23 Նոյեմբեր, Շբ
Մի մարդ կար, ում համար Սուրբ Ծննդյան տոնն ասես հիմարություն լիներ: Նա բարի ու կարգապահ մարդ էր, առատաձեռն՝ իր ընտանիքի հանդեպ և ազնիվ՝ այլոց հետ հարաբերություններում: Բայց նա չէր հավատում այն ամենին, ինչ Սուրբ Ծննդյան տոնին ասվում էր եկեղեցիներում:
«Ես չեմ ուզում վշտացնել քեզ,- ասաց նա իր կնոջը, որը մշտապես եկեղեցի էր գնում,- բայց ես ուղղակի չեմ կարող հասկանալ, որ Աստված մարդ է դարձել: Ինձ համար դա անմտություն է»:
Սուրբ Ծննդյան տոնի երեկոյան նրա կինն ու երեխաները եկեղեցի գնացին՝ գիշերային հսկմանը մասնակցելու: Նա հրաժարվեց նրանց հետ գնալ: «Ես ինձ երկերեսանի կզգամ,- բացատրեց նա,- ավելի լավ է տանը մնամ ու ձեզ սպասեմ»:
Ընտանիքի մեկնելուց հետո սկսեց ձյուն տեղալ: Տղամարդը բուխարու մոտ նստած թերթ էր կարդում: Որոշ ժամանակ անց նա ցնցվեց խուլ թակոցից: Հետո դրանք կրկնվեցին: Մարդուն թվաց, թե ինչ-որ մեկը ձնագնդիներ է նետում պատուհանին: Երբ դուռը բացեց, որպեսզի տեսնի, թե ինչ ձայներ են, տեսավ ցրտից կծկված թռչունների մի խումբ, որոնք փորձում էին լուսամուտից ներս մտնել՝ պատսպարվելու հույսով:
«Չեմ կարող թույլ տալ, որ խեղճ թռչունները սառչեն,- մտածեց նա,- բայց ինչպե՞ս օգնեմ նրանց»: Եվ նա հիշեց ցախատան մասին, որտեղ թռչունները կարող էին պատսպարվել: Արագ հագավ վերարկուն, ճտքավոր կոշիկներն ու ձյան միջով դեպի ցախատուն շտապեց: Նա լայն բացեց դռներն ու լույսը միացրեց, սակայն թռչուններն այնտեղ չգնացին:
«Ինչ-որ կերպ պետք է գրավել նրանց ու այստեղ բերել»,- մտածեց նա: Արագ վազեց տուն, հաց բերեց, փշրեց այն ու շաղ տվեց դեպի ցախատուն տանող ճանապարհին, սակայն ապարդյուն, թռչունները շարունակեցին ձյան մեջ կծկված մնալ: Նա փորձեց նրանց ներս քշել՝ նրանց շուրջը պտտվելով ու ձեռքերը թափահարելով: Բայց թռչունները ցախատան փոխարեն տարբեր կողմեր նետվեցին:
«Երևի ես տարօրինակ եմ թվում նրանց,- մտածեց մարդը,- ինչպե՞ս կարող եմ նրանց հասկացնել, որ կարող են վստահել ինձ: Ա՜խ, եթե կարողանայի մի քանի րոպեով թռչուն դառնալ, ապա կկարողանայի նրանց անվտանգ տեղ տանել»: Եվ հենց այդ պահին հնչեցին եկեղեցու զանգերը: Մարդը քարացավ տեղում՝ լսելով Սուրբ Ծննդյան բարի լուրն ավետող զանգերը: Հետո ընկավ ծնկների վրա: «Այժմ հասկանում եմ,- շշնջաց նա,- այժմ գիտեմ, թե Դու ինչու դա արեցիր»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի