Հռոմ: 4-րդ դարի սկիզբ:
Հռովմեացի բռնավոր և ամբարիշտ կայսրերի օրոք բույն էր դրել բարոյական ապականությունը: Պողոս առաքյալի ցանած բարի սերմերը չէին կարողացել անմիջապես արմատախիլ անել չարության որոմները: Բայց նահատակի արյունը զուր տեղը չէր թափվել: Քրիստոնեությունը իր կենսունակ արմատները տարածել էր հռոմեական ոստանի մեջ: Ավետարանի լույսը թափանցել էր նրա մութ անկյուններից ներս: Մանանեխի հատիկի պես նոր հավատքը աճում էր:
Չի կարելի սեղմել սիրտը և կաշկանդել միտքը: Ավետարանը սրտի և մտքի կրոն է: Սերը և ճշմարտությունը իր անշիջանելի երկու ջահերն էին: Ո՛չ ատելության բռնությունը կարող էր ցամաքեցնել սերը, ո՛չ էլ ստության ստվերը խափանել ճշմարտությունը: Զգացումներից ամենագեղեցիկը մարդասիրությունն է, գաղափարներից ամենավսեմը՝ մարդկությանը ծառայելու մտածումը: Սա է սովորեցնում Ավետարանը ամբողջ աշխարհին: Սրանով մարդիկ պիտի կարողանային ձեռք բերել ազատություն և երջանկություն:
Սբ. Պողոս կուսավանքում
Ըստ եկեղեցական ավանդության, Հռոմի Սբ. Պողոս կուսավանքում ապրում էին բազմաթիվ կույսեր՝ Գայանե մայրապետի գորովագութ հոգածության ներքո: Վերջինս, ազնվական տոհմից սերված, սիրահոժար հրաժարվել էր փափկասուն կենցաղի բոլոր վայելքներից, իր միակ և բարձրագույն հաճույքը փնտրելով ու գտնելով բացարձակ նվիրումի և անբիծ վարքուբարքի մեջ: Նա արթուն պահապանն էր իր մայրական խնամքին հանձնված հաստատության և սաների: Ողջախոհ կյանքի կրթիչն ու հրահանգիչն էր նրանց: Ուներ հաստատակամ նկարագիր և անդրդվելի հավատք: Իր խոսքն անկեղծ էր, ազդեցիկ ու համոզիչ:
Սբ. Գայանեի սաների մեջ նշանավոր էր աստվածավախ և արքայական տոհմի դուստրերից՝ Հռիփսիմեն: Վերջինս կուսանոցում գտավ իր հոգու խաղաղությունը՝ իր սրտի բովանդակ սերը նվիրելով սիրո Մեծ Վարդապետին՝ Հիսուս Քրիստոսին: Նա համբավավոր էր ոչ միայն իր հոգու բյուրեղյա անբծությամբ, այլ նաև իր մարմնական անհամեմատ գեղեցկությամբ:
Հեթանոս կայսրը
Այդ ժամանակներում Հռոմի Դիոկղետիանոս կռապաշտ կայսրը որոշեց ամուսնանալ: Ուստի պատվիրեց նկարիչներին գտնել իր ողջ հսկայածավալ տերության մեջ աղջիկներից գեղեցկագույնին ու պատկերել նրան, որպեսզի այդ կերպ ընտրություն կատարվի: Որոնումները նրանց բերին Հռոմում տեղակայված Սբ. Պողոս արգելավանքը:
Երբ նկարիչները սղոսկեցին «առաքինի կանանց սուրբ կայանը», հանկարծ կույսերի միջից տեսան «պարկեշտագեղ Հռիփսիմեին ու սքանչելի տեսիլքով ապշած ու զարմացած՝ նկարը տախտակի վրա նկարեցին և հասցրեցին թագավորին»:
Արքան, հիացած նրա հրաշագեղ պատկերով, սկսեց շուտափույթ հարսանիքի պատրաստություն տեսնել: «Իսկ երանելի, պարկեշտասեր Գայանեն՝ սրբացյալ Հռիփսիմեի և իրենց այլ ընկերների հետ, հիշելով սուրբ ուխտը, իրենց ընտրած օրինավոր կրոնի զգաստության սրբությունը», սկսեցին Բարձրյալից օգնություն և ողորմություն հայցել այդ անակնկալ փորձությունից դուրս գալու համար: Գայանեն իմաստուն էր ու հեռատես: Նա
նախատեսեց դառը ճակատագիրը իր սանուհիների: Ցանկացավ փրկել վերջիններիս կյանքն ու պատիվը և կազմեց իր ծրագիրն ու ուղեգիծը:
Դեպի արևելք
Այսպիսով, Հռիփսիմյան կույսերը՝ Գայանեի առաջնորդությամբ ու մի քանի քահանաների ուղեկցությամբ, ընդհանուր շուրջ 70 հոգի, գիշերով թողեցին իրենց ծննդավայրը, հարազատներին, Սբ. Պողոս մենաստանը և կայսրի հալածանքներից ազատվելու նպատակով լքեցին երկիրը:
Եգիպտոսն ու Երուսաղեմը եղան նրանց առաջին այցելավայրերը: Իրենց ուխտը կատարեցին Երուսաղեմում՝ Բեթղեհեմի այրում և Գեթսեմանիի Սբ. Աստվածածնի գերեզմանի առջև: Գեթսեմանիում Աստվածամայրը տեսիլքով հայտնվեց Սբ. Գայանեին և պատվիրեց գնալ Եդեսիա (Ուռհա) քաղաքով: Եդեսիայում Տիրամայրը դարձյալ տեսիլքով երևաց և պատվիրեց նրան գնալ բուն Հայաստան: Հայաստանում զանազան վայրեր շրջելով՝ հասան Վան և ժամանակավորապես բնակություն հաստատեցին այնտեղ: Սբ. Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի խաչափայտից մի մասունք, որը նրան էր հասել սերնդեսերունդ: Խաչի այդ մասունքը ամփոփեցին Վարագա լեռան վրա, որտեղ կույսերից ոմանք մնացին սպասավորելու Սբ. Նշանին: Այստեղ էլ, սակայն, երկար չմնացին: Այն անձավը, որտեղ բնակվում էին, կոչվեց Ուրբաթայրք, քանի որ այդտեղ ուրբաթից ուրբաթ էին Սբ. Պատարագ մատուցում և Սբ. Հաղորդություն ստանում:
Կույսերի վերջին հանգրվանը եղավ Վաղարշապատը, որը նաև Նորաքաղաք ու Հայոց թագավորների նստավայր էր կոչվում: Նրանք բնակություն հաստատեցին քաղաքի արևելյան մասում՝ հնձաններում:
Սակայն դրանով չվերջացավ հետապնդումներն ու հալածանքները. «Ամեն կողմերում լարված որոնում էին, սուրհանդակներ ուղարկում, որ թերևս կարողանան նրանց գտնել: Դեսպան եկավ նաև Մեծ Հայքի Տրդատ արքայի մոտ և բերեց հրովարտակը», ուր Հռոմի կայսրը նախ փնովում էր «քրիստոնյա աղանդների» երկրի համար կործանարար գործունեությունը և հետո խնդրում հայոց թագավորին «չքնաղագեղ կույսին» իր տիրույթներում գտնելու դեպքում կամ Հռոմ ուղարկել, կամ իր մոտ պահել, «քանզի նրա նմանը երբեք չգտնվեց Հունաց աշխարհում»:
Երբ հրովարտակի թուղթը ամբողջությամբ ընթերցվեց, ապա արքան անմիջապես սուրհանդակներ ուղարկեց երկրի տարբեր կողմերը՝ «գեղանի օրիորդին» գտնելու դեպքում մեծամեծ պարգևներ խոստանալով:
Շուտով տարագրյալների թաքստոցը հայտնի դարձավ և «Հռիփսիմեի պարկեշտության ու չքնաղ գեղեցկության համբավը տարածվեց բազմամբոխ հրապարակներում, և ամեն մարդ մյուսին իր զարմանքն էր հայտնում: Իսկ նրա գեղեցկությունը տեսնելու համար հսկայական բազմություն հավաքվեց, նախարարներն ու ավագանու մեծամեծներ էին տեսության գալիս»:
Տրդատ և Հռիփսիմե
Տրդատ թագավորը կարգադրեց թանկարժեք հանդերձներ ու զարդարանքներ ուղարկել, որպեսզի Հռիփսիմեն պատշաճ հանդիսավորությամբ արքունիք մտնի, քանի որ արդեն որոշել էր կնության առնել նրան: Գայանեն, սարսափով տեսնելով այս գայթակղելի ցանցը, որի մեջ կարող էր ընկնել ու խամրել իր սանի առաքինի հոգու ծաղիկը, սրտահույզ հորդորներով զգուշացրեց նրան՝ չխաբվել: Հիշեցրեց նրան իր հայրենի շքեղաշուք աթոռը, որից կամովին հրաժարվել էր արժանանալու համար Քրիստոսի հավիտենական
թագավորության: Հռիփսիմեն՝ սպառազինված իր մանկության հավատով և խրախուսված Գայանեի խրատներով, մերժեց հրավերը: Թագավորը, լսելով Հռիփսիմեի ընդդիմությունն ու մերժումը, կարգադրեց բռնի ուժով նրան բերել ապարանք ու փակել մի սենյակում:
Այստեղ պարկեշտասուն կույսը արտասվագին աղոթքներով օգնություն էր հայցում Տիրոջից, «որպեսզի կարողանա սրբությամբ վախճանվել նրա մեծ անվան համար»: Այդ պահին ներս մտավ Տրդատ թագավորը և լուռ ու հիացիկ սկսեց դիտել Հռիփսիմեի սքանչելի գեղեցկությունը և նրա անդիմադրելի հրապույրը: Ապա սկսեց համոզել մերթ խոստումներով, մերթ սպառնալիքներով: Հռիփսիմեն մերժեց վճռաբար.
-Չե՛մ ուրանա հավատքս և չե՛մ ամուսնանա թագավորի հետ:
Հսկա արքան փորձեց բռնի միջոցով նրան տիրել: Սակայն, Հռիփսիմեն, որ Սուրբ Հոգով զորացել էր, կարողացավ պաշտպանվել, իսկ «թագավորը, որ շատ ուժեղ էր և Հունաց օտար աշխարհում մեծ ուժի բազում օրինակներ էր ցույց տվել և զարմացրել էր նաև իր թագավորության մեջ կատարած բազում քաջագործություններով, այժմ, պարտվեց մի աղջնակից, այն է հաղթվեց Քրիստոսի կամքով ու զորությամբ»:
Այսպես Հռիփսիմեն մերժեց ու անվեհեր դիմադրեց թագավորի վայրագ կամքին: Տրդատը խնդրեց Գայանեին, որպեսզի համոզի իր սանուհուն: Սակայն հակառակը եղավ. Գայանեն համոզելու փոխարեն քաջալերեց կույսին, հորդորեց կայուն մնալ Քրիստոսին տրված հավատարմության մեջ:
Անմեղ կույսերի նահատակությունը
Ի վերջո՝ Տրդատի հրամանով նահատակվեցին Սուրբ Հռիփսիմեն և մյուս կույսերը՝ չարաչար տառապանքներով ու տանջանքներով:
Հաջորդ օրը նույն ամենադաժան մահվան արժանացրին նաև Գայանեին. սկզբում կտրեցին լեզուն, «որ համարձակվել էր իր վնասակար խրատներով կորստյան մատնել այնպիսի կույսին, որն աստվածների գեղեցկությունն ուներ մարդկանց մեջ»: Դահիճները սպանեցին նաև հնձանում մնացած այն միակ հիվանդ կույսին, որ չէին տարել նահատակության:
Հետագայում, երբ ընդունվեց քրիստոնեությունը, Գրիգոր Լուսավորիչը շուրջ 9 օր հավաքեց կույսերի նշխարները և նրանց նահատակության վայրերում, համաձայն իրեն ցույց տրված տեսիլքի, կառուցեց ու կնքեց երեք փայտաշեն վկայարաններ. մեկը՝ Սբ. Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը՝ Սբ. Գայանյանց, մյուսն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը: Ապա մեծ պատվով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր և դրված են մինչև օրս:
Հետագայում այս երեք վկայարանների տեղում կառուցվում են նոր տաճարներ: 7-րդ դարում Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը կառուցում է Սբ. Հռիփսիմե հոյակապ տաճարը և գրում «Անձինք նուիրեալք» շարականը: Նույն դարում Եզր Փառաժնակերտցի կաթողիկոսի ձեռնարկումով կառուցվում է Սբ. Գայանեի տաճարը, ինչպես նաև 18-րդ դարում կույսերի բնակության վայրում՝ հնձանում, Սբ. Շողակաթ վանքը, Նահապետ Եդեսացի կաթողիկոսի օրոք:
Հայ եկեղեցին կույսերի հիշատակը տոնում է Սբ. Գրիգոր Լուսավորչի վիրապի ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը