28 Դեկտեմբեր, Շբ
Հայոց սուրբ հայրապետ Սահակ Մեծի վախճանից հետո Լուսավորչի սուրբ Աթոռի տեղապահությունը ստանձնում է Մեսրոպ վարդապետը: Սակայն միևնույն տարում վախճանվում է նաև Մեսրոպը և կաթողիկոսական իշխանությունը տրվում է մեծն Հովսեփին, որը Վայոց Ձոր աշխարհից էր, Հողոցմանց կոչվող գյուղից: Հովսեփը բանիմաց ու սուրբ մարդ էր՝ լի աստվածային հանճարով ու իմաստությամբ: Եվ մինչդեռ նրան կամենում էին կաթողիկոս ձեռնադրել, պարսից Հազկերտ արքան մեծ նեղությունների մեջ է գցում հայոց իշխաններին՝ բռնադատելով նրանց ուրանալ Քրիստոսին: Հազկերտը, մեծ զորք ժողովելով, նպատակադրվում է գալ ու ավերել հայոց, աղվանից ու վրաց երկրները և գերեվարել բնակչությանը:
Իսկ սուրբ Հովսեփն էլ, իր շուրջը համախմբելով երկրի բոլոր եպիսկոպոսներին, քահանաներին ու երկրում մնացած իշխանավորներին, ուխտադրում է հաստատուն մնալ Քրիստոսի հավատքին և Նրա անվան համար կամավորաբար հանձն առնել՝ ընդունելու մինչև իսկ մահն ու նահատակության պսակը ժառանգելու, մարտնչելու պարսից զորքի դեմ ու անխնա պատժելու ուխտադրուժ ուրացողներին, այնպես, որ մինչև անգամ հայրը չխնայի իր որդուն, եղբայրն՝ իր եղբորը և ազգականն՝ ազգակցին:
Եվ ամենքը՝ այր թե կին, միևնույն ոգևորությամբ հրավառվեցին: Իսկ հայոց իշխանները՝ Մամիկոնյան տոհմից սերող, Սահակ հայրապետի թոռան՝ սուրբ Վարդան զորավարի առաջնորդությամբ, մոլորեցրին պարսից արքային իրենց «ուրացության» լուրով և, իրենց հետ վերցնելով շահի տրամադրած երեք հազար մոգերին ու պարսից որոշ քանակությամբ զորք, վերադարձան հայոց աշխարհ ու միաբանվեցին Եկեղեցու դաշնադրած ուխտին: Այնուհետ, ելնելով մոգերին դեմ հանդիման, բոլորին սրի քաշեցին: Հազկերտը, լսելով այդ մասին, հույժ տրտմեց ու մեծ զորք գումարելով՝ այն հանձնեց պարսից թագավորության հոգածու Միհրներսեհին: Ու երբ վերջինս ելավ-եկավ Փայտակարան քաղաքը, այստեղ նրա մոտ գնաց Սյունիքի իշխան ուրացող Վասակը, որն այլ համախոհ իշխանների հետ դրժել էր հայոց միաբանության ուխտը:
Ինչ վերաբերում է Միհրներսեհին, ապա նա իր տրամադրության տակ եղող ամբողջ զորքը հանձնում է Մուշկան Նյուսալավուրտ անունով մեկին ու նրան ուղարկում ընդդեմ սուրբ Վարդանի և հայոց զորքի: Եվ սուրբ Վարդանը կռվով է ելնում նրանց ընդառաջ: Հայոց զորքի մեջ էին նաև մեծն Հովսեփը, Ղևոնդ քահանան և ուրիշ շատերը եպիսկոպոսներից ու քահանաներից: Ու քաջաբար մարտնչելով թշնամու դեմ՝ պարսից զորքից շատերին սպանեցին և իրենք էլ նահատակությամբ վախճանվեցին Արտազի դաշտում: Սուրբ Վարդանը, փղերի երամակի մեջ ընկնելով, զոհվեց իր նահատակակից ընկերների հետ: Մնացյալները ցրվեցին լեռներով ու դաշտերով մեկ, մացառուտներում ու ամրոցներում: Իսկ պարսից զորքերը, ուրացյալ Վասակի հետ, հետապնդում էին հայերին ու խոստումներով ցած իջեցնելով ամրոցների բարձունքից, սակայն դրժելով իրենց խոստումը՝ սպանում էին նրանց:
Այս տեսնելով՝ սուրբ Հովսեփը, Ղևոնդ քահանան ու նրանց հետ նաև ուրիշներ ոտքի ելան և պարսից արքունական մակարդակով բողոք բարձրացրին: Պարսից հրոսակները թեպետ չհամարձակվեցին սպանել նրանց, սակայն սաստիկ գանահարության ենթարկելով՝ շղթայեցին, իսկ 813 մարդու էլ մահվան դատապարտեցին:
Այսպիսով, ձերբակալելով Ռշտունյաց սուրբ Սահակ եպիսկոպոսին, Արտաշատի Սամուել և Աբրահամ քահանաներին ու Քաջաջ սարկավագին, նաև՝ Արսենին, Խորենին, Աբրահամին ու Մուշե քահանային, տարան նրանց պարսից երկիրը: Ճանապարհին ուրացող Վասակը հանդիպեց սրբերին ու խոնարհաբար ողջույն տվեց նրանց, իսկ սյունեցի Ղևոնդ քահանան՝ դիմելով նրան, ասաց. «Այդ ո՞ւր ես գնում, Վասա՛կ»: Վասակը պատասխանեց սրբին. «Գնում եմ արքայից ընդունելու իմ աշխատանքի վարձատրությունը»: Եվ Ղևոնդ քահանան ասաց նրան. «Աստված է խոսել ինձ հետ ու ասել, որ դու ողջ չես վերադառնալու Հայոց աշխարհ»: Այս լսելով՝ անօրենը սրտաբեկ տրտմությամբ շարունակեց իր ճանապարհը:
Իսկ սրբերը, քանի որ շղթայակապ էին տարվում, շատ ամիսներ անց միայն հասան արքունի ձմեռանոցը: Այնտեղ տարան նաև Ատրորմիզդ մարզպանի կողմից գերեվարված նախարարներին և թագավորը հրամայեց Միհրներսեհ հազարապետին ու պարսից այլ մեծամեծներին քննել, թե ում պատճառով ավերակ դարձավ հայոց աշխարհը: Եվ մեղավորության նժարը թեքվեց ուրացող Վասակի կողմն ու նրա գլխին բարդվեց վնասի ամբողջ մեղավորությունը, ուստի թագավորը հրաման տվեց պատժել նրան: Եվ մեծ հրապարակում ձաղկելով Վասակին՝ տարան նրան մահապարտների համար նախատեսված բանտը: Այնտեղ էլ, գանահարության ու կրած ուրիշ ծանր նեղությունների պատճառով, դավաճանի մարմինը հյուծվեց ու որդերով պատվեց և նա մահացավ անզղջում ու դառը մահվամբ:
Իսկ հայոց սուրբ քահանաներին ու նախարարներին տարան Նյուշապուհ քաղաք և հանձնեցին այնտեղի մոգպետի ձեռքը, ու սա էլ, սրբերին բանտ նետելով և նրանց քաղց ու ծարավի մատնելով՝ փորձում էր ուրանալ տալ Քրիստոսին՝ փոխարենն ազատություն առաջարկելով: Սակայն սրբերը հաստատուն մնացին Քրիստոսի հավատին ու առ ոչինչ համարեցին իրենց վրա եկող չարչարանքները: Այս ամենը զարմանք առաջացրեց մոգպետի սրտում ու մի օր նա միայնակ, գիշերով ելավ-գնաց՝ տեսնելու, թե ինչ են անում այդ մարդիկ: Ու մի փոքրիկ խորշի միջով բանտախցից ներս նայելով՝ նրանց քնի մեջ գտավ, մինչև որ հանկարծ մի պայծառ լույս ծագեց բանտում ու այդժամ սրբերը ելան աղոթելու: Այս տեսնելուն պես մոգպետը վերադարձավ իր տուն, ոչ ոքի, սակայն, չպատմելով իր տեսիլքի մասին:
Մյուս գիշեր ևս, այցելելով բանտարկյալներին, մոգպետը նորից տեսնում է նրանց լուսավորված ու դուռը բանալով՝ սրբերի ոտքերն է ընկնում և հավատում Քրիստոսին: Մոգպետը պատմում է նրանց իր տեսիլքի մասին, հայոց այրերն էլ ուսուցանում են նրան ճշմարիտ հավատն ու փրկության խոսքը, որից հետո մոգպետը սրբերին իր տուն է տանում և ինքն անձամբ լվանում ու դարմանում է նրանց վերքերը, իսկ սուրբ քահանաներն էլ մկրտում են մոգպետին ու նրա ամբողջ տունը:
Այս ամենից հետո մոգպետը կանչել տվեց այդ նույն քաղաքում բանտարկված նախարարներին և սեղան գցեց նրանց առջև՝ պարգևատրելով նաև մեծամեծ վարձատրությամբ: Այնուհետ այդ քաղաքում իր ունեցած իշխանական լիազորությամբ մոգպետը ազատ արձակեց նրանց իրենց մարմնական կապանքներից: Իսկ ահա Հազկերտն էլ, իր թագավորության տասնվեցերորդ ամսում, գնաց քուշանների երկիրը՝ պատերազմելու: Քուշանների արքան, դուրս գալով պարսից զորքի դեմ, նրանցից շատերին սպանեց, իսկ Հազկերտն էլ փախուստի դիմեց ու մինչև իսկ իր երկիր չկարողացավ վերադառնալ: Ու հոխորտալով՝ Հազկերտը չէր էլ իմանում՝ ում վրա հեղի իր մեջ եղող դառնության թույնը, երբ մոգերն ասում են նրան. «Արքա՛, հայոց քաջազուն առաջնորդները, որոնց դու բանտ ես նետել, հանապազ անիծում են քեզ, ու քանի որ դու մինչև օրս կենդանի ես պահել քո աստվածներին անարգողներին, այդ պատճառով էլ այդ աստվածները բարկանալով՝ չեն օգնում քեզ»:
Այս լսելով՝ թագավորը իր մեծամեծ իշխաններից մեկին՝ Դենշապուհ կոչեցյալին, հրաման է տալիս գնալ Նյուշապուհ քաղաքն ու չարչարել սուրբ քահանաներին՝ մինչև վերջիններս չուրանան Քրիստոսին, սակայն եթե սրբերը չերկրպագեն կուռքերին, ապա պետք է սրով սպանել նրանց: Ու այս Դենշապուհն էլ, գնալով այդ քաղաք, տեսնում է մոգպետին ու արդեն իսկ նրա երևելի տեսքից միայն զարմանք ապրում: Ապա հարցուփորձ է անում մոգպետին ու վերջինս քաջաբար խոստովանում է իր՝ քրիստոնեությունն ընդունելը: Եվ Դենշապուհը, որ թագավորից հրաման ուներ խորապես ուսուցանելու նրանց զրադաշտական սուրբ գրքերը, սակայն քանի որ անկարող է լինում այդ անել, ուստի Քրիստոսի հավատքին հավատարիմ մնալու համար քահանաների խմբից երկուսին սպանել է տալիս՝ մնացյալ քրիստոնյաների մեջ ահ գցելու նպատակով, սակայն ապարդյուն։
Իսկ սուրբ Հովսեփին ու նրա ընկերներին Դենշապուհը ևս մեկ անգամ գիշերով գաղտնի հարցուփորձ է անում՝ յուրաքանչյուրին առանձին-առանձին: Սրբերը, սակայն, անդրդվելիորեն հաստատուն են մնում Քրիստոսի հավատքին, ուստի Դենշապուհը դահիճներին հրամայում է պարաններով կապել նրանց ձեռքերն ու ոտքերը և նրանց ուսերին ծանրության լուծ դրած՝ զույգ-զույգ քարշ տալ ապառաժ քարերով լեցուն վայրերով, սակայն, ի հեճուկս պարսից, սրբերի մարմնի վրա վերքի ոչ մի նշույլ անգամ չի մնում: Այդ ամենից հետո նրանց անցկացրին նաև հայոց իշխանների առջևով՝ նպատակ ունենալով կակղեցնել վերջիններիս սրտերն ու ընդունել տալ պարսից կրոնը, սակայն կրկին ապարդյուն. սրբերը չէին դադարում գոհություն վերառաքել առ Աստված:
Այնուհետ Դենշապուհը ևս մեկ անգամ նրանց հարցրեց, թե արդյոք չեն կամենում կատարել թագավորի կամքն ու երկրպագել արեգակին, ինչին ի պատասխան սրբերն այս ասացին. «Մենք մեր Աստծուն չենք ուրանա ու երկրային տարերքներին չենք երկրպագի: Դուք կույր եք հոգով, իսկ ձեր թագավորն էլ հոգու կուրության հետ մեկտեղ ու այդ պատճառով նաև կույր է և իր մարմնական մի աչքով»: Դենշապուհը, թագավորին հասցեագրված ատելության խոսք լսելով սրբերի շուրթերից, գազանական կատաղության մեջ ընկավ ու սուսերը բարձրացնելով՝ հարձակվեց նրանց վրա: Նա հարված հասցրեց հայոց սուրբ եպիսկոպոսապետի աջ ուսին ու նրա ձեռքը թիկունքի կողմից կտրելով՝ վայր գցեց: Այդժամ վիրավոր սուրբը, քաջալերելով իր ընկերներին, ասում էր. «Ահա՛ տեսնում եմ մեր կողքին կանգնած հրեշտակների գունդը ու վեց պսակ՝ հրեշտակապետի ձեռքին»: Սրբերը, լսելով այս խոսքերը, առավել ևս զորացան:
Եվ սուրբ Ղևոնդ քահանան ասում է սուրբ Հովսեփին. «Նախ դո՛ւ ընդառաջ գնա սրին, քանի որ քո նվիրապետությամբ բարձր ես ամենքիցս, և նախ դո՛ւ ընդունիր նահատակության բաղձալի պսակը»: Եվ այսկերպ գլխատվում են մնացյալ բոլոր երանելի վկաները, որոնք էին. վանանդեցի Ղևոնդ քահանան, աղբակեցի քահանա Մուշեղը, Բագրևանդի Եղեդիկ գյուղից Արսեն քահանան, Քաջաջ սարկավագը Ռշտունիքից, որտեղի եպիսկոպոս էր դարձել Նյուշապուհ քաղաքի նորադարձ մոգպետը: Նաև, Սամուել քահանան Արարատ գավառի Արագած գյուղից, միևնույն գյուղից՝ Աբրահամ սարկավագը, դեռևս Ասորեստանում նահատակված Թադիկ եպիսկոպոսը, ևս երկուսը՝ Սամուելն ու Աբրահամը, նահատակված Վարդենում: Այսպես նահատակվեցին սրբերը հրոտից ամսի քսանհինգին: Եվ Դենշապուհի զորքում եղող Խուժիկ անունով մի քրիստոնյա էլ, գաղտնաբար վերցնելով սուրբ այրերի մարմինները, տարավ ու բաշխեց քրիստոնյաներին:
Նահատակյալ սրբերի աղոթքներով ու բարեխոսությամբ, Քրիստո՛ս Աստված, ողորմի՛ր նաև այս գիրն ընթերցողներին: Ամեն:
«Յայսմաւուրք», Կ. Պոլիս, 1730 թ.,
Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը