22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մարտի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում կայացած հերթական բանախոսությամբ, բացահայտեց իր համար հարազատ դարձած սրբավայրի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարուստ և հռչակավոր անցյալից կարևոր մի հատված: Հետաքրքրաշարժ բանախոսությունը ծավալվեց «Սուրբ Անանիա առաքյալի անապատը՝ գրչության կենտրոն» թեմայի շուրջ, և բանախոսն էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Երիտասարդները տեղյակ էին, որ Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում նախկինում գործել է Ս. Անանիա առաքյալի անապատը, բայց որ երբեմնի հռչակավոր անապատը համարվել է Երևանի գրչօջախներից մեկը և աչքի ընկել իր հարուստ ձեռագրական ժառանգությամբ, այդ իրենց համար բացահայտում էր:
Բանախոսը նախ ներկայացրեց, որ ձեռագրերը միջնադարյան գրքեր են, որոնք, սովորաբար, գրվել են բարձր դիրք, մեծ նշանակություն և մեծ թվով միաբաններ ունեցող հոգևոր կենտրոններում: Ձեռագրերն իրենց հիշատակարաններով համարվել են փաստացի պատմական աղբյուրներ, որ տեղեկացրել են գրչության հեղինակի, ժամանակի, նաև երկրի քաղաքական և տնտեսական վիճակի մասին: Ուստի Երևան քաղաքի միջնադարյան պատմության ուսումնասիրման համար բացառիկ սկզբնաղբյուրներ են հանդիսացել քաղաքի տարբեր եկեղեցիների հովանու ներքո գրված ձեռագիր մատյանները, որոնցից շատերն այսօր պահվում են Մաշտոցյան Մատենադարանում:
«Հայտնի է Ս. Անանիայի անապատում գրված տասնմեկ ձեռագիր, որոնցից ինը Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուում են: Տաթևի վանքում՝ 1407 թ. գրված ևս մի ձեռագիր, որը մեզ չի հասել, 1658 թ. նորոգվել է Ս. Անանիայի անապատում: Ժամանակագրորեն վաղագույն ձեռագրերը երկուսն են. նրանցից մեկը Մատենադարանի հավաքածուից է, գրվել է 1409-1410 թթ., մյուսը՝ գրված 1450 թ., նկարագրված է Մուշ քաղաքի և նրա շրջակայքի ձեռագրացուցակում և մեզ չի հասել: Առաջին ձեռագրի հիշատակարանում գրված է, որ ձեռագրի չորս գրիչներից մեկը եղել է պատմագիր Թովմա Մեծոփեցին: Ս. Անանիա առաքյալի անապատը՝ որպես գրչավայր, հանդիսացել է նաև որպես ձեռագրերի պահպանման վայր՝ Մատենադարան»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Բանախոսը նշեց, որ ձեռագրերի հիմնական մասը գրվել է 1620-1660-ական թթ., Մովսես Տաթևացու վերահիմնած անապատի դպրոցում: Այս ժամանակաշրջանում Անանիա առաքյալի անապատը բնութագրվել է որպես կաճառ իմաստունների. «Պատահական չէ, որ այդ մատյանների գրչության հիշատակարաններում հսկայական նյութ է ամբարված Մովսես Տաթևացու վարդապետության, ապա կաթողիկոսության տարիների վերաբերյալ, ուր բավական ներկայանալի է մեծ րաբունապետի անխոնջ աշխատասիրության
նկարագրությունը եկեղեցաշինության, դպրոցաշինության և, առհասարակ, լուսավորյալ գործունեության ծավալման առումով»:
Ըստ բանախոսության՝ ձեռագրերի գրիչներից շատերը Մովսես Տաթևացու անմիջական աշակերտներն են եղել՝ Զաքարիա Վաղարշապատցին, Եսայի Կարճավանեցին, Պողոս Տիվրիկցին, Մինասը, Առաքելը, Խաչատուրը և այլք, ովքեր, հավանաբար, նաև ձեռագրերի ծաղկողներն են եղել, քանի որ հիշատակարաններում նրանց մասին խոսք չկա:
Իսկ բովանդակային առումով այդ ձեռագրերը հիմնականում ծիսական, մեկնողական աշխատություններ են՝ քարոզգիրք, սրբոց վարք-վկայաբանություն, ժամագիրք, սաղմոսարան, զանազան ժողովածուներ և այլն:
Արսեն Հարությունյանը տեղեկացրեց, որ գրչակենտրոնից մեզ հասած ձեռագրերից մեկն էլ գրվել է 18-րդ դարավերջին, այսինքն՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու գոյության ընթացքում և հետաքրքիրն այն է, որ հիշատակարանում գրչության վայրը ավանդության ուժով դարձյալ նշված է ի դուռն Ս. Անանիա առաքյալի:
Բանախոսության ավարտին Տեր Վահանը և երիտասարդները շնորհակալություն հայտնեցին Արսեն Հարությունյանին՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմության լուսաբանման մեջ իր կարևոր ներդրումն ու ավանդն ունենալու համար: Կարևորելով բանախոսությունը՝ Տեր Հայրը նշեց, որ այն անհրաժեշտ լուսաբանում է Զորավար Ս. Աստվածածին եկեղեցի հաճախող յուրաքանչյուր հավատացյալի համար:
Հետաքրքրաշարժ բացահատումների շարքը «Զորավոր» երիտասարդաց միության համար շարունակվելու է. հաջորդ անգամ երիտասարդները Արսեն Հարությունյանի օգնությամբ կծանոթանան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու վիմագրության հարուստ պատմությանը:
Կարինե Սուգիկյան