Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակների համար նվիրական են սուրբ Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելու և սուրբ Էջմիածնի տոները` որպես ազգային կյանքի նշանակալի իրադարձություն` ի Քրիստոս համազգային մկրտության և 301 թվականին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու պատմական իրողությունների հիշատակություններ:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը ավանդաբար նշվում է Սուրբ Զատկից 64 օր հետո: Տոնի նախորդ օրը` շաբաթ, մեծ շուքով տոնվում է Լուսավորչի` վիրապից ելնելու տոնը:
Հայ ժողովրդի համար շրջադարձային այդ դեպքերի մասին ականատեսի շուրթերով մանրամասն պատմում է Ագաթանգեղոս պատմիչը` վկայելով, թե ինչպես այն վճռորոշ օրերին, երբ Տրդատ Գ հայոց արքան հաջողությամբ դուրս էր մղում նվաճողներին հայերի երկրից, նրա հետ Հայաստան է վերադառնում նաև քրիստոնեական կրթություն ստացած Գրիգոր իշխանը, որն իր հավատի զորությամբ ու կենդանի նահատակությամբ պիտի դառնար հայոց երկրորդ Լուսավորիչը` Հայ Եկեղեցու հիմնադիրներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալներից շուրջ 250 տարի հետո: Հրաժարվելով երկրպագել Անահիտ չաստվածուհուն` սբ. Գրիգոր Լուսավորիչը ենթարկվում է սոսկալի չարչարանքների, բայց հավատարիմ է մնում Աստծուն և արքայի կամքով նետվում Արտաշատի մոտ գտնվող մահապարտների վիրապը, ուր մնում է 13 տարի: Համաձայն ազգային ավանդության` Լուսավորչի վիրապն այնտեղ էր, ուր հազարամյակներ առաջ Արարատից իջնելով` Նոյը գոհաբանական պատարագ մատուցեց այն տեղում, ուր հետագայում կառուցվելու էր Սուրբ Էջմիածինը, այսինքն` Արարատի գագաթի տապանը Արարատյան դաշտում խորհրդաբար փոխակերպվելու էր Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին և Նոյի կատարած զոհաբերման տեղում բարձրանալու էր Նոր Ուխտի զոհագործության սեղանը` Մայր Տաճարի Բեմը: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց սուրբ Գրիգորին, պահպանեց ու զորացրեց Նրան, ինչին զարմանքով ականատես եղան մարդիկ, երբ տարիներ անց նրան դուրս բերեցին վիրապից:
Այդ ընթացքում շատ բան էր փոխվել Հայաստանում: Սուրբ Գրիգոր Լուսավորչին տաժանակիր մահվան դատապարտելուց հետո Տրդատ արքան երկու խիստ հրովարտակներ էր հրապարակել քրիստոնյաների դեմ, համաձայն որոնց` հետապնդվում և ունեցվածքից զրկվում էին ոչ միայն քրիստոնյաները, այլև նրանց թաքցնողները: Արքայի հրամանով դաժանորեն չարչարվում ու խոշտանգվում են սուրբ Հռիփսիմյան և սուրբ Գայանյան կույսերը` ընդունելով նահատակության անթառամ պսակը: Նրանց նահատակությունից հետո հայոց թագավորն ու պալատականներից շատերը մոլեգնության մեջ են ընկնում: Թագավորը լքում է պալատը, անտեսած գործերը` թափառում շամբուտներում: Արքայաքույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը: Վիրապից դուրս գալով` նահատակման վայրերում ամփոփում է կույսերի մարմինները և ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայաստանյայց Եկեղեցում և կոչվում է «Առաջավորաց»: Այնուհետև Քրիստոսի մեծ Խոստովանողը 60 օր շարունակ քարոզում է և ուսուցանում է մարդկանց` Աստծո Խոսքով ամոքելով մեղքից վիրավոր նրանց հոգիներն ու մարմինները: Քարոզչության վերջին օրը սուրբ Լուսավորչին հայտնվում է Փրկիչը: Ագաթանգեղոսը մանրամասն նկարագրում է տեսիլքը. «Սաստիկ ձայն ելավ, որոտման բամբյուն…բացվեց երկնքի հաստատության խորանաշատ ծածկը…մի այր երևաց լույսի կերպարանքով ու կանչեց իմ անունը…»: Լույսի չորս սյուների մեջ` մեկն ավելի բարձր մյուս երեքից, Միածինն իջնում է արքունի դռան մոտ ու ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Հրաշալի այս տեսիլքով Միածին Փրկիչը ցույց է տալիս Մայր Տաճարի հիմնադրման վայրը, իսկ լույսի երեք սյուներով պատգամվում է վկայարաններ կառուցել մարտիրոսացած կույսերի նահատակման վայրերում: Հայաստանում ամենուր հաղթականորեն հառնում է հրաշագործ ու փրկագործ խաչը Քրիստոսի:
Արածանիի ջրերում սուրբ Գր. Լուսավորիչը մկրտում է Տրդատ արքային, ողջ արքունիքն ու բազմահազար ժողովրդին, 301 թվականին Հայաստանը դառնում է առաջին քրիստոնյա պետությունը:
Տոնը կոչվում է Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոն. «Կաթողիկե» անվանումը ընդգծում է տաճարի ոչ միայն ընդհանրականությունը, այլև հավատացյալներին ի մի բերելու շնորհն ու կոչումը:
Սուրբ Գր. Լուսավորչի տեսիլը սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ծննդյան վկայականն է: Մեր մատենագրությունում շեշտվում է, որ երկնային Ճարտարապետը` Հիսուս Քրիստոսը, Ինքն է գծագրել այս տաճարը, և այն գծագրվել է երկնքից իջնող լույսով, որի պատճառով անվանվում է «լուսանկար Մայրն մեր»: Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Եկեղեցիների Մայր Եկեղեցին է:
Մեր գրականությունում Էջմիածինն անվանվում է նաև Հայոց Բեթղեհեմ: Իջման Սուրբ Սեղանը, ուր ոսկե մուրճով հարվածեց Միածինը, տաճարի սիրտն է, որի առջև խոնարհվելու և իրենց աղոթքն առ Աստված վերառաքելու են գալիս բազում հայ ուխտավորներ աշխարհի տարբեր անկյուններից:
Մեծ է Էջմիածնի խորհուրդը: Այն հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է իր կրոնական նվիրականությամբ, պատմական նշանակությամբ ու ազգային կարևորությամբ` որպես աստվածային անգին պարգև աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդին:
Բոլոր դարերում ու ժամանակներում էլ ժողովուրդը սիրել, պաշտել ու գովերգել է Սուրբ Էջմիածինը, որ վկան է մեր վեհապանծ անցյալի: Սա սուրբ ու բազմաչարչար տաճար է` հայ ժողովրդի նման. ընկել է այնքան անգամ, որքան անգամ ընկել է նրա բազմաչարչար ժողովուրդը, բայց միշտ էլ ոտքի է ելել, նորից նորոգվել ու զարդարվել: Անուրանալի է Սուրբ Էջմիածնի (և առհասարակ Հայոց Եկեղեցու) դերն ազգապահպանության գործում, քանի որ պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին ստանձնել է ազգի ոչ միայն ներքին հոգևոր և աշխարհիկ խնդիրների կարգավորողի դերը, այլև անմիջական և գործուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի` դարերի ընթացքում մղած ազատագրական պայքարին:
Դարերի հոլովույթում մայրական անսահման գթասրտությամբ նա իր շուրջն է հավաքել հավատացյալ զավակներին, հոգածու գուրգուրանքով մխիթարել, բալասանել նրանց վերքերը, հույս և սեր ներարկել հայորդիների սրտում և հաճախ, չնայած նրանց խոտոր և ապերախտ ընթացքին, ներել նրանց ու կրկին իր ծոցն առել: Հայ ժողովուրդն իր հոգին միշտ վառ է պահում Սուրբ Էջմիածնի սիրով, որովհետև գիտակցում է, որ իր փրկությունը եղել է Սուրբ Էջմիածնով ու Սուրբ Էջմիածնի մեջ:
Հայոց եկեղեցական տոնացույցում Սուրբ Էջմիածնին նվիրված երկու տոն կա. առաջինը կատարվում է «Ելն ի վիրապէն» շաբաթ օրը նշվող տոնի հաջորդ օրը, և տոնն ու հիշատակությունն է Լուսավորչի տեսիլքի: Երկրորդը Շողակաթի տոնն է և կատարվում է Տիրամոր Վերափոխմանը նախորդող շաբաթ օրը, քանի որ համաձայն ազգային-եկեղեցական ավանդության և նրա վրա հիմնված տոմարական հաշվումների` Մայր Տաճարի օծումը կատարվել է 303 թվականին` Տիրամոր Վերափոխման տոնին:
Ինչպես Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյանն է ասում, «Սուրբ Էջմիածնի տոնը այն նշանավոր օրն է տարվա մեջ, որ հիշեցնում է հայ եկեղեցու ամեն մի անդամի, թե նա իր հոգևոր կյանքի մի կենտրոն ունի, թե այդ կենտրոնի կենդանությունը, նորա հետ կենդանի մի կապ պահելը նույնչափ անհրաժեշտ է, որչափ հայի ինքնուրույն, ազգային, եկեղեցական կյանքի պահպանությունն է անհրաժեշտ»: Հայ ժողովուրդը բոլոր դարերում հավատացել է, որ Էջմիածնի պայծառությամբ է պայմանավորված և ողջ Հայոց աշխարհի պայծառությունը:
Ինչպես 17-18րդ դարերի անանուն մի հեղինակի` Էջմիածնին նվիրված օրհնության մեջ է ասվում, «Ինչպիսի հատուկ սիրով է Աստված սիրել մեր ազգը, որ Ինքն Իր էջքով է հաստատել Սուրբ Աթոռը Աստվածապետական…: Երանի մեր հայոց ազգի աչքերին. այնպիսի պայծառ, պատվական Աթոռ ունենք, ինչպիսին ոչ մի ազգ չունի»:
Դարեր շարունակ և մինչ օրս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայ ժողովրդին բաշխվում է այն փառքի լույսը, որը Քրիստոսը հանձնել էր հայոց հողին:
Գնահատենք ու արժևորենք աստվածապարգև մեր Գանձը` Սուրբ Էջմիածինը, ամուր փարվենք Նրան ու հաճախ ուխտի գնանք Քրիստոսահաստատ այս սրբավայրը` նորոգելով մեր հոգիները, քանզի «Մայր Աթոռն է այն կենտրոնը, որտեղից հայության համար հոգևոր, կրոնական կյանքի մի նոր հոսանք պիտի սկսվի…» (Գարեգին Հովսեփյան կաթողիկոս):
Անժելա Խաչատրյան