12 Հոկտեմբեր, Շբ
Մի հողագործ լսում է, որ իրենց երկրի թագավորը հանդիպելու է ժողովրդի հետ`
մարդկանց ցանկությունները լսելու ու օգնելու համար: Նա շտապում է քաղաք` թագավորին տեսնելու և իր խնդրանքներն ուղղելու նրան: Երեկոյան մտնում է մի պանդոկ, գարեջուր պատվիրում ու նստում մի սեղանի մոտ: Պանդոկ է մտնում գորշ ու մաշված հագուստներով մի աղքատ մարդ, նստում հողագործի մոտ ու հարցնում.
- Տեսնում եմ, որ այս քաղաքից չեք, ի՞նչ գործով եք եկել այստեղ:
- Իմ երազանքներից մեկը թագավորին հանդիպելն է ու իմ խնդրանքները նրան ասելը,-
պատասխանում է հողագործը:
Աղքատ մարդն ասում է.
- Ես կարող եմ քեզ օգնել, որ թագավորին տեսնես:
Այդ ժամանակ պանդոկ են մտնում մեծահարուստ մարդիկ ու նստում նրանցից քիչ հեռու:
Հողագործը մտածում է, որ այս անվանի մարդիկ ավելի շուտ կարող են օգնել իրեն,
քան աղքատ մարդը և գնում է, գարեջուր հյուրասիրում ու նրանց միանում:
Հաջորդ օրը, երբ թագավորն իր շքախմբով անցնում է քաղաքի պողոտայով, հողագործը
զարմանում ու ափսոսանք է արտահայտում, բայց ժողովրդի բազմության պատճառով չի
կարողանում մոտենալ թագավորին: Թագավորն այն մարդն էր, որ նախորդ օրը անշուք
զգեստներով նստած էր իր կողքին...
Հաճախ այսպես էլ մենք ենք կորցնում այն պահերը, երբ Քրիստոս մեզ բավական մոտ է լինում:
Հովհաննես Մանուկյան