Սուրբ նահատակության մասին

Պարսկական գերության մեջ էր Քրիստոս Աստծո սուրբ Հարության վանքի սարկավագ ոմն Եվսեբիոսը, որն ուներ երկու փոքր աղջիկ` մեկը ութ և մյուսը տասը տարեկան` շատ շատերից գեղեցիկ ու կայտառ: Անօրենը, սրանց տեսնելով այսպես գեղեցիկ, դիվական ներգործությունից դրդված ստիպում էր երկրպագել կրակին և շտապում էր հեռացնել նրանց Քրիստոսի հավատից: Եվ բերել տալով իր առաջ` կրակ վառեց և սկսեց շողոմել, շողոքորթել աղջիկներին և համոզել, որպեսզի իր հետ միասին երկրպագեն: Իսկ հայրը սաստում էր՝ չանել այդ: Հետո փոխելով կարգը` բարբարոսն սկսեց սպառնալիքներ տեղալ, իսկ հայրը քաղցրախոսությամբ հորդորում էր, և Քրիստոսի զավակները տատանվում էին նրանց երկուսի միջև: Հետո բարկացավ անօրենը և մերկացրեց սուրը ավագի վրա և ճոճելով՝ զարհուրեցնում էր նրան: Հայրը նրան ասաց. «Մի՛ երկնչիր, զավա՛կս, կապի՛ր քո ձեռքերը հետևդ և սիրահոժար ընդունի՛ր նահատակությունդ հանուն Քրիստոսի, Ով քեզ համար ընդունեց գեղարդի խոցումն իր կողի մեջ»: Եվ աղջիկը մնաց հաստատուն և զանց չարեց հոր պատվիրանը, այլ մինչև ի մահ համբերեց, հանուն  Քրիստոսի ընդունեց  իր նահատակությունը՝ ինչպես ծարավ մեկը կպապակի զովասուն ջրի. ընթացավ, հաղթեց և պսակ ստացավ: Լսե՛ք և երկրորդ զավակի նահատակությունը հանուն Քրիստոսի: Դարձավ ամբարիշտը երկրորդ աղջնակին. ամեն ինչ արեց, ամեն տեսակ տանջանք կիրառեց, սակայն ոչինչ չօգնեց, մինչդեռ դժնդակ անօրենը կարծում էր, թե առաջինի մորթվելը տեսնելով՝ երկրորդը հեշտությամբ տեղի կտա, սակայն այն անսանձը հուսախաբ եղավ, քանզի աղջնակի բարեհորդոր հայրը Աստծո զորությամբ խրատեց նրան, և նա, հայրական գորովով խրատված, Վերին զորությամբ պարսպված, որպես Աստծո գառն առյուծի բերանից` փրկվեց անբիծ և անվնաս: Եվ հայրն  այսպես  էր ասում կրտսերին. «Մի՛ երկնչիր, զավա՛կ իմ և պտուղ իմ, պատարագ իմ և պարծանք իմ. մի՛ ընդունիր և մի վայրկյան իսկ ետ մի՛ մնա քո քրոջից. ահավասիկ ես էլ ձեզ հետ անհապաղ գալիս եմ առ Քրիստոս»: Աստծո թշնամին երբ լսեց այս, սրով հարվածելով՝ սպանեց նաև մյուս աղջկան: Հայրը, տեսնելով այս, լցվեց մեծ ուրախությամբ, որ իր զավակները ի Քրիստոս փոխվեցին, և ինքն իր պտղից պատարագ մատուցեց Աստծուն, սակայն տրտմում էր, թե գուցե ետ մնա իր զավակներից և չստանա մարտիրոսության պսակ: Դրա համար էլ անօրենին գրգռելով և նրա բարկությունը շարժելով՝ ասաց նրան. «Ո՜վ թշվառական, ի՞նչ մի մեծ բան արիր, որ երեխաների վրա քաջացար. ես էլ կարող էի այդ անել, սակայն եթե ուզում ես քաջությամբ պարծենալ` փորձիր ի՛նձ ստիպել երկրպագելու քո պիղծ ու զազիր կրակին»: Երբ այս խոսքերը լսեց այն չարանենգ գազանը, վեր թռավ և կրճտացրեց իր ատամները նրա վրա, խփեց նրան քարերով ու գանահարեց, դալար ճյուղերով արնաթաթախ արեց նրա կողերը, մինչև որ այս ամենից սաստիկ հոգնեց: Ապա մեծ խարույկ վառեց և կապելով տեր Եվսեբիոսին` գցեց խարույկի մեջ՝ որպես ողջակեզ պատարագ՝ ոչ թե իր բարքի համար, այլ՝ իր հավատի ու հաստատակամության: Ո ՜վ զարմանալի և հրաշափառ գործ. ժամանակին Աբրահամը իր որդուն մատուցելով` իր պատրաստակամությունը ցույց տվեց, իսկ սա գործո՛վ կատարեց. նա իր անձը չմատնեց, իսկ սա իր անձը չխնայեց: Թող լսեն այս ամենը հայրերն ու մայրերը և շտապեն  այսպիսի ընծա մատուցել Աստծուն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.04.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․