Սուրբ Երկրում ուխտավորները հաղորդ դարձան կյանքի ավետիսին

Աշխարհի երեսին իր սրբությամբ առանձնացող Սուրբ Երկիրը՝ Երուսաղեմը, դարեր շարունակ իր երկնառաք օրհնությունն է բաշխում իր ուխտավորներին: Տիրոջ Հարության հոգենորոգ օրհնությանը բաժնեկից դառնալու բաղձանքն էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով քսանվեց ուխտավորների առաջնորդել դեպի Սուրբ Երկիր: Ուխտավորները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 2-ից տասնօրյա ուխտագնացությամբ առիթ ունեցան Տերունական սրբավայրերում Հուլյան (հին) տոմարով նշելու Տիրոջ հրաշափառ Հարության տոնը՝ նախ մասնակից դառնալով Ավագ կամ Չարչարանաց շաբաթվա արարողություններին:

Պատմության մեջ կարևորագույն հետք թողած Սուրբ Երկիրը աշխարհի քրիստոնյաների համար հոգևոր խաչմերուկ է հանդիսանում, որտեղ յուրաքանչյուր ուխտավոր, հաղորդ դառնալով Տերունական սրբավայրերին, վերապրում է Տիրոջ երկրային կյանքի ողջ ուղին: Տիրոջով սրբագործված սուրբ հողն առատ պտուղներն է տվել. զորավոր հավատքը զորավոր տաճարներ է երկնել, ուր զօր ու գիշեր չեն դադարում աղոթք ու Պատարագ: Ի թիվս մյուս ուխտավորների՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորները ևս փառաբանում էին Տիրոջը պարգևած օրհնությունների համար՝ խոկմամբ և աղոթքով իմաստավորելով իրենց ներկայությունը սուրբ հողի վրա: Նրանց ամեն մի ջանքը՝ վաղ առավոտյան արթնանալը, ծոմապահությամբ մասնակից լինելը ժամերգություններին, առավոտյան և գիշերային Ս. Պատարագներին, Տիրոջ կողմից վարձատրվում էր անբացատրելի խաղաղությամբ և ուրախությամբ:

Ուխտավորները Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում հանդիպում ունեցան պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ և ստացան Սրբազան Հոր հայրական օրհնությունը: Պատրիարքը բարի գալուստ մաղթեց ուխտավորներին և իր ուրախությունը հայտնեց նրանց՝ Երուսաղեմում ուխտավորաբար գտնվելու առթիվ: Այնուհետև ուխտավորների և Նուրհան Սրբազանի միջև Երուսաղեմի պատրիարքության վերաբերյալ զրույց ծավալվեց: Հանդիպման ավարտին Տեր Գրիգորը Նուրհան Սրբազանին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի եղբայրական ողջույնը և շնորհակալություն հայտնեց ընդունելության կապակցությամբ:

Տասնօրյա ուխտագնացության ընթացքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների խմբին ուղեկցում էին Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբաններ՝ Թեոդորոս վարդապետ Զաքարյանը և Աշոտ սրկ. Ղազարյանը՝ ներկայացնելով սրբավայրերի վերաբերյալ պատմություններն ու ավանդությունները:

Ս. Հարության, Ս. Կույսի գերեզմանի վրա գտնվող Ս. Աստվածածնի և Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարներում ուխտավորները մասնակցեցին Ս. Պատարագի՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի մատուցմամբ: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության վայրի, Խաչգյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա կառուցված Ս. Հարության տաճարում ուխտավորներն առավել անմիջականորեն էին զգում Տիրոջ զոհաբերվող սիրո ջերմությունն ու մահվան դեմ տարած հաղթանակի ուրախությունը: Բազմիցս խնկարկված ու երկրպագված Տիրոջ թափուր գերեզմանն այդ անասելի ուրախության լուռ վկան էր:

Ապրիլի 9-ին ուխտավորներն արժանացան մասնակիցը լինելու տարին մեկ անգամ Ս. Զատկի տոնի հաջորդ օրը մատուցվող Ուխտավորաց Ս. Պատարագին և մեծահանդես թափորին, որ տեղի ունեցավ Ս. Հակոբյանց տաճարում՝ պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ: Այդ օրը արարողությանը մասնակից յուրաքանչյուր ուխտավոր հնարավորություն ունեցավ հաղորդակից լինելու Երուսաղեմի Հայոց սրբություններին:

Ամեն մի սրբավայրում՝ Ս. Հարության և Ս. Աստվածածնի տաճարներում, Սրբոց Հակոբյանց Մայրավանքում, Բոլոր ազգերի և «Հայր մեր» եկեղեցիներում, Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարում, Ս. Հրեշտակապետաց վանքում, Սիոն լեռան, Գալիլիայի ծովակի, Ձիթենյաց և Թաբոր լեռների սրբավայրերում, ամեն տեղ հայ ուխտավորները միասնական աղոթք էին վերառաքում առ Տեր և փառաբանում Տիրոջը՝ Սուրբ Երկրում կյանքի ավետիսին հաղորդ դառնալու համար:

Երուսաղեմը և հայերը

Տիրոջ նախախնամությամբ առաջին աստվածապաշտ ժողովրդի՝ հայերի առնչությունը Երուսաղեմի և ընդհանրապես Սուրբ Երկրի հետ սկիզբ է դրվել դեռևս շատ վաղուց: Քանի որ աշխարհահռչակ քաղաք Երուսաղեմը՝ խաղաղության բնակավայրը, քաղաքների մեջ հնագույնը և նշանավոր Ավետյաց երկիրը, նախկինում Սաղեմ կոչված, ըստ բազմաթիվ ուսումնասիրողների, այդ թվում նաև Վարդան Արևելցու, հայոց նահապետ Հայկ-Մելքիսեդեկն է կառուցել և այնտեղ թագավորել որպես աշխարհիկ և հոգևոր տիրակալ: Տպավորիչ է, որ հնուց մինչ օրս՝ Երուսաղեմի տեղաբնակ հայերն իրենց անվանում են ոչ թե երուսաղեմացիներ, այլ սաղիմահայեր: Հիշենք, որ դեռևս հայոց անդրանիկ հավատացյալ թագավոր Աբգար Առաջինի դարձից հետո, նրա բարեպաշտ կինը` Հեղինեն, մատուռներ էր կառուցել և՛ Գլխադիր կոչված Խորանին (Ս. Հակոբյանց վանք), և՛ այլ տեղերում, որտեղ առ այսօր հայկական վանքեր ու եկեղեցիներ կան: Չորրորդ դարում, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը գտնվում էր Երուսաղեմում, նրա աղոթքներով Ս. Հարության տոնին առաջին անգամ իջավ երկնառաք հուրը, որը դարձավ ավանդույթ: Այդ ժամանակ էր, որ տարբեր Եկեղեցիների առաջնորդներն աղոթքով իրենց խնդրանքը Տիրոջ առջև բերեցին և վիճակ գցեցին, թե ում ինչ սրբություններ պիտի բաժին հասնեն Սուրբ Երկրում. և Հայոց աշխարհին վիճակվեցին բազմաթիվ սրբատեղիներ, որոնց մեջ նաև՝ Գողգոթան և Սիոնում՝ Ս. Հակոբ Տեառնեղբոր տունը՝ քրիստոնեության առաջին Պատրիարքարանը, որտեղ մինչև օրս գտնվում է Հայոց Պատրիարքարանը: Չորրորդից մինչև իններորդ դարերը Երուսաղեմում և նրա շրջակայքում գործում էր մոտ 90 հայկական վանք (այժմ՝ կանգուն և ավերված հայկական 74 եկեղեցիներ և վանքեր) (Աշոտ դպիր Արևշատյան «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ»):

Իսկ թե ինչպես էր պատրաստվում Երուսաղեմ ուխտի գնալ մեր առաջին կաթողիկոսը` Ս. Գրիգոր Լուսավորիչը, ահա մի քանի հին ավանդություններ և նրանց վրա խարսխված պատմագրական հիշատակություններ. «Ս. Գիրգոր Լուսավորիչը, առանձնանալով Սեպուհ լեռան վրա, կամենում է Երուսաղեմ ուխտի գնալ: Իր ուխտը, սակայն, ցանկանում է իրականացնել ոչ թե քայլերով, այլ երեսն ի վայր ու ծնկների վրա գնալով: 1439թ. գրված մի «Յայսմաւուրք»-ում ասվում է, թե իր ճգնության այրից, երբ այսպես լեռն ի վար իջնում է ներքև ու վեր ելնում մի ձորակով, կենդանի նահատակին երևում է Տիրոջ հրեշտակը և թույլ չի տալիս նման տաժանելի կերպով շարունակել ուխտագնացությունը: Ի պատիվ հրեշտակի երևման՝ Լուսավորիչն այստեղ մի խաչ է կանգնեցնում, որն ուներ հրաշագործ զորություն: Սերովբեք է կոչվում նաև այնտեղ գտնվող գյուղը: Հասնելով Երուսաղեմ` Լուսավորիչն իրեն արժանի չի համարում մոտենալու Տիրոջ գերեզմանին և յոթ տարի ճգնում է Խաչգյուտի եկեղեցում, որն այսպես է անվանվում, քանի որ, համաձայն ավանդության, այստեղ է Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինե թագուհին, գտել Քրիստոսի Խաչափայտը: Յոթնամյա ճգնությունից հետո Զատկի ճրագալույցին, երբ Լուսավորիչը մոտենում է Տիրոջ գերեզմանին, վառվում են այնտեղ կախված բոլոր կանթեղները, և Ս. Գրիգորը երգում է «Լոյս Զուարթ»-ը: Ասվում է, թե ի հիշատակ կանթեղների հրաշալի այս վառվելուն է մեր Եկեղեցում ամեն շաբաթվա ճրագալույցին երգվում «Լոյս Զուարթ»-ը» (Վարդան Դևրիկյան «Երուսաղեմի Հայ Ուխտավորը»):

Այսպիսով, դեպի Երուսաղեմ հայոց ուխտագնացության ժամանակագրությունը սկիզբ է դրվել դեռևս շատ վաղուց, ապա այն շարունակել են մեր առաջին հայրապետը, մեր թարգմանիչ վարդապետները, եկեղեցու հայրերը, հայոց արքաներն ու իշխանները, ինչպես նաև հայ ժողովրդի մնացյալ խավերն ու դասերը` կազմելով հայոց ուխտագնացության ոսկե շղթան, որը շարունակվում է առ այսօր:

 

Կարինե Սուգիկյան

 

13.04.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․