26 Նոյեմբեր, Գշ
Քրիստոս նստեց Հակոբի աղբյուրի մոտ և ջուր խնդրեց սամարացի սրբուհի կնոջից և երկար խոսեց նրա հետ: Եվ չգարշեց Իր ձեռքերի ստեղծածից, որովհետև նրա [և նրա նմանների] համար էր իջել երկնքից, որպեսզի անարգված անոթը պատվական դարձնի: Եվ առաքյալներից առաջ` իբրև առաքելուհի ուղարկեց կնոջն այն, որ գնա, քաղաքում պատմի Քրիստոսի գալուստը: Եվ կնոջ խոսքերով շատերը հավատացին ի Քրիստոս, ինչը կարգով պատմվում է սուրբ Ավետարանում: Իսկ կինը, հավատալով ի Քրիստոս, առաքյալների հետևորդ եղավ և գնաց Աֆրիկայի Կարթագեն քաղաքն ու մկրտվեց սուրբ առաքյալների ձեռքով և Լուսավոր անուն ստացավ: Եվ սկսեց բոլորին քարոզել Քրիստոսի Աստվածությունը` կուռքերի մոլորությունից դարձնելով դեպի ճշմարիտ աստվածգիտություն: Եվ գնաց Երուսաղեմ` սպասավորելու Տիրոջ սուրբ Գերեզմանին, որ Յուղաբեր սուրբ կանանց վարձքին արժանանա: Եվ այնտեղ լսեց սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի, ինչպես և մյուս առաքյալների քրտնախոնջ ընթացքի մասին, և լավ համարեց նրանց հետ չարչարվել մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար: Եվ գնաց-աշակերտեց Պետրոսին ու Պողոսին և ավետարանական քարոզությունների ժամանակ հետևեց նրանց: Եվ առաքյալների պես չէր քարոզում հրապարակներում, այլ մեկ առ մեկ տներն էր մտնում և Տեր Հիսուս Քրիստոսի անունով բժշկում էր հիվանդներին և ախտաժետներին, հալածում էր դևերին և պարսավում կուռքերի տկարությունը: Համոզում էր կանանց և նրանց միջոցով նաև նրանց ամուսիններին ու առնում-տանում էր սուրբ առաքյալների մոտ և ամենքին մկրտում` լուսավորելով Սուրբ Հոգու շնորհներով: Եվ առաքյալների հետևից գնաց Հռոմ քաղաքը և այնտեղ ևս մեծ խիզախությամբ ուսուցանում էր ամենքին, որ հեռանան կուռքերի պաշտամունքից և հավատան Քրիստոսին: Եվ նրա համբավը հասավ անօրեն թագավոր Ներոնի լսելիքին, և զորականներ ուղարկեց, որ գտնեն սրբին: Եվ երանելի Փոտինային բռնելով` բերեցին-կանգնեցրին Ներոն արքայի առջև: Եվ նա սկսեց հարցաքննել սրբին, բազում խոսքերով համոզում էր, որ ուրանա Քրիստոսին և չշրջի սուրբ առաքյալների հետ: Իսկ սուրբը, հուսալով Աստծուն և Պետրոսի ու Պողոսի աղոթքներին, աստվածիմաստ խոսքերով պախարակում էր թագավորի ամբարշտությունը, ո՛չ շողոքորթ խոսքերին էր ականջ դնում, և ո՛չ զարհուրում սպառնալիքներից, մինչև որ խիստ բարկանալով` թագավորը նրան դառն, անհնարին տանջանքների ենթարկեց, հրամայեց քերել և կախել փայտից: Այնուհետև սրբին հրավառ հնոցը նետեցին, իսկ նա սրտագոչ ձայնով դիմում էր Պետրոս և Պողոս առաքյալներին, որ իրեն օգնեն աղոթքներով` ինչպես երանելի Թեկղին, որին չմերձեցան ո՛չ հուրը, և ո՛չ գազանների ժանիքները, որովհետև նրան պահպանում էր այն բազուկը, որ խաչին գամվեց: Եվ սուրբ Պողոսի [ու Պետրոսի] աղոթքներով Սուրբ Հոգու նույն շնորհները երևացին նաև սուրբ Փոտինայի վրա. նրան երեք անգամ մահաբեր դեղ խմեցրին, հալած կապար լցրեցին բերանը, քացախով շաղախված մոխիր լցրեցին քթանցքերը, այրեցին հրացյալ շամփուրով և խորովեցին մարմինը: Հետո հանեցին երանելիի աչքերը, սակայն նա կենդանի մնաց, և ինչ հարցնում էին, [արժանի] պատասխան էր տալիս: Եվ թագավորը հրամայեց մահապարտների համար կառուցված խոր և խավար բանտը նետել նրան, ուր օձեր և թունավոր սողուններ էին:
Եվ սրբուհուն երևաց Տերը` Պետրոսի և Պողոսի հետ: Եվ ձեռքերը դնելով` լուսավորեցին սրբուհու աչքերն ու բժշկեցին բոլոր վերքերը: Եվ երբ տեսավ` ճանաչեց Տիրոջը և նրա ոտքերն ընկնելով` ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր Քո աղախնին: Հիշի՛ր չնչին ջանքն իմ, որ Քո փառքի համար դիմակայեցի: Շնորհ տո՛ւր իմ անվանը, որպեսզի ովքեր տառապեն աչքի ցավից և իմ բարեխոսությամբ աղաչեն Քեզ, օգնես և բժշկես` լուսավորելով նրանց աչքերը: Բազմագո՛ւթ Տեր, քավություն տո՛ւր և ների՛ր իմ մեղքերը և Քո արքայության մեջ հիշի՛ր ինձ, Տե՛ր»:
Եվ Տերն ասաց. «Այն ամենը, ինչ խնդրեցիր, կշնորհվի քեզ»: Սուրբ առաքյալները ևս մխիթարական խոսքերով սփոփեցին նրան, և բանտում մնալը դարձավ դյուրին: Եվ բաժանվեցին: Եվ այնքան չարչարանքներից հետո երանելին բանտում մնաց երեք տարի, դիմացավ քաղցին, ծարավին, ցրտին և ժահահոտ բանտի [պայմաններին], և երեք տարի անց հանգյավ ի Քրիստոս:
Իսկ երբ աշխարհից հեռացան սուրբ առաքյալներ Պետրոսն ու Պողոսը և անօրեն Ներոնի վախճանից հետո ծաղկեց քրիստոնեական հավատքը, և սրբերի անուններով եկեղեցիներ կառուցվեցին, հանեցին նաև սուրբ Փոտինայի նշխարները և դրեցին մի սուրբ և պատվական վայրում: Եվ սրբի բարեխոսությամբ այնտեղ աչքերը բժշկվում և լույս են ստանում, [ինչի համար] Քրիստոսին [վայել] է փառք` հավիտյանս հավիտենից. ամեն:
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.