտ հեգեմոն Բիբիանոսին, որ այդպիսի անհաղթելի, հաստատուն և անդրդվելի այր է ձեռքն ընկել և ավելի շուտ չի սպանել, այլ այնքան հնարքներով տանջանքների է ենթարկել: Այնժամ անթիպատոսը երանելիին ասում է. «Ո՛վ Ակակիոս, ես ծանոթանալով իմացա բոլոր տանջանքները, որոնց ենթարկվել ես, նաև հարցաքննություններն իմանալով պատկերացրի ըստ Բիբիանոսի նամակի, և քո անձն ինձ երևում է երկաթից ավելի կարծր, իսկ կամքդ` անփոփոխելի: Բայց այժմ ասա վերջնական, ի՞նչ ես մտադիր` գալ աստվածների բարեպաշտությա՞ն, զոհել և հնազանդվել ինքնակալի հրամաններին, թե՞ ընդունել կյանքիդ չարաչար ավարտը: Որովհետև ինչ որ քեզ հրամայում եմ` նոր բան չէ, այլ սկսվել է շատ ժամանակներ առաջ, մեր նախնիներից, և անհնար է անպատիժ արձակել քեզ` ինքնակալի հրամաններն արհամարհողիդ և մեր աստվածներին անարգողիդ»:
Այնժամ բարձրաձայն աղաղակեց սուրբն ու ասաց. «Ո՜վ հանդուգն, խորություն խավարային սրտի և կուրություն իմանալի աչքերի, որ ունես դու, որ ախորժում ես ուրիշներին լինել այդպիսի մութ աղջամուղջի առաջնորդ և կորստյան խորխորատն ես ուղարկում ձեր չարախորհուրդ կամքը կատարողներին: Արդ, գիտության ոգի ունեցող բարեխոհ և իմաստուն մարդկանցից ո՞վ կարող է հեռանալ Աստծու ճշմարտությունից, որի ձեռքի գործն են երկինքն ու երկիրը և նրանց միջի արարածները, [դրա փոխարեն] մարդկային ձեռքի գործերի՞ն նվիրել երկրպագություն ու պաշտամունք: Այժմ արա՛ ինձ` ինչ կամենաս և արա ինչ կխորհես անմիջապես. ինչո՞ւ ես հապաղում և ցնորեցնում քո միտքը, երբ ոչինչ չեմ լսելու քո կորստաբեր խոսքերից»:
Երբ անթիպատոսը լսեց սուրբ վկայի համարձակ խոսքը և միաժամանակ իր պարտությունը նրանից, հիացավ ու զարմացավ, որ այդքան տանջանքներից հետո դեռ հաստատուն է մնացել ինքնահաճո համառությամբ: Այնժամ մահվան վճիռ կայացրեց սրբի համար, որ Բիզանդիոն քաղաքի ամբողջ բազմության առաջ սրով վախճան ստանա: Եվ հրամայում է այսպես գրել նրա դատավճիռը. «Ակակիոսը,-ասում է,-չենթարկվեց անհաղթ ինքնակալների հրամաններին և չհնազանդվեց մեր բարերար աստվածներին պատվելու և պաշտելու, մանավանդ ընթացավ Նազովրեցու չար աղանդի ճանապարհով, հավատաց խաչյալին, իրեն Նազովրեցի կոչողին հրամայում ենք ըստ հռոմայեցոց օրենքի սուսերով կտրել նրա անխոնարհելի պարանոցը»:
Երբ ընթերցվեց այս դատավճիռը հրապարակի մեջ բազմամբոխ ռամիկ քաղաքացիներին` անմիջապես նրան շրջապատեցին անթիպատոսի անօրեն դահիճները և կապանքներով տարան քաղաքի մեջ այն տեղը, որ կոչվում է Ծառ ընկուզի: Եվ երբ եկավ, հասավ այնտեղ` աղաչեց դահիճներին, որ թույլ տան մի փոքր աղոթի: Եվ նրանցից թույլտվություն ստանալով` աչքերը վեր բարձրացրեց ու սկսեց աղոթել և ասաց այսպես. «Տեր Աստված ամենակալ, Հայր մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Քո սիրելի Որդու, որից գիտություն ստացա, զորությունների Աստված, բոլոր արարածների Աստված և բոլոր տեսակների, կենդանիների ու մեռյալների Աստված, գոհանում եմ Քեզնից, որ հովանի և պաշտպան եղար ինձ չարչարանքներիս հանդեսի բոլոր մարտերում, որ քեզ համար էին, և ինձ ծածկեցիր աջովդ և որս չդարձրիր քո ծառայի անձը` նրանց, որ աշխատում էին կորցնել ինձ դժոխքի խորքում, այլ հաստատուն պահեցիր հավաքի վեմի վրա` քո անշարժ խոստովանության և իմ ընթացքն ուղղեցիր արդարության ճանապարհներ հավիտենական կյանքի: Եվ այժմ, Տեր Աստված, որ քո անարատ ու աշխարհաստեղծ ձեռքերը տարածեցիր կենսաբեր փայտի վրա` մեր կյանքի ու փրկության համար, աղաչում եմ Քեզ` իմ հոգին ընդունիր խաղաղությամբ և անցկացրու իշխանություններով ու պետություններով, որ օդում են, չար դևերի միջով և հիշիր, որ մարմինս տկարություն է հագած, և ինչ հանցանք գործել եմ անգիտությամբ, կամա և ակամա մեղքերը և արյան հոսումը Քո սուրբ անվան համար, երբ սրանով հանդերձ կանգնեմ Քո աստվածության ահավոր բեմի առաջ, ներիր և թողություն շնորհիր և անտես արա: Տեր, շնորհիր և նրանց, որ նեղությունների ու փորձությանց ժամանակ հիշում ինձ, իմ աղաչանքով ու բարեխոսությամբ, հոգու համար շահավետ բոլոր խնդրանքները կատարիր, որ ամենքի միջոցով փառավորվի Քո սուրբ անունը այժմ և հավիտյանս. ամեն»: Եվ ահա ձայն է լսվում երկնային ուժերից` ձայնակցելով նրան, ասում էին ամենքը: Եվ երբ վերջացրեց աղոթքը` հորդորում էր զինվորներին կատարել բռնավորի հրամայածները, և խոնարհեցնելով պարանոցը` կտրեցին նրա ամենասուրբ պարանոցը, հատեցին նրա ամենասուրբ գլուխը, և հոգին ավանդեց Աստծու ձեռքը:
Քրիստոսի սուրբ վկա ճգնակյաց Ակակիոսը նահատակվեց Մաքսիմիանոսի հյուպատության, Բութանիայի նահանգում Փիլկիանոսի անթիպատության ժամանակ, Բիզանդիոն մայրաքաղաքում, որ այժմ կոչվում է Կոստանդնուպոլիս, մայիս ամսին, ութերորդ օրը, և անեղծության պսակն ընդունեց մեր Աստված Քրիստոսից. Նրան վայել է փառք, իշխանություն և պատիվ. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Եվ եկեղեցու հալածանքները դադարելուց հետո թագավորեց Մեծն Կոստանդիանոսը և նույն քաղաքում կառուցեց սրբի վկայարանը` մեծապայծառ հորինվածքով, և նրա մեջ դրեց Քրիստոսի անհաղթ վկայի մարմինը, որ ամբողջական է մինչև այսօր, և բազում բժշկություն է կատարում Տերը նրա բարեխոսությամբ, ովքեր հավատով ապավինում են նրան, որովհետև Աստված իր փառավորիչներին փառավորում է այժմ և հանդերձյալ [կյանքում]: Նրան փառք. հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.