26 Նոյեմբեր, Գշ
Աստվածահաճո և մեծ Գրիգորիոս վարդապետը Երկրորդ Կապադովկիո երկրից է, Անձիանձ քաղաքից, Անձիանձի Գրիգոր եպիսկոպոսի որդին: Եվ նրա պատմությունն այսպես է: Քանի որ նրա մայրը արու զավակ չուներ, գիշեր ու զօր արտասուքով խնդրում էր Աստծուց իրեն արու զավակ տալ: Եվ երազում տեսնում էր պատկերը որդու, որ ծնելու էր: Եվ երբ մանուկը եղավ` մայրը նվիրեց Աստծուն: Եվ մանուկն աճեց և շատ ուսումնասեր եղավ: Գնաց Կեսարիա ուսանելու, այնտեղից` Պաղեստին, ապա Աղեքսանդրիա, իսկ այնտեղից գնաց իմաստության մայրը` Աթենք: Եղավ որ Բասիլիոսը ևս գնաց Աթենք: Եվ բնակվեցին միասին, լինելով հասակակիցներ: Եվ սովորեցին արտաքին իմաստության ամեն հանճար: Սովորեցին պատվիրանների Աստվածաշունչ գիրքը և համբերող եղան ճգնության մեջ, որ երկրի բնակիչների համար եղան զարմանալի ու սքանչելի: Եվ Բասիլիոսը գնաց իր տունը, իսկ Գրիգորիոսը մնաց Աթենքում, և նրան ստիպեցին այն քաղաքի աթոռակալ լինել, բայց հանձն չառավ:
Երբ երեսուն տարեկան դարձավ` գնաց իր գավառը և մկրտվեց և ուխտեց իր համար, որ ամենևին չերդվի, միայնակ լինել և առավոտից երեկո ընթերցել Աստվածաշունչ գիրքը: Եվ Քրիստոսին հայտնապես տեսավ երազով, ապա իր հորից ձեռնադրվեց քահանա և գնաց Բասիլիոսի մոտ, և միասին ճառեր իմաստասիրեցին: Եվ եղավ, որ իր եղբայր Կեսարիոսը վախճանվեց, և իր հայրը գրեց, որ գնա նրա մոտ, քանի որ շատ էր ծերացել հայրը, իննսուն տարեկան էր դարձել: Գրիգորիոսը վերադարձավ հոր մոտ և եղավ եկեղեցու հոգացող: Իսկ Բասիլիոսը նստեց Կեսարիայի եպիսկոպոսության աթոռին և Գրիգորիոս Աստվածաբանին ձեռնադրեց Սաղեմի եպիսկոպոս: Բայց նա տեղի խառնակության, անխաղաղ ժողովրդի գզվռտուքի պատճառով չուզեց բնակվել Սաղիմում: Գնաց իր տունը: Ապա իր հայրն ու Բասիլիոսն ստիպեցին նրան և բազմեցրին Անձիանձի եպիսկոպոսության աթոռին: Եվ երբ թագավորեց Հուլիանոս Ուրացողը, հրամայեց, որ քրիստոնյաների որդիները չսովորեն արտաքին գրքերի հանճարն ու փիլիսոփայությունը: Այն ժամանակ Գրիգոր Աստվածաբանը գրեց Հուլիանոսին հանդիմանության ճառեր, [ասելով]` «Անպետք բարբաջումն են արտաքին ուսումները, առասպել և խոտան, որոնք պետք չէ, որ սովորեն քրիստոնյաները»: Գրեց և այլ գրքեր քերական, պես-պես իմաստներով զանազանված, որ շատ օգտակար են բարեպաշտության: Որովհետև աստվածաբանությունը Եռակի Անձնավորության ստույգ դավանության մասին է, մի բնության և առաքինության գովության, և հոգու և մարմնի սրբության, խրատ հոգու և մտքի` աղոթելու առ Աստված, և փախուստ ամեն պակշոտությունից ու անմտություններից, բազմաստվածյան առասպելների խաբեությունից: Այսպիսի իմաստությամբ վարդապետությունն էր հաստատում քրիստոնյա մանուկների ուսման համար: Եվ Հուլիանոսը տեսավ Գրիգորիոսի արածը, կարդաց պատճենները Գրիգորի և ամաչեց, և դարձյալ թույլ տվեց քրիստոնյաներին սովորել արտաքին ստույգ հանճարները, քանի որ շատ ավելի վեհ էր Գրիգորի հանճարագիտությունը, քան Պղատոնինը, Հոմերոսինն ու Արիստոտելինը: Եվ իր հայր Գրիգորի և մայր Նունեի, եղբայր Կեսարիոսի և քույր Գորգոնիայի մահից հետո նրանց [հիշատակը] պատվեց ներբողական ճառերով, իսկ ապա գնաց Սելևկիա` սուրբ Թեկղե վկայի կուսանաց վանքը և բազում օրեր լռությամբ մնաց այնտեղ:
Եվ երբ վերադարձավ Անձիանձ` չկամեցավ եպիսկոպոսարանում մնալ ու հոգ տանել, այլ խնամում էր աղքատներին, գործակցելով մեծ Բասիլիոս եպիսկոպոսին: Կառուցեց տաճարներ աղքատների հանգստի համար և ճառեր գրեց աղքատասիրության մասին: Եվ այն օրերին բազմանում էր արիանոս[ական]ների բռնությունը: [Գրիգորիոսը] սուրբ Բասիլիոսի հրամանով գնաց Կոստանդնուպոլիս, իջևանեց Անաստասի մատուռում և ընդդիմանում էր հոգեմարտ հերձվածողներին ու այլ հերետիկոսների: Նրանց համախոհ և օգնական էր Եվիղոս թագավորը, որ գահ բարձրացավ Հուլիանոսից հետո: Եվ Գրիգորն իր վարդապետությամբ աստվածաբանելով` ժողովրդին ուսուցանում էր ուղղափառ հավատը, արմատախիլ էր անում հերձվածողների նոր բարբաջանքները: Իսկ ասորի անիմաստ Ապողինարը այն նոր ու դառն հերձվածը մեջ բերեց, թե` «Քրիստոս Կույսից ստացավ իմանալի հոգի»- և այլ հայհոյական խոսքերով շատերին խաբեց և հանեց սուրբ Գրիգոր Աստվածաբանի դեմ, և քարկոծում էին նրան:
Պետրոս Հայրապետը սուրբ Աթանասից հետո նստեց Աղեքսանդրիայի աթոռին: Նրա մոտ հավաքվեցին բոլոր ուղղափառները և Աստծու հաճությամբ ընտրություն արեցին և Աստվածաբան Գրիգորին նստեցրին Կոստանդնուպոլսի աթոռին` Թեոդոս Մեծ թագավորի հրամանով, և ուղղափառությամբ վարեց տասներկու տարի: Եվ մի աղեքսանդրիացի իմաստասեր, որի անունը Մաքսիմոս էր, ճգնավորի կերպ առած, կեղծավորությամբ մոտեցավ Աստվածաբան Գրիգորիոսին և նրան ընկերակից եղավ մի սենյակի ու սեղանի, և ձգտեց Կոստանդնուպոլսի աթոռին: Եկեղեցում իրեն օգնական մի երեց գտավ, և իրենց մտքին ու կամքին դարձրին Աղեքսանդրիայի հայրապետ Պետրոսին, որ այն ժամանակ Գրիգորիոսին նստեցրեց աթոռին. նրան խոստացան բազում գանձեր: Եվ նա ուղարկեց մետրոպոլիտներ ու եպիսկոպոսներ, որ իջեցնեն աթոռից Գրիգորիոսին և ձեռնադրեն Մաքսիմոսին: Եվ [նրանք] գնալով շտապեցին կատարել գործը, բայց մեծ խռովություն և աղմուկ եղավ քաղաքում` սիրելիների ու թշնամիների միջև: Եվ Մաքսիմոսին հանեցին եկեղեցուց, և աղեքսանդրիացիք Մաքսիմոսին տարան մի փողհարի տունը և նրան այնտեղ ձեռնադրեցին, գնացին Թեսաղոնիկե, Թեոդոս թագավորի մոտ և աղաչեցին նրան, որ Կոստանդնուպոլսի աթոռը տա Մաքսիմոսին: Իսկ նա լսեց բարկությամբ, վտարեց նրանց, տրտում ու ամոթահար վերադարձան Աղեքսանդրիա: Եվ սուրբ Գրիգորիոսը մտածեց թողնել աթոռը և գնալ իր տունը, բայց ժողովուրդն արգելում էր` թույլ չտալով գնալ: Եվ թագավորը Թեսաղոնիկեից եկավ, ազատեց եկեղեցիները հերձվածողներից և Գրիգորիոսին վերցնելով գնաց եկեղեցի: Եվ ամպ անցավ արեգակի ներքևով, և օրը գիշերի նմանվեց: Եվ հերձվածողներն սկսեցին խնդալ ու խայտալ, թե Աստված չհաճեցավ արտաքսել մեզ եկեղեցուց: Երբ թագավորն ու Աստվածաբանը խորան մտան, ամպը ցրվեց և պայծառ լույս ծագեց, և հերձվածողները ամոթահար եղան: Եվ Գրիգորիոսին աթոռին նստեցրին Անտիոքի Մելիտոս պատրիարքը և հարյուր հիսուն եպիսկոպոսները, որ հավաքվեցին Երկրորդ սինհոդոսին, հետո եկան նաև Եգիպտոսի եպիսկոպոսները և Աղեքսանդրիայի պատրիարքը` դժկամությամբ, թե` «Առանց մեր կամքի աթոռին նստեցրիք Գրիգորիոսին»: Եվ սինհոդոսի հարյուր հիսուն եպիսկոպոսի միջև խռովություն եղավ. ոչ թե ատում էին Գրիգորիոսին կամ անարժան համարում, այլ մեղադրում էին, թե` «Ինչու չսպասեցիք մեր գալստյան»: Գրիգորիոսն ասում է նրանց.
– Եթե իմ պատճառով է այդ խռովությունը, ես լավ չեմ քան Հովնանը. ինձ ծովը նետեցեք, և կդադարի ձեր միջի մրրիկը:
Եվ հրաժեշտ տվեց թագավորին և գրեց ներբողական ճառեր ժողովի հարյուր հիսուն եպիսկոպոսներին, հրաժեշտ տալով նրանց, գնաց իր երկիրը` Կապադովկիա, իջավ մի գյուղում, որ կոչվում էր Արուանզոն: Եվ ժողովը Կոստանդնուպոլսի աթոռին ձեռնադրեց Նեքտառիոս Տարսոնացուն:
Երբ սուրբ Բասիլիոսը բարի մահվամբ ննջելու էր, Գրիգոր Աստվածաբանը գնաց Կեսարիա, նրա մոտ և նրա թաղմանը ներբողյան ճառ գրեց ու վերադարձավ իր գավառը, Արուանզոն:
Այս երանելի Աստվածաբան Գրիգորիոս վարդապետը տասներկու տարի մնաց Բիզանդիա, մաքրեց քաղաքը բոլոր հերձվածողներից, և Արիոսի, Ապողինարի ու Նավատիոսի մոլորությունից: Եվ Անձիանձի եպիսկոպոսության աթոռին նստեցրեց Եվլալիոսին` այր կատարյալ առաքինությամբ, որ և սրբին սպասավորում էր արժանապես, որովհետև [վերջինս] մարմնով շատ տկարացած էր: Սրանից հետո նաև ինքը գնաց ընդդեմ արիանոս[ական]ների ու այլ հերձվածողների: Եվ դառնալով լռեց, վարելով ըստ ամենայնի խաղաղ կյանք` մեկ տարի միայն աղոթքի հոգ տանելով: Ապա գրեց և այլ թղթեր, բազում նյութեր տալով ինձ` առաջադրված իմաստները կազմավորելու:
Արդ, այսպես բարձր և երկնքին արժանի իմաստությամբ և ուղիղ դավանությամբ ապրեց երանելին այս աշխարհում. շատ-շատերին լուսավորեց Սուրբ Հոգու վարդապետությամբ, որ ավանդվեց իրեն: Սրանից հետո փոխադրվեց այստեղից հանդերձյալ [աշխարհ], անցավորից` մշտնջենականը, ստվերից ճշմարտին, և փառավորված պսակվեց բոլոր սրբերի հետ: Այն մեծ և հիշարժան Գրիգորիոսը ավարտեց իր կյանքը ի փառս Քրիստոսի, որ օրը քսանհինգն էր հունվար ամսի: Եվ ես ըստ իմ կարողության շարադրեցի նրա վարքը, թեև ոչ ամբողջը, այլ այնչափ իմ փափագը կատարեցի, որչափ վայել է բարեմիտ որդիներին` գթասեր հոր խանդաղատանքը փոխանորդաբար հատուցել ըստ մեծության: Որպեսզի և մենք արժանի լինենք նրա միջոցով հարազվարճ բերկրանքով փառավորել անսկիզբ Հորը և Նրանից անսկզբնաբար ծնված Որդուն, և անսկզբնակից բխումը Նրանց էությունից` համագոյակից Սուրբ Հոգին` երեք անձինք կատարյալ անբաժանելի, և մի բնություն անշփոթաբար զուգակցված, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Ա, Ս. Էջմիածին – 2010թ.