Գրքեր

Սուրբ Ծննդյան մտորումներ

«Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն ԷՄՄԱՆՈՒԵԼ, որ նշանակում է՝ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ» (Մատթեոս 1:23)

Սուրբ Ծննդյան խորհուրդը պարզ է, միևնույն ժամանակ վսեմ: Աստված Հիսուս Քրիստոսի մեջ դարձել է Էմմանուել, այսինքն՝ Աստված մեզ հետ: Քրիստոսի ծննդյամբ Աստված Իր շոշափելի, առարկայական ներկայությունն է հաստատում մեր կյանքից ներս, գալիս է բնակվելու մեր մեջ, հայտնվում է այնտեղ, որտեղ մենք ապրում ենք մեր կյանքի ամեն վայրկյանը՝ ուրախությամբ թե տխրությամբ, ընտրում է երկիրը որպես իրեն բնակավայր, որպես մեզ հետ հանդիպման վայր: Աստված՝ մեղքի պատճառով ընդհատելով ուղիղ հարաբերությունը մեզ հետ, դարեր շարունակ սահմանափակվեց անուղղակի հարաբերությամբ, մարգարեների միջոցով, դժվարին ու անկայուն ուխտի պայմաններում: Սակայն ժամանակների լրումին, փոփոխելով աշխարհում իր ներկայության կերպը, անձնապես մուտք գործեց մարդկային կյանք՝ մեզ հետ նոր, անձնական և հավիտենական ուխտ կնքելով: Ուխտը հավիտենական է, քանի որ երկու կողմը՝ Աստված և մարդ, արդեն մեկ Անձ են, Հիսուս Քրիստոս, Մարդ-Աստված: Եթե Նա լիներ միայն մեզ հետ, բայց Աստված չլիներ, ապա չէր կարող մեզ փրկել, աշխարհի ու պատմության Տերը լինել: Իսկ եթե Նա լիներ միայն Աստված, բայց մեզ հետ չլիներ, անծանոթ Աստված կլիներ՝ հեռու մեր սպասումներից ու հույսերից: Սուրբծննդյան իրական խորհուրդը հենց այս է՝ Աստված մարդու հետ է: Հետևաբար, Սուրբ Ծնունդը տոն է հույսի և վստահության, որ երաշխավորում է մեր մարդկային կյանքի անորոշության ու վատատեսության հաղթահարումը: Թե ինչպես ենք ապրում մեր կյանքը, վկայում է, թե ինչպես ենք ընդունում Տիրոջը:

 

Տ. Ռուբեն աբեղա Զարգարյան

04.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․