23 Դեկտեմբեր, Բշ
Սեպտեմբերի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ Էկումենիկ աղոթքի արարողություն, որին մասնակցում էին Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և կազմակերպությունների 39 հոգևոր պետեր ու ներկայացուցիչներ:
Նորին Սրբություն Գարեգին Բ Հայրապետը և Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ը «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո հոգևորականաց թափորով մուտք գործեցին Մայր Տաճար, որտեղ` Ավագ Ս. Խորանի առջև, Քրիստոսի Ս. Եկեղեցու պայծառության և անսասանության համար տեղի ունեցավ միասնական աղոթասացություն:
Մինչ Էկումենիկ աղոթքի սկիզբը, խոսք ասաց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից միջեկեղեցական հյուրերին ողջունելով համայն հայության հոգևոր կենտրոնում` Վիգեն Սրբազանն ի մասնավորի նշեց. «Մենք շրջապատված ենք մեծ թվով պատվարժան հոգևոր առաջնորդներով, ինչի արդյունքում մեզ միայնակ չենք զգում: Դուք այստեղ եք մեր ուրախ և տխուր օրերին: Ինչպես գիտեք, մենք հինգ ամիս առաջ ոգեկոչում էինք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայ ժողովրդի համար այդ տխուր օրերին դուք այստեղ` մեզ հետ էիք, կիսում էիք մեր ցավը, մեր տխրությունը, մեր պատմության և ժողովրդի դժվարին պահերը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ամենքիդ, որ վերստին եկել եք կիսելու մեր ուրախությունը և այս շատ կարևոր իրադարձության մասնակիցը դառնալու»:
Տերունական աղոթքից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընթերցվեց «Առ դրանն Սրբոյ Եկեղեցւոյ» աղոթքը: Ապա քարոզներ և աղոթքներ ասացին Հնդիկ Մալաբար Եկեղեցու ներկայացուցիչ Մումբայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Գևարգհես Մար Կուրիլոսը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ Կաթոլիկ Եկեղեցու Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:
Հնդիկ Մալաբար Եկեղեցու ներկայացուցիչ Նորին Ամենապատվություն Միտրոպոլիտ Աբրահամ Մար Սերաֆիմի կողմից ընթերցվեց առաքելական թուղթը, որից հետո Ասորի Ուղղափառ եկեղեցու Բեյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Կլեմես Դանիել Խուռին ընթերցեց Մատթեոսի Ավետարանից քաղված մի հատված:
Աղոթքներ մատուցեցին նաև Մելքիթ Կաթոլիկ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Ամենապատվություն Գրեգորիոս Գ Լահհամը, Ֆինլանդիայի և Տուրկուի արքեպիսկոպոս Վերապատվելի Կարի Մակինենը (Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցի) և Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և Պատրիարք Թեոդորոս Բ-ը:
Էկումենիկ աղոթքի արարողությունն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Պահպանիչ» աղոթքով: