22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա Նրա մեջ տեսնել իր պատմությունը, զգալ Նրա անչափելի սերն ու ներկայությունը:
Նրա ծննդից շուրջ 7 դար առաջ Եսայի մարգարեն արդեն հայտնել էր. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» [Ես. 7.14], որ նշանակում է «Աստված մեզ հետ»: Եվ ահա Բեթղեհեմ քաղաքում, որը Դավիթ թագավորի ծծնդավայրն էր, աշխարհ եկավ իրական Թագավորը` մեր հոգիների, արդարության, ճշմարտության, սիրո, հույսի, հավատի և բարության Թագավորը:
Ավետարանում այս մասին գրված է, Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եվ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարի՝ յուրաքանչյուրն իր քաղաքում: Հովսեփն էլ Դավթի տնից և ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց դեպի Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր և հղի էր: Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար։
Եվ այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք իրենց հոտերի գիշերային պահպանությունն էին անում։ Եվ Տիրոջ հրեշտակը երևաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. Որովհետեև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է (Ղուկ. 2.1-11): Լսելով հրեշտակի խոսքերը` հովիվները շտապով ուղևորվում են դեպի Բեթղեհեմ, գտնում մանուկ Հիսուսին և երկրպագում:
Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրով, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։ Եվ երբ Հերովդես արքան լսեց այս, խռովվեց, նրա հետ՝ և Երուսաղեմի ամբողջ ժողովուրդը։ Եվ հավաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրենսգետներին՝ հարցրեց նրանց, թե ո՞ւր պիտի ծնվի Քրիստոսը։ Եվ նրանք ասացին նրան. «Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որովհետև մարգարեի միջոցով այսպես է գրված. «Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, Հուդայի քաղաքների մեջ փոքրագույնը չես. քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին»։
Այն ժամանակ Հերովդեսը գաղտնի կանչեց մոգերին և նրանցից ստուգեց աստղի երևալու ժամանակը։ Եվ նրանց Բեթղեհեմ ուղարկելով՝ ասաց. «Գնացե՛ք ստույգ իմացեք մանկան մասին և երբ գտնեք, տեղեկացրե՛ք ինձ, որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»։
Եվ նրանք երբ թագավորից լսեցին այս, գնացին։ Եվ ահա այն աստղը, որ տեսել էին արևելքում, առաջնորդեց նրանց, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր մանուկն էր։ Աստղը տեսնելուն պես չափազանց ուրախացան։ Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մոր՝ Մարիամի հետ միասին և ընկան ու երկրպագեցին նրան. և բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նվերներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ և զմուռս։
Եվ երազի մեջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։
Եվ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը և նրա մորը ու փախի՛ր Եգիպտոս. և այնտեղ մնա՛ մինչև որ քեզ ասեմ. քանի որ Հերովդեսը փնտրում է այդ մանկանը կորստյան մատնելու համար»։ Եվ նա վեր կացավ, առավ մանկանն ու նրա մորը, գիշերով, և գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչև Հերովդեսի մահը (Մատթեոս 2:1-14):
Երեք գանձերը, որոնք մատուցեցին մոգերը` կնդրուկ, ոսկի և զմուռս, պատահաբար չէին ընտրված: Կնդրուկն ընծա էր` ի նշան Հիսուսի աստվածային էության, ոսկին` թագավորին, իսկ զմուռսը` մարդուն, քանի որ ամեն մարդ մահկանացու է (զմուռսը անուշաբույր յուղ է, որով պատում էին հանգուցյալի մարմինը):
Սուրբգրային պատմություններում հաճախ են հանդիպում սուր հակադրություններ: Այդպես է և Սուրբ Ծննդյան դեպքերի նկարագրություններում: Այստեղ հակադրվում են իրական թագավորը և կեղծը: Իրական թագավորը ծնվում է գոմում, խանձարուրի մեջ, մինչդեռ կեղծը` Հերովդես արքան, վայելում է պալատական ճոխությունը: Եվ սա ամենևին առասպել կամ լեգենդ չէ, այլ իրական, բավականին դաժան պատմություն:
Եվ այնուամենայնիվ, ո՞րն էր Աստծո Որդու աշխարհ գալու նպատակը: Այդ մասին բավական պատկերավոր և վառ կերպով խոսվում է կորած ոչխարի առակում: Հիսուսը հետևյալ առակը ասաց նրանց.
-Ենթադրենք, որ ձեզնից մեկը հարյուր ոչխար ունի։ Երբ նրանցից մեկը կորցնի, իննսունիննին արոտավայրում չի՞ թողնի և չի՞ գնա կորածի հետևից, մինչև որ գտնի այն։ Եվ երբ գտնի, ուրախությամբ իր ուսերի վրա կդնի և կվերադառնա տուն, կկանչի իր բարեկամներին ու հարևաններին և կասի նրանց. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարը»։ Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն պիտի լինի մեկ ապաշխարող մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության պետք չունեն (Մատթ. 8:2-7): Բարի Հովիվը թողնում է իր մնացյալ իննսունինը ոչխարներին, որպեսզի գտնի կորսված մեկին: Իննսունինը ոչխարները ներկայացնում են երկնային հրեշտակներին, իսկ այդ մեկ մոլորյալը մեղքերի մեջ պարուրված մարդկությունն է: Գտնելով կորուսյալ ոչխարին, Բարի Հովիվը դնում է նրան Իր ուսերին և ետ վերադարձնում: Այլ կերպ ասած, Հիսուսն Իր էությամբ միավորվում է մեզ, մաքրում մեղքերից, վերադարձնում կորցրած սրբությունը, ինչպես մարգարեն է ասում. նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք (Եսայի 52:5):
Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը ավանդաբար տոնում է հունվարի 6-ին: Այն հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է: Այդ օրը միասնաբար նշվում է նաև Աստվածհայտնության տոնը, կատարվում է ջրօրհնեքի կարգ, իսկ նախօրեին` հունվարի 5-ին, մատուցվում է ճրագալույցի պատարագ:
Սուրբ Ծնունդը եղել է և այսօր էլ շարունակում է մնալ մարդկության ամենասիրելի և սպասված տոներից մեկը: Թե՛ ուղղափառ, թե՛ կաթոլիկ աշխարհը յուրահատուկ սպասումով ու հոգու թրթիռով է պատրաստվում Սուրբ Ծննդյան տոնակատարություններին:
Բայց արդյո՞ք տոնական թոհուբոհի և ճոխ սեղանների ետևում մենք չենք կորցնում տոնի հոգևոր ընկալումը: Արդյո՞ք հիշում և պահում ենք մեր սրտում Նրան, Ով այնքան սիրեց մեզ, որ մեր իսկ գործած մեղքերը մաքրելու համար աշխարհ եկավ, մարդացավ, անմեղ լինելով` տանջվեց, խաչ բարձրացվեց, մահացավ, բայց և երրորդ օրը հրաշափառ կերպով հարություն առավ, այդպիսով դառնալով մեր փրկության միակ լուսապայծառ ուղին:
Քրիստոսը մարդացավ, ոչ միայն որպեսզի իր սուրբ և առաքինի կյանքով օրինակ ծառայի մեզ համար, այլ որպեսզի միավորվի մեզ, Իր աստվածային էությամբ միաձուլվի մեղքերից տկարացած մեր մարդկային բնույթին, Իր միջոցով բարձրացնի և վերադարձնի կորսված սրբությունը:
Բայց արդյո՞ք, տարված տոնական նախապատրաստությունների արտաքին գեղեցկությունը ապահովելով, մենք կարողանում ենք հոգու ողջ խորությամբ գիտակցել այս ամենը: Արդյոք թույլ տալի՞ս ենք, որ Մանուկ Հիսուսը վերստին ծնվի մեր մեջ, մեր տանը, մեր ընտանիքներում, թույլ տալի՞ս ենք, որ նորոգի մեզ և սրբագործի: Արդյո՞ք լսում ենք Նրան, երբ ասում է. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտն. 3:20)։
Ահա սա է Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր էությունը:
Ուստի առավել զգոն լինենք, բացենք մեր սիրտը Նրա առաջ, ականջալուր լիենք Նրա ձայնին, որպեսզի չլինի այնպես, որ հանկարծ նմանվենք այն օրերին Բեթղեհեմում ապրող մարդկանց, ովքեր տեսնելով ճանապարհից հոգնատանջ Հովսեփին և ծննդաբերության պատրաստվող Մարիամին, տարված լինելով իրենց սեփական հոգսերով ու խնդիրներով` իջևանելու տեղ չկարողացան հատկացնել նրանց համար:
Այսօր էլ Նա կրկին մեզ հետ է և ուզում է վերստին ծնվել մեր մեջ: Վառ գիտակցումով մոտենանք Սուրբ Ծննդյան այս հրաշափառ տոնին և բաց անենք մեր սիրտն ու հոգին մի բանի առջև, ինչը գեղեցիկ է, հավերժական, բարի և իմաստավորում է մեր մարդկային գոյությունը:
Գևորգ սրկ. Համբարձումյան