13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Բայց տեսե՛ք, թե ինչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի (Ղուկ․ 11։41):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանձնահատուկ երկյուղածությամբ և գոհությամբ է օրհնում ու գովաբանում Քրիստոսի անսահման սիրո և մեր փրկության նշան սուրբ Խաչը՝ նշելով նրա սքանչելի երևման տոնը։ Այսօր առանձնահատուկ ջերմությամբ ենք խոնարհվում մեզ մխիթարող, մեզ զորացնող, հույս պարգևող և փրկության առաջնորդող սուրբ նշանի առջև։
Խաչով ճաշակեցինք անմահության պտուղը։
․․․․Խաչով ձեռք բերեցինք կյա՛նքը անվախճան։
Խաչով արժանացանք Դրախտի վայելչությանը։
․․․․Խաչը երևաց, և մեղավորները արդարացան (Հայսմավուրք)։
Մեծ ուրախությամբ և առ Տեր օրհնաբանությամբ շնորհավորում եմ բոլորիս այս լուսավոր տոնի կապակցությամբ, սիրելի՛ հավատացյալներ, թող Տիրոջ փրկչական Խաչի լույսը մշտապես տեսանելի լինի ձեզ Քրիստոսի սուրբ արյամբ գծված փրկության ճանապարհին։
Երբ չորրորդ դարում կատարվեց աստվածային հրաշքը, և Երուսաղեմի բոլոր բնակիչները հնարավորություն ունեցան ականատես լինելու ճշմարիտ Աստծու զորությանը, կայսրության հպատակ քրիստոնյաները Ամենակալի աջակցության կարիքը շատ ունեին։ Օրվա կայսրը տարվել էր հերետիկոսական ուղղությամբ, որը կասկածի տակ էր դնում Քրիստոսի աստվածությունն ու Հոր հետ համագոյության հարցը, ինչը բոլորովին հակառակ էր Քրիստոսի վարդապետած ճշմարտությանը և քրիստոնեության բուն էությանը։ Եվ որպեսզի ցրվեր կեղծ ուսմունքի ու մոլորության խավարը, Աստված ողջ Երուսաղեմի երկնքում ցոլացրեց կենդանի ու կենդանարար Խաչի նշանը, որը ականատեսների վկայությամբ, ժամեր շարունակ ցոլարձակեց արեգակից էլ պայծառ լույսով՝ երկնքից վկայելով Խաչյալի աստվածության ու հավետ ներկայության մասին։ Եվ ինչպես «Հայսմավուրք»-ում ենք կարդում՝ այդ սքանչելի հրաշքը պատճառ դարձավ հարյուր հազար հոգու դարձի ու մկրտության։ Հրեա ու հեթանոս իրենց հոգու աչքերով տեսան ճշմարիտ Աստծու լույսն ու այն նախընտրեցին խավարից։
Այսօրվա ավետարանական ընթերցվածքներից մեկում Տեր Հիսուս Քրիստոս հավաքված ժողովրդին հենց մարմնի ճրագի ու ճշմարիտ լույսի կարևորության մասին էր պատմում, երբ մի փարիսեցի Նրան ճաշի է հրավիրում, և Տերն էլ առիթն օգտագործում է փարիսեցիներին և օրենսգետներին հերթական անգամ խրատելու համար։ Իսկ խրատի առիթ դառնում է փարիսեցիների հանդիմանական զարմանքը, որ Քրիստոս չի լվացվում ճաշից առաջ։ Սրան ի պատասխան Տերն ասում է․ «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ: Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց: Բայց տեսե՛ք, թե ինչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի» (Ղուկ․ 11։39-41):
Սուրբ կյանքով ապրած և Սուրբ Հոգու առաջնորդությանն արժանացած Եկեղեցու հայրերն ավետարանական այս տողերը մեկնելիս, շատ հետաքրքիր ու հոգեշահ կերպով են բացատրում Տիրոջ խորախորհուրդ ու պատկերավոր խոսքը։ Տեր Հիսուս Քրիստոս այս դրվագում ի դեմս փարիսեցիների մարդուն համեմատում է կերակրի անոթի հետ՝ նրան հրավիրելով ողջ ուշադրությունը կենտրոնացնել իր ներքին մաքրության ու հոգու պարունակության վրա։ Ինչո՞վ ես լի, մա՛րդ արարած։ Ի՞նչ կա սրտումդ, ինչո՞վ է ապրում հոգիդ։ Արդյո՞ք կրքերն են գերիշխում հոգումդ, և դու էլ փարիսեցիների օրինակով լի ես հափշտակությամբ ու նենգությամբ, որ սիրո բացակայության հետևանքն է, և ցուցիչը խստասիրտ ու անգութ հոգու, քանի որ ըստ սուրբ հայրերի՝ ճշմարտապես ողորմած մարդը ո՛չ կհափշտակի նրանից, ում ողորմություն է տալիս, ո՛չ էլ կնախանձի նրան։ Լիահույս եմ, որ ձեր պարագան այլ է, սիրելի՛ հավատացյալներ, այլապես պիտի դասվեք մերօրյա փարիսեցիների ու օրենսգետների շարքին և արժանանաք Տիրոջ սուրբ շուրթերից հնչող «վայերին» (տե՛ս Ղուկ․ 11։42-52)։
Ճաշից առաջ ու դրա ընթացքում հրեա կրոնավորների լվացվելը առողջության պահպանմանն ուղղված մերօրյա պարզ գործողությունը չէր, սիրելի՛ հավատացյալներ։ Այն մի ամբողջ ծիսակարգ էր՝ մանրակրկիտ մշակված խիստ հաջորդական գործողություններով, որից մի փոքր շեղումն անգամ մեղք էր համարվում։ Եվ օրենքի գիտակները, խստիվ պահպանելով այսօրինակ արտաքին սովորույթները, համարում էին, որ իրենք արդար են, լիովին կատարել են Տիրոջ կամքը, հետևապես և արժանի են մեծարանքի ու առաջնության։ Նրանք այդպես էլ չհասկացան, կամ չկամեցան ընդունել, որ Աստծու առաջ մարդուն մաքուր կամ անմաքուր դարձնողը սրտի մաքուր կամ անմաքուր, բարի կամ չար խորհուրդներն են։ Այս էր պատճառը, որ Քրիստոս նրանց ուշադրությունն անընդհատ ուղղում էր իրենց սրտին, դրա բովանդակությանը։ Հորդորում էր խորհել բարու և սիրո մասին, դրդում էր բարիք գործելու, քանի որ միայն այդժամ կարիք չէր լինի մտահոգվելու արտաքին մաքրության ծեսի մասին։ «Մարմինն ու ոգին մաքրելով՝ մարդ ոչ մի օգուտ չի ունենա, եթե դրա հետ մեկտեղ մոռանում է ողորմություն անելու մասին։ Ինչպես ներսից ու դրսից լվացված, բայց ըմպելիքով չլցված անոթը չի կարող հագեցնել որևէ մեկի ծարավը, այնպես էլ ներսից ու դրսից մաքրված պնակը չի կշտացնի սովածին, եթե դրա մեջ կերակուր լցված չլինի։ Այդպես էլ մարդն է, թեկուզև լիովին մաքուր լինի ներքուստ ու արտաքուստ, չի կերակրի Տիրոջը, եթե չհագեցնի իր նման ծառային»,- ասում է սբ․ Հովհան Ոսկեբերանը։ Այս սքանչելի խրատին ունկդիր եղեք և դո՛ւք, սիրելի հավատացյալներ, որպեսզի եկեղեցու սրբազան ծեսերին, տոնակատարություններին ու զանազան արարողություններին մասնակցելը չմթագնի ձեր հոգու ճրագը, և արտաքին փայլը երբեք չհավակնի փոխարինելու սրտի սրբությանն ու բարի խորհուրդներին։ Փարիսեցիներն ու օրենսգետներն իրենց մթին հոգու աչքերով այն օրերին չտեսան իրենց մեջ, իրենց կողքին գտնվող Կենդանի Լույսը, քանի որ միայն «սրտով մաքուրները կտեսնեն Աստծուն» (հմմտ․ Մտթ․ 5։8), իսկ սիրտը մաքրելու, հոգին կրքերից ու մեղքերից ազատելու ամենահուսալի և ամենագործուն միջոցներից մեկն առաջարկեց Ինքը՝ Տերը՝ ողորմությո՛ւն տվեք։ Թող յուրաքանչյուրդ իր կարողության չափով և ըստ ունեցածի տա՝ ո՛չ թերագնահատելով, ո՛չ գերագնահատելով իր նյութական ու հոգևոր կարողությունները, քանի որ ինչպես հայրերն են ուսուցանում՝ Աստված ոչ թե փողերն է հաշվում, այլ փորձում է խիղճը։ Այսինքն՝ այն պատրաստակամությունը, այն մտայնությունը, որով մեր ունեցածը կիսում ենք մեր կարիքավոր քույրերի ու եղբայրների հետ։ «[Եթե] քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի»,- ասում է Եսայի մարգարեն (58։10)։
Տալիս ենք նրանից, ինչ ունենք և եթե սեր ու բարություն չլինի մեր սրտում, ի՞նչ պիտի տանք մարդկանց։ Մտածեք սրա մասին, սիրելինե՛ր, ազնվորեն քննե՛ք ձեր բովանդակությունը, ստուգե՛ք, թե ձեր նման մեղավոր մեկին նայելիս ինչ և ում եք տեսնում։ Եթե դեռևս չարությունը, անտարբերությունը, քննադատությունը կամ մաղձն են գերակշռում ձեր հոգում, եթե դիմացինի մեջ միայն բացասականն եք տեսնում, եթե անկեղծ կարեկցանք և օգնելու ցանկություն չի ծնվում ձեր սրտում, ուրեմն դեռևս պղտոր է ձեր հոգու աչքը և դեռ շատ անելիք ունեք ձեր հոգևոր կյանքում։ Ուստի աղոթեցեք ողորմության պարգևատու Քրիստոսին և ողորմություն հայցեք ձեր մեղավոր հոգուն, որպեսզի Իր ամենազոր Խաչից ճառագող լույսի մի շող էլ ձեր դեռևս ախտակիր հոգուն դիպցնի և մաքրի այն ամենից, ինչը խանգարում է ձեզ ձեր իրական պատկերին ու կոչմանը դառնալուց։ Ինչը խանգարում է Սեր ու Լույս Աստծուն մոտենալուց և Նրա հայրական գրկում խաղաղություն գտնելուց։ Եվ խոսքս ավարտեմ սուրբ Հովհան Ոսկեբերանի անգին հորդորով․ «Քանի դեռ շարունակվում է սակարկությունը, ողորմությո՛ւն գնեք, իսկ ավելի ճիշտ՝ ողորմության շնորհիվ փրկություն գնեք։ Դե՛ն գցեք ոսկին և կստանաք Քրիստոսին։ Տվե՛ք արծաթը և կընդունեք Սուրբ Հոգին։ Շա՛ղ տվեք պղինձը և դրա հետ միասին դեն կնետվի մեղքի թույնը։ Ցողե՛ք ողորմությունը և կհանգցնեք [կրքի] կրակը։ Բաժանե՛ք հագուստը, որպեսզի բժշկություն ստանաք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին վայել է փառք ու պատիվ հավիտյանս․ ամեն»։
Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան