28 Դեկտեմբեր, Շբ
Հոռոմոց Թեոդոս Փոքրի թագավորության և Պարսից ամբարիշտ Հազկերտ արքայի բռնակալության ժամանակ, անօրեն թագավորի միջոցով սատանան պատերազմ հրահրեց Աստծո եկեղեցու դեմ: Եվ Պարսից Աբդայ եպիսկոպոսը լսեց և լցված աստվածային նախանձախնդրությամբ, հրով այրեց Պարսից ատրուշանը, որ անվանում էին հրո տաճար և ուր կրակապաշտները բորբոքում էին հուրը: Այդ լսելով` պարսից մոգերը պատմեցին արքային, և նա կանչեց սուրբ եպիսկոպոսին ու նախ հանդարտությամբ մեղադրում էր նրան այն գործի համար և ապա նրան հրամայեց վերստին շինել ատրուշանը, որ այրեց: Իսկ սուրբ եպիսկոպոսը հակաճառում է արքային և ասում. «Անհնար է, որ ես վերստին կառուցեմ մոխրապաշտների և մանավանդ անաստվածների սնոտի վայրը, որ այրեցի»:
Եվ նույն ժամին թագավորի առջև սպանեցին սուրբ եպիսկոպոս Աբդային և ավերեցին բոլոր եկեղեցիները, և երեսուն տարի քրիստոնյաների հալածանքների մրրիկը չդադարեցրեց: Եվ մոգերին հրամայեց բռնել բարեպաշտություն դավանողներին և կտրել ոմանց ձեռքերն ու ոտքերը, իսկ ոմանց ականջներն ու քթերը, և ոմանց զույգ աչքերը խավարեցնել, և սուրբ վկաներից ոմանց գլխից մինչև լանջը հոշել, ուրիշների մարմինը եղեգնով ճեղքելով քցցել, և ոմանց ձեռք ու ոտքը կապում ու օծում էին ճարպով ու գցում խոր վիհը և այնտեղ էին լցնում բազում մկներ ու աքիսներ, և ուշադիր էին, որ կայտառ [մկները] չկարողանան փախչել ու սովից տանջվելով կրծեն սրբերի մարմինները: Անօրեններն այս անելով` չկարողացան վախեցնել Քրիստոսի երանելի վկաներին, մանավանդ, որ երբ նրանք տեսնում էին այդպիսի խստամբեր տանջանքներ` ինքնահոժար մեծ փափագով դեպի մահ էին ընթանում և գոհանալով Աստծուց` ավարտում էին իրենց ուղին:
Պարսից մեծամեծ իշխաններից մեկը` շատ հարուստ էր և հավատով քրիստոնյա, որի անունն էր Որմզդան: Արքան իմացավ նրա քրիստոնյա լինելը, կանչեց նրան և պատվիրեց, որ ինքն իրեն քրիստոնյա չանվանի և ուրանա Քրիստոսին:
Եվ Որմզդանն ասում է արքային.
– Ո՛վ արքա, եթե քո ծառաներից մեկը ուրանա քեզ, որ մահկանացու ես, և ապստամբելով գնա այլազգի թագավորի մոտ` մեծ տանջանքի ու մահվան է արժանի: Ո՛րքան առավել պատուհասի արժանի է նա, որ երկնքի ու երկրի Աստծուն` անմահ Թագավորին ուրանա, պիտի մատնվի անշեջ հրին:
Այս լսելով` արքան նրան զրկեց իշխանական պատվից, զրկեց տնից և ունեցվածքից, հրամայեց մերկացնել նրան պատմուճաններից, որպեսզի ուղտերի երամակն արածեցնի: Շատ օրեր անց թագավորը տեսավ նրան մերկ և ուղտերից տանջված, նրան շապիկներ ուղարկեց և ասաց.
– Հիշի՛ր քո նախկին ազնվականական մեծությունն ու փափուկ, քաղցր կյանքը և ուրացիր քրիստոնեությունդ, հավատա մեր պաշտածներին:
Եվ նա լսեց թագավորի մահաշունչ խոսքերը, առավ շապիկները, բազում ծվենների բաժանեց:
Արքան խիստ կատաղեց, հրամայեց տեղնուտեղը սպանել նրան, և [նա] Քրիստոսի հավատքի համար նույն ժամին վախճանվեց սրով:
Նաև պարսիկ քրիստոնյա մեծատուն իշխաններից մեկին, որ ուներ հազար ծառա, որի անունը Սաին էր, արքան բազում անգամ ջանաց քրիստոսական հավատից մոգության դարձնել, և երբ չկարողացավ համոզել, զրկեց հազար ծառաներից, իսկ [դրանցից] մեկին, որ բոլորից անարգ էր ու անպիտան, աղտեղի ու գարշատեսիլ դեմքով, մեծարեց, նրա ծառան դարձրեց տիրոջը, իսկ տիկնոջը կնության տվեց նրան, և նրանց հրամայեց դրան ծառայել հնազանդությամբ: Արհամարհանքի այդ բոլոր նեղությունները թափվեցին նրա վրա, բայց չհրաժարվեց Քրիստոսի հույսից:
Բռնեցին և եկեղեցու սարկավագներից մեկին, որի անունը Բենիամին էր, երկու տարով բանտ նստեցրին:
Այդ օրերին Հոռոմոց Թեոդոս թագավորից դեսպաններ առաքվեցին Պարսկաստան: Եվ լսեցին Բենիամին սարկավագի մասին, թե հանուն Քրիստոսի արգելափակված է բանտում, Հազկերտից խնդրեցին հանել նրան բանտից:
Եվ արքան ասում է.
– Թող մեզ վստահեցնի իր ստորագրությամբ, որ պարսիկ մոգերին չի դարձնի իր հավատին և ոչ իր վարդապետությամբ մեկնումեկին կսովորեցնի մեր երկրում, ապա ձեր խնդրանքով կազատեմ նրան կապանքներից:
Երբ այդ լսեց Բենիամինը, հանձն չառավ կատարել արքայի հրամանը, ասելով.
– Անհնար է, որ իմ Աստծու շնորհները թաքցնեմ մարդկանցից, այլ որքան կարող եմ կլուսավորեմ մոլորությունից խավարածներին, որ պատիժ չկրեմ իր տիրոջ տաղանդը թաքցնողի հետ:
Պարսից արքան Հոռոմոց Թեոդոս կայսեր դեսպանների աղերսանքով ու խնդրանքով ազատեց Քրիստոսի երանելի խոստովանող Բենիամին սարկավագին: Իսկ նա ելնելով չէր դադարում ուսուցանելուց և մկրտելուց պարսից կրակը պաշտողներին ու մոգերին: Եվ մեկ տարի անց, երբ Հոռոմոց դեսպանները վերադարձան, նրա մասին հայտնեցին Հազկերտ արքային, և հրամայեց բերել նրան, և բռնեցին-տարան [արքայի] առջև, նրան ստիպում էին ուրանալ հավատքը և երկրպագել արեգակին ու կրակին: Եվ նա աստվածիմաստ խոսքերով հանդիմանում էր նրանց անհավատությունն ու ասում.
– Աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը` կկորչեն երկնքի ներքո (Երեմ. Ժ. 11): Ես տարերքը աստված չեմ համարի և մոխրին ու կրակին զոհ չեմ մատուցի. ինչ կամենաս` արա անմիջապես:
Այնժամ անօրեն Հազկերտ արքան հրամայեց ձեռքերի ու ոտքերի քսան եղունգների տակ սրած եղեգն խրել: Իսկ արյունը որպես հորդաբուխ առու հոսում էր ձեռքերից ու ոտքերից և ոռոգում հողը: Եվ դարձյալ սրեցին ավելի երկար եղեգն և անցկացրին ներքին անդամների մեջ և ստեպ-ստեպ հանում ու խրում էին: Բայց այնքան դառն ու չարակսկիծ կտտանքներից չվախեցավ, չզարհուրեց, այլ փառավորում էր Աստծուն և գոհանում, գոհանալուց և աղոթելուց չէր դադարում: Եվ աղաչեց դահիճներին փոքր-ինչ թուլացնել տանջանքը, և ասաց.
– Մի քիչ դանդաղեցեք, ձեզ ասելու բան ունեմ:
Եվ նրանք թույլատրեցին նրան: Նա ձեռքերը երկինք պարզեց` դեպի արևելք ու սկսեց աղոթել և ասել այսպես.
– Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Տերդ և Արարիչդ բոլոր արարածների, որ առաքեցիր Քո միածին Որդուն, որ Քո ճառագայթն ու էությանդ պատկերն է, որ Իր ամեն խոսքով զորությամբ կրում է [տանջանք ու անարգանք], որ Քո կամքով եկավ ու իջավ Կույսի արգանդը, և մարմին հագավ ճշմարտապես ու առանց կասկածի, որ երևաց երկրում և մարդկանց մեջ շրջեց, և այդ կյանքի բոլոր մարմնական տառապանքներով անցավ, և համբերեց խաչի ու մահի, թաղվեց ու հարյավ երրորդ օրը, և, Հա՛յր, համբարձավ Քեզ մոտ` երկինք, ուր էր առաջ, և Սուրբ Հոգուն, էակցին ու մշտնջենակցին ուղարկեց աշխարհ, որով ճանաչել տվեց Քո աստվածությունը: Աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ և Աստված, տո՛ւր ինձ պսակը, որ խնդրեցի, որովհետև Դու գիտես, որ ինքս խնդրեցի, թե ամենայն մտքով, ոգով ու կյանքով սիրեցի Քեզ, որ տեսնեմ Քեզ և ուրախ լինեմ ու հանգչեմ և այլևս չմնամ աշխարհում ու տեսնեմ ժողովրդի չարչարանքը, և Քո եկեղեցիների ավերումը, սեղանի կործանումը և սուրբ ուխտի նեղությունը, և հավատացյալների վհատությունը, և երկյուղը ճշմարտությունից դարձածների, այլ ինչի որ կոչվեցի` դրան հաստատուն մնամ, և ինչի հրավիրվեցի` այն իսկապես կատարեմ: Եվ օրինակ լինեմ քո ամբողջ ժողովրդին, որ արևելքում է, և իմ արյունը տամ նրանց առջև, և նրանց հետ ընդունեմ իմ կյանքը, ուր ո՛չ հոգս կա, ո՛չ հուզմունք, ո՛չ տրտմություն և ո՛չ մտքի խռովք, ո՛չ սպառնալիք և ո՛չ ահը թագավորների, որ ո՛չ կանչում է, ո՛չ վախեցնում, չի տագնապում ու զարհուրեցնում: Ոտքերիս թուլությունը Քեզնով զորանա, Ճանապա՛րհդ ամեն ինչի, անդամներիս հոգնությունը Քեզնով հանգստանա, Օծյա՛լդ, սրտիս վշտերը Քեզնով մոռացվեն, Բաժա՛կդ մեր փրկության, աչքերիս արտասվաց վտակները Քեզնով արգելակվեն, մեր ցնծության Մխիթարություն:
Եվ երբ այս ասաց ու մինչդեռ ուզում էր երկարացնել աղոթքը, շտապ հրաման ելավ արքայից` ներել նրան, եթե երկրպագի արեգակին ու կրակին, թե ոչ` չթուլացնել նրա տանջանքը և դրանով երկար չարչարել նրան: Եվ հարցրին, թե զոհ կմատուցի՞, նա չհամոզվեց, և արհամարհեց տանջանքը: Արքան հրամայեց երկար գավազան պատրաստել երկսայր սլաքով և անցկացնել նրա որովայնով: Եվ այդպես Քրիստոսի անպարտելի զորականն ավանդեց հոգին հրեշտակների ձեռքը` մարտ ամսի քսանչորսին, փառավորելով Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.