Մկրտության ժամանակ Սուրբ Հոգին իջավ աղավնու կերպարանքով (Մատթ. 3.16, Մարկ. 1.10, Ղուկ. 3.22)` իբրև խաղաղություն և հաշտություն բերող, որովհետև այդ ժամանակ մարդկությունը երես էր թեքել Աստծուց: Իսկ Քրիստոսի առաքելությամբ խաղաղություն հաստատվեց մարդկանց և Աստծո միջև (Եփ. 2.15, 17; Կող. 1.20): Սակայն շատ ուսուցանող է հատկապես Սուրբ Հոգու երևումը հրի ձևով: Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա կրակե լեզուների տեսքով (Գործք 2.3): Այսօր շատ մարդկանց սրտերը կարծես սառել և կարծրացել են ոչ միայն Աստծո և երկնայինի հանդեպ, այլև այդպիսի սառնություն է զգացվում հաճախ միջանձնական հարաբերություններում: Հուրը հալեցնում է պինդ իրերը, ինչպես օրինակ` երկաթը, և թրծում ու ամրացնում է թույլ իրերը, ինչպես օրինակ` կավից պատրաստված որևէ իր: Նույն կերպ Սուրբ Հոգին հալեցրեց սատանայի զորությունը և թրծեց առաքյալներին, ովքեր հաստատվեցին հավատքի մեջ: Սուրբ Հոգին կարող է մարդկանց սառած սրտերը ջերմացնել: Դրա համար պետք է, որ Սուրբ Հոգին մեզ վրա ևս իջնի, ինչպես որ նստեց առաքյալների վրա: Որևէ մեկը ցանկանում է նստել հանգիստ և խաղաղ մի տեղ: Եվ այն, որ Սուրբ Հոգին նստեց, հանգչեց առաքյալների վրա, ցույց է տալիս, որ նրանք բոլոր մեղքերից թափուր էին և իրենց պատրաստել էին Աստծո համար:
Առաքյալները Սուրբ Հոգին ընդունեցին երեք անգամ: Առաջին անգամ այն ժամանակ, երբ Քրիստոս նրանց ուղարկեց քարոզելու և իշխանություն տվեց բուժելու բոլոր հիվանդությունները: Երկրորդ անգամ՝ Հարությունից հետո մեղքերի թողության համար, երբ Քրիստոս նրանց վրա փչեց և ասաց. «Առեք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. 20.22-23): Երրորդ անգամ առաքյալները Սուրբ Հոգին ընդունեցին վերնատանը և այդ զորությամբ գրեթե ողջ աշխարհը քրիստոնյա դարձրեցին, ինչը և որոշեց մարդկության պատմության, մշակույթի, մտածելակերպի հետագա ընթացքը:
Կրկին Հոգեգալստյան մասին
Մարդկության պատմության մեջ ամենահրաշալի և հիանալի իրադարձություններից մեկը Հոգեգալուստն է, երբ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա Երուսաղեմում` որպես կրակե լեզուներ: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգու շնորհներով և սկսեցին խոսել օտար լեզուներով: Երուսաղեմում այդ ժամանակ բավականին ժողովուրդ կար, որ եկել էր սուրբ քաղաք հրեական տոնի համար: Հոգեգալստյան այդ նույն օրը հրեաները տոնում էին հիշատակը Սինա լեռան վրա Մովսեսի կողմից աստվածային տասը պատվիրանների ստացման: Երուսաղեմ էին եկել նաև տարբեր երկրներում ապրող հրեաներ և լսում էին, որ առաքյալները խոսում են այդ երկրների լեզուներով: Գործք Առաքելոցում գրված է, որ այդ մարդիկ եկել էին Պարսկաստանից, Միջագետքից, Հրեաստանից և այլն (Գործք 2.7-11): Եկեղեցական հեղինակներ Տերտուղիանոսը և Օգոստինոսն ասում են, որ Նոր Կտակարանի այդ հատվածում պետք է ընթերցել Հայաստան Հրեաստանի փոխարեն, որովհետև այդ դրվագում խոսվում է այլ երկրներից Հրեաստան եկած մարդկանց մասին, և Հայաստան ընթերցելը ճիշտ է նաև աշխարհագրականորեն, քանզի Միջագետքի կողքին գտնվում է Հայաստանը և ոչ թե Հրեաստանը:
Սուրբ Հոգու գալուստն իրական է ամեն օր մկրտության արարողությամբ, որի ընթացքում Սուրբ Հոգին Աստված իջնում է մկրտվող մարդու վրա և նրան տալիս Իր աստվածային շնորհները: Մկրտության արարողության ընթացքում արարողությունը կատարող հոգևորականները երգում են Առաքելոյ աղաւնոյ շարականը, որ գրաբարից թարգմանաբար նշանակում է ուղարկված աղավնին: Չնայած Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով հայտնվեց առաքյալներին, այս շարականի մեջ պատմվում է Սուրբ Հոգու աղավնակերպ գալստյան մասին` շեշտելով Սուրբ Հոգու խաղաղարար հատկությունը, որով զորացյալ առաքյալները երկրին երկինք հրավիրեցին: Այսինքն` առաքյալները մարդկանց սրտերում հաստատեցին ճշմարիտ հավատքը` ցույց տալով ճանապարհը, որ առաջնորդում է հավատացյալներին դեպի երկինք հավիտենական կյանքի համար: Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ Աստված զայրացավ և մարդկությունը բաժանեց յոթանասուներկու լեզուների: Իսկ Հոգեգալստյան օրը Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ և զորացրեց առաքյալներին, ովքեր միավորեցին մարդկությունը քրիստոնեական հավատքի մեկ լեզվի ներքո:
Շնորհների ստացում
Այսօր բազում մարդիկ մկրտվում են` դառնալով քրիստոնյա, սրբվելով ադամական մեղքից, ժառանգելով Երկնքի Արքայությունն ու հավիտենական կյանքը: Մկրտության ժամանակ Սուրբ Հոգին Իր շնորհներն է պարգևում մկրտվողին: Բայց երբեմն տեսնում ենք, որ շատ մկրտվածներ մնում են թերութունների և հոգևոր արատների մեջ: Սուրբ Հոգու հանգչելը որևէ անձի վրա կամ շնորհները բաշխելը տեղի է ունենում նաև այսօր: Սակայն հաջողության գաղտնիքն այն չէ, թե մենք ինչ ենք ստանում, այլ այն, թե ինչպես ենք կարողանում օգտագործել ստացածը: Եթե մի անոթ լի է որևէ հեղուկով, ապա այնտեղ չենք կարող այլ բան լցնել, իսկ լցնելիս էլ միևնույն է անոթից դուրս կթափվի: Ճիշտ այդպես էլ, եթե մեկը լցված է մարմնական կրքերով, ունի երկրային մտածելակերպ, չի կարող իր մեջ պահել աստվածային շնորհները:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից