Սուրբ Նիկողայոս Մյուռացին Հայ եկեղեցում առավել հայտնի է Զմյուռնացի անվամբ, սակայն նա ոչ մի կապ չունի Զմյուռնիա քաղաքի հետ: Նա եղել է Փոքրասիական մեկ այլ՝ Մյուռա քաղաքի եպիսկոպոսը:
Ս. Նիկողայոսն ապրել է 3-4-րդ դարերում: Ծնվել է 280թ-ին Փոքր Ասիայի Լիկիա գավառի Պատարա քաղաքում, ոչ հեռու ներկայիս Անթալիայից: Որդին էր Եպիփան և Նունե անունով մեծահարուստ և քրիստոնյա բարեպաշտ ծնողների: Նրա մայրն իրենց քաղաքի Պատարայի եպիսկոպոսի՝ Նիկողայոս երեցի քույրն էր: Ս. Նիկողայոսը փոքր տարիքում կորցնում է ծնողներին և մեծանում մորեղբոր՝ Նիկողայոս եպիսկոպոսի խնամքի ներքո: Դեռևս փոքր տարիքից, ի փառս Աստծո, հրաշքներ և սքանչելիքներ էր գործում՝ գրավելով շատերի ուշադրությունը: Մարմնական կարիքները փոքր ի շատե հոգալով՝ ամբողջությամբ հոգու խնամքով էր տարված, բարիքներ էր գործում, ախտերից զերծ պահում հոգին, մարմինն ու միտքը: Երբ դեռ կերակրվում էր մոր կաթով, չորեքշաբթի և ուրբաթ օրերին մոր ստինքները բերան չէր առնում, այլ մնում էր անոթի: Մոր կաթից կտրվելուց հետո էլ մինչև իր կյանքի վախճանը չարձակեց իրեն պահքի կերակրով սնվելուց: Պատմվում է, որ մի կին չորացած ոտքերով աղաչում է մանուկ Նիկողայոսին առողջացնել իրեն: Ս. Նիկողայոսը, խաչակնքելով կնոջը, իսկույն բժշկում է նրան:
Ինչպես Ս. Անտոնը, նա նույնպես ազդվելով ավետարանական այն պատգամից, որը թելադրում է ամեն ինչ ծախել և Քրիստոսին հետևել (Մատթեոս 19:21), ծախում է ծնողներից իր ժառանգած ամբողջ հարստությունն ու բաշխում աղքատներին: Հետագայում իր մորեղբոր կողմից ձեռնադրվում է կուսակրոն քահանա, ուխտի է մեկնում Սուրբ Երկիր և որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո՝ վերադառնում հայրենիք: Սուրբ Երկիր մեկնելու ճանապարհին ծովն ալեկոծվում է, Նիկողայոսի աղոթքով այն հանդարտվում է: Այս պատճառով նա համարվում է նավաստիների պաշտպան սուրբը: Շուտով վախճանվում է Մյուռա քաղաքի եպիսկոպոսը և Նիկողայոսն ընտրվում է իբրև նրա հաջորդ: Ս. Նիկողայոսն օժտված է եղել մեծ գթասրտությամբ և հրաշագործության շնորհով, ինչ պատճառով և կոչվում է սքանչելագործ: Նա մեծ խնամք է տանում աղքատների, հիվանդների, բանտարկյալների, որբերի և այրիների մասին, բարի էր ու առատաձեռն, միշտ պատրաստ՝ կարիքավորներին օգնելու: Իմանալով, որ մի ծնող չի կարողանում հայթայթել իր երեք աղջիկների ամուսնական օժիտը, գիշերով գաղտնի երեք քսակներ է նետում նրանց տուն և այսպես փրկում ընտանիքին դժվար կացությունից: Պատմում են, թե նա, ամեն օր մեկական ոսկի գցելով պոռնիկ կանանց պատուհանից, նրանց զերծ է պահել պոռնկությունից:
Դիոկղետիանոս կայսեր հարուցած հալածանքների շրջանում Ս. Նիկողայոսը նույնպես ձերբակալվում է և աքսորվում: Անգամ այդ ընթացքում նա հոգ է տանում իր հոտի մասին: Հալածանքների դադարից հետո վերադառնում է իր Աթոռ: 325թ-ին մասնակցում է Նիկիայի տիեզերական ժողովին և ըստ մի ավանդության՝ հաջորդ տարին հոգին ավանդում Տիրոջ ձեռքը, իսկ, ըստ մեկ այլ ավանդության, ապրում մինչև խոր ծերություն և վախճանվում 342թ-ին:
Ս. Նիկողայոսը համաշխարհային հռչակ ունեցող, ամենաժողովրդական և մեծահամբավ սրբերից մեկն է. նա է այսպես կոչված Սանտա Կլաուսի կամ Ձմեռ Պապիկի նախատիպարը: Ուստի նա համարվում է ոչ միայն նավաստիների, այլև մանուկների պաշտպան սուրբը: Ս. Նիկողայոսը համարվում է նաև Ռուսաստանի պաշտպան սուրբը:
Սուրբ Նիկողայոսին նկարելիս աջից պատկերում են Քրիստոսին` ձեռքը Ավետարան, իսկ ձախից` Ս. Աստվածածնին` ձեռքը զգեստ քահանայական: Քանի որ մի օր Ս. Նիկողայոսը տեսավ Քրիստոսին և Ս. Աստվածածնին: Տերը տվեց նրան Ավետարան, իսկ Ս. Կույսը` զգեստ քահանայական:
Ս. Նիկողայոսը բազում սքանչելի գործեր արեց իր կենդանության օրոք և մահից հետո` նեղյալների և բանտարկյալների համար, գերյալների և խորտակվողների, ծնող կանանց և ամուլների համար, բարբարոսների պատերազմների և բոլոր վտանգների նեղության, ինչքի և անասունների կորստի ժամանակ:
Նրա նշխարներն իտալացի որոշ վաճառականներ արաբների կողմից գրավված Մյուռայից 1087թ-ին փոխադրում են Իտալիայի Բարի քաղաք, ուր կառուցվում է նրա անունով փառավոր տաճար: Հայ եկեղեցին Ս. Նիկողայոս Սքանչելագործին հիշատակում է տարին երկու անգամ, մի անգամ առանձին, մի անգամ էլ Գրիգոր Սքանչելագործի և Մյուռոն եպիսկոպոսի հետ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը