26 Նոյեմբեր, Գշ
Հալածանքների ժամանակներում, երբ սատանան հրճվում և բերկրում էր իր պաշտոնյաների արարքներով, խռովությունը, բռնությունն ու հափշտակություններն [էին առատապես լցրել երկիրը]: Նաև Իլու քաղաքի թագավոր Գորգիանոսն էր հավասարվել սատանային և դառն հալածանքներ էր հարուցում քրիստոնյաների դեմ և հրամայում էր հետապնդել նրանց: Եվ բռնեցին Փիլիկտիմոն անունով մեկին, որին ասաց [թագավորը]. «Քո մասին լսել եմ, թե քրիստոնյաների Աստծուն ես պաշտում: Ազատվի՛ր քո այդ անիմաստ մտքերից, սովորի՛ր և գիտեցի՛ր, որ բազում աստվածների մեջ` մեծը, փառավորը, հզորն ու մարդասերը Ապոլոնն է. այլևս ի՜նչ ավելացնեմ` նա է փրկիչն աշխարհի: Այժմ խորհի՛ր` ո՛րն է քեզ համար օգտակար և համաձայնի՛ր երկրպագել մեծ Ապոլոնին»: Իսկ սուրբ Փիլիկտիմոնն աստվածային օրենքներով պատասխանեց և ի ցույց դրեց իր բազմաբար առաքինություններն ու իր մեջ Քրիստոսի դրոշմը տեսնելով` թագավորին ասաց. «Լսի՛ր, ո՛վ թագավոր. թեև ինձ բռնած ատյան բերեցին, սակայն ես [չեմ կամենում] ճարտարախոսությամբ [ազատվել], այլ ասում եմ այն օգտավետն [ու կարևորը], որ հաստատ գիտեմ: Եվ տեղեկացնում եմ քեզ, որ քո իմացած [միակ և անկրկնելի] աստվածը բազմաժառանգ է, մոլորություն է և մոլորեցնում ու շատերին հեռու է պահում նորոգումից: Եվ եթե չես հավատում ինձ, միասին գնանք Ապոլոն անվանվածի տաճարը, և քեզ ցույց կտամ նրա օրենքից դուրս և երևակայական լինելն ու կուռքերի տկարությունը»:
Այս լսելով` թագավորը չզայրացավ պատանու վրա, այլ ասաց նրան. «Միասին գնանք, և քեզ ցույց կտամ Ապոլոնի զորությունն ու անպարտելի շնորհները»: Եվ երբ գնացին, նրանց հետևեց նաև բազմությունը` տեսնելու, թե ինչ է քրիստոնյան ասելու Ապոլոնին:
Հասնելով կուռքերի տաճարին` թագավորն ասաց վկային. «Տեսնո՞ւմ ես ինչ վայելուչ, այլազան պատկերներով է հորինված տաճարը, պաճուճված սալահատակով և ոսկեզօծ սյուներով ու խոյակներով, որ զարդարուն են իրենց ներդաշնակությամբ: Եվ եթե տաճարն այսքան գեղեցիկ է, պարզ է, որ պետք է երկրպագել Ապոլոն աստծուն»: Այս ասելով` թագավորը հրամայեց զորականներին, որ բանան մեհյանի դուռը: Եվ երբ բացեցին, թագավորը շարունակեց վկային ուղղված խոսքը. «Տեսնո՞ւմ ես Ապոլոնի պաճուճանքի փառավորությունն ու զարդարանքի գեղեցկությունը…»: Եվ մինչ թագավորը խոսում էր, Քրիստոսի վկան մտավ կուռքերի տաճարը` տեսնելու, թե Ապոլոն կոչվածն արդյոք աստված է. և պատասխանելով` ասաց թագավորին. «Սրա՞ մասին էիր ասում, թե ինքն է հաստատել երկիրը և իր հրամանով է շարժվում ամեն բան»: Եվ թագավորն ասաց սրբին. «Նա ի հայտ բերեց ոչ միայն երկիրը… երկինքն ու երկիրը, իրենց զարդերով հանդերձ, այլև հայտնապես նա է այդ ամենի կառավարիչը: Եվ ի՞նչ է մարդն առանց նրա… եթե չստանա նրա օժանդակությունը, կյանքում ոչ մի հաջողություն չի կարող ունենալ»: Սուրբ Փիլիկտիմոնն ասաց. «Թո՛ւյլ տուր ես ևս խոսեմ նրա հետ»: Թագա վորը պատասխանեց. «Ինչպես կամենաս` [կարող ես] սիրաշահել, կամ խոսել համարձակ»: Սուրբ Փիլիկտիմոնն ասաց. «Քեզ եմ ասում, Ապոլոն. ինչո՞ւ քեզ ապավինածների ողջության համար չես հեռանում այստեղից: Թագավորն ու ողջ հեթանոս հասարակությունը քեզ աստված են կոչում, իսկ քո փույթը չէ` ո՞ղջ են նրանք, թե՞ կործանվում են»: Այս ասելով` սուրբը դիմեց թագավորին և ասաց. «Ո՛վ թագավոր, ահա՜, ո՛չ խոսում և ո՛չ պատասխան է տալիս քո աստվածը: Ո՛վ թագավոր, գոնե դու պատմիր ինձ, ո՞րտեղից է փոշին նստել Ապոլոնի գլխին»: Թագավորը պատասխանեց. «Որովհետև անդադար տքնում է աշխարհի փրկության համար, դրա համար գլխին փոշի է նստել»: Եվ վկան հարցրեց. «Ո՞ւր են եզների լծերը, թե՞ գրաստներով է վարում… Ո՞ւր են նրա էշերը, թե՞ ասում ես հնձվոր է… Ո՞ւր է նրա մանգաղը: Եվ եթե հացագործ է կամ խոհարար, ո՞ւր են հացն ու զարդարուն խորտիկները, որ ինքն է պատրաստել: Բայց գիտեմ, ո՛վ թագավոր, սա հորինված, սուտ և մտացածին է: Ասա՛ ինձ, ո՞ւր է նրա զորությունը, ո՞րտեղ է պահվում: Ո՛վ թագավոր, դու ինձ ասացիր, թե շատ աշխատելուց է գլխին փոշի նստել: Ո՞ր աշխատանքից… ասա՛ ինձ, որպեսզի տեսնեմ և գովեմ սրան»: Թագավորը պատասխանեց. «Նրանով է աշխարհի փրկությունը»: Փիլիկտիմոնը հարցրեց. «Ո՞ւր են փողերի հնչումն ու նրա ձայնը, կամ այս աստված անվանվածի շուրթերից ելած խոսքերը ո՞րտեղ են գրված, որ օգնեն ձեզ: Սակայն գիտեմ, որ նրանով մոլորվել եք, ո՛վ թագավոր: Հրամայի՛ր ջուր և դաստառակ բերել և լվանալ Ապոլոնին ու կտորով մաքրել, որ փոշին գլխին նստած չմնա, ու թերևս կենդանանա: Սակայն, որպես և սկզբում ասացի, մի՛ մոլորվիր, ո՛վ թագավոր: Հրամայի՛ր ինձ, և ես ձեր կարծեցյալ աստված Ապոլոնին գետին կտապալեմ և քեզ ցույց կտամ, որ ո՛չ զայրանում է, ո՛չ բարկանում, ո՛չ խոսում է և ո՛չ տեսնում, ո՛չ շանթեր է արձակում և ո՛չ որոտում, ո՛չ վախեցնում է և ո՛չ սարսափեցնում, ո՛չ դղրդացնում է և ո՛չ խորտակում: [Եվ իմ արարքից] ոչ թե կբարկանա իբրև աստված, այլ պղնձի պես փշրվելով կկորչի»: Եվ լսելով այս` թագավորն ասաց Քրիստոսի սուրբ վկային. «Եթե այդպիսի զորություն և իշխանություն ունես, այդքան քաջալերվել ես և հուսացել ես քո Աստծուն, վայր բեր դրան»: Եվ Քրիստոսի սուրբ վկան հրամայեց պարաններ բերել և դրանք գցելով Ապոլոնի [արձանից]` ձգելով հատակին գցեց: Եվ երբ արձանն ընկավ, բոլոր մասերն իրարից անջատվեցին, և զարհուրած թագավորը դուրս վազեց տաճարից, որ պղնձի կտորտանքները չդիպչեն և չվնասեն իրեն: Եվ երբ դուրս եկան կուռքերի մեհյանից, թագավորը բռնեց սրբի ձեռքից և տարավ: Երբ հասավ իր ապարանքը, [թագավորը] հրամայեց կանչել իր կին Անատոլիային, որդուն` Սեբաստիանոսին և դստերը` Թեոդոսիային, նաև կուսակալներին, զորավարներին, և իր թագավորության պետերին և իշխաններին:
Գորգիանոս թագավորը բացեց բերանն ու սկսեց նրանց ասել այն խոսքերը, որ տերն էր դրել իր շուրթերին. «Ո՛վ հիմարներ և թերահավատներ, լսեցե՛ք և իմացե՛ք եղելությունը, որ ձեր Ապոլոն կարծեցյալ աստվածը կորավ ինչպես ոչինչ: [Նա], որ սպառնում էր, սպառվեց, որ ամբողջ ազգն իր կողմն էր ձգում, պարանակապ ձգվելով` ընկավ և կործանվեց, իսկ երբ ընկած էր` չսթափվեց: [Նրա] բերանը բաց էր, բայց չէր խոսում… այլ ևս ինչ ավելացնեմ… եթե քանդակագործներ չունենայինք, աստվածներ ևս չէինք ստանա: Եվ եթե բոլորն արվեստից հեռու լինեին և չլիներ ոսկու առատությունը, արդյո՞ք պիտի անաստված լինեինք: Այս եմ ասում ձեզ, որ և դուք բոլորդ քաջ գիտեք. արդյո՞ք այն ժամանակ չերևաց մեր մոլորությունը, երբ մեռավ Ադոնիան, Քսանթոս թագավորի որդին: Այնքան մեծ էր սուգը, որ թագավորը չէր կարողանում դիմանալ վշտին, առավել ևս մեռյալ որդու կարոտին: Եվ այդ նեղյալ վիճակում [պատվիրեց] իր Ադոնիա որդու պատկերը և իր իշխանության ներքո եղածներին խորհուրդ էր տալիս, որ դնեն մանկան պատկերը: Եվ այդպես իբրև աստված էր կարծվում: Ահա՛, տեսե՛ք հոր` դեպի որդին տածած սերը, որ կռապաշտության սկիզբ եղավ, և [հայր], որ լկտիությամբ մոլորեցնում էր ամենքին: Գիտցա՛ծ եղեք, որ եթե Քսանթոսն իր մեռած որդու թշնամին լիներ, մենք չէինք ունենա նրա որդու պատկերը:
Ահա պատմեցի ձեզ դժոխքի գործերի և կորստյան հասցնողի մասին: Եղբայրնե՛ր, իմացած եղեք, որ այսուհետ հեռու եմ այդ մոլորությունից, որովհետև քրիստոնյա եմ և ճշմարիտ այգու ողկույզ, և սիրտն իմ բերք է տալիս: Այսուհետ չեմ ըմպելու նվիրական գինին և ցքին, որ զորանամ ապաշխարության կարգում»: Թագավորի այս բառերին պատասխանեց Սեբաստիանոսը. «Ո՛վ հայր, քեզ դեմ խոսելը ճիշտ չէ, և ոչ հակառակվելու պահն է, սակայն վստահաբար ասում եմ լինելիքը: Ցավով լցվեց սիրտն իմ: Եվ ոչ թե քո կարծածի պես զայրանում եմ իբրև մանուկ, այլ մռնչում եմ իբրև առյուծ: Ինչո՞ւ մեծ աստված Ապոլոնին մատնեցիր Փիլիկտիմոնի ձեռքը, որ քեզ ասել էր, թե` «Քրիստոնյա եմ»: Եվ այժմ ամբողջ քաղաքը հեծծում է Ապոլոնի համար, և բյուրապատիկ մեղադրություններ են գրում քեզ վրա ու ամբաստանում են: Սակայն ընդունի՛ր, որ քեզ քրիստոնյա կոչելով, այլևս չես կարող պահել թագավորական իշխանությունդ…»:
Եվ մինչ նա խոսում էր, նրա քույր Թեոդոսիան հակառակվեց նրան և ասաց. «Քեզ եմ դիմում, եղբա՛յր իմ Սեբաստիանոս, մի՛ թշվառացիր, մի՛ մոլորվիր, մի՛ ձգտիր մեր հոր թագավորական պատվին և պսակին, որն [ինքն] արհամարհելով անարգեց հանուն երկնային թագավոր Քրիստոսի, նաև հեռացավ սուտ աստված Ապոլոնից ու դրա ճենճերահոտ զոհերից և սիրեց Քրիստոսի ճշմարիտ ծառա սուրբ Փիլիկտիմոնին, որպեսզի տիրասեր վկայի միջոցով արժանանա Սուրբ Հոգու անուշահոտ պարգևներին: Եվ արդ, մի՞թե չես ամաչում հայրատյաց, մայրատյաց և քույրատյաց լինել: Մեր կենսատու թագավոր Քրիստոսից հեռանալով` քեզ կորստյան ես մատնում, թշնամանում ես մեզ և նեղություն ու տառապանք ես պատճառում: Թագավորի ու առավել ևս մեր հոր առջև այդ պես հանդուգն բարբառելդ տեղին չէ: Դու ես, որ խառնակություն ես բարձրացրել և կամենում ես թագավորել, և դրա համար կուրացել են մտքիդ աչքերը, և չես տեսնում, որ կործանվում ես, այլ հերքելով` ստահակություններ ես խոսում: Մի՞թե ավելի մեծ ես, քան հայրդ: Արդյոք ինչի՞ համար քեզ լույս աշխարհ բերելով` դաստիարակեց բազում խրատներով, գիտությունն ուսուցանելով` սովորեցրեց պատճառները և երկրպագեց երկնային թագավոր Քրիստոսին: Դու շտապում ես խորտակված Ապոլոնի մոտ, իսկ մենք երկրպագում ենք Քրիստոսին, որ խորտակեց մահը: Հասարակ պարանով ձգելուց Ապոլոնը փշրվեց ու [մանրացավ] ինչպես ավազ. ի՞նչպես է դա աստված կոչվում: Թո՛ղ այսուհետ սատանան քեզ չմոլորեցնի անմռունչ կուռքերով, որ աստվածներ չեն»:
Երբ Թեոդոսիան ավարտեց եղբորն ուղղված խոսքը, նրանց դիմեց մայրը. «Լռեցե՛ք, որդյակնե՛րս, մի՛ հուզվեք և մի՛ աղմկեք: Սուրբ Փիլիկտիմոնի Աստված, որ կանչեց ձեր հորը, Նա գիտե, թե ինչպես է պետք վարվել»: Եվ այս ասելով` մոտեցավ ամուսնուն և ասաց. «Գորգիանո՛ս թագավոր, մարմի՛ն իմ, բնակակի՛ց իմ, տե՛ր իմ, որ մինչ օրս սնել, [պահել և] զվարճացրել ես անձն իմ. բերկրությամբ խնդություն պարգևի՛ր նաև մեր հոգիներին և հանուն Քրիստոսի ժուժկալությամբ համբերի՛ր [և տոկա՛] առաջիկայում: Լսի՛ր, թե ինչ ենք ասում ես և Թեոդոսիան, մեր տե՛ր և առաջնորդ մեր նոր կյանքի, որ մեր աստվածածանոթությունն է, որ մեզ պարգևվեց սուրբ Փիլիկտիմոնի միջոցով: Իմացա՛ծ եղիր, Ձերդ քաջություն, որ երբ հավատացինք Քրիստոսին, ո՛չ միայն բերանով պիտի նշենք մեր [նվիրվածությունը], այլև պիտի սրտով ցույց տանք մեր հավատարմությունը, պետք է ոչ թե ճարտար խոսքեր ասել, այլ գործերին ձեռնամուխ լինել: Որովհետև աստվածային հավատքի խորհուրդը ոչ միայն ի Քրիստոս հավատալն է, այլ նաև հանուն Նրա չարչարանք կրելը: Եվ արդ, ինչպես տեսնում ես, Սեբաստիանոսը չար զավակ է, և բարի չեն նրա հայացքները: Եվ ինձ թվում է, թե նրա ձեռքով ենք մեռնելու: Ինչպես ասված է. «Որդիներն իրենց ծնողների` հայրերի դեմ դուրս կգան և կսպանեն նրանց» (հմմտ. Մատթ. Ժ. 21, Մարկ. ԺԳ. 12): Իսկ սա մեզ հետ կսպանի և իր քրոջը: Եվ արդ, տե՛ր իմ, ո՞ւմ ես սպասում. դու Քրիստոսի հավատն ընդունեցիր Փիլիկտիմոնից: Հանի՛ր ծիրանիդ և գլխիդ պսակը, որովհետև, ինչպես տեսնում եմ, սատանան պատրաստ է քո որդուն զինելու: Եվ երբ թագավորն իր քրիստոսասեր կնոջից լսեց այս խոսքերը, անմիջապես հանեց թագավորական պատմուճանն ու գլխից վերցրեց պսակը: Եվ դիմեց իր զավակին. «Ինչո՞ւ ես հապաղում, որդյա՛կ, վերցրու ամենն իմ ձեռքից, որովհետև, ինչպես տեսնում եմ, դու պետք է թագավորես»: Սեբաստիանոսն ասաց. «Օ՜, հա՛յր. ճիշտ է, դու բարեհաղթ ես, սակայն ինչո՞ւ ես այդպես վարվում և ճմլում սիրտն իմ»: Գորգիանոս թագավորը պատասխանեց. «Վերջ տո՛ւր. ինչ որ փափագում էիր, տրվեց քեզ»:
Այնժամ շուրջը եղածները համարձակություն ձեռք բերեցին և սկսեցին աղաղակել ու ասել. «Եթե քրիստոնյա ես, այլևս չես կարող մեզ թագավորել: Ապոլոնին կտոր-կտոր արեցիր, մեր փրկչին կործանեցիր, սպանեցիր մեր տիրոջը և փշրեցիր մեր աստծուն. այսուհետ ի՞նչպես պիտի թագավորես»: Եվ աղաղակին ի պատասխան Գորգիանոսն ասաց. «Ինչո՞ւ եք աղմկում. իմ իսկ կամքով հրաժարվեցի թագավորական ապականացու պատվից: Դրե՛ք պսակն այդ որդուս գլխին և հեռացե՛ք ինձանից»: Եվ զինվորներից մեկը, որի անունը Բասոս էր, հարձակվեց, թագավորի ձեռքից առավ թագն ու ծիրանին և ասաց. «Սեբաստիանոսին է վայել թագը»: Այնժամ քաղաքի մեծամեծները խորհրդակցեցին բազմության հետ և Սեբաստիանոսին պսակեցին արքայական թագով, և նա դարձավ նրանց թագավորը: Եվ երբ թագավորեց, հրամայեց փշրել և մանրել Ապոլոնի [արձանն] ու նորը ձուլել:
Յոթ օր անց Սեբաստիանոսը նստեց թագավորական գահին և հրամայեց ատյան բերել սուրբ Փիլիկտիմոնին: Եվ թագավորը դիմեց սրբին. «Քեզ ծանր տանջանքների եմ մատնելու: Ասա՛ ինձ, երի՛ցս անիծյալ, ի՞նչպես համարձակվեցիր պարանը գցել Ապոլոնի վզից և քաշել-գցելով կործանել նրան` թշնամանք գործելով մեր թագավորության դեմ: Եվ քեզ թվում է, թե փրկվելո՞ւ ես տանջանքներից, որ քեզ համար եմ պատրաստել: Ենթարկվի՛ր հրամաններիս, եթե կամենում ես վայելել կյանքն այս, որովհետև տեսնում եմ, որ դեռ շատ երիտասարդ ես և հույժ վայելուչ: Գնա՛, զո՛հ մատուցիր աստվածներին, որ քեզ տեսնելով` ծնողներս և քույրս նույնն անեն»: Իսկ սուրբ Փիլիկտիմոնը պատասխանեց. «Նրանք, որ ծնել էին քեզ, Սուրբ Հոգու հրամանով նաև նոր կյանք էին պարգևում աստվածային ազատության մեջ, սակայն, սատանայի՛ արբանյակ, քեզ չորացած հասկ է և թերհաս պտուղ է վայել»: Այս լսելով` թագավորը գազանի պես բորբոքվեց և հրամայեց անողորմ կերպով գավազանածեծ անել: Սակայն Աստված օգնության եկավ իր ծառային, և գավազանները չէին դիպչում սրբին: Եվ երբ պիտի տանջեին սրբին, զինվորները վրիպելով իրար գլխի էին խփում: Եվ գավազաններից մեկը թագավորի գլխին դիպավ և աչքը դուրս թափեց: Եվ կուրանալով` թագավորը դահիճների ներկայությամբ սկսեց ասել. «Աղաչում եմ Քեզ, Տե՛ր, գիտեմ, որ Քեզնով հասավ վնասն այս: Մի՛ բարկացիր վրաս, այլ իջեցրո՛ւ աջդ վիրավոր աչքիս և կորուսյալ լույսը կրկին պարգևի՛ր»: Եվ Աստծու վկան նրան պատասխանեց և ասաց. «Փշրված և քո ձեռքով նորոգված Ապոլոնին կանչի՛ր, եթե կարող է, թո՛ղ օգնի քեզ և լույս պարգևի աչքիդ»: Թագավորը պատասխանեց. «Աստվածները երբևէ չեն բացել կույրերի աչքերը»: Փիլիկտիմոնն ասաց. «Եվ եթե չեն օգնում քեզ, ինչո՞ւ ես ընծաներ պարգևում և պաշտում նրանց իբրև բարեգործների»: Եվ տեսնելով թագավորի թշվառությունը` սուրբ վկան մոտեցավ և բժշկեց նրա աչքը: Եվ բժշկվելով` բռնակալն ասաց. «Գոհանում եմ քեզնից, աստվա՛ծդ իմ Ապոլոն, որովհետև դու ինձ շնորհեցիր լույսն այս»: Այս ասելով` հրամայեց կապել սուրբ Փիլիկտիմոնին և բանտ տանել: Եվ երբ դուրս տարան Աստծու վկային, հրամայեց բերել հորը, մորն ու քրոջը: Եվ երբ նրանք ապարանք մտան, Սեբաստիանոսը ոտքի ելավ և ասաց հորը. «Նստի՛ր, հա՛յր»: Գորգիանոսը պատասխանեց. «Դու նստի՛ր, որդյա՛կ, որովհետև թագավոր ես, իսկ մենք հանուն Քրիստոսի անարգված և աղքատ ենք»: Սեբաստիանոսն ասաց. «Ես առանց պատկառանքի կնստեմ, իսկ դուք առանց տրտմության զո՛հ մատուցեցեք աստվածներին և ինձ մի՛ ստիպեք անարգել ձեր ծերությունը»: [Այնժամ] խոսեց Թեոդոսիան. «Ծնողներիդ ծերությո՞ւնն ես անարգում, ո՛վ թշվառական: Եվ չգիտե՞ս, որ Տիրոջ բարկությունը չի ուշանում: Չհասկացա՞ր, որ սատանան քեզ իր զինվորների կարգն ընդունեց և դարձրեց թագավոր: Գոնե հիշի՛ր, որ այս ծնողներից ես ծնվել… Եվ ի՞նչպես այսքան չար եղար… Եվ թո՛ղ բարին ու լավը շրջանցեն քեզ, և թո՛ղ այս ծնողների զավակը չհամարվես»: Սեբաստիանոսն ասաց. «Ծնողներդ ծերացել են և մոլորվում են: Սակայն դու երիտասարդ ես և այնպիսի զարմանալի գեղեցկության և հասակի տեր, որ մարդ անգամ անկարող է նկարագրել: Եվ այդ [հմայքը] քեզ աստվածներն են շնորհել. ինչո՞ւ զոհ չես մատուցում նրանց, որ արքայավայել ապրես»: Թեոդոսիան պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ իմ գավազանը չի հարվածում նրան` ում հարկն է»: Եվ այս ասելով` առաջ գնաց և ուժգին հարվածեց նրան ու գլխի պսակը կոտրեց ու պատռեց ծիրանին: Եվ այնքան ահեղ էր նրա հանդեպ, ինչպես թաթով մարախ ճզմող մի այր: Եվ նրան պատասխան տվեց Բասոս անունով մի զորական. «Լսի՛ր, տիկի՛ն Թեոդոսիա, դու իրավունք չունես թագավորին հարվածելու»: Եվ Թեոդոսիան ասաց. «Բյուրադև՛ սատանայա սեր, վայրահաչությունի՛ց սատկած շուն, դու ի՞նչ ես ուզում»: Եվ մոտենալով նրան` ասաց. «Դու միայն հեթանոսների և այլազգիների հետ գիտես պատերազմել, իսկ քրիստոնյաների դեմ զորություն չունես, ա՛յ սատանա և չարի արբանյակ»: Եվ այս ասելով` քար վերցրեց, հարձակվեց նրա վրա և դեմքին հարվածելով` փշրեց ատամներն ու ծնոտը, և արյունն սկսեց առատորեն հոսել:
Եվ հաջորդ օրը Սեբաստիանոսը նստեց ատյանում և զայրույթով ու բարկությամբ ատամներն էր կրճտացնում: Եվ հրամայեց բերել երանելի Թեոդոսիային: Իսկ նա, ի Քրիստոս քաջալերված, ուրախ և ծիծաղելով գնաց, ներս մտավ և ասաց եղբորը. «Ա՛յ վատերից վատթար, ինչո՞ւ ես կանչել ինձ: Ահավասիկ մոտդ եմ` ի՞նչ ես կամենում»: Սեբաստիանոսն ասաց. «Լռում եմ երեկվա հանցանքներիդ մասին, սակայն անհնար է լռության մատնել գալիքը. գնա՛ և զո՛հ մատուցիր աստվածներին, որ զերծ մնաս քեզ սպասվող տանջանքներից»: Թեոդոսիան ասաց. «Ցասումդ ծառից ընկնող չորացած տերևի է նման, իսկ սպառնալիքներդ` արագ լռող շշուկի: Պիղատոս Պոնտացու կողմից խաչված և բարի խոստովանությամբ վկայած իմ Տեր Հիսուս Քրիստոսով եմ երդվում, որ կուռքերին զոհ չեմ մատուցի: Մարտնչիր իմ դեմ ինչպես կամենում ես. ոչ ոք չի կարող իր ձեռքով վրեժխնդիր լինել, այլ միայն Աստված է վրեժխնդիր, իսկ օգնական` Քրիստոս»: Իսկ Սեբաստիանոսն արտասվելով դիմեց քրոջը. «Ի՞նչ եղավ քեզ, որ կամենում ես այդ գեղեցկությունդ կորստի մատնել»: Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Դա է կուրությանդ պատճառը, որ գեղեցկությանն ու հասակին ես նայում. չնչին իսկ ախտից թորշոմում է գեղեցկությունը, իսկ հասակը` չորանում ծերությունից: [Չե՞ս լսել]. «Մարդու օրերը խոտի պես են» (Սաղմ. ՃԲ. 15), և այն էլ, եթե Քրիստոս է կրում իր մեջ, իսկ եթե ոչ` սարդաբույն է, որ քամին քշում [ոչնչացնում է]»: Սեբաստիանոսն ասաց. «Կյա՛նքն է ոչնչացնում սարդոստայնը, օձի՛ թույն. հարձակվում ես վրաս, գիտենալով, որ խնայո՞ւմ եմ»: Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Կենդանի՛ դիակ, արա՛ ինչ կամենում ես»: Այնժամ Սեբաստիանոսը հրամայեց բերանակապ գցել քրոջ բերանը, որ նրա բերանից հորդող ճշմարտության խոսքերը դուրս չգան: Եվ երբ կապեցին Թեոդոսիայի բերանը, հրամայեց բանտ տանել: Իսկ սուրբն իր աջ կողմում տեսավ Աստծու հրեշտակին, որ կանգնած էր իր կողքին. «Մի՛ երկնչիր, Քրիստոսի՛ աղախին,-ասաց հրեշտակը,- ես առաքվեցի քեզ պահելու, պաշտպանելու և օգնելու համար: Ի՞նչ ես կամենում… հանե՞մ բերանակապն ու եղբորդ բերանը փակեմ»: Եվ այս ասելով` հրեշտակն անմիջապես ազատեց երանելիին և կապն առնելով` փակեց թագավորի բերանն ու առանց որևէ ջանքի հօդս բարձրացրեց նրան: Եվ երբ բռնակալն օդում կախված տանջվում էր, դիմեց քրոջը. «Թեոդոսիա՛, տիրուհի՛, լո՛ւյսդ աչքերիս, օգնության հասի՛ր և փրկի՛ր ինձ»: Այնժամ Աստծու սուրբ աղախինն սկսեց աղոթել Տիրոջը և արտասվախառն ու խանդաղատագին հայցել ու խնդրել. «Աստվա՛ծ, որ երկնքի ու երկրի արարիչն ես, մե՛ր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, որ չլքեցիր Քո սպասուհուն, այլ ողորմությամբ փրկեցիր ինձ դառն տանջանքներից: Լսի՛ր աղախնիդ խնդրանքները և մարդասիրությունդ ցո՛ւյց տուր մոլորյալ եղբորս ու իջեցրո՛ւ կախված տեղից, որ իմանա, որ միայն Դու ես ճշմարիտ Աստված»: Եվ երբ սուրբն ասաց այս խոսքերը, հրեշտակը, որ Աստծու հրամանով օդ էր բարձրացրել թագավորին, բաց թողեց կախված տեղից: Եվ երբ նա ազատվեց, ահը պատեց շուրջը հավաքվածներին, և նրանք աղաղակում և ասում էին. «Մեծ է Փիլիկտիմոնի և Թեոդոսիայի Աստվածը, որ մեզ ցույց տվեց Իր աստվածության գանձերը: Այժմ տեսանք և իմացանք, որ միայն Դո՛ւ ես Աստված, և չկա ուրիշ Աստված` բացի Քեզանից, որ կախվածին ազատեցիր»: Եվ շատերը հավատացին ի Քրիստոս` յոթանասուն հազար և վեց հարյուր հոգի: Եվ հավատացյալների բազմությունը տեսնելով` թագավորը գազազեց և խրոխտանալով` սկսեց դառն սպառնալիքներով խոսել քրոջ հետ. «Երդվում եմ բոլոր աստվածներով. տեսակ-տեսակ և անողորմ տանջանքներով կկործանեմ քեզ, եթե զոհ չմատուցես Ապոլոնին»: Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Չճանաչեցիր քեզ բռնողին և ազատողին, դրա համար այդպես ես խոսում»: Սեբաստիանոսն ասաց. «Ինձ բռնողը սատանան էր, իսկ ազատողը` իմ աստված Ապոլոնը»: Երբ սուրբ Թեոդոսիան եղբոր բերանից լսեց թունոտ և ուրացողական խոսքերը, երեսնիվայր ընկավ և լալիս էր դառնապես: Եվ աչքերից արտասուքի առուներ էին թափվում, և ափերը լցնելով` նա շաղ էր տալիս դեպի երկինք: Եվ բազուկներն իրար վրա դնելով` խաչեց և ասաց. «Իմ Տե՛ր և Աստված, սատանայի այս չարահնար գործիքն օդ բարձրացրո՛ւ, և թո՛ղ դրան իջեցնի իր Ապոլոնը, որպեսզի հասկանա, որ միայն Դու ես ճշմարիտ Աստված»: Եվ մինչ այս խոսքերն էր ասում սուրբ Թեոդոսիան, թագավորն օդում կախվեց: Եվ կախված ժամանակ սկսեց կանչել սրբին և ասել. «Ի՛մ տիրուհի քույր. այս անգամ ևս օգնի՛ր ինձ, որ ուրացությամբ չկորչեմ»: Իսկ Քրիստոսի աղախինը պատասխանեց և ասաց. «Այս անգամ ևս Ապոլոնը կգա և կօգնի քեզ»: Թագավորն ասաց. «Ճշմարտապես գիտեմ, ի՛մ տիրուհի Թեոդոսիա, որ Ապոլոնը կորուստ է բերում ինձ: Եթե այս անգամ ազատես, ոչ միայն Ապոլոնին` քո թշնամուն, այլև Արեգ քաղաքի բոլոր մնացյալ կուռքերին կոչնչացնեմ»: Իսկ Քրիստոսի սուրբ վկան հրեշտակական խորհուրդ ստացավ և ոխ չպահեց, այլ ցանկացավ սատանայի կողմից խլվածին աստվածգիտության բերել: Սուրբը բացեց բերանը, սկսեց աղոթել և ասել. «Զորությունների՛ Տեր Աստված, որ ճշմարտությունն ընտրեցիր և ատեցիր սուտը, որ հայտնեցիր գիտությունն աստվածպաշտության և կործանեցիր անգիտությունը: [Դու], որ առաքեցիր միածին Որդուդ և բազում քաղցրություն սերմանեցիր: Հիսուս Քրիստոս, որ սուրբ խաչդ ծագեցրիր և լուսավորեցիր աշխարհը: Տե՛ր, նայի՛ր Քո աղախնին և տե՛ս, որ վախեցած մանկան պես մոտդ եմ փախել: Քավի՛ր մեղքերս և թագավորին փրկի՛ր այս վտանգից»: Եվ սուրբ Թեոդոսիայի այս խոսքերի հետ թագավորն ազատվեց ու փրկվեց և այսպես խոսեց. «Իմ մեծ աստված Ապոլոնը մեծ ողորմություն արեց և ինձ դուրս բերեց այս մեծ վտանգից»: Եվ Թեոդոսիան պատասխանեց նրա այս խոսքերին և ասաց. «Ո՛վ չար սատանա, մինչև ե՞րբ ես չարությամբ լցնելու թագավորի սիրտը»: Այնժամ Սեբաստիանոսն ասաց իր սպասավորներին. «Ինձանից հեռու տարեք այս թշվառականին և բանտ նետեք»:
Երբ սուրբ Թեոդոսիային բանտ տարան, [թագավորը] հրամայեց, որ շղթայակապ բերեն Գորգիանոսին և նրա կին Անատոլիային` իր ծնողներին: Եվ կանգնեցնելով ատյանում` թագավորն ասաց նրանց. «Լսեցե՛ք, դո՛ւք, որ չբավարարվեցիք բանտի տանջանքներով. մի՞թե կամենում եք ավելի ծանր կտտանքների ենթարկվել: Իմացա՛ծ եղեք, որ չեմ խնայի ձեր մարմինները, այլ կկորացնեմ և կբեկեմ, հատ-հատ դուրս կքաշեմ ձեր աչքերն ու ցույց կտամ վախճանը ձեր անձերի»: Նրան պատասխանեց Անատոլիան` մայրն իր. «Ճի՛շտ ես անում. այդ է ծնողներիդ վարձը: Ստուգապես չարով ես հատուցում բարու դիմաց: Հիրավի հորդ սպանողն ու մորդ դահիճն ես: Մի՞թե չեմ կարող իմ Տիրոջ` Քրիստոսի կողմն ուղղել և քեզ, որ կյանքիս կեսն ես»: Թագավորն ասաց. «Զո՛հ մատուցեցեք աստվածներին, և կպատվեմ ձեր ալեհերությունը»: Անատոլիան` թագավորի մայրը, պատասխանեց. «Ո՛վ բազմաչար, ո՛վ դառն կորստյան [զոհ], ո՛վ վատ[աբարո], ո՛վ անբույս երկրի պտուղ, ո՛վ չար զավակ բարի ծնողների. երեկ չէ՞ր, որ նստեցնում էի գոգիս և գուրգուրում գրկումս: Եվ արդ, ո՞վ քեզ խլեց ինձանից. ո՛վ զավակ, ո՛վ անգութ, ո՛վ անարգիչ ծերության, ո՛վ մայրական աղերս որդու կորստյան: Բավական չէ, որ մոլորվել և չես ընդունում մեր կենդանի Աստծուն, այլև ագահ ցանկությամբ շվայտացած` ծնողներիդ ատյան ես քարշ տալիս և հարցաքննում ես նրանց: Իմացա՛ծ եղիր, որդյա՛կ, շուտ ես զղջալու»: Եվ երբ մորից լսեց այս ամենը, թագավորն սկսեց արտասվել և ասել. «Ա՛յ դժոխք, բաց բերանդ ու ինձ ողջ-ողջ կուլ տուր անդունդներումդ: Ինչո՞ւ ցերեկները ծագեց արեգակն, ու ինչո՞ւ գիշերները լույս տվեց լուսինը, ինչո՞ւ բախտավորություն ունեցա [տեսնելու] ցերեկը և գիշերներն աստղերին նայելու: Ինչո՞ւ ինձ մոտեցան մանկաբարձի ծնկները, և ինչո՞ւ երկար աճեցի` մանկությունից երիտասարդության հասնելով: Եվ ինչո՞ւ միայն ես էի պատրաստ անեծքի, որ եթե հայրս ու մայրս իմանային այս վարքիս մասին, արդյոք տարաժամ կորստի չէի՞ն մատնի ինձ: Մայրն իմ պարկեշտ ամուսնությամբ և բարի սերմից ծնեց ինձ, սակայն ձեր ծերության ապականիչ գայլը եղա: Օ՜ ծնողների անօգուտ թափված ջանք և դայակների ընդունայն վաստակ…»:
Երբ թագավորն արտասանում էր իր այս բառերը, սատանան մոտենալով խոսում և ասում էր նրա ականջին. «Ի՛մ զինվորն ես, քաջությամբ կռվի՛ր»: Եվ նրանից խլեց ծնողների հանդեպ եղած գութն ու կուրացրեց մտքի աչքերը, որ չնայի գրածին, որ հուշում է. «Պատվի՛ր քո հորն ու մորը, որ բարիք գտնես» (Ելք Ի. 12),-և այլն:
Եվ խրատատու սատանայի խորհուրդներով լեցուն` դիմեց իր հայր Գորգիանոսին, որ մկրտությունից հետո Գրիգորիոս էր կոչվում. «Ո՛վ ծեր, քեզ եմ ասում, մարմինդ տանջանքի մատնելու փոխարեն ընդունիր և աղոթիր Ապոլոն աստծուն, որին մինչև երեկ պատվում [ու պաշտում էիր]»:
Թագավորահայր Գրիգորիոսը պատասխանեց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քանզի Նրա շնորհիվ, որին երեկվանից եմ պաշտում, ծովի ավազի չափ մեղքերս այսօրվա ապաշխարությամբս վերացան»:
Երբ ամբարիշտը դեռ շարունակում էր ծնողների հարցաքննությունը, մի վայրի ավանակ իջավ իր լեռներից և քաղաք մտնելով` կանգնեց և սկսեց բարձրաձայն խոսել. «Ո՛վ մարդկային հիմար որդիներ, չգիտե՞ք, որ բոլորդ միակ մարդ Ադամից և նրա կին Եվայից եք սերել և լցրել ամբողջ աշխարհը: Եվ որքան որ երկրածին մարդիկ լցնում են աշխարհը, Աստված արհեստ, միտք և իմացություն է շնորհում, որպեսզի պարապ և անգործ չմնաք և ապրեք երկրի վրա: Լսի՛ր, ո՛վ թագավոր, քեզ եմ ուղղում խոսքս. ո՛վ չարարվեստ և ծնողներիդ թշնամացած անձ, երբեք չե՞ս լսել աստվածաշունչ Գրքերից, որ օգտակար խրատներով լուսավորում են հոգիներն ու մաքրում մտքերը ունկնդրողների: [Քո ներկայությամբ] երբևէ չե՞ն ընթերցվել այս խոսքերը. «Հոր օրհնությունն ամրացնում է որդու տունը, իսկ մոր անեծքը` քանդում հիմքերից» (Սիրաք Գ. 10),-ո՛վ թշվառացյալ Սեբաստիանոս, սատանայի՛ արբանյակ»:
Այս խոսքերն ուղղելով ծնողներին դատող որդուն` ավանակը դարձավ դեպի բազմությունն ու ասաց. «Ձե՛զ եմ ասում, խմբվածնե՛ր, մի՛ հետևեք նրա մոլորությանը: Մի՛ նմանվեք չար օձին, որ գալով սպանության խորհուրդ է տալիս: Եթե հավատաք նրան, նրա հետ կլինեք և նրա հետ կկորչեք: Այսուհետ ձեր հույսը դրեք Տիրոջ` Հիսուս Քրիստոսի վրա: Անասունի պես եք անցկացնում ձեր կյանքը, դրա համար անասունների կողմից եք խրատ ստանում և այդպիսով նմանվում եք անմիտ կենդանիներին, քանի որ հետևում եք նրանց, որ կուռքերին են զոհ մատուցում: Իսկ ովքեր հավատում են, որ Հիսուս Քրիստոս հավիտենից թագավորն է, նմանվում են երկնքի լուսավոր աստղերին: Նրանց հետ հավատացեք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն»:
Եվ այս խոսքերն ավանակն ասաց Աստծու հրամանով: Եվ երբ Սեբաստիանոս թագավորը լսեց այս, խիստ զարհուրեց, իսկ շուրջ յոթանասուն հազար [հավաքվածները], որ մեծ աղմուկ էին բարձրացրել, հավատացին ի Քրիստոս և սկսեցին ասել. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, և չկա ուրիշ Աստված, բացի Հիսուս Քրիստոսից»: Մարդիկ հավատացին, իսկ թագավորը վերջ տվեց ծնողների դատին ու հարցաքննությանը` ինը օր [հանգիստ թողնելով նրանց]: Իսկ իններորդ օրվա ավարտին սատանան ազդեց նրա վրա, որ նստի ատյանում և հարցաքննի իր ծնողներին:
Եվ դիմելով հորն` ասաց. «Ո՛վ հայր, զո՛հ մատուցիր աստվածներին, [այլապես] երդվում եմ Ասկղեպիոսով` չեմ խնայի ձեր ծերությունը»: Գրիգորիոսը պատասխանեց. «Որդյա՛կ, մենք քո ձեռքով ենք սպանվելու, որովհետև ոչ թե քո կամքը, այլ այն ես անում ինչ քո գործակից սատանան է նախաձեռնում»: Սեբաստիանոսն ասաց. «Ո՛վ հայր, թվում է, թե խուլ ես: Քեզ չասացի՞. գնա՛, զո՛հ մատուցիր և փրկվի՛ր: Երդվում եմ բոլոր աստվածներով, այլևս չեմ խնայի քեզ, որովհետև սատանան ասաց. «Դրանց կյանքից զրկի՛ր»: Գրիգորիոսը պատասխանեց զայրացած թագավորին. «[Թո՛ւյլ տուր] գնանք Ապոլոնի տաճարը` ես` քո հայրը և Անատոլիան` մայրդ»: Անսահման ուրախանալով` թագավորը ևս նրանց հետ գնաց Ապոլոնի մեհյանը: Եվ մտնելով կուռքերի տունը, ուր վերստին նորոգված դրված էր Ապոլոնը, թագավորահայրը բացեց բերանն ու ասաց. «Քե՛զ եմ ասում, Ապողո՛վն, Քրիստոսի Փիլիկտիմոն վկան ջախջախեց քեզ, իսկ Սեբաստիանոսը նորոգելով նորից կանգնեցրեց: Այժմ ի՞նչ կարող ես ցույց տալ, որպեսզի իմանանք, որ դու աստված ես»: Իսկ սուրբ Անատոլիան ասաց. «Երևում է, որ պղինձ է ու ղողանջող ծնծղա»: Սուրբ Գրիգորիոսը շարունակեց. «Չե՞ս խոսում, Ապոլոն»: Իսկ սուրբ Անատոլիան ասաց. «Ապշահար է և դրա համար չի կարող խոսել»: Սուրբ Գրիգորիոսն ասաց. «Սա աշխարհի գայթակղությունն է»: Խոսեց սուրբ Անատոլիան. «Քրիստոսն է արարածների փրկիչը»: Գրիգորիոսն ասաց. «Ցո՛ւյց տուր մեզ քո ստացած թագավորական [զորությունը], ո՛վ հիմարացյալ Ապոլոն»: Իսկ սուրբ Անատոլիան հավելեց. «Սա Քրիստոսի ճշմարտությունից հեռացածների համար գեհենի հրի ուղեցույցն է»: Սուրբ Գրիգորիոսն ասաց. «Ստվերոտ է տունդ, ո՛վ Ապոլոն, արի՛, դո՛ւրս եկ հետներս և ջերմացի՛ր արևի շողերով»: Խոսեց սուրբ Անատոլիան. «Մի՛ արթնացրու դրան, ստվերում է ուզում մնալ… քանզի ոչինչ է»: Սուրբ Գրիգորիոսն ասաց. «Սրա՞ն ես պաշտում, որդյա՛կ իմ Սեբաստիանոս: Տե՛ս` որքան ծաղրի արժանացավ Ապոլոնը և ո՛չ զայրացավ, ո՛չ բարկացավ, որովհետև կենդանի շունչ չկա մեջը»: Եվ երբ խոսում էր սուրբ Գրիգորիոսը, երանելի Անատոլիան դուրս եկավ կուռքերի տնից և քարեր հավաքելով` թաքցրեց զգեստների մեջ: Այնուհետև մտավ կուռքերի տունը և քարերը նետելով` Ապոլոնին գետին տապալեց: Եվ ընկնելիս` արձանն իր հետ շուռ տվեց նաև սյունը, որի վրա կանգնեցված էր: Եվ սա եղավ Աստծու հրամանով, որպեսզի նոր հավատացածներն առավել զորանան իրենց հավատքի մեջ: Եվ [տեսնելով] կուռքի և սյան տապալումը` թագավորը պատռեց իր պատմուճանն ու գնաց արքունիք: Եվ ատյանում նստելով` հրամայեց իր առջև բերել ծնողներին: Եվ երբ սրբերը եկան, թագավորն ասաց. «Կրկին կնորոգեմ մեծ աստված Ապոլոնի [արձանը], իսկ ձեզ խեղդամահ անելով կկործանեմ ձեր հանդգնության համար»:
Սուրբ Գրիգորիոսն ասաց. «Արա՛, ինչ քեզ հրամայված է սատանայից»: Եվ զայրացած թագավորը ելավ աթոռից, ամուր բռնեց Գրիգորիոսի մորուքից և անողորմ ու անգութ փետում էր նրա ալեհեր մազերը: Տեսնելով այս` սուրբ Անատոլիան ասաց. «Ի՞նչպես ես [համարձակվում] անել այդ, չա՛ր որդյակ: Ինչո՞ւ ես այդպես չարչարում ծերացյալ հորդ: Հոգիս ճմլվում է, և չգիտեմ` ինչ անեմ: Կարող ես անել` ինչ կամենում ես, որովհետև սատանան քեզ բաց չի թողնի, մինչև մեղք չգործես»: Եվ երբ սուրբ Անատոլիան ասաց այս ամենը, թագավորը կանչեց իր սպասավորներին և ասաց. «Դրանց դո՛ւրս հանեք քաղաքի [պարիսպներից] և սպանեցե՛ք սրով»: Սպասավորները պատասխանեցին. «Ո՛վ թագավոր, ո՛չ դու պետք է այդ հրամանը տաս, և ո՛չ մենք իրավունք ունենք սուր բարձրացնելու նրանց վրա, որովհետև քո ծնողներն են և թագավորական արյուն»: Եվ խռովված թագավորն ասաց իր սպասավորներին. «Երդվում եմ բոլոր աստվածներով, եթե չսպանեք դրանց, չարաչար տանջանքներով ձեզ կորստյան կմատնեմ»:
Եվ սպասավորները պատասխանեցին. «Կտրի՛ր մեր գլուխները, կշտացել ենք կյանքից, որովհետև տեսանք թագավորազն ծնողների, որ պիտի սպանվեն իրենց զավակի ձեռքով»:
Սեբաստիանոսն ասաց. «Սուսե՛ր բերեք ինձ»: Եվ երբ բերեցին, ձեռքն առավ և գիշատիչ գազանի պես մռնչալով` նախ գլխատեց սպասավորներին, որ չէին համարձակվել ձեռք բարձրացնել իր ծնողների վրա և սպանել, իսկ հետո սպանեց հորն ու մորը: Եվ սա արեց իր իսկ ձեռքով, քաղաքի սահմաններից դուրս: [Եվ այս տեսնելով]` ահ [ու սարսափի] մատնվեցին թագավորի սպասավորներն ու շուրջը հավաքվածները:
Եվ այսպես մարտիրոսվեցին Քրիստոսի սուրբ վկաները: Հաջորդ օրը, ատյանում նստելով, հրամայեց բերել սուրբ Թեոդոսիային` իր քրոջը: Եվ ատյան մտնելով` մինչ թագավորը կսկսեր հարցաքննությունը, սուրբ Թեոդոսիան ասաց. «Ահա տասնհինգ օր է, ինչ բանտում եմ: Եվ ինձ կերակրում էր Աստծու սուրբ աղավնին: Իսկ հրեշտակն ինձ ծանուցեց, թե ինչպես սպանեցիր իմ հորն ու մորը: Ահավասիկ կանգնած եմ քո առջև. կտրի՛ր գլուխս»:
Այս լսելով` թագավորն ասաց. «Երդվում եմ բոլոր աստվածներով, չի լինի քո ցանկությունը, այլ կամաց-կամաց, տանջելով ու չարչարելով կկործանեմ քեզ, [կամ] գնա՛, ա՛յ չարագլուխ թշվառական, զո՛հ մատուցիր աստվածներին»:
Սուրբ Թեոդոսիան ասաց. «Արա՛ ինչ կամենում ես: [Գործի՛ր] քո չար ուսուցիչ սատանայի հրամանի համապատասխանությամբ, ո՛վ զրկված ծնողական օրհնությունից, ո՛վ գեհենի որդի, ո՛վ բեկոր խավարի, ո՛վ ժառանգ դժոխքի, ո՛վ զենք սատանայի, ո՛վ թշնամի»:
Երբ չար բռնակալն այս լսեց, կրճտացրեց ատամներն ու դիմեց իր սպասավորներին. «Հանե՛ք նրա գլխակապը, ոլորեցե՛ք մազերն ու այդպես կախեցե՛ք մինչև երեկո»: Եվ սպասավորներն ընկրկեցին. «Ինչպես նախորդները մեռան թագավորի հրամանը չկատարելու համար, մենք նույնպես կսատկենք»: Եվ հանեցին նրա գլխակապն ու ամուր բռնելով սկսեցին սաստիկ տանջանքներով չարչարել սրբին: Իսկ նա` անայլայլ դեմքով, անդադար գոհանում էր Տիրոջից և դիմանում տանջանքներին: Եվ դահիճներն սկսեցին ձգել սուրբ Թեոդոսիայի մազերից, որ չար բռնակալի հրամանին համապատասխան բարձրացնեն ու կախեն: Եվ դահիճների ձեռքերը պոկվեցին ու սրբի մազերից կախված մնացին: Եվ երբ թագավորը տեսավ կատարվածը, ապշեց և ասաց քրոջը. «Լսի՛ր ինձ, տիրուհի՛դ իմ Թեոդոսիա, և կեղծավորություն մի՛ համարիր խոսքերս. եթե կարող ես, բժշկի՛ր իմ սպասավորներին, և քեզ ազատ կարձակեմ»:
Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Հավատում եմ հոգիների և մարմինների բժիշկ Քրիստոսին, որ կօգնի իրենից արժանապես խնդրողներին: Արդ ո՛չ քո, և ո՛չ արձակելու խոստմանդ համար եմ բժշկում սպասավորներիդ ձեռքերը, այլ որովհետև նրանց արցունքները բարեխոսում են իրենց համար, և ես չեմ կարող գութս հեռու վանել նրանցից, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս մեծագութ է»:
Եվ այս ասելով` սուրբը մոտեցավ սպասավորներին և ասաց. «Տե՛ր Աստված, բժշկի՛ր նրանց»: Եվ անմիջապես բժշկվեցին: Եվ նրանց բուժվելուց հետո թագավորը դադարեցրեց սուրբ Թեոդոսիայի հարցաքննությունն ու տանջանքները:
Եվ այդ քաղաքում մի կին կար, որ երկվորյակ որդիներ ուներ: Եվ մի առավոտ ելնելով` նրանց մեռած գտավ մահիճներում և ցնցվեց աղետից: Եվ երբ հիշեց սուրբ Թեոդոսիային, գնաց, նրա ոտքերն ընկավ և ասում էր. «Երկրի՛ տիրուհի, օգնի՛ր ինձ, քրիստոսավա՛ռ սուրբ: Ես երկվորյակներիս երեկոյան քնեցրի մահիճներում, իսկ առավոտյան ելնելով` նրանց մահացած գտա: Եթե որևէ հնար կա` օգնի՛ր ինձ, որովհետև ուրիշ ոչ մի տեղից փրկության և օժանդակության հույս չեմ ունենա, եթե չլինեն իմ օգնական-սատարողները»:
Սուրբ Թեոդոսիան պատասխանեց և ասաց կնոջը. «Ի՞նչ կարող եմ անել, քո՛ւյր: Ահավասիկ բանտված եմ` ինչպես տեսնում ես, և ոչ մի տեղ չեմ կարող գնալ: Դիմի՛ր թագավորին. եթե թողնի, որ գամ, կգամ հետդ»: Կինն ասաց. «Քեզ ևս մահապարտների հետ են պահում»: Երանելին պատասխանեց. «Այո՛… մահվան դատապարտվեցի հանուն Քրիստոսի, որպեսզի Նրա շնորհիվ արդարացվեմ այն օրը, երբ կսպառվեն խոսքերն ու կթագավորեն գործերը»: Այս լսելով` կինը գնաց թագավորի մոտ և գոչում ու ասում էր. «Ողորմի՛ր ինձ, ի՛մ տեր և թագավոր»: Եվ նա հարցրեց. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար»: Եվ կինն ասաց. «Երկու որդի ունեի, որոնց հետ վաստակում էի իմ օրական հացը: Երեկ երեկոյան քնեցրի իրենց անկողիններում, իսկ երբ առավոտյան փորձեցի արթնացնել, [ձայնիս] չպատասխանեցին: Եվ մոտենալով նրանց մահիճներին` մեռած գտա: Ուստի այժմ աղաչում եմ, որ քո քույր Թեոդոսիան գա և նրանց այս քունը վանի»: Թագավորը պատասխանեց և ասաց. «Եթե այդ անելու հնար կա` թո՛ղ գա ու արթնացնի որդիներիդ, սակայն նրա հետ պետք է գան նաև պահապանները, որպեսզի չփախչի»: Եվ կինը գնաց սուրբ Թեոդոսիայի մոտ և ասաց. «Տիրուհի՛, թագավորը շնորհ արեց. արի՛ իմ տունը, քանի դեռ չեն հոտել որդիներիս [մարմինները]»: Եվ սուրբ Թեոդոսիան գնաց նրա հետ, և ինը պահապաններ հետևեցին նրան: Եվ երբ մտավ տունն, ուր դիակներն էին, մոտեցավ մահիճներին և սկսեց աղոթել. «Տե՛ր, Քո փառքերը հայտնի դարձան, և իմացվեցին Քո զորություններն ու սքանչելիքները, Աստվա՛ծ իմ: Որովհետև Քո [կամքն] է, Տե՛ր, սիրել և փրկել նրանց, ովքեր ապավինում են Քո սուրբ անվանը: Միայն Դու ես Աստված: [Դու], որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու դրանց մեջ եղած ամենը: Դու ես հայրություն անում որբերին և տիրություն` այրիներին: Դու ես քաղցյալների հոգաբարձուն: Տե՛ր, Դու ես ճանապարհն ու ճշմարտությունը, իմաստությունն ու փրկությունը, կյանքն ու պարծանքը: Դու, որ մեծ ես և ահազդու, Հիսո՛ւս Քրիստոս, ճշմարիտ զորություն, անջախջախ գավազան, հանապազաբուխ աղբյուր: Լսի՛ր ինձ` աղախնիդ, ինչպես լսեցիր Հուդիթին և կործանեցիր Հողեփեռնեսին, ինչպես լսեցիր Թեկղին և փրկեցիր հրից: Լսի՛ր, ինչպես լսեցիր բոլոր սուրբ առաքյալներին և մարգարեներին և նրանց շնորհիվ կյանքի փրկություն պարգևեցիր մարդկանց: Այժմ ևս Դու նույն Տերն ես, և չի նվազել Քո զորությունը, Քրիստո՛ս: Դո՛ւ, որ հարություն ես տալիս մեռյալներին, լսի՛ր Քո աղախնի աղոթքները և հարություն տուր այս հանգուցյալներին: Տե՛ր, խղճա՛ այս կնոջը, որ միայնակ ու այրի է, որպեսզի որդիներին ողջացած ստանալով Քեզանից` գոհանա կյանք Շնորհողիցդ, և բոլորն իմանան, որ միայն Դու ես Աստված, և Քեզնից բացի չկա ուրիշը»:
Եվ երբ սուրբ Թեոդոսիան ավարտեց աղոթքը, տղաները ելան ու նստեցին և բարձրանալով` գնացին իրենց մոր մոտ: Եվ նրանք ասում էին. «Փառավորում ենք Քեզ, Քրիստո՛ս, համա՛յն տիեզերքի պարգևատու»: Եվ նրանք, Թեոդոսիայի ոտքերն ընկնելով, հավատացին ի Քրիստոս: Հավատացին նաև նրանց մայրն ու ինը բանտապահները, որ եկել էին Թեոդոսիայի հետ: Եվ [նոր հավատացածները] օրհնում ու ասում էին. «Գոհանում ենք Քեզնից, Տե՛ր, որ մեզ` մեղավորներիս արժանի համարեցիր և պարգևեցիր կյանքն ու Քո հարության հույսը»:
[Իսկ հետո] Սեբաստիանոսը հրամայեց իր մոտ բերել այն կնոջը, որի զավակները հարություն առան: Եվ երբ կինը եկավ, Սեբաստիանոսն ասաց նրան. «Ի՞նչ եղավ, ո՛վ կին, քույրն իմ հարություն տվե՞ց քո որդիներին»:
Կինը պատասխանեց. «Այո՛, հարություն տվեց: Քո քույր Թեոդոսիայի միջոցով Քրիստոս հարություն տվեց և ետ վերադարձրեց [որդիներիս]: Եվ նրանց վերակենդանությամբ` վերստին կենդանացա և ես, որովհետև ես ևս ճանաչեցի երկնքի և երկրի ճշմարիտ թագավոր Քրիստոսին: Իմացա՛ծ եղիր, ո՛վ թագավոր, որ ես, որդիներս և ինը բանտապանները քրիստոնյա ենք»:
Այս լսելով` թագավորն ասաց կնոջը. «Նրանց հարություն տվողը Ապոլոն աստվածն է»: Կինը պատասխանեց և ասաց նրան. «Ո՛չ, մի՛ ստիր, թագավո՛ր: Ապոլոնը երկու անգամ փշրվեց և դու վերստին նորոգեցիր. ուրիշի կողմից փշրվողը ոչ ոքի չի կարող հարություն տալ»: Թագավորն ասաց. «Նրան առաջվանը մի՛ համարիր. երկու անգամ նորոգվեց և այսուհետ չի տկարանա»: Կինը պատասխան տվեց. «Կենդանի է Քրիստոս, ում հավատացին[ք]. հաջորդ անգամ [Ապոլոնը] փշրվելու է Քրիստոսի զորությամբ»: Հույժ բարկանալով` թագավորը հրամայեց բերել [ինը] բանտապահներին և այրի կնոջ որդիներին: Եվ երբ բերեցին, բռնակալն ասաց նրանց. «Քաջ գիտեմ, որ քրիստոնյա եք»: Դիոս անունով մի բանտապան պատասխանեց և ասաց. «Մի՛ սխալվիր, թագավո՛ր, մենք ոչ միայն քրիստոնյա ենք, այլ նաև քրիստոսազգյաց: Եվ իմացած լինես, որ Աստծուն ճանաչողներս ատում ենք դևերին, և վախճանվածներս բարով փոխվեցինք Նրա մոտ, որ ասաց. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ. 28): Խոսեց թագավորը. «Ես ձեզ ասում եմ` զո՛հ մատուցեցեք և կփրկվեք»: Դիոսը պատասխանեց. «Զո՛հ չեմ մատուցի դևերին»: Ռուսինեն` հարուցյալների մայրն, ասաց. «Թագավորն ամբողջությամբ դև է և հրամայում է զոհ մատուցել մյուս դևերին»: Եվ մոտենալով` թագավորին ասաց. «Ո՛վ ծնողասպան և քույրատանջ, մի քույր ունես և չէիր ամաչում նրան տանջելիս, այլ ոգևորված [չարչարում էիր]` ձեռք բարձրացնելով պայծառ և վայելուչ գեղեցկության վրա աղջնակի, որ արեգակի է նմանվում: Եվ իմաստ չկա երկարաբանելու` պարզորոշ կարելի է տեսնել` դու ես այն հնոցը, որ հոշոտում է մեռյալների մարմինները»:
Այս խոսքերից թագավորը խիստ բարկացավ, փութով ելավ աթոռից և կամենում էր նրան ոտքով հարվածել: Եվ երբ բարձրացրեց աջ ոտքը, այն ծնկով հանդերձ պոկվեց: Եվ պատի մոտ ընկած` ցավագին ողբում էր, որ մեծ պատուհասի հանդիպեց: Եվ երբ Թեոդոսիան` թագավորի քույրը լսեց, այսպես խոսեց […]1: Վրդովված թագավորն ասաց. «Շտապ մոտս կանչեցե՛ք իմ քրոջը»: Եվ երբ երանելի Թեոդոսիան եկավ, մտավ թագավորի մոտ և նրան տեսավ հատակին ընկած, իսկ արքունականներին` թագավորի շուրջը խմբված լալիս: Եվ տեսնելով` սուրբ Թեոդոսիան արտասվեց. ոչ թե մահվան դուռը հասցրած վերքերն էին առիթը, այլ իր եղբոր` մոլորության պատճառով կորստյան մատնվող հոգու համար: Եվ ասաց նրան. «Ի՞նչ եղավ, եղբա՛յր իմ, ինչո՞ւ ես խոտորվել բոլորի կենարար Քրիստոսից: Եթե Ապոլոնն աստված լիներ, գոնե մեկ անգամ կօգներ քեզ, սակայն թողեց, որ տանջվես ու չարչարվես, որպեսզի ճանաչես Քրիստոսին` միակ ճշմարիտ Աստծուն»: Իսկ թագավորը գոչում ու ասում էր. «Ի՛մ տիրուհի, ի՛մ քույր, քո Աստծու փրկությունն ուղարկիր ինձ և բժշկիր, այլապես [արյունաքամ լինելով]` մեռնում եմ: Առողջացրո՛ւ ինձ` անտանելի վերքերից տանջվողիս, որովհետև խավարի մեջ ընկղմվելով կորչում եմ: Այժմ իմացա, որ թե՛ մարդը, թե՛ կյանքն այս անցողիկ են: Կատարվեց հորս անեծքը և մորս արտասուքը. նրանց արդար դատն սպանում է ինձ: Այսպիսի վերքերով պիտի չարչարվի իր հորը կամ մորը տրտմեցնողը:
Երկու անգամ փշրեցին Ապոլոնին, իսկ ես քանդակագործներին հրամայեցի վերստին կանգնեցնել` արծաթաձույլ և ոսկեզօծ: Ինչո՞ւ ոչ մի անգամ ինձ օգնության չեկավ, եթե իրոք աստված էր, ինչու չփրկեց ինձ: Քրիստոսին եմ հավատում, քո՛ւյր իմ Թեոդոսիա, միայն թե Նրա միջոցով բժշկիր ինձ»:
Եվ Թեոդոսիան վերցրեց ոտքն ու դրեց վերքի տեղը, ուղղեց ծունկն ու աղոթելով առողջացրեց թագավորին: Իսկ նա, առողջանալուն պես, ասաց. «Միայն քեզ եմ պաշտում, ի՛մ աստված Ապոլոն, որովհետև ինձ առողջացրեցիր և վրեժխնդիր եղար թշնամիներիցս»: Եվ այս ասելով` [բարձրացավ] և նստեց ատյանում: Եվ հրամայեց իր մոտ բերել Ռուսինեին, նրա որդիներին և ինը բանտապաններին: Եվ երբ եկան, թագավորն ասաց նրանց. «Զո՛հ մատուցեցեք աստվածներին, երի՛ցս թշվառներ»: Ռուսինան պատասխանեց. «Ո՛վ թշվառ և սատակյալ, չե՞ս ամաչում. քեզ մեկ անգամ ասացինք, որ քրիստոնյա ենք և դևերին զոհ չենք մատուցում»:
Թագավորը բարկացավ և հրամայեց կոտորել նրանց, և այդպես` ճշմարիտ վկայությամբ մարտիրոսվեցին ի Քրիստոս:
Իսկ հաջորդ օրը, ատյանում նստելով, հրամայեց բերել իր քույր Թեոդոսիային և ասաց. «Քո՛ւյր իմ, այլևս մի դառնացրու ինձ»: Սուրբը պատասխանեց. «Քրիստոսից բնա՞վ չես երկնչում և անգամ չես հիշում երեկվա բարիքը, որ գործեց քեզ համար: Արդյո՞ք տանդ չէիր ընկած` անկարող և անուժ, որ և գթալով չանտեսեց քեզ և մարդասիրությամբ փրկեց»: Թագավորն ասաց. «Ինձ փրկողն Ապոլոնն էր, որ իր սիրով ողջացրեց ինձ»: Թեոդոսիան պատասխանեց. «Եթե Ապոլոնն այդպիսի զորություն ունի, գնամ նրա տաճարը և փորձեմ նրան»: Թագավորն ասաց. «Քեզ չեմ թողնում, որ գնաս նրա մոտ, որովհետև Ապոլոնի մոտ գնաց Փիլիկտիմոնը, իբրև թե կամովին զոհ մատուցելու, սակայն աստծուն գցեց տաճարի հատակին և փշրեց, որ և նորոգեցի: Դրանից հետո հայրս և մայրս, նմանատիպ խոսքերով, թե` «Ամբողջ սրտով զոհ կմատուցենք Ապոլոն աստծուն»,-գնացին տաճարն ու քարերով ջարդեցին` մանրացնելով ավազի պես: Եվ վերստին ձուլելով` նորից կանգնեցրինք նրա ահազդու և գեղեցկահայաց [արձանը]: Իսկ այժմ դու ես կամենում գնալ և նույնն անել Ապոլոնի հետ. չեմ հավատում քեզ, մի՛ գնա»: Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Այդպես չէ, եղբա՛յր իմ Սեբաստիանո՛ս, քավ լիցի ինձ նենգությամբ մտնել քո սիրելի աստված Ապոլոնի մոտ: Քաջ գիտեմ, որ շատ ջանացիր և վերականգնեցիր ավելի լավ, քան առաջ էր: Ես կամենում եմ նրան տեսնել, որ մտքերիս ներածին չափով գովություն մատուցեմ»:
Թագավորն ասաց. «Եթե այդպես լավ ճանաչեցիր նրան` գնանք»: Եվ երբ մեհյանը մտան, սուրբն ասաց թագավորին. «Իսկապես լավ եք կերտել Ապոլոնին, սակայն աջ ձեռքը ձախից կարճ է, և ճակատը տգեղ է և արվեստով իրեն ոչ համապատասխան: Գլուխը ևս անկատար է, իսկ հասակը` կարճ: Հենց այսպես էր պետք ստեղծել նրան, որպեսզի կորուստը քիչ-քիչ պակասեցներ հասակն ու անդամները, քանի որ Ապոլոն անունը կորուստ է նշանակում: Բայց ասա՛ ինձ, թագավո՛ր, ինչ վարձ տվեցիր քանդակողներին»: Թագավորը պատասխանեց. «Հարյուր տասներեք դահեկան տվեցի»: Սուրբ Թեոդոսիան ասաց. «Օ՜, թանկ գնով ես գնել աստծուդ»: Թագավորը պատասխանեց. «Քանի որ նա է աշխարհի փրկությունը, ոչ մի գին շատ չէ»: Սուրբը դիմեց թագավորին. «Հրամայի՛ր կանչել Ապոլոնին ստեղծող վարպետներին»: Եվ հրամայեց անմիջապես բերել նրանց: Եվ երբ նրանք եկան, սուրբ Թեոդոսիան հարցրեց նրանց. «Այդ քան ոսկի վերցնելով` ինչո՞ւ այսքան վատ ստեղծեցիք Ապոլոնին»: Եվ Ապոլոնի [արձանն] ստեղծած վարպետները պատասխանեցին. «Թեոդոսիա՛ տիրուհի, որքան որ հնարավորություն էր ընձեռնում արհեստը, այդքան կարողացանք գեղեցկացնել Ապոլոնին»:
Սուրբ Թեոդոսիան ասաց. «Թագավորի առջև միայն այս եմ հարցնում. ճշմարի՛տն ասացեք ինձ: Գիտեք, թե որքան է ինձ սիրում թագավորը: [Գիտեք] նաև, որ ես ևս երբեք չեմ ատել նրան, ուստի առավել ևս պարտավոր եք արդար խոսել: [Ահա] դուք և աստվածն այս. ո՞րդ եղավ սկզբում»: Եվ նրանք պատասխանեցին. «Նախ մենք ենք ծնվել, իսկ հետո ստեղծել ենք դրանց»: Սուրբը հարցրեց. «Նախածի՞ն եղբայրն է ուժեղ լինում, թե՞ փոքրը»: Նաև այս ասացե՛ք` ո՞րն է ումից օգնություն խնդրում»: Վարպետները պատասխանեցին. «Բոլորին է հայտնի, որ ուշ ծնվածը ավագի օգնության կարոտ է»: Սուրբ Թեոդոսիան ասաց. «Ես ևս նույնն եմ ասում. քանի որ Ապոլոնն ուշ է ստեղծվել, ձեր օգնության կարիքն ունի: Եթե դուք չստեղծեիք նրան` չէր լինի, և եթե չկանգնեցնեիք ու չամրացնեիք` կընկներ, կկործանվեր: Ուստի ի՞նչ բարի բանի ակնկալություն ունեք այդպիսի մեկից. քավ լիցի»: Վարպետներն ասացին. «Թեոդոսիա՛ տիրուհի, սովորեցրու մեզ [կյանքի] խոսքը»: Սուրբ Թեոդոսիան հարցրեց. «Ցանկանո՞ւմ եք գործակից և հավատակից լինել ինձ»: Եվ նրանք պատասխանեցին. «Եթե չկամենայինք, չէինք խնդրի»: Սուրբ Թեոդոսիան ասաց. «Այժմ փաստորեն հետո եղածը սկզբում ծնվածի օժանդակության կարիքն ունի. այսպես եմ ասում, որովհետև Ապոլոնը ևս, քանի որ հետո է ստեղծվել, կարոտ է ձեր աջակցությանը»: Քանդակագործ Ստեղիքոսն ասաց. «Այդպես է, Թեոդոսիա՛ տիրուհի»: Իսկ Սեբաստիանոսը զայրացավ ու ասաց. «Երդվում եմ բոլոր աստվածներով, իմ դատաստանը չի ուշանա»: Եվ այս ասելով` հեռացավ դահլիճից:
Եվ հաջորդ օրը, նստելով ատյանում, հրամայեց բերել երեք աստվածաստեղծներին: Եվ երբ նրանց բերեցին, թագավորն ասաց. «Ասացե՛ք, իժի՛ ծնունդներ, միացել եք քրոջս մոգությանն ու հավատացել Քրիստոսի՞ն»: Ստեղիքոսը պատասխանեց. «Քո քույրը լուսավորություն է: Եվ աստվածախոհ կույս Թեոդոսիան քեզանից հեռու է. ինչպես արևելքն արևմուտքից, նույնքան հեռու եք դուք միմյանցից: Եվ ինչո՞ւ ես դու արդարի հոգու հետ հավասարություն փնտրում. ի՞նչ հավասարություն կարող է լինել խավարի և լույսի միջև, և կամ ի՞նչ միասնություն Աստծու տաճարի և մեհյանի միջև: Քո կուռքերից, որոնց աստվածներ ես կոչում, հեռացանք նաև մենք և հավատացինք հավիտյան կենդանի Քրիստոսին»: Եվ թագավորն ասաց դահիճներին. «Դո՛ւրս տարեք դրանց և սրով կոտորեցե՛ք»: Եվ այսպես մարտիրոսվեցին Քրիստոսի սուրբ վկաները: Իսկ հաջորդ օրը թագավորն ասաց իր քրոջը. «Զո՛հ մատուցիր աստվածներին»: Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Ո՛վ մարդ, դու շողոքորթ ես թվում ինձ»:
Սեբաստիանոսն ասաց. «Կսպանեմ քեզ, քո՛ւյր իմ, եթե զոհ չմատուցես Ապոլոնին»: Եվ երբ թագավորն այս բառերն էր արտասանում, ապարանք մտավ մի շուն և սուրբ Թեոդոսիայի ոտքերն ընկնելով` սկսեց աղաչել և ասել. «Ո՛վ մեծ հիշատակների տեր կույս, քաջաբար մտար կռվի մեջ և բարի պատերազմ ես վարում: Քո հավատքի լույսն արեգակի [շողերի] պես հեղվեց բոլորի վրա և բերանիդ խոսքերը հասան բոլորի ականջներին: Երանի՜ նրանց, որ աչքով տեսան քո լույսը և ականջով լսեցին խոսքդ: Երանի՜ նրանց, որ քեզ այժմ տեսնում են այնպես, ինչպես պետք է տեսնել արեգակի ճառագայթները: Քրիստոսի՛ ճշմարիտ վկա, մարտնչի՛ր սատանայի չարասեր արբանյակի` քո եղբայր Սեբաստիանոսի հետ: Եվ չզարհուրես, սո՛ւրբ կույս, դու պետք է բազում չարչարանքներ կրես, որ ընդունես պսակը»: Երբ թագավորի հաջորդ Աթանագինեսը լսեց այս, սկսեց արտասվել և ասաց թագավորին. «Այս ոչ բանական արարածը զգայուն է, իսկ դու` թագավորդ, լսելիքով և տեսանելիքով անզգա»:
Հույժ խռովվելով` թագավորը հրամայեց սպանել շանը և իր հաջորդ Աթանագինեսին: Եվ հին սպառնալիքներով թագավորը դիմեց քրոջը. «Թեոդոսիա՛, զո՛հ մատուցիր աստվածներին, մի՛ կամեցիր իմ ձեռքով դառն մահ ընդունել»: Սուրբ Թեոդոսիան պատասխանեց. «Արա՛ ինչ կամենում ես»: Այնժամ թագավորը հրամայեց նրան գազանների մոտ նետել: Եվ երբ սուրբ Թեոդոսիային վերցնելով տարան, նրա հետևից գնաց տղամարդկանց, կանանց և երեխաների բազմությունը` սրբի մահը տեսնելու: Գնաց և ինքը` թագավորը: Եվ հրամայեց երկու առյուծ բաց թողնել սրբի վրա: Եվ երբ գազանները դուրս եկան, վազեցին-հասան սրբի մոտ և պառկեցին նրա ոտքերի մոտ: Առյուծներից մեկը բացեց բերանը և սկսեց խոսել մարդկային լեզվով. «Քեզ եմ ասում, բռնակա՛լ Սեբաստիանոս, դու ապառաժոտ երկիր ես, ուր բուսնում է փուշ, տատասկ և մոլախոտ: Ո՛վ անմիտ, անգո՛ւթ, հավատատյա՛ց, անսո՛ւրբ, զարմանում եմ, թե ինչպես եմ նկարագրելու քեզ պատահելիք վերքերը: Ամբողջ մարմինդ է վիրավորվելու: Արդարները խոսեցին, և չհավատացիր, վայրի ավանակը պատմեց, չհասկացար, խոսեց շունը, չընկալեցիր: Ահա ես` առյուծս եմ բացատրում և ականջ չես դնում: Սրանից ավելի ի՞նչ ասեմ քեզ: Սպանեցիր հորդ և մորդ, և չարությունդ չանցավ: Թշվառակա՛ն, քրոջդ ևս չես ողորմում և գազաններին ես մատնում: Սա նույնպես չես տեսնում, թե ինչպես են ոչ բանականները երկրպագում նրան: Եվ ի՞նչ ավելացնեմ. սուրբն է արգելել ինձ, այլապես կելնեի աստիճաններով և քեզ վայր բերելով` կպատռեի որովայնդ և անողորմաբար դուրս կթափեի աղիքներդ, ինչպես դու ես առանց ողորմության վարվում քրոջդ հետ»: Այնուհետև դարձավ բազմությանն ու ասաց. «Վայրի ավանակի միջոցով յոթանասուն [հազար] մարդ հավատաց. իսկ իմ պարագայում ինչո՞ւ չեք գոչում առ Տեր, ինչո՞ւ չեք զարմանում գազանի խոսքից: Խոսեցե՛ք, բանականնե՛ր»: Եվ այն օրը յոթանասուն հազար մարդ հավատաց, և [նրանք] գոչում ու ասում էին. «Փա՜ռք Քեզ, Հիսո՛ւս Քրիստոս, միայն Դու ես Աստված, և Քեզնից բացի չկա ոչ ոք»:
Սեբաստիանոսը խոսեց. «Քեզ եմ դիմում, Թեոդոսիա՛, կախարդեցիր առյուծին և մոլորեցրիր ժողովրդին: Ե՛կ, հեռացի՛ր ինձանից»: Սակայն սուրբը մոտեցավ նրան: Եվ թագավորն անձամբ հարձակվեց, ամուր բռնեց սրբին և կտրեց նրա գլուխը: Եվ այսպես մարտիրոսվեց Քրիստոսի սուրբ վկա Թեոդոսիան:
Իսկ հաջորդ առավոտյան, ատյանում նստելով, թագավորը հրամայեց իր մոտ բերել սուրբ Փիլիկտիմոնին: Եվ երբ բերեցին, Քրիստոսի սուրբ վկան ասաց. «Տեսնո՞ւմ ես, ահա եկել եմ ես»: Սեբաստիանոսն ասաց. «Դու այն ապականիչ սուրն ես, որ գայթակղություն մտցրեց մեր քաղաքը: Քո մահաբեր գայթակղող խոսքերով դու սպանեցիր իմ հորն ու մորը, քրոջս, ո՛վ թշնամի Ապոլոնի և մոլորեցնող Քրիստոսի նվիրյալ: Այժմ լսի՛ր ինձ, զո՛հ մատուցիր Ապոլոնին, որովհետև հերթական անգամ նոր ծնունդ է առել նա»: Սուրբ Փիլիկտիմոնը պատասխանեց. «Իրավունք չունեմ հանդիմանելու թագավորին. և եթե [արժանի թագավոր] լինեիր, արդյո՞ք այդպես կվարվեի. ո՛չ կկամենայի և ո՛չ կկարողանայի: Սակայն պատվական, հզոր, փառավոր, անապական և հավիտենական խոսքով դիմում եմ քեզ. մի երեսնօրյա մանուկ տո՛ւր, որ հարցնեմ»: Եվ երբ մանկանը գրկած մի կին բերեցին, սուրբ Փիլիկտիմոնն ասաց կնոջը. «Թո՛ղ երեխային, ո՛վ կին»: Եվ [նա] պատասխանեց. «Տե՛ր, ի՞նչպես թողնեմ նոր ծնվածին»: Փիլիկտիմոնն ասաց. «Թո՛ղ նրան, և հաստատուն կմնա»: Եվ կինը մանկանը դրեց գետնին: Եվ երբ մանուկը կանգնեց իր ոտքերին, այնտեղ եղած բոլոր մարդիկ զարմացան, զարմացան նաև թագավորն ու երեխայի մայրը: Եվ մեծ խնդություն տիրեց: Եվ երբ բոլորը սքանչանում էին, սուրբ Փիլիկտիմոնը գոհանում էր Աստծուց: Եվ [հետո] դիմեց երեխայի մորը. «Ի՞նչ է քո որդու անունը»: Կինը պատասխանեց. «Տե՛ր, երեկվա երեխան է, շատ փոքր է, ի՞նչ անուն դնեի: Եվ հետո սովորություն ունենք, որ անունը դնում ենք երեք ամիս անց, իսկ նա երեսնօրյա է: Ի՞նչպես կարող եմ ժամանակից առաջ ընկնել»:
Սուրբ Փիլիկտիմոնն ասաց. «Այսուհետ մանուկդ Փիլիկտիմոն կկոչվի»: Եվ Քրիստոսի սուրբ վկան դիմեց մանկանը. «Քեզ եմ ասում, որդյա՛կ, եթե քեզ ուղարկեմ, կգնա՞ս հեթանոսների Ապոլոն աստծու մոտ»: Եվ մանուկն անմիջապես մոտեցավ, կանգնեց և սկսեց խոսել և ասել. «Տե՛ր իմ Փիլիկտիմոն, եթե հրամայես, ես կգնամ Հեթանոսների աստված Ապոլոնի մոտ»: Եվ մանկան խոսելով` ներկաներն առավել ևս զարմացան: Իսկ Փիլիկտիմոնը մի փոքրիկ տախտակի վրա ինչ-որ բան գրեց և տվեց մանկանն` ասելով. «Գնա՛ և այստեղ կանչի՛ր Ապոլոնին»: Եվ սրբի գրածն այս էր. «Փիլիկտիմոնից Ապոլոնին. մանկան ձեռքից գիրն ընդունելով` անմիջապես այստեղ արի»:
Երբ մանուկը գնաց, հասավ Ապոլոնի մեհյանին, կանգնեց, հրամայեց կանչել ավագ դռնապանին և ասաց. «Բացե՛ք մեհյանի դուռը, որովհետև եկել եմ Ապոլոնի մոտ գրով տեղեկացնելու հրամանն իմ տեր Փիլիկտիմոնի, որ ինձ ուղարկեց»: Իսկ դռնապանները, քաջ մանկանը տեսնելով, պապանձվեցին և նրան թույլ տվեցին մտնել կուռքերի տունը: Եվ երբ մանուկը հասավ Ապոլոնի արձանին, ասաց նրան. «Վերցրո՛ւ գիրն այս, որ Աստծու հրամանին համապատասխան իմ միջոցով քեզ ուղարկեց Քրիստոսի ծառա Փիլիկտիմոնը»: Եվ անդրին անմիջապես պարզեց ձեռքն ու գրերով տախտակը վերցրեց երեխայի մոտից: Եվ երբ ընթերցեց, ինքնիրեն շարժվեց և գնաց մանկան հետևից: Իսկ երբ ապարանք հասավ, տեսավ նստած թագավորին, նրա շուրջը խմբվածներին, և ատյանի առջև կանգնած Փիլիկտիմոնին: Եվ Ապոլոնն ասաց սուրբ Փիլիկտիմոնին. «Աղաչում եմ քեզ, տե՛ր իմ. ինչո՞ւ ինձ կանչեցիր այստեղ»: Սուրբ Փիլիկտիմոնն ասաց. «Բարձրացրո՛ւ թագավորին և ծնկներիդ դնելով` երկու կես արա՛»: Եվ արձանն անմիջապես գնաց, ամուր բռնեց թագավորին, ծնկներին դնելով` երկու կես արեց և գցեց ատյանի կենտրոնում: Եվ երբ արեց այս, հարցրեց սրբին. «Կամենո՞ւմ ես բոլոր ինձանով մոլորվածներին ջախջախեմ»: Սուրբ Փիլիկտիմոնը պատասխանեց. «Ոչ մեկին չվնասես, անիծյա՛լ Ապոլոն, նրանք պետք է Տիրոջ ժողովուրդը դառնան»: Եվ սուրբ Փիլիկտիմոնը դեռևս այս խոսքերն էր ասում, երբ բազմությունից յոթ հազար մարդ սկսեց աղաղակել և ասել. «Մեծ ես, քրիստոնյաների՛ Աստված: Մի՛ սասանիր մեզ, մեր Տե՛ր Աստված, և շուտ առաքի՛ր մեզ Քո ողորմությունն ու փրկի՛ր այս մոլորությունից»:
Եվ նրանց` Տիրոջը հավատալուց անցավ մեկ ժամ: Եվ ոմանք սկսեցին խոսել իրար հետ. «Ինչո՞ւ թագավորի մասերն ընկած մնացին: Եթե լիներ սուրբ Թեոդոսիան, նրան կկենդանացներ, սակայն ինքն իր հետ կռիվ տալով` սպանեց իր կենդանարարին: Չնայած բազում անգամներ տանջում էր քրոջը, սակայն մահվան վտանգի մեջ նա գթում էր իր եղբորը»: Եվ սուրբ Փիլիկտիմոնը խղճալով մոտեցավ կիսված թագավորին և սկսեց աղոթել: Եվ երբ ավարտեց աղոթքը, հարություն տվեց նրան: Կենդանանալով` թագավորը Ապոլոնին տեսավ իր գլխավերևում, ինչպես իր սպանվելու ժամանակ էր: Եվ զարհուրած նետվեց սրբի մոտ և ամուր բռնվեց նրա մեջքից: Իսկ սուրբ Փիլիկտիմոնը հրամայելով ասաց թագավորին. «Քեզ եմ ասում, թագավո՛ր, ինչպես Ապոլոնը հետդ վարվեց, նույն կերպ և դու վարվի՛ր նրա հետ»: Եվ սրբի հրամանով քաջալերվելով` թագավորը ձեռքերով բարձրացրեց [արձանը] և ծնկներին խփելով կոտրեց ու քար վերցնելով` ավազի պես մանրացրեց: Եվ Սեբաստիանոսը հարցրեց. «Տե՛ր իմ Փիլիկտիմոն, մի՞թե սրանից հետո ևս կարող է չարչարել ինձ»: Սուրբ Փիլիկտիմոնը պատասխանեց. «Չի կարող վնաս հասցնել քեզ. չե՞ս տեսնում, սա արտաքինից պղնձապատ է, իսկ ներսից` դատարկ»: Եվ երբ թագավորը փշրեց արձանը, ասաց. «Աստվածները, որ չեն ստեղծել երկինքն ու երկիրը, կկորչեն (Երեմ. Ժ. 11), որովհետև հեթանոսների կուռքերը ոսկուց և արծաթից են և մարդկանց ձեռքի գործ (Սաղմ. ՃԼԴ. 15) և ժամանակի քննությանը ենթարկվելով` կանհետանան»: Եվ շարունակեց. «Մի՛ երկրպագիր օտար աստվածներին» (Ելք ԼԴ. 14): Եվ այս ասելով` հանեց թագավորական պսակը և գետին նետեց, պատռեց նաև ծիրանին, շպրտեց ու ասաց. «Երանի քրիստոնյաներին, որ Քրիստոս և հավիտենական լույս են հագնում: Եղկելի են խավարով զգեստավորված հեթանոսները` իրենց ծիրանիներով և ոսկյա պսակներով»:
Այս խոսքերն արտասանելով` փառք տվեց Աստծուն և ասաց սուրբ Փիլիկտիմոնին. «Տե՛ր իմ Փիլիկտիմոն, ես ևս քրիստոնյա կդառնամ, եթե Նրան հաճո եղած իմ ծնողների և նրանց հավասարված ու Քրիստոսին նվիրված իմ Թեոդոսիա քրոջ բարեխոսությամբ Տեր Հիսուս ների ինձ»: Սուրբ Փիլիկտիմոնը պատասխանեց. «Եթե քո ամբողջ սրտով հավատաս Հիսուս Քրիստոսին, Տերը կշնորհի քո բոլոր մեղքերը»: Սեբաստիանոսն ասաց. «Գիտեմ, որ կփրկվեմ, եթե զղջամ և գործածս չարիքները [խոստովանեմ] Տիրոջը. այս է պատճառը, որ հավատացիր ինձ: [Ուստի] երդվում եմ երկնքի և երկրի թագավոր Քրիստոսով, որ քրիստոնյա կդառնամ»: Եվ հավելելով` ասաց. «Աղաչում եմ քեզ, տե՛ր [Փիլիկտիմոն], արժանացրո՛ւ ինձ քրիստոնեական մկրտության, որ երբ ստանամ տերունական դրոշմը, սատանան այլևս չի [համարձակվի] խոսել և մարտնչել հետս: [Մկրտվեմ], որ առաջվա պես չաճեն մեղքերս, այլ գործածս հանցանքների համար որդեսեր ծնողներս և եղբայրասեր քույրս` Թեոդոսիան, որ նախկինում լալիս էր ինձ համար, աղաչեն բարեգութ Քրիստոսին, որ շնորհի իմ մեղքերը»: Եվ երբ ասաց այս ամենը, սուրբ Փիլիկտիմոնը մկրտեց նրան, որի համար Աստծու շնորհով ապաշխարության արժանացավ: Եվ երբ մկրտվեց, կոչվեց Մարիանոս թագավոր: Եվ քաղաքի [պարիսպներից] դուրս մի հոր փորեց և ինքը մտավ փոսը, որ մինչև պարանոցն էր հասնում: Եվ հրամայեց հանված հողը լցնել իր վրա և ծածկել մինչև պարանոցը: Եվ ուխտեց հիսուն օր ապաշխարել և խոստովանել իր գործած մեծամեծ չարիքներն ու ծնողների [և քրոջ] սպանությունները:
Եվ թագավորի հավատալով` այն օրերին մեծ խաղաղություն էր իշխում քաղաքում:
Եվ մի գիշեր, երբ դեռ հողով ծածկված ապաշխարում էր, երկու արջեր իրենց որջերից իջան նրա մոտ: Եվ չէին ձգտում երեսին կամ գլխին դիպչել, այլ կամենում էին կտրել նրա ձեռքերը: Եվ հասնելով փոսին` սկսեցին փորել-հանել հողը և հասան ուսերին ու պոկեցին մսերը: Իսկ նա ասաց. «Եթե Տերն է ուղարկել մարմինս բզկտելու` ես պատրաստ եմ»: Եվ երբ այս էր ասում գազաններն, [ավելի խորացրեցին փոսն] ու կտրեցին ձեռքերը: Իսկ նա ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Քրիստո՛ս, որ ինձ արժանի համարեցիր խրատի և ոչ թե մահվան… «Տերն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահվան» (Սաղմ. ՃԺԷ. 18): Իսկ հետո նայեց ձեռքերին և ասաց. «Ձեռքե՛ր, սովորեցե՛ք այլևս չհեղել հոր, մոր և քրոջ արյունը, որովհետև այդ հանդգնության համար պատժվեցիք»: Եվ կրկին հիշում էր ծնողների հանդեպ գործած անօրինությունն ու մեղքը և ասում. «Վա՜յ թշվառականիս. արդյոք երկիրը կբանա՞ իր բերանն ու կկլանի՞ ժանտացյալիս: Լավ է, որ ձեռքերս են հատվում, այլապես պետք է ամբողջովին կորչեի»:
Եվ երբ այս էր խոսում, զարմանալի քուն իջավ նրա վրա, և տեսիլքով երևաց իր քույր Թեոդոսիան ու ասաց. «Երանելի ես դու տղամարդկանց մեջ, որովհետև ճանաչեցիր մեծ թագավոր Քրիստոսին և ահա շնորհվեցին մեղքերդ: Եղբա՛յր իմ Մարիանոս, ուրախացրեցիր մեզ և դասվեցիր մարտիրոսների կարգը: Քաջալերվի՛ր այսուհետ: Ես, մայրդ և հայրդ չենք դադարում աղաչել Քրիստոսին քեզ համար, որ մեղքերիդ թողություն տա: [Այժմ] կզարթնես և կտեսնես ձեռքերդ առաջվա պես անվնաս և մեր Տեր Հիսուսի անվամբ յոթ օրից կգաս և կհասնես մեզ»:
Քնից զարթնելով` Մարիանոս թագավորն սկսեց օրհնել և փառավորել կյանք շնորհող Քրիստոսին:
[Իսկ նրա ապաշխարելու] երկրորդ օրը թագավորեց Կուբրիկոսը: Եվ [մի օր], ատյանում նստելով, ասաց. «Քրիստոնյա՞ դարձար, Սեբաստիանո՛ս»: Եվ նա պատասխանեց. «Մի՛ աղմկիր. ինձ Մարիանոս են կոչում, որ թարգմանվում է բարի մասունք, ինչն Աստված շնորհեց ինձ»: Կուբրիկոսն ասաց. «Ինչպես դու չխնայեցիր ծնողներիդ, նույնպես և ես չեմ խնայի քեզ: Զո՛հ մատուցիր աստվածներին և փրկվի՛ր»: Մարիանոսն ասաց. «Ես ջախջախեցի Ապոլոնին. ո՞ր աստծուն կհրամայես զոհ մատուցել»: Կուբրիկոսը պատասխանեց. «Ապոլոնը նորոգվեց, ավելի լավ, քան առաջ էր»: Մարիանոսն ասաց. «Գնանք Ապոլոնի տաճարը, տեսնենք այն զարմանալի գործը, որի մասին խոսում ես»: Կուբրիկոսը պատասխանեց. «Արի՛ և տե՛ս»,-և գնաց նրա հետ: Երբ մտան կուռքերի տաճարը, Մարիանոսն ասաց Ապոլոնին. «Որքան մենք ձգտեցինք մեր ողջության համար, այդքան ջարդվելով` դու ավելի ջանացիր. բազմիցս փշրվեցիր և նորոգվեցիր: Բայց ահավասիկ ես, որ բարի արմատներից եմ, այսինքն քրիստոսասեր ծնողների զավակ, եկել-հասել եմ` Քրիստոսի զորությամբ կործանելու քեզ»:
Եվ երբ ասաց այս, ձեռքում պատրաստ մի քար էր բռնել և Ապոլոնին տապալեց կուռքերի տան հատակին ու մանրացնելով` ոչնչացրեց: Եվ սկսեց աղոթել ու ասել. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, որ մեղավորներին [ներում շնորհեցիր] ու քաջալերեցիր և ժամանակ տվեցիր, որ աղոթք առաքեն Քեզ: Ճշմարի՛տ Թագավոր, աղոթում եմ Քեզ և աղաչում, Տե՛ր, որ Քո սուրբ և փառավորյալ անվան համար կամեցար ապրեցնել ինձ` անարժանիս: Ների՛ր ինձ, Աստվա՛ծ, լսի՛ր աղաչանքներս և կատարի՛ր խնդրանքս: Տե՛ր, բա՛ց երկրի բերանն ու ընկղմի՛ր մեհյանն այս, որ այլևս այստեղ չնորոգվի Ապոլոնը»: Եվ երբ այս աղոթքն էր մատուցում, երկիրը ճեղքվեց և կուլ տվեց մեհյանն ու շրջակա հրապարակը: Եվ մեծ երկրաշարժի ժամանակ, երբ ընկղմվեց մեհյանը, այնտեղ հավաքվածներն ահի ու [երկյուղի] մեջ ընկան և հավատացին Քրիստոս [Աստծուն]` թվով երեք հարյուր հոգի, տղամարդ, կին և երեխա:
Իսկ Կուբրիկոս թագավորն ատամներն էր կրճտացնում, և արհավիրքի անցնելուց հետո սատանան գրգռեց նրան, և ատյանում նստելով` սկսեց հարցաքննել երանելի Մարիանոսին: [Իսկ նա] թագավորի հարցին պատասխանեց. «Կամենո՞ւմ ես, աղոթեմ իմ Տեր Աստծուն և քեզ` քո թագով ու ապարանքով հանդերձ երկրի անդունդներն ընկղմեմ, ինչպես վարվեցի քո աստվածների հետ»: Այս լսելով` թագավորը խիստ զայրացավ և թաքուն ասաց իր խորհրդականներին. «Եթե սրան անմիջապես չսպանենք, մեզ գետնի տակ կմտցնի»: Իսկ նրանք պատասխանեցին. «Տե՛ր թագավոր, արա՛ ինչ կամենում ես»: Այնժամ հրամայեց Մարիանոսին անմիջապես սրով սպանել: Եվ նրան վերցնելով` դահիճները դուրս տարան քաղաքից և շտապով գլխատեցին, երբ այս աղոթքն էր ասում. «Տե՛ր, խաղաղությամբ ընդունի՛ր իմ հոգին և անցկացնելով այս խավարի իշխանության և զորության միջով` հաստատի՛ր ինձ իմ հոր, մոր և քրոջ մոտ, որովհետև Քեզ վայել է փառք` այժմ և հավիտյանս. ամեն»:
Երանելի Մարիանոսի վկայելուց հետո թագավորը նստեց ատյանում և հրամայեց բերել այն երեսնօրյա մանկանը մոր հետ: Եվ երբ կինը եկավ` մանուկը գրկին, թագավորն ասաց. «Ի՞նչ է անունդ»2: Եվ նա պատասխանեց. «Ինձ Մարիանե են կոչում»3: Կուբրիկոսը հարցրեց. «Ինչո՞ւ այդպիսի չար ծնունդ աշխարհ բերեցիր, որ մինչև հասակ առնելը քայլեց և շրջեց և կախարդ Փիլիկտիմոնից նամակ տարավ մեր աստված Ապոլոնին և տեղից հանելով` անհանգստացրեց նրան»: Մարիանեն պատասխանեց. «Հենց դա է սքանչելիքը, որ երեսնօրյա մատաղ մանուկը ծաղրեց ձեր աստվածներին, իսկ մյուս մեծ հրաշքն այն է, որ երկյուղով լսեցին իրենց մոտ ուղարկողին: Իսկ ես, ո՛վ թագավոր, զարմանալի որդի եմ ծնել` հասուն և անթառամ մի ողկույզ, որի շնորհիվ ճանաչեցի Աստծու ճշմարտությունը»:
Երբ կինն այս ասաց, խոսեց Կուբրիկոսը. «Ո՛վ կին, զո՛հ մատուցիր մեծ աստվածուհի Արտեմիսին, մի՞թե նա տիեզերքի թագուհին չէ»: Երանելի Մարիանեն պատասխանեց. «Արտեմիսն այժմ իր այրիությունն է սգում, որովհետև մեռավ Ապոլոնը` իր ամուսինը4: Եվ ոչ միայն այս. նա ընկավ սանդարամետն ու կորավ: Ինձ թվում է, եթե նա զորություն ունենար, ձեր աստվածուհի Արտեմիսը չէր կորցնի իր ամուսնուն»: Եվ զայրացած թագավորը հրամայեց սպանել մանկանն ու նրա մորը:
Դրանից հետո, ատյանում նստելով, հրամայեց իր առջև կանգնեցնել Աստծու սուրբ վկա Փիլիկտիմոնին: Երբ երանելին եկավ, թագավորն սկսեց հարցաքննել նրան: Եվ այդ պահին ինչ-որ բոթ ու գույժ տարածվեց, և մեծ աղմուկ ու աղաղակ բարձրացավ քաղաքում: Թագավորը դադարեցրեց սրբի հարցաքննությունն ու հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ ամբոխ է: Եվ առաջ եկավ մի պատանի, որ սկսեց պատմել եղելությունը. «Տե՛ր թագավոր,-ասաց նա,- մի տուն է փլուզվել, և ամուսինն ու կինը` որդիներով հանդերձ, խեղդվեցին հողի տակ: Այս գույժի պատճառով է, որ աղմուկ է բարձրացել քաղաքում»: Եվ հավելելով` պատանին ասաց. «Տե՛ր թագավոր, ազա՛տ արձակիր այս քրիստոնյային, որովհետև նա կարող է կենդանացնել զոհվածներին»: Թագավորն ասաց. «Փիլիկտիմո՛ն, գնա՛ և գործի՛ր` ինչ որ հաճո է քեզ»: Եվ սուրբ Փիլիկտիմոնը գնաց այնտեղ, ուր տունը փլուզվել էր բնակվողների վրա: Եվ բացեց բերանն ու սկսեց աղոթել. «Ամենակալ Տե՛ր Աստված, որ մարդուն ստեղծեցիր ըստ Քո պատկերի և նմանության, որ ամեն բան անէությունից գոյության վերածեցիր, որ ճեղքեցիր անդունդներն ու փշրեցիր ադամանդյա նիգերը. լսի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև Դու ես Աստվածը, որին աղոթում են ճշմարտությամբ: Եվ այժմ կանգնեցրո՛ւ այս կործանված տունն ու հարություն տո՛ւր այս մահացածներին, ուղղի՛ր բեկված տան կառույցը, որպեսզի բոլորն իմանան, որ միայն Դու ես Աստված, որ կարող ես օգնել և ապրեցնել»: Եվ երբ դեռ այս աղոթքն էր ասում, կործանված տան մոտ երևացին հրեշտակական գնդերը: Եվ տունն անմիջապես վեր խոյացավ, և մահացածները հարություն առան, ինչպես և առաջվա նման` նորոգվեց տան կահ-կարասին: Եվ երբ աստվածային զորքերի միջոցով այսպիսի սքանչելիքներ եղան, այն քաղաքում վեց հազար այր ու կին հավատացին ի Քրիստոս: Իսկ դրանից հետո Կուբրիկոսն իր մոտ կանչեց Փիլիկտիմոնին և ասաց. «Տեսանք, որ հարություն տվեցիր մեռյալներին: Այսուհետ սիրելի եղի՛ր Արտեմիս աստվածուհուն, և քեզ խաղաղության մեջ կպահի: Եվ մեր քաղաքում կապրես մեծ պատվով»:
Սուրբ Փիլիկտիմոնը պատասխանեց նրան. «Բարու չես արժանանա, ո՛վ սատանա և ճշմարտությունից հեռացած: Կփակվեն աչքերդ, որովհետև փառք չտվեցիր Տեր Աստծուն, որ կենդանացրեց մեռածներին և ներսում եղած ամեն ինչով նորովի կանգնեցրեց ավերված տունը»: Երբ Քրիստոսի վկան արտասանեց այս խոսքերը, թագավորի աչքերն անշարժացան, և չարիքի հանդիպած թագավորը հրամայեց իր առջև կանգնեցնել սրբին և ասաց. «Ո՛վ մարդ, Աստծո՛ւ ծառա, աղաչում եմ քեզ, աչքերիս լույս պարգևի՛ր, և կհավատամ քո Աստծուն, որին պաշտում ես»:
Եվ երբ սուրբն աղոթեց, թագավորը կրկին սկսեց տեսնել: Եվ երբ բացվեցին բռնակալի աչքերը, ասաց սուրբ Փիլիկտիմոնին. «Երդվում եմ բոլոր աստվածներով, այլևս իմ ձեռքից չես ազատվի»: Եվ հրամայեց անմիջապես նրան սրով գլխատել: Եվ երբ դուրս բերեցին քաղաքից, դահիճներն ասացին նրան. «Գլուխդ առա՛ջ պահիր»: Եվ սուրբն անմիջապես պարզեց պարանոցը: Դահիճները բարձրացրեցին և [շեշտակի] իջեցրեցին սրերը: Եվ չէին կարողանում կտրել նրա գլուխը, որովհետև հրեշտակը հեռացնում էր պարանոցին իջնող սուրը: Այնժամ սուրբ Փիլիկտիմոնն ասաց նրանց. «Ինձ լսեցե՛ք, եղբայրնե՛ր. աղոթելու ժամանակ տվեք»: [Եվ նրանք պատասխանեցին]. «Ինչպես կհրամայես, տե՛ր, աղոթի՛ր, որքան կամենաս»:
Եվ Քրիստոսի սուրբ վկան սկսեց աղոթել. «Գոհանում եմ Քեզնից, Աստվա՛ծ, որ ինձ արժանի արեցիր հասնելու այս ժամին, որ հավատքի մեջ ամրացրեցիր նրանց, որ հավատացին Քեզ: Այժմ, Տե՛ր Քրիստոս, խաղաղությամբ ընդունի՛ր իմ հոգին»: Եվ երբ սուրբն աղոթում էր, նրա հոգին երկինք բարձրացավ, և դահիճներն ապշած ու զարմացած մնացին, թե ինչպես այդքան արագ և առանց մարմնին վերք հասցնելու` սրբի հոգին երկինք բարձրացավ: Եվ թագավորի մոտ գնալով` պատմեցին սրբի սքանչելի մահը, իսկ թագավորը լսելով, խիստ զարմացավ, որ մարմնին վերք չի հասցվել: Եվ ավելի շատերը հավատացին Տիրոջն ու թագավորից խնդրեցին Քրիստոսի վկայի սուրբ և պատվական նշխարները: Եվ երբ շատերը բարեխոսեցին թագավորին, նրանց թույլ տվեց, որ վերցնեն սրբի նշխարները: Այնժամ Տիրոջ հավատացյալները բացեցին զգուշությամբ կնքված շիրիմը, ուր Քրիստոսի վկա, Իլու քաղաքի թագավոր Գրիգորի, նրա կնոջ` Անատոլիայի, և նրանց դստեր` Թեոդոսիայի նշխարներն էին: Եվ օծելով պատվական յուղերով [նշխարներն] զգուշությամբ մի պահարանում տեղավորեցին և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով վկայարան կառուցեցին, և Սուրբ Հոգու հայտնությամբ դրեցին նշխարները Քրիստոսի սուրբ վկայի, որ Տիրոջ առջև մեր բարեխոսն է:
Եվ սա կատարվեց Քրիստոսի վկա Գորգիանոս թագավորի յոթերորդ տարում: Եվ սուրբ Գրիգորիոսը թագավորությունից արքայություն տեղափոխվեց, ինչպես և նրա կին Անատոլիան: [Եվ դա եղավ] տասնհինգին հունվար ամսի, որ արացն է: Եվ ուրբաթ օրվա չորրորդ ժամն էր: Իսկ սուրբ Թեոդոսիան վկայեց տասներկուսին փետրվարի, որ մեհեկանն է: Եվ կիրակի օրվա երրորդ ժամն էր: Սեբաստիանոսը` Թեոդոսիայի եղբայրը, թագավորությունից հրաժարվեց և մարտիրոսվեց յոթերորդ օրն ապրիլ ամսվա, որ ահեկանն է: Եվ չորեքշաբթի օրվա հինգերորդ ժամն էր: Բոլորից հետո մարտիրոսվեց սուրբ Փիլիկտիմոնը` սուրբ Հարության լուսադեմին, յոթերորդ օրը մայիսի, որ մարերի է կոչվում:
Եվ գրեցի ես` Գորգիանոս թագավորի դիվանադպիր Ալեքսանդրոսս, մեծ փափագով մեղմելով կարոտս, անվամբ Հոր և Որդու և Սուրբ Հոգու` հավիտյանս. ամեն:
Իսկ սուրբ Փիլիկտիմոնի միջոցով Տիրոջը հավատաց երկու հարյուր իննսուն հազար մարդ, ինչպես և ևս հիսունը, որ օրհնում էին Աստծուն և բարեբանում Քրիստոսին` կյանք պարգևողին, որին փառք, իշխանություն [և պատիվ]` հավիտյանս հավիտենից. ամեն:
1 Բն.` այսպես է:
2 Բն.` «Ի՞նչ է մանկանդ անունը»:
3 Բն.` «Մարիանոս»:
4 Բն.` այսպես: Աղբյուրներում Ապոլլոնն ունեցել է բազում սիրեցյալներ, սակայն լոկ Հերոֆիլան է «կին» կոչվել: Կա՛մ գործ ունենք գիտնականների աչքից վրիպած մի հետաքրքիր փաստի հետ, կա՛մ «ամուսին» և «այրի» բառերը պետք է փոխարինվեն
Վարք Սրբոց, Հատոր Դ, Ս. Էջմիածին – 2010թ.