13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնմանէ առաջի Հօր Իմոյ որ յերկինսն է։
Ով որ Ինձ կխոստովանի մարդկանց առաջ, Ես էլ կխոստովանեմ նրան Իմ Հոր առաջ, որ երկնքում է (Մատթեոս 10։32)։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Հիսուս Քրիստոս.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում սուրբ Վարդանանց տոնն է, նրանց տոնն է, ովքեր իրենց մղած ճակատամարտով և իրենց արյամբ փաստեցին իրենց հավատքն առ Աստված և հավատարմությունը հայրենիքի նկատմամբ։
Սուրբ Վարդանանք, ինչպես հիշում եք, պարսից երկրում առերես ուրացան իրենց հավատքը։ Շնորհք պատրիարք Գալուստյանը այդ առիթով գրում է. «Ոմանք արդարացնում են այս ուրացումը, սակայն ավետարանական չափանիշներով այն ոչ մի արդարացում չի կարող ունենալ։ Ուրացումն ուրացում է, անկախ այն բանից, թե ինչ պատճառներով է այն եղել։ Վարդանն այդպիսի նվաստությունը երբեք ինքն իրեն չներեց։ Դրանից ազատվելու միակ միջոցը գտավ քրիստոնեության համար նահատակության մեջ» (Հայազգի սուրբեր, Երևան, 1997)։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Ով որ Ինձ կխոստովանի մարդկանց առաջ, Ես էլ կխոստովանեմ նրան Իմ Հոր առաջ, որ երկնքում է։ Եվ ով Ինձ կուրանա մարդկանց առաջ, Ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում է» (Մատթեոս 10։32,33)։ Ինչպես սուրբ Պետրոս առաքյալը Տիրոջ խաչելության ժամանակ երեք անգամ ուրացավ Նրան՝ ասելով, թե չի ճանաչում, սակայն հարությունից հետո երեք անգամ խոստովանեց Տիրոջը իր սերը և քրիստոնեությունը քարոզելուց հետո հանուն Հիսուս Քրիստոսի խաչվեց, այդպես էլ սուրբ Վարդանանք ուրացումից հետո մղած ճակատամարտով և իրենց մահվամբ վերահաստատեցին քրիստոնեական իրենց մկրտության սուրբ ուխտը։
Քրիստոնեության պատմության մեջ մարտիրոսության պատմությունները շատ-շատ են, որովհետև շատ են սրբերը, որոնք իրենց կյանքով վկայեցին Հիսուս Քրիստոսին։ Այսօր, սիրելինե՛ր, խնդրենք սրբերի բարեխոսությունը, որպեսզի Տերը մեզ արժանացնի առաքինությունների՝ հաստատակամության, քաջության, խիզախության, հավատարմության և անձնազոհության։ Մենք բոլորս էլ դրանց կարիքն ունենք, որտեղ էլ որ լինենք, ինչպիսի առաքելություն էլ որ ունենանք կյանքում, ինչ միջավայրում էլ որ հայտվենք, որովհետև բոլոր պարագաներում էլ որպես քրիստոնյաներ մենք պետք է անսասան լինենք։ Փոքրիկ ուխտերի դեպքում անգամ հավատարմություն, հաստատամտություն և քաջություն է հարկավոր։ Հաճախ, երբ մարդկանց սիրտը ուրախության և երախտագիտության զգացումով է լցվում, նրանք խոստանում են որևէ բարիք անել կամ որևէ ուխտավայր այցելել, այնուհետև մոռանում են դրա մասին։ Կամ հաճախ որոշումներ են կայացնում կամ նույնիսկ երդվում, որը նույնպես արգելված է Տիրոջ կողմից, որ կհրաժարվեն իրենց մոլություններից, սակայն կարճ ժամանակ անց մոռանում են դրանց մասին։ Օրինակ՝ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների կործանումը, երդվում են մոլություններից հեռու մնալ, ինչպես՝ խաղամոլությունից, գինեմոլությունից, սակայն կրկին ընկնում են նույն մեղքերի ու կախվածությունների մեջ։ Հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ ունի աղոթքի և սրբերի բարեխոսության կարիք, որպեսզի կարողանա Սուրբ Հոգու զորությամբ և զորակցությամբ հաղթահարել անցյալի մեղքերն ու կախվածությունները, որպեսզի անընդհատ չընկնի նույն ճահիճը։ Ահա թե ինչու հարկ է աղոթել, որ, Աստծու շնորհներին արժանանալով, կարողանանք զորանալ և պայքարել մեղքերի դեմ։
Իրականում այսօր՝ աշխարհաքաղաքական այս ծանր ժամանակներում, շատ աղոթքի կարիք կա։ Սուրբ նահատակների բարեխոսությունը խնդրենք, որ նախնիներից ժառանգած մեր հոգևոր-բարոյական արժեհամակարգին հավատարիմ մնանք, տուրք չտանք ամեն նորամույծ գաղափարի և Աստվածամերժ երևույթների, չհրաժարվենք եկեղեցասիրությունից, մեր երեխաներին Աստվածպաշտություն և հայրենասիրություն սովորեցնենք։
Սուրբ նահատակների բարեխոսությունը խնդրենք, որ մեր հայրենիքը պահենք-պաշտպանենք, որ մեր մեջ դավաճանությունները տեղ չգտնեն։ Մեզանից յուրաքանչյուրը գիտակցի հայրենիքի պաշտպանության գործում իր դերն ու նշանակությունը։ Բոլորս լինենք միատեղ և միակամ։ Հավաքվենք իբրև հոտ և ոչ թե ցրվենք։ Աղոթենք մեր հայրենիքի համար, որ մեր մեղքերը ներվեն և նոր օրհասական փորձություններ չգան, պատերազմներ չլինեն։ Աղոթք բարձրացնենք սահմանին կանգնած մեր զինվորների համար, որ համերաշխ լինեն միմյանց հետ, քաջ լինեն, սիրեն միմյանց, արիության պակաս չզգան հայրենիքի ու հայրենակիցների պաշտպանության գործում։
Խնդրենք սուրբ Վարդանանց բարեխոսությունը, որ հավատարիմ մնանք առաջին հերթին Աստծուն, մեր հայրենիքին, միմյանց, որպեսզի ծնունդ տանք բարի բաների, չչարանանք, չհուսալքվենք և չհիասթափվենք, չլքենք մեր երկիրը, միմյանց չվարկաբեկենք, նախանձից դրդված չար արարքներ չգործենք, խնդիրներին լուծումներ փնտրելիս՝ չսխալվենք, այլ Աստծով առաջնորդված ազնվորեն և քաջաբար յուրաքանչյուրս մեր դիրքում մնանք։
Այսօր հայրենիքը լքելու բազմաթիվ խոսակցություններ են հնչում, բոլորն ապահովություն են փնտրում։ Շատերը ելքը տեսնում են հայրենիքից հեռանալու մեջ։ Խնդրենք Աստծուց, որ քաջություն ունենանք մեր երկրին տեր կանգնելու, գիտակցենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Այսօր բնականաբար մենք հիշում ենք նաև 44-օրյա պատերազմին մասնակցած և անմահացած քաջ նահատակներին, որոնք իրենց կյանքը զոհեցին մեզ համար։ Նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը իրենց կյանքի գնով, և այսօր մենք պետք է աղոթենք նրանց հոգիների համար և պահպանենք նրանց պաշտպանածը։
Սուրբ Վարդանանց բարեխոսությունը հայցենք, որ կարողանանք փոքր թե մեծ գործերում հավատարիմ մնալ Աստծուն, հավատարիմ մնալ հայրենիքին, որի համար արյուն են թափել մեր նախնիներն ու մեր զավակները։ Թող Տերը ուժ-կարողություն պարգևի բոլոր նրանց, ովքեր տկարանում են իրենց հավատքի ու հայրենասիրության կամ առաքինությունների մեջ, ովքեր հուսալքվել են և հիասթափվել, ովքեր դեռևս չեն կարողանում հաղթահարել իրենց մոլությունները և զորավիգ լինի նրանց, ովքեր հաստատակամ են հայրենիքի պաշտպանության գործում և հարստանում են հավատքի գործերով։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան